Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ա.. Ծնունդ                                                          

 

Իմ  ծննդյան ութերորդ տարեդարձի օրը համընկավ Իrանի ժամանակակից պատմության թերևս ամենանշանակալից քաղաքական իրադարձությանը՝ Մորդադ 28-ի հեղաշրջմանը, որ գլխիվայր շուռ տվեց երկրի իշխանությունը: Շատերն այդ օրը համարում են երկրի ժողովրդավարության մահը և բռնատիրության սկիզբը: Այդ օրը Մոսա՛դեղը՝ Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման գլխավոր դերակատարը, չեզոքացվեց: Նավթարդյունաբերության ազգայնացումից դժգոհ ամերիկացիների և բրիտանացիների բացահայտ աջակցությամբ գահին նստեց Շահը և թագավորեց մինչև իսլամական հեղափոխությունը, երբ ես վաղուց հրաժեշտ էի տվել մանկությանս ու պատանեկությանս, բայց ամեն տարի, երկրում այդ օրվա կապակցությամբ տեղի ունեցող  իշխանամետ բազմաթիվ միջոցառումները, տոնակատարություններն ու հրավառությունները հումորով վերագրում էի իմ ծնունդին…  Տարիներ անց, երբ ինձ հանձնարարվեց թարգմանել Շահի գիրքը, Մորդադ 28-ի պետական հարվածի մասին գրելիս՝ աչքից առաջ էր ցցվում իմ ութերորդ տարեդարձի օրը…

…Առավոտյան մեր տանը եռուզեռ էր, պատրաստություն էինք տեսնում: Ծնունդիս հրավիրված էին ծանոթ-բարեկամներ և իմ դպրոցական ընկերներից մի քանիսը իրենց ծնողներով. անհամբեր սպասում էի մանավանդ Սեդիկի գալուն, որ պահկվուկ խաղալիս միասին թաքնվենք մեր մութ ջրամբարում… Մարգարը, որ զբաղվում էր մշակությամբ, բակում սպիտակ, լվացված սալի վրա հորթի թարմ միս էր ծեծում «թոխմախով» (փայտյա թակիչ): «Մարգարի ծեծած միսը խոսք չունի», ասում էր մայրս: Իրոք, այդ մսով պատրաստված քուֆտաները իրենց տեսքով ու համով սեղանի զարդն էին: Տատս եռման ջրի մեջ հավեր էր փետրահան անում: Հայրս, որ այդ օրը, իր ասելով, «փախել» էր աշխատանքից, հակառակ տոնական օրվան, ինչ-որ մռայլ տեսք ուներ, ինչը ես վերագրում էի հյուրեր ընդունելու մտահոգության հետ: Նա լուռ իրար վրա շարեց մորս պատրաստած՝ եռանկյունի նազուքներով ու երկարավուն «բադամբուռիներով» (պսակ) լի թերթերն ու տարավ մեր դրկից հացթուխ Շուղիի փուռը: Խմորը մայրս պատրաստել էր նախորդ գիշեր, ծածկել կտորներով, որ «տաք մնա, գա ու հասնի»: Ես դրա իմաստը չէի հասկանում, էդպես էլ ասում էր, «խմորը պիտի գա ու հասնի»: Խմորի պատրաստման պահից սկսած՝ իմ և մեծ քրոջս համար արդեն տոն էր, մեծ էր ոգևորությունը, ուղղակի ցնծում էինք, վազվզում տնից բակ, բակից՝ տուն, «օգնելու փոխարեն, խանգարում», ինչպես ասում էր մայրս: Երկու տարեկան փոքր քույրս ևս վարակվել էր մեր ուրախությամբ ու անդադար բլբլացնում էր: Մեզ համար հետաքրքիր էր խմորեղենների ու խորտիկների պատրաստման աշխատանքն իր հնարքներով ու նրբություններով: Իսկ ես ուղղակի սավառնում էի յոթերորդ երկնքում, մտքում հաշվում էի հյուրերի ու ստանալիք նվերների քանակը: Անցյալ տարի հորս ֆուտբոլիստ ընկերներից մեկը խոստացել էր ֆուտբոլի իսկական, կաշվե գնդակ նվիրել, երբ ութս լրանա: Փորձում էի կռահել, թե ով ինչ կբերի, Սեդիկն ի՞նչ նվեր կանի, բայց այնպես էլ չէի կարողանում գուշակել, ու անհայտությունն ավելի էր գրգռում վառ երևակայությունս:

Շուղիի փռից վերադառնալիս, հայրս մի պահ ոտքը կախ գցեց Մարգարի մոտ ու ասաց.

