Արամայիս Գարեգինյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Մշուշի մեջ

Այդ ամենը միանգամից չսկսվեց: Անգամ դժվար է ասել թե ովքեր էին առաջին մարդիկ, որոնք զգացին թե ինչպես են օրերը մշուշապատվում: Առաջին հայացքից թվում էր ամեն ինչ նույնն է, և ոչինչ չի փոխվել: Ինչպես միշտ արևը ծագում էր արևելքից, իսկ գիշերները եթե որևէ մեկը հայացքը գետնից կտրելով վեր բարձրացներ, ապա աստղազարդ երկինք կարող էր տեսնել: Բոլորը դարձյալ իրենց գործերն ունեին, իրենց հոգսերն ու հաճույքները, բայց չգիտես ինչու այդ ամենը կարծես մշուշի մեջ էին երևում:
Առաջին օրերին ամեն ոք մտածում էր, որ իր աչքերի հետ է կապված, բայց երբ աչքի բժիշկը, անգամ առանց նայելու և ստուգելու նրանց ասում էր թե ինչ գանգատներով են եկել, և թե վերջին շրջանում որքան շատ են իրեն դիմողները, շատերն անգամ ավելորդ էին համարում հետագա հետազոտությունները, իսկ աչքի բժիշկը խորհուրդ չէր տալիս դեղեր օգտագործել, ասելով, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի մասնագետները ավելի խորը ուսումնասիրություններ կատարեն, և որ աչքերը շատ նուրբ օրգաններ են փորձադաշտ դարձնելու համար: Բոլորը համաձայնվում էին և սպասում, իսկ քաղաքն այդ ընթացքում դանդաղ թաղվում էր տարօրինակ մշուշի մեջ:
Երկինքն այդ օրերին ամպամած էր թե ոչ, դժվար էր ասել: Անձրևներ չկային, բայց միևնույն է, բոլորին թվում էր թե երկինքն ամպամած է, ու հենց այսօր անպայման անձրև կգա և երկինքը կբացվի: Ահա թե ինչու քաղաքում շատ էին անձրևանոցով շրջողները, որոնց թվում նաև կապույտ անձրևանոցով ու ասես գարնանային ծաղիկների բույրերով հագեցած վարդագույն շրջազգեստով աղջիկը, որը գնում էր իր երկարահասակ ընկերոջ հետ հանդիպման: Այսօր, դեռ տանից դուրս չէր եկել, և հայելու առջև կանգնած էր, երբ հոգնած, մոլորված ու կարծես ճմրթված հայացքով մեկը հայելու միջից իրեն նայեց:
Ո՞վ է այս թափառական խեղկատակը, զարմացավ նա, բայց քիչ անց արդեն զարմանքը փոխվեց զայրույթի և կատաղության… Մի քանի րոպե անց լսվեց ջարդվող հայելու ձայնը:
-Ես պետք է երջանիկ լինեմ: Ես երբեք խղճուկ, վախեցած ու մոլորված չեմ եղել ու այդպիսին չեմ դառնա… Ես պետք է ուրախ ու երջանիկ լինեմ և վերջ…
Ասացին, որ ջարդված հայելին լավ նշան չէ,- բայց ոչ ինձ համար,- պատասխանեց նա և դուրս եկավ:
Ու այժմ կապույտ անձրևանոցով և վարդագույն շրջազգեստով աղջիկը ուրախ, հպարտ ու ինքնավստահ քայլերով գնում էր դեպի իր երջանկությունը, իսկ քաղաքը թերևս այնքան մշուշապատ էր, որ երիտասարդ տղաներից միայն քչերն էին տեսնում կյանքով ու երիտասարդական ավյունով լի և դեպի իր երջանկությունը գնացող աղջկա ողջ հմայքն ու գեղեցկությունը:
Երկարահասակ ընկերոջ հետ վերջերս էր ծանոթացել, բայց ամենևին ոչ նրա «հովանու» տակ իրեն ավելի ապահով զգալու համար: Առաջին օրերին նրան թվացել էր, որ նա կարող է իր մեջ բավականաչափ ուժ գտնել, կյանքի, երջանկության և իր սիրո համար պայքարելու ճանապարհին:
Բայց նրանց հանդիպումից դեռ շատ քիչ ժամանակ էր անցել, երբ կարծես բառեր չգտնելով երկուսն էլ լռեցին, և նրանց մտքում նույն հարցերն էին: Տպավորությունն այնպիսին էր, կարծես նրանք իրենց տեղով և դերով փոխված լինեին: Երկարահասակը քայլում էր վախվորած և զգույշ քայլերով, խոսում էր այնպիսի թեմաներից, ասես երկու բամբասկոտ կանայք են միմյանց հանդիպել: Առաջինը լռությունը խզեց աղջիկը.
