Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՀԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Նախաբան

 

Փոքր ազգ ենք, մեծ հատվածը  իր բնօրրանից դուրս՝ տերն է աշխարհի ու արևի, ինքը՝ տնավեր…

Գլուխ է ծռում օտարների առջև՝ նա, ով կանգնած իր բարձրագահ լեռներում, երգել է հպարտ՝ «Տալվորիկի զավակն եմ քաջ, չեմ խոնարհիլ վատին առաջ»…

Խոսում է աշխարհի բոլոր լեզուներով՝ իսկ իր լեզվո՞վ…

Եվ դեռ շարունակում է արտագաղթել շատով, ներգաղթել՝ քչով…

Այնուամենայնիվ՝  «Թէև փոքր ածու ենք, բայց մեր մէջ ևս գործւել են գործեր յիշատակության արժանի»…

 

***

Լոս-Անջելես քաղաքի առևտրական ու վարչական հատվածում (Down town)  վեր է խոյանում բազմահարկ հոյակապ մի շենք, որի բաժանմունքները զբաղեցնում են գոհարեղենի, թանկագին մետաղների ու քարերի և ակնեղենի մանրածախ վաճառատներ: Շենքն ամբողջովին գտնվում է անվտանգության համակարգերի ու  զինված պահակազորի անմիջական հսկողության տակ:

Առևտրականները մեծ մասամբ հրեաներ են, մեքսիկացիներ, եւրոպացիներ, պարսիկներ ու նաև՝ պատկառելի թվով հայեր: Հայերի մեջ առկա է  ոչ միայն զուտ առևտրական, այլ նաև ազգային սերտ հաղորդակցության ոլորտ: Ճաշի կամ հանգստի ժամերին նրանք հաճախ հավաքվում են իրար շուրջ, խոսում են առօրյա հարցերի, ամերիկահայ համայնքի, Հայաստանի, ափյուռքահայության և այլ հրատապ թեմաների մասին, որոնք նրանց հուզում են այնքան ժամանակ, որքան դեռ շոշափվում են: Ցրվելով ու վերադառնալով իրենց «կալվածքը», ինչպես սիրում է ասել սիրիահայ պարոն Երվանդը, նրանք այնպես են մխրճվում գործարքների մեջ, որ մոռանում են աշխարհը. ազգային հարցերը մղվում են հետին պլան՝ իրենց տեղը զիջելով առերևույթ հանգստության շղարշով քողարկված՝ առուծախի անձնապաստան լարվածությանը, երկմտանքին ու գայթակղություններին…

Ընկերս, որի տանն էի իջևանել, գլխավորապես զբաղվում է փիրուզի ու գունավոր բուստերի առևտրով ու մյուսներից տարբերվում է գոնե նրանով, որ հավատարիմ մնալով իր ազգային ու հայրենասիրական գաղափարներին, դեռևս լիովին չի կուրացել գոհարեղենի փայլից…

Եվ ահա,  հասնելուս հաջորդ օրը նրա ընկերակցությամբ բախտ ունեցա մուտք գործելու այս ուրույն աշխարհը՝ «գանձերի կղզին»… Առաջին տպավորությունս իրոք շլացուցիչ էր: Ասացին, որ այստեղ պահվող գոհարեղենի ընդհանուր արժեքը գերազանցում է Լատինական Ամերիկայի մի քանի երկրների տարեկան բյուջեի ընդհանուր ծավալին:

Տեղեկանալով «անդրծովյան (overseas) աշխարհից» հյուր գալու մասին, այդ օրը ոմանք հավաքվեցին ընկերոջս հիմնարկում: Սկզբում ուշադրության կենտրոնում ես էի. հետաքրքրվում էին իրանահայ համայնքի լուրերով, երկրի քաղաքական ու տնտեսական դրության, հեղափոխության, կանանց ծածկոցների ու արտագաղթի մասին: Հատկանշականն այն էր, որ լավը լսել ինչ-որ չէին կամենում, իսկ վատը լսելիս անթաքույց ուրախությամբ շաղախված՝ կարեկացանք էի նշմարում նրանց դեմքերին…  Այնուհետև խոսակցությունը ընդունեց թեթև վիճաբանության բնույթ: Միանգամայն մոռացան ինձ: Այնքան հոգնած էի նրանց հարցապնդումներից, որ դա էլ իմ ուզածն էր: Վիճում էին մեղմ ձայնով, անավյուն, ալարկոտ շարժումներով, իր վիճակից գոհ մարդու մեծահոգությամբ, ամենևին ո՛չ հայավարի ու տարբեր… հայերեններով…

