Գուրգեն Միքայելյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուրգեն Միքայելյան

Գուրգեն Միքայելյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ ո՛չ մի դարում,

Ո՛չ մի միջոցով

Բանաստեղծների ուղին մի՛ փակեք.

Խաչուղիներով նրանց սրտերի

Մոլորակներն են անում երթևեկ…

 

* * *

Չճանաչեցի՞ք…

Այս ես եմ ձեր դեմ.

Վիրավոր, լլկված,

Ոտնակոխ արված Ազնվությունը:

 

Կանգնել եմ շվար

Չարի ու բարու այս խաչմերուկում

Եվ խնդրում եմ ձեզ.

 

Մի՛ հանեք ինձ խաչ.

Ձեր մանուկների արդար ճիչն եմ ես,

Անմեղ աչքերի ժպիտն եմ զվարթ

Եվ այգաբացը նրանց գալիքի…

 

Բյուրեղ զանգ եմ ես,

Որ եթե հանկարծ էլ չղողանջեմ,

Արշալույսները չեն բացվի երբեք:

 

Եթե կոտրվեմ,

Խիղճը կմնա հավերժ մրափած,

Արդարությունը քնում կմեռնի:

 

Հազարան հավքն եմ.

Թե մնամ բանտված,

Ձեր այգիները էլ չեն կանաչի:

 

Այգու առվակ եմ.

Լեզուս մի՛ փակեք,

Որ գարունները կարկաչեն էլի՛:

 

Գարնան ամպրոպ եմ.

Կուզեմ որոտալ:

 

Լուսե որոտ եմ.

Կուզեմ, որ օդ տամ…

 

Կենարար օդ եմ.

Շնչեցեք առատ…

 

Այս ես եմ, այո՛,

Որ հիմա այսպես

Շվար կանգնել եմ խաչմերուկում այս

Եվ ասում եմ ձեզ.

Անունս անգամ հանկա՜րծ լսելիս

Պի՛ղծ քմծիծաղով մի՛ փորձեք ծաղրել…

 

Բյուրեղ զանգ եմ ես,

Թե չղողանջեմ,

Արշալույսները չեն բացվի երբեք…

 

* * *

Եթե` հավատ, ուրեմն` սեր:

Եթե` Աստված, ուրեմն` լույս:

Բայց ի՛նչ հավատ,

Էլ ի՛նչ Աստված,

Եթե զոհ են ուզում մորթված…

 

Սեր ու Լույսի միջևն Աստծու

Տեղավորել փորձեք հապա

Գառնուկներին մատաղացու…

 

ԿՅԱՆՔԸ

Ջրվեժն ի վար`

Ծիածանի շողից կապված,

Բարակ մի լար…

Ճոճվում են այդ լարից կախված

Ցնորքներ վառ…

Ահա՛ ողջը:

 

* * *

Դուք զգացե՞լ եք,

Որ մեծ քաղաքում լինում է կարծես

Ուրիշ լռություն:

 

Նույնիսկ այն պահին,

Երբ թվում է, թե չկա ոչ մի ձայն,

Մեկ է, օդի մեջ կա ինչ-որ լարում,

Կա ինչ-որ աղմուկ:

Աղմուկ՝ նման այն

Բազում, բյուրավոր ձայնալիքներին,

Որոնք թեև կան, բայց չեն ընկալվում…

 

Եվ դա կարծես թե համրացած ձայնը,

Աղմուկն է դարի:

Աղմուկը` նման անտես ժխորի…

Աղմուկն այն, որով լեցուն է մեր ողջ

Երկիրը արդեն:

Աղմուկն այն, որում կա ինչ-որ մի տենդ…

 

Ու կարոտում եմ ես արդեն մաքուր,

Ջի՛նջ լռությունը կանաչ անտառի:

Լռությունը այն, որի մեջ հստակ,

Պարզ լսելի է

Նոտագրումը փոքրիկ ճնճղուկի,

Կաթոցը ցողի

Եվ նույնիսկ ձայնը ընկնող տերևի…

 

Դուք զգացե՞լ եք,

Թե մաքուր օդում լռությունն անգամ

Որքան խոսուն է:

 

* * *

Հիմա պարանը օղակ չեն կապում,

Չեն հանում հիմա մարդկանց կախաղան:

Պարան են հյուսում հիմա կարիքից

Եվ կախում մեկից մի ողջ… քարավան:

 

Չեն մեռնում մարդիկ կախաղանին այդ.