-Ես ցանկանում եմ երջանիկ լինել,-ուղիղ տղայի աչքերին նայելով ասաց նա:
-Այդ ինչե՞ր ես խոսում, ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել… Մի՞թե շուրջդ չես տեսնում, չէ՞ Որ ամեն շենքի անկյունում, ամեն ծառի ու թփի ետևում կարող է վտանգ լինել: Ես դեռ չեմ ասում մարդկանց մասին, ծանոթ լինեն թե անծանոթ, միևնույն է չգիտես թե հաջորդ պահին ինչ է լինելու, և այս ամենից հետո դու ցանկանում ես երջանի՞կ լինել:
-Այո’, ես ցանկանում եմ ջնջել, մոռանալ, և իմ կյանքից արմատախիլ անել, այդ մահասարսուռ զգուշավորությունն ու վախը, այս մշուշոտ օրերը, ցանկանում եմ տղաներին նայելիս, ընդամենը հոգով և մարմնով ավերակների վերածված ու այդ փլատակների միջից ծիկրակող վայրի և կրքերից այրվող հայացքներ չտեսնել:
Ես չեմ ցանկանում նաև տեսնել համակենտրոնացման ճամբարի վերածված մեր իրականությունն ու նրանում տառապող մարդ արարածներին, որոնց մեջ ջնջվել է աստվածակերպ լինելը և որոնք անկարող են դարձել սիրո և երջանկության: Շուրջդ ամենուր մարդանման արարածներ են իրենց բնազդական կրքերով ու ցանկություններով և որոնք թե իրենք իրենց և թե ողջ մարդկային պատմությունը մոռացած, ամեն կերպ ընդամենը գոյություն են փնտրում, մոլորված իրենց վախերի, հաճույքների և տառապանքների կապանքներում:
-Բայց չէ՞ ր նման երջանկության հասնելու համար դու կարող ես կորցնել քո զգուշավորությունը և…
-Եվ ի՞նչ,- զայրացավ կապույտ անձրևանոցով աղջիկը, բայց հաջորդ պահին շփոթված այս ու այն կողմ նայեց, ձայն տվեց երկարահասակին, սակայն ոչ ոք նրան չարձագանքեց… Երկարահասակն անհետացել էր:
Այդ օրերին քաղաքից անհետացածները, իսկ գուցե նաև անտեսանելի դարձածները շատ էին: Եվ երբ իր սեփական կրպակն ունեցող կարճահասակը, փողոցում իրենց դասարանի տղաներից տեսավ, մի պահ ուրախացավ, բայց միանգամից լրջանալով ուշադիր շուրջը նայեց, և զգուշորեն մոտեցավ: Բարևեցին, դպրոցական տարիները հիշեցին և կարճահասակի դասընկերը հարցրեց, թե ի՞նչ է լսել մշուշի մասին, և թե որքան է այն շարունակվելու:
Կարճահասակը, որն իր բիզնեսն ուներ` իր սեփական կրպակը, և մինչ մշուշի խտանալը, հանուն արվեստի իր կրպակի հետևի դռնից գրողներին, նկարիչներին էժան գներով տնական օղի և գինի էր վաճառում, զգուշությամբ շուրջը նայեց, ապա կասկածամտությամբ մի պահ նայեց ընկերոջը և նրա խաղաղությունից գոտեպնդվելով շշնջաց.