«Բնավ հայի նման չեն»՝ մտածեցի ու անկախ ինձանից ուշադրություն դարձրի նրանց դիմագծերին… Աստված իմ, որքան տարբեր են մեկը մյուսից: Օտար մեկը, անշուշտ, չէր ասի, որ այստեղ հավաքված մարդիկ նույն ազգից են: Մի պահ ցանկություն առաջացավ վեր կենալ ու ինձ նայել հայելու մեջ…

…Այս  պատերից հազարավոր մղոններ այն կողմ, օվկիանից, ծովերից, լեռներից, շա՜տ երկրներից այն կողմ Հայաստան աշխարհն է, այնտեղ, ուր դարեր առաջ հիմքն է դրվել այստեղ հավաքված յոթ հայերի լինելիության… Ինչե՜ր ասես չեն անցել-դարձել, ի՜նչ ջրեր ասես, որ չեն հոսել, սերունդներ են հաջորդել իրար և այժմ… ամերիկյան այս արդիական ու շքեղ վաճառատնում հավաքված հայերը հայի չեն նմանում… ձևափոխված են, այլասերված…

Նրանք խոսում են հայերեն, կարևոր չէ «արևմտա», թե «արևելա», գրական, թե ժարգոնով, ճիշտ, թե սխալ… Յոթ հայ են, խոսում են յոթ տեսակ հայերենով… Կիսատ-պռատ… զուգակցված՝ օտար բառերով: Դեռ լավ է, որ խոսում են հայերեն…

Նայում եմ Հայաստանից եկած և ընկերոջս հիմնարկում վարձված արտաշատցի հայ երիտասարդին: Հայի իսկական տիպար է՝ թուխ դեմքով, կարճ կտրած սևաթույր մազերով, մեծ քթով, խաժ աչքերով: Նրա պապն ու ապուպապերը երբեք չեն լքել հայրենի հողը: նրանք Լեռնաշխարհի հարազատ զավակներն են եղել՝ ներծծված Լեռնաշխարհի գույնով ու բույրով, Լեռնաշխարհի կոպտությամբ ու առնականությամբ: Ի՞նքը… Տո՛, լաճ տնավեր, էդ ո՞ր քամին քեզ բերեց ու նետեց էստեղ, դու ո՜ւր, այս նոր Բաբելոնը ո՜ւր… Սկի մտածե՞լ ես, թե ինչ է դառնալու ք՛ո որդին…

Սիրիահայ պարոն Երվանդը ճաղատ է, սպիտակ, կլորավուն դեմքով: Իր անվան պես՝ դեմքով նման է Երվանդ Օտյանին: Թրքական կոտորածներից հրաշքով ճողոպրած ու արաբական այս երկրում ապաստան գտած հայ ընտանիքի զավակ է: Աչքերը ծովագույն երանգ ունեն՝ պարուրված մշտական  թախիծի քողով:

Թվում է՝ ընկերս, իր նոր-ջուղայեցի աշխատակցուհին ու ես՝ երեք իրանահայերս, մեր մաշկի գույնով ու դեմքի գծագրությամբ ավելի մոտ ենք արտաշատցի հային: Այդուամենայնիվ, տարբեր ենք, նման չենք նրան… Մեր շարժումների, նիստ ու կացի, արտայատվելու ձևի մեջ ակնյայտ են արևելյան ընդգծված հարգանքի, մեծարանքի մինչև անգամ քծնանքի նշույլներ…