Ապրում են` որպես ստրուկներ քաղցած,

Եվ այդպես անարգ ապրելու համար

Ծախում են հոգի, և´ խիղճ, և´ Աստված…

 

Ու ես չգիտեմ` ո´վ է առավել,

Առավել վատթար ու վտանգավոր…

Նա՞, ով ստրուկ է առնում գրոշով,

Թե նա´, ով իրեն դարձրել է գրոշ…

 

* * *

Ազգովի հիմա մենք ազգ ենք ծախում,

Գնորդ կա՞, խնդրե´մ, համեցեք էստի´:

Էլ ի՞նչ Ուրարտու, երկիր Նաիրի,

Էլ ի՞նչ սուրբ Մաշտոց, Տիգրան Մեծ, Նարեկ…

 

Ծախում ենք իր ողջ պատմությամբ հիմա

Մենք մի հին երկիր,

Մի ողջ մշակույթ:

Ծախում ենք անծայր, անհատնում անցյալ`

Չգտնելով գեթ մեկ օր ապագա…

 

Ողբում ե´ս էլ քեզ, հայո´ց ժողովուրդ,

Քանի որ հիմա տերն են քո երկրի

Շորերը փոխած մի հին դուքանչի,

Միկիտան Սաքո` մի արդիական,

Փարիզում եղած մի տգետ չարչի…

 

Այսպես բոլորս` համերաշխ, լռիկ,

Ազգովի ազգ ենք վաճառում հիմի,

Գնորդ կա՞, խնդրե´մ, համեցեք էստի´:

 

* * *

Ամեն ավարտ պիտի

Միշտ ունենա սկիզբ…

Ամեն արև պիտի

Նո՛ր աստղերի լույսով

Վերջն իր ավետիսի…

 

Ամեն աստղ պիտի

Նո´ր ուղեծիր բացի:

Պիտի սկի´զբ դառնա

Ամեն ավարտ երգի:

Պիտի ամեն ավարտ

Ծնի մի նո´ր սկիզբ:

 

Պիտի´ լինի այսպես:

Այսպե´ս պիտի ապրել:

Իսկ երբ խաթարվում է,

Երբ չի լինում այսպես,

Մահն է ուրեմն արդեն

Իր դերի մեջ մտել:

 

ԱՃՈՒՐԴ

-Դե´, դե՛… պարոնա´յք,

Հեռո՛ւ մնացեք.

Այս մոլորակը արդեն… գնված է:

 

Կարող եմ ես այն մեջտեղից կիսել,

Կիսագնդերը գրպանս դնել:

 

Ի՞նչ եք նայում խեթ:

Այն իմն է արդեն:

Խնդրե´մ, նայեցեք վկայականը.

Կնքված է, վավեր:

 

Դե, մի´ խանգարեք.

Ես վճարել եմ…

Գնորդը ես եմ,

Վաճառողը` դուք:

Գնորդը ես եմ,

Վաճառողը… դո՛ւք:

 

* * *

Իմ սեր, իմ երազ…

Դու չծնվեցիր իմ ոսկրոտ կողից,

Ինչպես որ Եվան,

Այլ շաղախվեցիր,

Այլ արարվեցիր իմ սրտանյութից:

Պոկվեցիր, ելար

Դու տաք իմ սրտից,

Եվ սիրտս ընդմիշտ թողեցիր դատարկ:

 

Դու` ծնված սիրո արարչանյութից,

Մնացիր, ավա՜ղ, ինձանից հեռու:

Հեռացար թեև,

Մնացիր, սակայն, կողիս միշտ կպած…

 

Այդպես Լուսինն է Երկրից հեռացել

Ու… չի հեռանում:

Այդպես Լուսինն է Երկրին մոտենում

Ու… չի մոտենում:

 

Ձեռքերով անտես`

Լուսինն է այդպես

Մայր հողագնդի կոնքերը տնտղում`

Գտնելու համա կողը այն դատարկ,

Որտեղից պոկվել, ծնվել է ինքը…

 

Իմ Եվա, իմ սեր,

Դատարկ է սրտիս մի կողը ադպես,

Եվ այն չի լցնում

Սիրո և ոչ մի մակընթացություն:

 

Սիրո և ոչ մի տարընթացություն

Ինձանից երբեք քեզ չի հեռացնում,

Որ առանցքը իմ պահիս միշտ ուղիղ,

Որ առանցքը այդ լոկ սերը լինի:

 

Դատարկ է սրտիս մի կողը այդպես,

Բայց կա այնպիսի մի դատարկություն,

Որ կարծես գերխիտ նյութով է լեցուն…

 

Իմ սեր, իմ պատրանք,

Բաց են իմ սրտի վերքերը դեռ տաք,

Եվ չի դատարկում սիրտն իմ առլեցուն

Սիրո և ոչ մի տեղատվություն…

 

 

 

 

 

 

 

2 comments

    • Գևորգ on 6 Օգոստոսի, 2018 at 11:41 ե.
    • Reply

    Այն սակավաթիվ հեղինակներից է, որոնց գրածը կարդացվում է: Չի կապկում արևմուտքին, չի փորձում գլխիվայր քայլել՝ ուշադրություն գրավելու համար…

      • Գուրգեն Միքայելյան on 2 Մայիսի, 2019 at 2:12 ե.
      • Reply

      Ուրախ եմ։ Շնորհակալություն։ Հաճելի է և ոգևորիչ…

Թողնել պատասխան Գևորգ-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.