-Վերջերս ողջ քաղաքում լուրեր են պտտվում, որ աչքի բժիշկը մեկի ականջին շշուկով ասել է, թե գիտնականներին դեռևս չի հաջողվել գտնել այս մշուշի իրական բնույթը, և որ այն ամենևին էլ սովորական չէ: Աչքի բժիշկը համոզված է նաև, որ կան մարդիկ, որոնց վրա այս մշուշը չի տարածվում, բայց այդ մարդիկ հետապնդումներից զգուշանալով իրենց մասին ոչինչ չեն ասում:
-Իսկ այդ մարդիկ չե՞ն ասել, թե այս ամենը որքան է շարունակվելու:
-Աչքի բժիշկն այդ մասին ոչինչ չի ասել, բայց ոմանք պնդում են, որ նրանց հանդիպումների ժամանակ ուրախ երաժշտության և ծիծաղի ձայներ են լսվել, ու իբրև թե նրանցից մեկն ասել է, որ սա ոչ թե մշուշ է, այլ տգիտության խավար:
-Այդ դեպքում ես հենց հիմա կգնամ աչքի բժշկի մոտ…
-Աչքի բժիշկն այս ամենի մասին միայն գիշերներն է խոսում, մենք արդեն քանի օր է, նրանց տան մոտ ենք գիշերում:
-Այդ ովքե՞ր, «մենք», ես այս մասին նոր միայն քեզանից եմ լսում:
-Թվարկել հնարավոր չէ, մենք շատ-շատ ենք, գրեթե ողջ քաղաքն այնտեղ է:
-Եթե ամբողջ գիշերն այնտեղ եք եղել, մի՞թե աչքի բժիշկն այդ ընթացքում ոչինչ չի ասել:
-Երեկ գիշեր նա մի աղջկա մասին է ասել: Մուգ կապույտ «ինդիգո» անձրևանոցով մի աղջիկ հայտարարել է, որ ցանկանում է ուրախ և երջանիկ լինել:
-Մի՞թե այդ աղջիկն իր շուրջը չի նայում… Ինչ է, երկնքի՞ց է իջել… Լսի’ր, իսկ չգիտես ընկեր ունի՞…
-Երկարահասակ մի ընկեր է ունեցել, բայց ինչպես երևում է, մշուշը տարել է նրան: Ասում են աղջիկը շատ է փնտրել, բայց այդպես էլ չի գտել, ու այժմ միայնակ է, և երջանիկ լինելու համար նոր ընկեր է փնտրում:
-Իսկ չգիտես գեղեցի՞կ է, և շատ են նրանով հետաքրքրվողները…
-Աչքի բժիշկը մանրամասներ չի ասել, բայց այսօր կփորձեմ իմանալ:
-Լսի’ր, իսկ դո’ւ, ինքդ մի՞թե չես ցանկանում գտնել այդ աղջկան և նրա հետ միասին երջանիկ լինել:
-Այդ մասին չեմ մտածել, բայց այս գիշեր այդ էլ կփորձեմ իմանալ… Գուցե աչքի բժիշկն այդ մասին որևէ բան կասի:

Ճանապարհին

Չկա որևէ մեկը, որը ձեզ կասի թե ինչ պետք է անել,
դուք միայնակ եք այս վայրի և դաժան աշխարհում:
Ջ. Կրիշնամուրտի

Չէր հիշում թե ե՞րբ, ինչպե՞ս և վերջապես ինչի՞ համար է տանից դուրս եկել… Բայց փաստը մնում է փաստ, որ այս ընթացքում իրեն անծանոթ ճանապարհ է անցել, որն ամենայն հավանականությամբ նրան դեպի գինետուն չի տանում, որովհետև անգամ փակ աչքերով, ոտքերը նրան միշտ էլ մինչև գինետուն տանում, իսկ գիշերները, հարբած և օրորվելով, բայց միևնույն է տուն էին բերում: Բացառությամբ այն օրերի, երբ գինետան կանանցից որևէ մեկն իր մոգական ժպիտներով և առատորեն ցուցադրված բարեմասնություններով չէր փոխում նրա ոտքերի նախնական ծրագիրը:
Կանգ առավ… Գուցե ե՞տ դառնալ: Բայց երբ չգիտես թե ինչպես և ո՞ւր ես ընկել, ապա դժվար է ասել, առաջ ես գնում, թե՞ ետ: Կանգնած մնալն ու կողմնորոշվելը ավելի հեշտ չէր: Նախ ցուրտ էր, և հետո ողջ մարմինն ասես թրջված, իսկ ավելի ճիշտ, կարծես ջրի մեջ ընկղմված լիներ: Երբ փորձեց շարժվել, դիմադրությունն ավելի որոշակի զգաց, իսկ ամեն շարժվելու փորձի և գործադրած ճիգի հետ ջուրը սկսեց շատ ավելի իրական և շոշափելի դառնալ:
Չէր կարողանում հասկանալ թե ի՞նչ է կատարվում, և անորոշությունից ու իրավիճակին չտիրապետելու անկարողությունից ինչ-որ վախ զգաց, որը կարծես թշնամական բանակի նման հարձակման անցավ: Հաշված րոպեների ընթացքում, շուրջն ամեն ինչ մթնեց, իսկ ջրի սառնությունը սկսեց ոսկորներին հասնել, ու արդեն դժվար էր ասել, ցրտի՞ց էր մարմինը դողում, թե՞ վախից: Իսկ վախը տիրող քաոսից օգտվելով սկսեց փրկության հույսի հնարավոր ու անհնար թվացող ճանապարհները փակել, և շրջափակման մեջ պահելով այնքան ուժասպառ դարձրեց, որ ծուլացել և օգնություն կանչելու համար անգամ ուժ չէր գտնում: Գիտակցությունը նրան չէր լքել: Հասկանում էր, որ պետք է իրադարձությունների անկառավարելի ընթացքի հորձանուտից դուրս գալ, որ անհրաժեշտ է պայքարել: Գիտեր նաև, որ եթե կարողանա ներսում ուժ գտնել և խաղաղվել, իսկ այնուհետև ժպիտով և հումորով ընդունել ներկա իրականությունը, ապա շուրջն ամեն ինչ կփոխվի, ու ինքն իրեն «թշնամական ուժերից» պարտված, ու այսքան միայնակ ու անզոր չի զգա: Հավատացած էր նաև, որ ինչ-որ հրաշքով մեկ ուրիշ տեղում ու այլ պայմաններում կհայտնվի, այնպես, ինչպես, որ աներևույթ մի ուժ իրեն այստեղ է նետել… Բայց այժմ ինքն ասես ծեծված ու ջարդված լիներ, իսկ շուրջը փոթորկվող ջրերը պղտոր ու սառը: Նման պայմաններում հեռու չէր նաև այնպիսի մահացու վտանգ, ինչպիսին է հուսահատությունից տրտնջալն ու բախտն անիծելը, բայց այդ ժամանակ կողքին ինչ որ շարժում զգաց: Թվաց վիթխարի ձուկ է, իսկ գուցե նաև մեկ այլ վտանգ, բայց քանի որ ներսում վախն արդեն կար, ուստի առանձնապես չկենտրոնացավ վախի երանգները փոխելու վրա: Ու թերևս ճիշտ էր չվախենալը, որովհետև իրոք մի վիթխարի ձուկ մոտեցավ, գլուխն աջ ու ձախ շարժելով ուշադիր նայեց և… Այդ պահին նրան թվաց թե ձուկն իր հետ սկսեց խոսել:
-Լավ է, որ չես վախենում, այլապես դժվար կլիներ քեզ որևէ բան ասելը:
Ձուկն անխոս ինչ-որ բան էր ասում, բայց նա այնպես էր շշմել կատարվածից և չռված աչքերով քարացել, որ ձուկն արդեն չդիմացավ, և ստիպված պոչի թեթև հարվածով սթափեցրեց.
-Ի՞նչ ես քարացած հայացքով աչքիս նայում, տվյալ դեպքում` աջ աչքիս, դու ի՞նչ է երբևէ հեքիաթ չես կարդացել, մի՞թե չգիտես, որ մարդու կյանքում ամեն ինչ կարող է պատահել: Համարիր, որ ես Ոսկե Ձկնիկն եմ, և եկել եմ քեզ փրկելու, թեև ինչքան ժամանակ է հետևում եմ քեզ, և զարմացած եմ, որ այս ընթացքում ոչ մի անգամ օգնություն չկանչեցիր: Չգիտեի անգամ մոտենա՞լ թե՞ ոչ, էլ չեմ ասում, որ դժվար էր որոշել թե ինչպես ու ի՞նչ տեսքով քեզ մոտենալ, բայց քանի որ այս անգամ արդեն կյանքիդ առօրյա ճահճուտներում մոլորվելով շատ ավելի վտանգավոր տեղ ես ընկել, որոշեցի մոտենալ:
-Շնորհակալ եմ հոգատարությանդ համար Ոսկե Ձկնիկ, բայց անկեղծ ասած դու այնքան էլ Ոսկե Ձկնիկի նման չես,- և գլխից մինչև պոչը ձկանը նայելով ավելացրեց,-դու քո չափերին նայիր, քո գույնին…
