Արմեն Մալխասյան | Արամ Հարիգանի ոդիսականը

Արմեն Մալխասյան

Արմեն Մալխասյան

1.Ինչո՞ւ Արամ Հարիգան

Ապրած տասնյոթ տարիների ընթացքում Արամ Հարիգանը ոչ մի բանի մասին երկար չէր մտածել: Ոչ այն պատճառով, որ ունակ չէր, պարզապես առիթ չէր ունեցել: Ապահովվածությունը նրա խաղաղ մանկության ու անհոգ պատանեկություն մշտական ուղեկիցն էր եղել, իսկ քաղաքական իրադրությունը, արժեթղթերի շուկայի պայթյունավտանգ իրադարձությունները, նավթի բարելի և ոսկու ունցիայի արժեքների մշտնջենական տատանումները, ոչ մի անգամ նրա հոր գործերի վրա այնքան ազդեցություն չէին ունեցել, որ զգար իր մաշկի վրա: Արամի պահանջմունքները շռայլ չէին, իսկ երբ մարդ յուրաքանչյուր նյութական ձեռքբերմանը հասնում է քարտը բանկոմատի միջով սղացնել — անցկացնելով, ու դրանից հետո էլ այդ քարտը մնում է արտաքնապես անփոփոխ, երբեք չի զգում թվերի տարբերությունը և չի ըմբռնում դրամի իսկական արժեքը: Տասը հազա՞ր է, թե՞ միլիոն` երկուսն էլ թույլ են տալիս ձեռք բերել ցանկացածը: Այսպիսով, Արամը ապահովված ամերիկացի երիտասարդ էր ու ոչ մի պատճառ չուներ մտածելու, թե ինչպես արորը տրակտորով փոխարինի, որպեսզի ավելի շատ արդյունք ստանա:

Մի ինչ-որ ժամանակ Արամի հաջողակ գործարար հայրը սին հույսեր էր փայփայում, որ որդին էլ իր պես տաղանդաշատ գործարար մարդ կդառնա, բայց մի շատ սովորական օր, աշխատավայրից գործնական հանդիպման գնալու ճանապարհին, երբ մտորում էր, թե ինչպես հակառակորդին խորամանկորեն ծուղակը գցի, որ նա այդ մասին անմիջապես գլխի չընկնի, հասկացավ, որ Արամն այն մարդը չէ, ով խելքի ուժով կստիպի հարգել իրեն, կամքը թելադրելով բարձունքներ կնվաճի և, անքուն ու տքնաջան աշխատելով ճանապարհ կհարթի կյանքում:

Արամ Հարիգանի հասակը սանտիմետրերով արտահայտված հարյուր իննսուներկուսն էր, քաշը, կիլոգրամներով` իննսուն: Հայացքը հանգիստ էր ու բարի, ձյան պես սպիտակ մաշկը գրեթե թափանցիկության տպավորություն էր թողնում, աչքերը վճիտ առվակ կամ ջինջ կապույտ երկինք էին հիշեցնում, իսկ արևատես մազերը, որոնք սովորաբար վարսավիրի կարիք էին ունենում, վերջնականապես համոզում էին, որ Ա քաղաքի փողոցներով անհոգ թրև եկող երիտասարդը մեկն է այն երեսունվեց միլիոն իռլանդացիներից, որոնք ԱՄՆ-ի ամենահաստատուն հենասյունն են հանդիսանում: Նա ինքը այդպիսի բարձրագոչ բաների մասին գաղափար չուներ, իսկ որպեսզի մեկ առ մեկ չթվարկենք, թե է՛լ ինչ պարզագույն բաներ չգիտեր, նշենք սոսկ, թե ինչ սակավ բաներ գիտեր: Այսպիսով, Արամ Հարիգանը գիտեր, որ ինքը ԱՄՆ – ի քաղաքացի է և, որ դա լավագույն բախտավիճակն է, որ մարդ կարող է առհասարակ ունենալ: Անգիր գիտեր ԱՄՆ բոլոր նախագահների անուները և առանց դժվարության կարող էր պատմել, թե որ թվականին են նրանք նախագահել, որ կուսակցությանն են պատկանել և ինչ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել նրանց կյանքում: Լավ կրակում էր, գիտեր բասկետբոլ խաղալ, մեքենա վարել և ձի քշել: Գիտեր բուտերբրոդ ուտել և կոկա կոլա խմել, հեռուստացույցի առաջ նստել ու բեյսբոլ դիտել: Գիտեր, որ հյուսիսում Կանադան է, հարավում` Մեքսիկան, իսկ անորոշ հեռվում` Անգլիան, Իռլանդիան և Ավստրալիան: Գիտեր, որ կան ճապոնացիներ, շոտլանդացիներ ու գերմանացիներ, բայց գլխի չէր ընկել, որ գոյություն ունեն Ճապոնիա, Շոտլանդիա և Գերմանիա: Գիտեր, որ կան սևամորթ ամերիկացիներ, իսկ այս վերջինների հայրենիքը համարում էր եգիպտացորենի պլանտացիաները, որտեղ նրանք անազատ եղած ժամանակ աշխատել էին ստրկատերերի համար: Բարձր էր գնահատում իր ազատությունը և ջանում էր այնպես անել, որ հայրը շատ չսահմանափակի այն: Գիտեր նաև, որ կարող է ոստիկանություն դիմել, եթե հայրն ապտակի իրեն, ու չնայած իրավապահների մոտ այցելելու այդպիսի առիթներ եղել էին, երբեք չէր դիմել այդպիսի քայլի: Ինչ-որ մի անբացատրելի ուժ արգելակ էր հանդիսացել, բացի այդ դա դուր չէր գա Արամի մորեղբորը, Դեսմոնդ Հարիգանին, ում մասին խոսք կգնա քիչ ավելի ուշ: Լեզուներից տիրապետում էր անգլերենին. վարժ կարդում էր, բայց գրելուց փոքր ինչ դժվարանում էր: Խոսում էր նաև հայերեն, սակայն ոչ այնքան սահուն:

Ահա և պատմությունը տարերայնորեն հասավ մի կետի, երբ պետք է բացահայտել մեր պատմության հերոսի արտասովոր անունազգանվան խորհուրդը: Եվ այսպես, ինչո՞ւ Արամ և ինչու Հարիգան: Եթե ասելու լինենք ողջ ճշմարտությունը, Արամի իսկական ազգանունը բոլորովին էլ Հարիգան չէր: Նրա հայրը, հաջողակ գործարարը, ով ժամանակին սին հույսեր էր փայփայում, թե որդին էլ իր հետքերով կգնա, ի ծնե Լևոն Աշխարհակալյան էր կոչվում: Բայց կյանքի դաժան հարվածները, որոնք մեր մեջ ասած, նրա դեպքում այնքան էլ սուր բնույթի չէին, բայց սևեռուն գաղափար էին դաջել նրա ուղեղում, որ սա հատկապես այն սոսկալի դեպքերից է, որն առավել այլասերված բնույթ է ստացել ԱՄՆ-ի անգութ քաղաքակրթության մեջ, արեցին իրենցը: Արամի ծնունդից և իր հաջողակ գործարար դառնալուց առաջ, երբ Լևոն Աշխարհակալյանի մասին սոսկ ընդունված էր ասել, որ անպաճույճ արտաքինով և վտիտ ուսերով աննշան երիտասարդ է, նա կարիք ունեցավ առժամանակ անհայտանալու: Ոչ, ոչ, նա մարդ չէր սպանել, բայց դե գիտեք ինչպես է լինում, երբ անպետեհ ժամի հայտնվում է ոստիկանությունը և սկսում հարցեր տալ, որոնց պատասխանելն այնքան էլ հաճելի չէ, իսկ արդյունքում կարող ես ճաղերի ետևում հայտնվել: Հենց այստեղ է, որ հայտնվեց Դեսմոնդ Հարիգանը, աժդահա իռլանդացի դուրսպրծուկը, պարզապես լավ տղան, Լևոնի երիտասարդ տարիների ընկերը և Արամ Հարիգանի ապագա մորեղբայրը: Հասկանալով, որ այստեղ բռունցքները չեն օգնի, իսկ իռլանդացի աժդահան դրանք գործածում էր առանձնակի սիրով, Դեսմոնդը վճռաբար դատարկեց վիսկիի կրկնակի բաժնով լի գավաթը և կկոցելով ջինջ երկնագույն աչքերը, ինչը նրա մոտ խորամանկության ու խելացիության խառը արտահայտման ձև էր, առաջարկեց ամենահնարամիտ լուծումը, որն ընդունակ էր վերարտադրել նրա աշխատելուն ոչ այնքան սովոր գլուխը: Պետք է պարզապես փոխել ազգանունը և սուզվել ջրի հատակը, լուրջ դեմքով հայտարարեց Դեսմոնդը: Ինչ ազգանուն վերցնե՞լ: Գրողը տանի, որևէ իռլանդական ազգանուն, թեկուզ և Հարիգան: Իսկ ինչ պատրվակով փոխել ազգանո՞ւնը: Գրողը տանի, թեկուզ և ամուսնանալով Դեսմոնդ Հարիգանի քույրերից մեկի հետ: Բանտ նստելը ոչ ոքի հաճելի չէ, այդ պատճառով առաջարկը գրավիչ թվաց Լևոնին և նա ցանկություն հայտնեց ճշտելու քույրերի քանակը ու տեսնել նրանց: Դեսմոնդ Հարիգանը երկու քույր ուներ, Իդաոինը և Կատրաոինը, երկուսն էլ դաստիրարակված կաթոլիկ կրոնի ոգով, և պատրաստ երջանկացնելու այն տղամարդուն, ում ընտրությունը կկանգներ իրենց վրա: Չէր կարելի ասել, թե նրանք տգեղ էին, բայց, ինչ ճիշտն է, ճիշտը` դեռ առիթ չէին ունեցել ջերմացնելու որևէ մեկի սիրտը: Լևոն Աշխարհակալյանին չվրդովեցրեց, որ Իդաոինն ու Կատրաոինը երեք – չորս տարով մեծ են իրենից, իսկ հասակով` մեկուկես թզաչափ բարձր: Վաղամեռիկ Խնկիանոս Աշխարհակալյանը, Լևոնի հայրը, միշտ ասում էր, որ հարկավոր է խոշոր կին ընտրել, ապահովել առողջ սերունդ և բարելավել ազգի ֆիզիկական հատկանիշները: Իսկ եթե այդ խոշոր կինը նաև ուշադրության արժան օժիտ ունի, չէր մոռացել նշել պարոն Խնկիանոսը, ապա տվյալ դեպքում խոսք էր գնում ամենակատարյալ հարսնացուի մասին: Ժամանակը սուղ էր, Լևոնը պետք է հապճեպ կատարեր ընտրությունը: Մտածելով մի փոքր, Լևոնը գտավ, որ Իդաոինն ավելի է դուր գալիս իրեն, ինչը և անվարժ ասաց Դեսմոնդին` ասելիս հաճախ կարմրեց ու կմկմաց, որից հետո աժդահա իռլանդացին գռեհիկ ձևով հռհռաց և ուժգին հարվածեց ապագա փեսայի ուսին, որով և համաձայնությունը համարվեց կայացած:

Ամերիկացի կնոջ համար անչափ կարևոր է ստանալ ամուսնու ազգանունը: Բայց եթե ամերիկացի կինը գրավիչ արտաքինով աչքի չի ընկնում և անճարպիկ է ամուսնության արվեստում, իսկ առաջարկ արած տղամարդը էլ ավելի անսպասելիորեն է հայտնվել նրա կյանքում, քան կայծակը կապուտակ երկնակամարում, ուզած չուզած պետք է համաձայնի մի փոքրիկ վերապահման: Ասենք Իդան միանգամից չհամաձայնեց: Ճիշտ է և չմերժեց: Բայց երբ Դեսմոնդն առաջարկեց ավելի պատեհ ժամի վերադառնալ այս նրբին հարցին և դրական լուծում խոստացավ` ինչպես որ ընդունված է բոլոր կարգին մարդկանց մոտ, աղջիկը հաճույքից շիկնեց և ամոթից ձեռքի ափերով ծածկեց  երեսը: Կատրաոինը, որ անբացատրելի հուզմունքով հետևում էր ընտանեկան խորհրդին, հեկեկաց և փարվեց քրոջը: Գործը քիչ էր մնում փչացներ տիկին Դելմա Հարիգանը, Դեսմոնդի, Իդաոինի և Կատրաոինի խստաբարո մայրիկը, ում կաթոլիկ հոգին անմիջապես ապստամբեց, երբ իմացավ դստեր ձեռքի հավակնորդի կրոնական պատկանելիության ոչ այնքան պարզ համայնապատկերը: Վկայակոչելով հանգուցյալ ամուսնուն, նավապետ Արդգալ Հարիգանին, ով երկնքից հետևում էր իրենց յուրաքանչյուր քայլին և անկասկած հավանություն չէր տա դստեր միությանն այդ հեթանոսի հետ, տիկին Դելման հաստատակամորեն պաշտպանեց իր կարծիքը և սպառնաց էլ ավելի կոշտ դիրք բռնել:

— Դե՛սմոնդ,- նախատինքով լի հայացքով ասաց տիկին Դելման,- այդ քայլով դու կխայտառակես քո նախնիներին և կանարգես կաթոլիկական անարատ կրոնը: Ապացուցի՛ր, որ նավապետ Արդգալ Հարիգանի արժանի որդին ես:

Դեսմոնդ Հարիգանը ոչ մի կերպ չէր ըմբռնում, թե ինչու պետք է անարգվի անարատ կաթոլիկական կրոնը, երբ ինքը սոսկ դասավորում է իր քրոջ անձնական կյանքը: Բացի այդ նա իրատես մարդ էր և Իդայի ապագան ավելի էր կարևորում վաղուց մեռած գնացած նախնիների անցյալից, որոնք տիկին Դելմայի կարծիքով կխայտառակվեին այդ ամուսնությամբ: Ինչ վերաբերում է Արդգալ Հարիգանի արժանի որդին լինելուն, ապա Դեսմոնդն ամեն օր այս կամ այն ձևով ապացուցում էր այդ: Վիսկին առանց սառույց էր խմում և չէր հարբում: Հաճույքով գործի էր դնում բռունցքները, երբ դրա կարիքը կար: Հաճույքով գործի էր դնում բռունցքները, երբ դրա կարիքը չկար: Ուներ բազմաթիվ հավատարիմ ընկերներ և ինքն էլ հավատարիմ ընկեր էր: Կանացի զգեստ տեսնելիս որքան ոտքերում ուժ ուներ վազում էր այդ ուղղությամբ ու երբեք հաշվի չէր առնում ոչ տարիքը, ոչ արտաքինը: Կույտերով փող էր ձեռք գցում` չգիտես որտեղից: Կույտերով փող էր մսխում` չգիտես ինչ նպատակով:

Դեսմոնդը լավ որդի էր, ուստի որոշեց չվշտացնել մորը և դիվանագիտորեն շրջանցել այս նրբին հարցը: Ջինջ կապուտակ աչքերը հառելով կասկածամիտ մորը և հուսադրող հայացքներ գցելով ոգու արիությունը կորցնող քրոջ վրա, նա մի սուտ ասաց, որ իր կարծիքով բնավ չպետք է հարուցեր Աստծո բարկությունը:

— Քո ամուսինը, նավապետ Արդգալ Հարիգանը,- ասաց Դեսմոնդը,- ավելորդ խոսքեր շաղ տալու սովորություն չուներ, և նա այդ հատկությունն իր որդուն է փոխանցել:

Խորամանկ աժդահան գիտեր ինչպես սասանել մոր հոգին: Ամեն անգամ` լսելով ամուսնու անունը, տիկին Դելման ակամայից ցնցվում էր, դողում և գունատվում:

— Դու պետք է անխոս հասկանայիր, որ Դեսմոնդ Հարիգանը, իր հոր արժանի որդին, երբեք չէր խայտառակի կաթոլիկական կրոնը ու ոչ մեկին կրակաչափ հեռավորությունից ավելի մոտ չէր թողնի իր հարազատ քրոջը, եթե նախապես համոզված չլիներ, որ այդ տղամարդը սուրբ Պատրիկի կրոնի հետևորդ է:

Տիկին Դելման բավարարվեց որդու հավաստիացումներով ու նաև ըմբռնեց ապագա փեսայի դրությունը, վիճակ` որի մեջ բազմաթիվ անգամներ հայտնվել էր իր Արդգալ Հարիգանն ինքը:

Հապճեպ տեղի ունեցավ ապագա խնամիների ծանոթությունը: Իռլանդական կողմը ներկայացնում էին տիկին Դելման, Դեսմոնդը և երկու դուստրերը, իսկ հայկականը, Լևոնից զատ, նրա եռանդուն մայրը` տիկին Ազգանուշը:

Դեսմոնդն իրեն պահում էր անբռնազբոսիկ և ուրախ, Լևոնը` բռնազբոսիկ ու վախեցած: Իդան համեստության մարմնավորում էր, աշխատում էր լավ տպավորություն թողնել ապագա սկեսրոջ վրա, իսկ նրա քույրը փոքրիկ ապացույցների միջոցով ջանում էր ցույց տալ, որ ինքն էլ վատ աղջիկ չէ: Իսկ ահա տիկին Դելման և տիկին Ազգանուշը ծանոթության առաջին իսկ վայրկյանից անսքող ատեցին մեկմեկու: Ինչևէ, դա ապագային էր վերաբերվում, իսկ հիմա ավելի գործնական եղան ու կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին:

Հաջորդ օրը ամուսնությունը գրանցվեց: Լևոն Աշխարհակալյանը սկսեց կոչվել Լեոն Հարիգան և կնոջ հետ մեկնեց հարսանեկան ճանապարհորդության: Դեսմոնդ Հարիգանը հուսալի մարդկանց միջոցով նրանց Մեքսիկա ուղարկեց ու պատվիրեց սուս ու փուս նստել տեղները: Ոստիկանությունը ստիպված եղավ այլ ճանապարհներով փնտրել ստանալու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, ուստի ազգանվան հետ կատարված աճպարարությունն աննկատ մնաց: Ասենք դա ոչ ոքի չէր էլ հետաքրքրում, ու եթե չլիներ Լևոն Աշխարհակալյանի չափից ավելի գրգռված երևակայությունը, իսկ Դեսմոնդ Հարիգանը քույրերից գոնե մեկին ամուսնացնելու խնդիր չունենար, ոչ մի ազգանուն փոխելու և Մեքսիկա ծլկելու կարիք չէր լինի:

Մի քանի ամիս անց ամուսնական զույգը լուր ստացավ, որ արդեն կարելի է տուն վերադառնալ, իսկ մեկ տարի անց Իդան որդի պարգևեց Լեոնին ու ակամայից վերադարձան ազգանվանը: Տեղի ունեցավ ընտանեկան մեծ պատերազմ, որը զգացմունքների առատությամբ և պայքարի թեժությամբ քիչ բանով զիջեց Մեծ Հայրենականին: Գլխավոր գործող անձինք, ինչպես և պետք էր սպասել, տիկին Դելման և տիկին Ազգանուշն էին, որոնց ամիսներով կուտակած մաղձը վերջապես առիթ ունեցավ ողջ անկեղծությամբ դուրս ժայթքելու: Աստիճանաբար մի կողմ մղելով ընտանիքի մյուս անդամներին, որոնք համեմատաբար չեզոք դիրք էին բռնել, այս երկու ամբարիշտ կանայք ի վերջո այնպիսի աղմուկ բարձրացրին, որ հարևաններից երկու — երեքը, առանց տեղյակ լինելու, որ միայնակ չեն կատարում քաղաքացիական պարտքը, ոստիկանություն զանգահարեցին և արտահայտեցին այն հաստատ համոզմունքը, որ հարևան բնակարանում մարդ են սպանում: Իրավապահների այցելությունից հետո կրքերը փոքր- ինչ հանդարտվեցին: Տիկին Դելման առաջին անգամ հասկացավ, որ հաղթ ազդրերը, ականջ ծակող ձայնը և Արդգալ Հարիգանի անմար հիշատակը բավարար չեն առավելություն ստանալու, իսկ տիկին Ազգանուշը զարմանքով փաստեց, որ թերագնահատել է հակառակորդի ուժերը: Պատերազմը փակուղի մտավ: Անհրաժեշտություն առաջացավ ազդեցիկ միջնորդ գտնել, ով անկողմնակալ մարդու համբավ ունենար և ընդունելի լիներ պատերազմող երկու կողմերին: Ընտրությունը մեծ չէր, միակ շատ թե քիչ հարմար հավակնորդըª Դեսմոնդն էր:

Իռլանդացի աժդահան զուսպ և վճռական տեսք ընդունեց և կենտրոնացրեց բոլոր ուժերը, որպեսզի գոնե մի փոքր ազդեցություն գործի այս երկու բարդ կանանց վրա: Դեսմոնդը հերթով դիմեց նրանց և գերազանցելով ինքն իրեն այնպիսի սրտառուչ և ազնիվ կերպարի շրջանակներում ինքնակերտվեց, որ տիկին Դելմայի և տիկին Ազգանուշի սրտերում հուզմունքի պես մի բան խլրտաց:

— Տիկին Դելմա,- ասաց նա,- եթե դուք շարունակեք այդպես արհամարհաբար վերաբերվել իմ ընկերոջ, փեսայի ու եղբոր ազգանվանը, ապա երդվում եմ նավապետ Արդգալ Հարիգանի հիշատակով, ինքս կփոխեմ ազգանունս: Տիկին Ազգանուշ, հավատացնում եմ, որ բոլոր Հարիգանները արժանավոր մարդիկ են եղել և հպարտությամբ են կրել իրենց ազգանունը: Դուք նաև պետք է ընդունեք, որ Ամերիկայում մարդու համար ավելի հեշտ է Հարիգան լինել: Մտածենք երեխայի մասին: Առաջնորդվենք երեխայի շահերով, այլ ոչ մեր սնապարծությամբ: Իսկ թե ճիշտը կուզեք իմանալ, թող երեխայի հայրն ու մայրը որոշեն: Ի՞նչ կասես, քույրի՛կս…

Քույրիկը անակնկալ հարցից շփոթվեց, շփոթմունքից կարմրեց, բայց և պատասխանն էլ չուշացրեց: Սիրառատ ու կարճ հայացք գցելով ամուսնուն, ով առայժմ հարմար էր գտնում իմաստավորված լռություն պահպանել, Իդան իր սերն ապացուցելու և ամուսնուն անմնացորդ ենթարկվելու բնական այնպիսի մեծ պահանջ զգաց, որ տվեց նման դեպքերում հնարավոր միակ պատասխանը:

— Թող ամուսինս որոշի,- ասաց նա,- իսկ ես կենթարկվեմ նրա կամքին:

Լևոն Աշխարհակալյանը, կամ այլ կերպ ասած, Լեոն Հարիգանը, որ մինչ այդ ոչ մի կերպ չէր արտահայտել իր դիրքորոշումը, հասկացավ, որ այլևս անհնար է ապավինել փրկարար լռությանը: Մտքում նախատելով կնոջն ու հայհոյելով աներձագին, որ այսքան մեծ պատասխանատվություն գցեցին իր վրա, անօգնական կարճատև հայացք նետելով մորը, ով շատ սովոր էր նման իրավիճակներում միայնակ որոշում ընդունել, Աշխարհակալյան – Հարիգանը փորձեց մի պատասխան տալ, որ բոլոր կողմերին էլ կբավարարեր:

— Իրոք որ Հարիգանն ավելի հարմար կլիներ, բայց մեզ մոտ ընդունված չէ կնոջ ազգանունը վերցնել: Ես նույնպես չէի ցանկանա ստվեր գցել նախնիներիս… ավելի ճիշտ… Մյուս կողմից ես չէի ցանկանա, որ որդիս իր ազգանվան պատճառով ունենա նույն անհարմարությունները` ինչ ես, որի պատճառով…

Աշխարհակալյան – Հարիգանը լռեց ու փորձեց ճշտել, թե ինչ տպավորություն գործեց ներկաների վրա:

— Ավելի համարձակ, ծերո՛ւկ,- քաջալերեց նրան Դեսմոնդը,- ինչպես որոշեսª այնպես էլ կլինի: Քո յուրաքանչյուր որոշում մենք կընդունենք, որպես օրենք և նույնիսկ հոնքներս չենք շարժի: Ընտրիր երկու ազգանուններից մեկը` Հարիգան կամ Աշխարհակալյան:

Աշխարհակալյան – Հարիգանը շոյված զգաց, որ այսքան սարսափազդու անձինք պետք է ընդունեն իր որոշումը և ավելի ազատ զգաց նախապաշարումներից:

— Ուրեմն թող այսպես լինի,- շարունակեց նա,- ազգանունը կդնենք Հարիգան ու կհեշտացնենք նրա ճանապարհը կյանքում, իսկ երբ մեծանա` թող ինքը որոշի ինչ ազգանուն է կրելու:

Հայկական կողմը, որի միակ ներկայացուցիչը տիկին Ազգանուշն էր, լիովին հակառակ սպասելիքներ ուներ, բայց քանի որ որոշումն իր հարազատ որդին էր ընդունել, չէր կարող առարկել: Ոչինչ, թերևս մյուս ճակատներում հնարավոր լիներ ետ բերել կորցրածը: Մանավանդ, Աստված կա երկնքում, տիկին Դելման արագ տվեց դրա առիթը:

— Իսկ անունը նավապետի հիշատակին Արդգալ դնենք,- կարոտ և տխրություն արտահայտող ձայնով, երազկոտ հայացքը դեպի հեռուն ու արցունքն աչքերին ասաց փարթամակազմ իռլանդուհի տիկինը իբրև ինքնին լինող մի բանի մասին:

— Իսկ մենք ամուսին չունենք, հիշատակ ու սրբություն չունենք,- սուր ձայնով միջամտեց տիկին Ազգանուշը և պատերազմը բորբոքվեց նոր ուժով:

Մեկ ժամ անց տիկին Դելման հասկացավ, որ հակառակորդ կողմն այլևս մտադիր չէ զիջումների գնալ, իսկ համառելու դեպքում սպառնում է վերադառնալ նախկին դիրքերը: Հարցը կրկին փակուղի մտավ: Իդան նոր որոշման ակնկալիքով հայացքը հառեց ամուսնուն, որին, ինչպես մայրը Արդգալ Հարիգանի դեպքում, բազմաթիվ հնարովի արժանիքներ էր վերագրել: Սակայն Աշխարհակալյան — Հարիգանը, այսուհետ պարզապես Լեոն Հարիգանը, այլևս չխախտեց իր իմաստավորված լռությունը և միակ հույսը կրկին մնաց Դեսմոնդը:

— Շատ լավ, տիկին Ազգանուշ,- ասաց նա,- ասացեք անվան ձեր նախընտրած տարբերակը:

— Երեխան պետք է կրի իր պապի անունը, բայց միմիայն հորական կողմի պապի,- իրավացիության խորը զգացումով հայտարարեց տիկին Ազգանուշը ու նույնիսկ չզլացավ թափահարել մատը ներկաների վրա:

— Ոչ ոք դեմ չէ, որ այդպես լինի,- հաշտարար տոնով ասաց Դեսմոնդը,- սակայն տիկին, ախր քիչ առաջ համաձայն էիք, որ Աշխարհակալյան ազգանունով փոքր ինչ անհարմար է Ամերիկայում, մինչդեռ առաջարկում եք մի անուն, որն ավելի անհարմար է նույնիսկ արտասանել: Մի առարկեք տիկին: Ինչպե՞ս էր ձեր ամուսնու անունը: Քենկիանո՞ս… Ահա, տեսնում եք, այն անհնար է արտասանել կամ նույնիսկ թղթի վրա գրել առանց ուղղագրական երկու-երեք սխալ կատարելու:

— Աստված է ցանկանում, որ երեխան Արդգալ կոչվի,- վերջին փորձն արեց տիկին Դելման:

— Դե ինչ, եթե Խնկիանոսն այդքան անհարմար է,- արհամարհալից անուշադրության մատնելով թշնամու ակնարկն ասաց տիկին Ազգանուշը,- թող լինի հոր պապի անունը:

— Իսկ ինչպե՞ս էր կոչվում հոր պապը,- հետաքրքրվեց Դեսմոնդը:

— Արա՛մ,- հպարտորեն պատասխանեց տիկին Ազգանուշը և հարմար գտավ չմատնանշելու, որ իր հարազատ հայրը նույնպես Արամ է կոչվել:

— Ուրեմն Արամ Հա՞րիգան:

— Արամ Հարիգան:

Արամի ծնունդով Աստծո օրհնությունը իջավ նրա ընտանիքի վրա: Լեոն Հարիգանը ձիարշավարանում մեծ գումար շահեց, խաղադրույք կատարելով այն ձիու վրա, որի վրա Դեսմոնդ Հարիգանն էր նրա ուշադրությունը հրավիրել: Ճիշտ է, հետագայում Լեոնն ամբողջը իր իմաստությանն էր վերագրում, իսկ Դեսմոնդը կարծես չէր առարկում, որ նա այդպես վարվի: Շահած գումարով, նորից Դեսմոնդ Հարիգանի խորհրդով, Լեոնը նորաձևության սրահ գնեց: Կրկին հաջողությունը ուղեկցեց նրան: Մրցակից նորաձևության սրահները կլորիկ գումարներ էին ծախսում ռեկլամի վրա, բայց պատվերները նորելուկ ՙՀարիգան Քամփնի՚ — ն էր ստանում: Իդան պարզապես խանդավառված էր ամուսնու գործարար հանճարով, որը կարճ ժամկետում ամենամեծ եկամուտներ ապահովեց նրանց ընտանիքին: Լեոն Հարիգանը նույնպես մեծ կարծիք ուներ իր մասին, բայց սնապարծությունը այնքան չէր մթագնել նրա ուղեղը, որպեսզի չկարողանա տարբերել իր օգուտն ու վնասը: Եվ եթե իրեն մեծ բարերարություն են ապահովում իր աներձագ Դեսմոնդի խորհուրդները, ապա ինչո՞ւ չհետևել դրանց: Ի՞նչ պատճառով  ՙՀարիգան Քամփնի՚- ի բաժնետոմսերը չվաճառել Դեսմոնդի մատնանշած մարդկանց ու Դեսմոնդի մատնանշած արժեքներով, եթե այդ ամենն այդքան օգտակար է: Ինչևէ, այլևս չխոսենք Լեոն Հարիգանի կյանքի գործարար հատվածից, որը չնչին տեղ է զբաղեցնում մեր պատմության մեջ: Բավարարվենք ասելով, որ նրա գործերը շատ լավ էին  ու նա շատ հարուստ էր:

Կարդալ ամբողջը

Թողնել պատասխան

Your email address will not be published.