-Ասում են՝ հասել են Ղազվին:

Մարգարն ընդհատեց միս ծեծելն ու ասաց.

-Բա որ էսօր ստեղ էլ հասնե՞ն:

-Աստծով չեն հասցնի, Ղազվինից Թավրիզ ահագին տարածություն ա:

Ես, իհարկե, այս խոսակցությունից բան չհասկացա, բայց երևի ենթագիտակցորեն զգացի, թե դրսում ինչ-որ վտանգ է խմորվում:

Կեսօրից հետո շատ բան էր արված: Պարերի համար բաց տարածություն ապահովելու համար, Մարգարի օգնությամբ սենյակից դուրս բերեցինք բացովի սեղանն ու բացեցինք, դրեցինք միջանցքում, ուր պիտի մատուցվեր ընթրիքը: Մայրս ձյունաճերմակ սփռոց փռեց սեղանին: Հարևաններից աթոռներ խնդրեցինք, ու ես էլ մասնակից դարձա դրանք շարելու աշխատանքին. օգոստոս ամիսն էր, շոգ,  աթոռները ծանր էին, քրտինքը առվակներով հոսում էր դեմքիս վրայից,  բայց ո՞վ էր տրտնջացողը: Հայրս ստուգեց լարովի գրամաֆոնն ու «պլաստինկաները»: Խոհանոցում տարածվել էր նավթօջախի վրա եփվող խորտիկների քլթքլթոցն ու կլկլոցը: Քիչ հետո Մարգարը գնաց ու Շուղիի փռից բերեց կարմրավուն, անուշահոտ խմորեղեններն ու այն է պատրաստվում էր գնալ մեր թաղի Ղանադիի (հրուշակեղեն)՝ Մաշամահմուդի խանութից բերել տարեդարձի տորթը, երբ հեռվից լսվեցին թնդանոթի արկերի խուլ պայթուններ:

-Սկսվեց,- ասաց հայրս և լարվեց:

Ես չգիտեի, թե ինչը սկսվեց, բայց նույնպես լարվեցի, ակամա մտաբերեցի մոտեցող, ինձ համար անծանոթ վտանգի առկայությունը: Ուրեմն հայրս շատ բան գիտեր ու թաքցնում էր:

-Թնդանոթի ձեն էր, լսեցի՞ք- ասաց մայրս՝ խոհանոցից շփոթված դուրս գալով ու գոգնոցով սրբելով դեմքի քրտինքը:

Արկերի պայթուններին հաջորդեցին հրացանաձգության ձայները: Արդեն լսվում էր դեպի քաղաք շարժվող տանկերի ու զրահապատների հռնդյունը: Հատուկենտ կրակոցներ որոտացին մեր փողոցում: Պարզ լսվում էին բղավոցներ, վայնասուն, խանութների փեղկերը փակելու ճռինչ: Բոլորս կծկվել էինք սենյակի մի անկյունում ու զարմանքից ու վախից այլայլված դեմքերով ակամա նայում բակի դռանը. թվում էր, ուր որ է այն կխորտակվի, ու ներս կխուժեն զինված մարդիկ: Ժամանակն անցնում էր դանդաղ, լի անհանգստությամբ ու վախով: Հետո ամեն ինչ հանդարտվեց ու տիրեց չարագուշակ լռություն: Րոպեներ անց, փողոցից լսվեցին մեքենաների ու կառքերի, վազող մարդկանց ու հաչող շների ձայներ, որոնց մեջ բարձր հնչում էր «Զենդեբադ շահ» (կեցցե շահը), «Մա՛րգ բա՛ր Մոսադեղ» ( մահ Մոսադեղին) լոզունգները պարսկերենով:

-Էս երբվանի՞ց են թուրքերը պարսկերենով լոզունգ գոչել,- ասաց տատս:

-Վերջացավ,- ասաց հայրս մթագնած,- Շահը հաղթեց, ես էսպես էլ սպասում էի:

Զգում էի, որ նա ուրախ չէ: Բայց «վերջացավը» ինձ ուրախություն պատճառեց. իմ մանկական ուղեղով դա մեկնաբանում էի այլ կերպ. եթե կռիվը վերջացավ, ուրեմն հիմա խաղաղություն է, ու ամեն բան կլինի առաջվա պես, հյուրերը կգան:

-Վա՛յ, հավերը այրվեցին,- ասաց մայրս ու վազեց խոհանց:

Ես էլ վազեցի նրա հետևից ու ասես գլխիս սառը ջուր լցրեցին, երբ մայրս քթի տակ քրթմնջաց.

-Էսքան նեղություն ջուրն ընկավ: Խեղճ բալես մնաց առանց տարեդարձի:

-Ի՞նչ,- գրեթե բղավեցի ես,- հյուրերը չե՞ն գալու:

Ներս մտավ հայրս ու անուշադիր իմ բղավոցին մորս ասաց.

-Դու ասա էսքան կերակուրը ո՞նց ենք պարտակելու ամառվա էս շոգին:

-Դե՛, դու էլ, ինչ կարևոր ա, կպահենք ջրամբարում, էնտեղ հով ա. տարեդարձի տորթն էլ մնաց Մաշամահմուդի խանութում:

-Հիմա փողոց դուրս գալը վտանգավոր ա, կսկսեն բռնել մարդկանց:

-Լավ ա դու գործի չգնացիր, թե չէ մնալու էիր հիմնարկում:

-Ոչ ոք չի՞ գալու,- նորից ճչացի ես:

Չգիտեմ հայրս խղճա՞ց ինձ, թե՞ իրոք նա էլ ինձ նման զուր հույսեր էր փայփայում, գանգուրներս փաղաքշաբար խառնեց ու ասաց.

-Կսպասենք, մեկ էլ տեսար եկան:

Բայց ես լրիվ հուսահատվեցի, երբ այս անգամ Մարգարի տուն գնալը դարձավ խոսկացության առարկա:

-Ա՛յ մարդ, բան չի լինի, խոխա հո չեմ,-պնդում էր Մարգարը:

-Հիմա փողոցներում խուլիգանները վխտում են, բոլոր խանութները փակ են,-ասաց հայրս:

-Մեր տունը հո մի քանի քայլի վրա ա:

-Ինքդ կիմանաս, հետո մեզ չմեղադրես, կարող ես մնալ մեզ մոտ:

-Հանգիստ եղիր, իմ վրա սկի նայող չի լինի, տանը ինչ կմտածե՞ն:

Ակամա նայեցի նրա հին շորերին, փոշոտ, քրքրված կոշիկներին, մազակալած դեմքին, մեծ, կոշտացած ձեռքերին ու ամառվա տաքին գլխին դրած խունացած կեպիին: Ես Մարգարին շատ էի սիրում:

Մայրս լավաշներով փաթաթված  ուտելիքներով լի մի կապոց տվեց Մարգարին:

Մարգարը գնաց, մնացինք տանեցիներով:

Ամառվա երկար օրը սկսեց մթնել, պարզ էր, որ ոչ ոք չէր գալու:

Մի բան սեղմում էր կոկորդս, ինձ ասել էին, որ թևակոխում եմ ինն տարվա մեջ, մեծ տղա եմ դառնում, զսպում էի ինձ, չէի ուզում մեկը տեսնի արցունքներս: Դուրս եկա սենյակից, մոտեցա ձյունաճերմակ սփռոցով դատարկ սեղանին, մտա ու ծալապատիկ տեղավորվելով դրա տակ, սկսեցի…  հոնգուր-հոնգուր լաց լինել:

Այդ պահին ինձ չէին հետաքրքում ոչ ուտելիքները, ոչ պարերը, ոչ խնջույքը ու ոչ էլ Սեդիկը: Լացում էի ֆուտբոլի գնդակի ու այլ նվերների համար… որոնք այնպես էլ չստացա:

Մեծ քույրս ներս սողոսկեց սեղանի տակ, նստեց կողքիս ու թաշկինակով մաքրելով արցունքներս՝ ասաց.