Իսկ Հնդկաստանից եկած այս հա՜յը, որին չգիտեմ նույնիսկ ինչպես են կոչում՝ հնդկահայ, թե հնդկաստանահայ… ախր հնդկահայ ասելով կարելի է նաև շփոթել ամերիկյան կամ աֆրիկյան հնդիկների մեջ ապրող հայերի հետ, եթե էնտեղ էլ կան… Վստահ կան… Հնդկական մանր գանգուր մազեր, հաստ շրթունքներ, սև մաշկ ու սպիտակ, փայլուն ատամներ… Անհավատալի է, բայց մարդը հայ է, հավատացե՛ք, անունն էլ Տիգրան. շրջիկ  առևտրական է, բնակվում է Հնդկաստանում, գալիս է ԱՄՆ գործով, փոքրիկ «ֆլաթ» (բնակարան) ունի: Ամերիկայի մասին խոսելիս բերանի ջրերը գնում են… Մտադիր է ընտանիքն էլ բերել այստեղ, մտահոգված է զավակների ապագայով ու որքա՜ն հպարտ է նրանց անգլերենի իմացությամբ…

-Իսկ, Տիգրան ջա՛ն,- հարցնում եմ մեկուսի,- երեխաներդ հայերեն գիտե՞ն…

-Դե, մի քիչ գիտեն…

Արդարացման խոսքեր, մտատանջություններ, Ամերիկայում ապրելու մարմաջ… Ինձ էլ բարեկամաբար խորհուրդ է տալիս «հավաքել, գալ այստեղ»: Հիասթափություն է նշմարվում բոլորի  դեմքին, երբ ասում եմ, որ ցանկություն չունեմ երբևէ հեռանալ մեր տարածաշրջանից ու բնակվել այս երկրում, քանի որ  հայացքս ավելի շատ ուղղված է դեպի Հայաստան…

-Հոն եղած եմ,- ասում է ընկերոջս հաստատության Միլանի մասնաճյուղի վարիչ՝ Արթուրը,- երևանցիները քիչ մը իտալացիներուն կնմանին…

Նայում եմ իրեն, չգիտեմ ինչահայ է, աչքերը կապույտ են, մազերը՝ շեկ, շարժումները նրբակիրթ-եւրոպական… Նա այնքան հեռու է հայաստանցի հայից, ինչքան հեռու է Հայաստանը Իտալիայից, այնքան տարբեր՝ հնդկաստանցի հայից, որքան՝ Իտալիան Հայաստանից…

Իսկ դեռ քանի՜-քանի՜ հայի տեսակներ կան աշխարհում… Չեմ զարմանա, եթե սինգապուրահայի աչքերը չինացու նման նեղ լինեն: Հիշեցի Սինգապուրը, որովհետև այնտեղ գործով ճամփորդելիս՝ տեսել էի արդիական ոճով ու սպիտակ գույնով կառուցված հայ Առաքելական եկեղեցի ու մնացել շվար…

 

Վերջաբան

 

Սրանից ավել ի՞նչ կարելի է սպասել բազում արհավիրքների, հալածանքների ու բռնությունների հետևանքով մազապուրծ, իր բնօրրանից դուրս շպրտված մի դարավոր ժողովրդի Կեսից…

Ինչ արած, մեր ազգանվանը «ա» հոդակապով ցմահ կցված է մի այլ երկրի անուն՝ ինչպես դուռը ծխնիին, մենք զրկված ենք անհատի բուն ազգությունը բնորոշող «ցի» մասնիկից.  ժամանակն էլ չի զլացել՝ իր խարանն է դրել մեր ճակատին…

Այնուամենայնիվ, թեկուզ փոխված գանգաձևով, փոխված ինքնությամբ ու նկարագրով, մենք հայ ենք մնացել, դիմացել ենք, հեշտ չենք ապրել, ամուր կառչել ենք մեր մասունքներին, կարոտել ենք, տառապել, կրել՝ խտրականության պիղծ ուրվականի հարատև ներկայությունը, հանդուրժել շատ բան…

Ուզում եմ հավատալ, որ հայի համար արևը երբե՛ք մայր չի մտնում…

 

Լոս Անջելես

Մայիս, 1999 Թ.

1 comment

    • Գայանե on 16 Հունվարի, 2018 at 5:15 ե.
    • Reply

    Ուզում եմ հավատալ, որ հայի համար արևը երբե՛ք մայր չի մտնում…

Թողնել պատասխան Գայանե-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.