Լսի՛ր, այ գիտունիկ, իսկ որ այսքան ճակատագրական պահի չեմ լքել, և եկել եմ քեզ նմանին օգնելու, այդ ամենը քեզ համար արժեքներ չե՞ն, որ չափերիս ու գույնիս ես նայում, թե՞ կարծում ես նման վիճակում մի փոքրիկ ձկնիկը կկարողանար քեզ օգնել, եթե անգամ գույնը ոսկեգույն լիներ: Իսկ գուցե կցանկանայիր, որ գինու շշի, կամ ձեր գինետան կանացից որևէ մեկի տեսքով երևայի… Այ դու,- ձկնիկը մի պահ լռեց ու անհանգիստ շուռ ու մուռ եկավ, թերևս համապատասխան բառ գտնելու համար, ապա առանց չարության, սակայն խիստ տոնով շարունակեց,- այ դու կատարյալ մոլորություն, այդ դեպքում կփրկվեի՞ ր…
-Ինչպես տեսնում եմ դժվարությամբ ես բառեր գտնում զսպված զայրույթդ թաքցնելու համար, բայց և հասկանում եմ, որ չես ցանկանում վիրավորած լինել: Ու ինչ խոսք, այս ամենը կարող էր շատ զավեշտական լինել, բայց ցավոք շատ է իրական:
-Այո իրական է, ու այն էլ շատ իրական… Իսկ գիտես թե ինչի համար և թե ո՞ւր ես ընկել:
-Ոչինչ չեմ կարող ասել, ամեն ինչ այնքան անսպասելի էր…
-Իսկ ինչո՞ ւ չես կարող ասել…
-Դե ինչ ասեմ, այդ մասին երբևէ չեմ մտածել:
-Այո’, որովհետև չես մտածել… Որովհետև հաճույքներդ բավարարելու փնտրտուքներում, կյանքդ մակերեսային ուղիղ գիծ ես դարձում և չի երևում թե իրականում որքան խորը, խորհրդավոր, և թե որքան բազմաշերտ է այդ մարդկային կյանք կոչվող առեղծվածը:
Ինչ որ պահից նա հանգիստ էր և խաղաղ, անգամ վախն ու ցուրտն էին անցել, և չէր դողում: Լուռ ձկանն էր նայում:
-Գիտես, գուցե և խոսքս անհեթեթ թվա, բայց ինչ որ պահերի քեզ նայելիս, կարծես ինձ եմ տեսնում, ու թեև մուգ գույն և ձկան տեսք ունես, բայց միևնույն է կարծես ինքս ինձ եմ տեսնում, ու այն էլ ինչ-որ եթերային, մաքուր և լուսավոր վիճակում:
-Այդ դեպքում ավելի ուշադիր շուրջդ նայիր, նայիր երկնքի մթին ամպերին, շուրջդ փոթորկվող ջրերին…Իսկ գուցե այս ամենը հենց դո՞ ւ ես, և տես թե իրականում ինչի ես վերածվել… Այսպիսին է քո կյանքը` քո հիշողությունները, մտքերը, երևակայությունները, և որպես Արարիչի նմանությամբ ստեղծված` ահա՛, քո իսկ ստեղծած աշխարհը… Այժմ դու հասկանո՞ ւմ ես, թե ինչու ես դու միայնակ այս աշխարհում, և թե որքան անհրաժեշտ է, որպեսզի ճանաչես ինքդ քեզ:
Փորձեց առարկել, բանավեճի մեջ մտնել, որոշ հարցեր պարզել, բայց ձուկը շատ անսպասելի և կտրուկ ինչ-որ շարժում կատարեց, ապա կայծակնային արագությամբ, ասես աքցանով իրեն ամուր բռնած մի կողմ տարավ: Եվ նույն պահին կողքով շարժվող մի հսկայական ցանց երևաց: Նրա կողքերից սուր-սուր կեռիկներ էին կախված, որոնցից մեկը գրեթե նրան շոշափելով անցավ: Ցանցի միջից մարդկային ստվերներ էին երևում ու աննկարագրելի ողբ և ցավագին ճիչեր էին լսվում:
Ցնցումն այնքան ուժեղ էր, որ մի ակնթարթում նորից ամեն ինչ իրար խառնվեց, կյանքը, երազը, իրականությունն ու անիրականը: Ցանկանում էր ամբողջ ուժով գոռալ, վազել… Բայց փակ աչքերով քարացած կանգնած էր: Երբ քիչ խաղաղվեց և բաց արեց աչքերը, իրեն գտավ լուռ ու ամայի փողոցում…

1 comment

  1. Ինձ հետաքրքրում են այստեղ հրապարակուող նիւթերի Հայերէնը եւ գեղարուեստական արժէքը

Թողնել պատասխան ԿԱՐԷՆ Ա.ՍԻՄՈՆԵԱՆ-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.