-Ոչինչ, մի լացի…

Մեծերը մոռացել էին տարեդարձն ու իմ գոյությունը, նրանք տաք-տաք խոսում էին օրվա հրատապ իրադարձությունների ու անհայտ ապագայի մասին ու թերևս  այնքան էին տպավորված օրվա անսպասելի դեպքերից, որ միայն հաջորդ օրը հիշեցին, որ մոռացել են հանձնել խնամքով թաքցրած իմ ծնունդի նվերը:

Գոնե դա ստանայի…

Հունիս 2017

Թեհրան

 

Բ. Մեր բակի տեռորիստը

 

Բանը սկսվեց այն պահից, երբ տատիս հյուր եկած, տարիքն առած տիկին Աննան իջավ բակ, փութկոտ քայլերով անցավ մարգերի արանքով, մոտեցավ զուգարանի դռանը, կանգ առավ ու սպասեց անհանգիստ: Երևութապես դուռը ներսից փակ էր: Այն ժամանակ, մեր քաղաքում զուգարանները ներառված չէին տան կամ բնակարանի շենքի մեջ. տեղակայված էին տնամերձ բակի մի անկյունում:

Ութս նոր էի լրացրել. բակում երեխաների հետ տարված խաղով, երևի չէի նկատել, թե ով է մտել զուգարան, որովհետև երկար ժամանակ ոչ ոք տնից դուրս չէր եկել: Դա զարմանալի թվաց. ակամա մոտեցա տիկին Աննային, որ անդադար հենվում էր մեկ ոտքից՝ մյուսին ու քաշեցի թևից:

-Մարդ չկա, տիկին Աննա,-ասացի կարմրելով ու հրեցի դուռը: Փակ էր: Սա նշանակում էր, որ լեզվակը ներսից գցված է օղակի մեջ:

Նորից հրեցի, ավելի ուժեղ, դուռը չբացվեց:

-Էս ո՞վ ա, դուրս չի գալիս, ի՞նչ ա անում,- բարձրաձայն ասաց տիկին Աննան հարցը ավելի շատ ուղղելով զուգարանն զբաղեցրած անհատին, քան ինձ:

Մի քիչ էլ սպասեցինք, մի քանի անգամ թակեցինք դուռը: Ակնհայտ էր, որ տիկին Աննան նեղվում է:

-Վազի՛ր տուն, տես ով ա դուրս եկել,-ասաց,- մորդ ասա՝ գարշոկ բերի, պայթում եմ:

-Գարշո՞կ,- զարմացավ մայրս,- երբ հևիհև ներս ընկնելով՝ պատմեցի իրողությունը,- լավ հիմա կտանեմ:

Երեկոյան աղջամուղջում ջանում էի տեսնել, թե մեր բակի վարդերի թփերի հետևում ինչպես է միզում տիկին Աննան: Լսվում էին նրա հանգստարար հոգոցներն ու զուգարանի միջից ինչ որ ձայներ:

-Ի՞նչ ես կանգնել, աչքերդ չռել, թո՛ղ արա գնա,-բարկացավ մայրս:

Զուգարանի դուռը այնպես էլ փակ էր:

Հայրս տանը չէր, ինձ ուղարկեցին հարևան քեռի Հարութին կանչելու:

-Դե՛, մարդ ա, գործ ունի, կվերջացնի դուրս կգա, էլի,-ասաց նա ալարելով թախտից ցած իջնել:

-Վաղուց ներսումն ա,- ասացի քաշվելով,-կես ժամից ավել ա:

-Կես ժա՜մ, էդ ինչ ա անում, որ կես ժամ… Լավ, արի գնանք, տեսնենք ինչն ինչոց ա,- ասաց քեռի Հարութն ու ոչ այն է հետաքրքված, ոչ այն է հոժարակամ, հագնելով հողաթափերը՝ իջավ բակ:

Մայրս, տիկին Աննան ու երեխաները խռնվել էին զուգարանի դռան առջև:

Մթնում էր:

Քեռի հարութը մոտեցավ զուգարանի դռանը, նախ հրեց. համոզվելով, որ այն փակ է ներսից, հետ քաշվելով՝ բղավեց:

-Դուռը բացի՛, շուն-շանորդի՛, ո՞վ ես:

Զուգարանի ներսից լսվեց թփթփոցի ձայն:

-Քիմ սա՛ն, կափնի ա՛չ[1],-այս անգամ բղավեց թրքերեն,-Չըխ էշիա՛[2]:

Լռություն:

Չգիտեմ ով լուրը տարածեց, բայց շատ չանցած հավաքվեցին մեր գրեթե բոլոր դրկիցները: Տղամարդիկ սկսեցին խորհրդակցել: Նրանց խոսքերից իմացա, որ ներսում եղած անձը կամ գող  է կամ զինված թուդեի[3]: Անհանգիստ օրեր էին, երկրում պետական հարված էր տեղի ունեցել, թուդեիները, քչերը զինված, թաքնվում էին տների բակերում, նկուղներոմ, ջրամբարներում: Ես ոգևորված էի, չէ՞ որ առաջինն էի հայտնաբերել անբարեհույս տարրին: Այրվում էի հետաքրքությունից ու սպասում մեծ իրադարձությունների: Պատկերացնում էի մազակալած դեմքով, մեր տան գրքերի նկարներում տեսած հայ ֆիդայիների նման, փամփուշտակալները խաչաձև կապած կրծքին, մաուզերները խրած գոտիի մեջ, փափախը գլխին մի հերոսի: Երբեմն աչքիս տակով նայում էի գեղեցկուհի օրիորդ Արփիկին, որ ավելի հեռվում կանգնած հանգիստ դիտում էր արտառոց տեսարանը: «Եթե կրակի, ես կվազեմ ու կպաշտպանեմ նրան»,-մտածում էի հաստատակամ:

-Եթե պետք ունեք, անցեք մեր բակը,-ասաց տիկին Նվարդը, որ միշտ հպարտանում էր իրենց ընդարձակ բնակարանով ու հարուստ կահ-կարասիով,- փառք Աստծո, մերը զբաղված չի:

Ոչ ոք չանսաց նրա կանչին, բոլորի ուշադրությունը բևեռված էր զուգարանի դռանը:

-Ժանդարմ կանչենք,- ասաց մեկը:

-Կարիք չկա, զուր տեղը մարդուն կտանեն կգնդակահարեն,- ասաց կոշկակար Զավենը,-թող ես բանակցեմ հետը:

-Զգո՛ւյշ եղիր, բա որ ներսից կրակ բացի,-ասաց քեռի Հարութը, որ ինքնաբերաբար ձեռքն էր վերցրել օպերացիայի ղեկավարի պաշտոնը:

-Բուրա բախ[4],- ասաց Զավենը մի քայլ մոտենալով դռանն ու անջատվելով խմբից,- սա՛ննա՛ն իշիմըզ յոխդի, չըխ էշիա՛, գեթ սա՛նին յոլի[5]:

Ներսից լսվեց աֆթաֆայի[6] ցած ընկնելու ուժեղ զնգոց:

Զավենը ակամա հետ-հետ գնաց:

-Չէ՜, շատ պնդաճակատն ա երևում,-ասաց նա:

-Էս ի՞նչ ձեն էր:

-Երևի հրացանի փակաղակը քաշեց:

Ես ուզում էի մեջ ընկնել ու ասել, որ այդ ձայնը ծանոթ է ինձ, որ աֆթաֆան է ընկել իր պատվանդանի վրայից, բայց կարկամեցի, այդ պահին գերադասում էի, որ աֆթաֆայի փոխարեն հրացան լիներ:

-Բա որ ասում եմ ժանդարմ կանչենք…

Մեկը հետևից խառնեց մազերս: Շրջվեցի, հայրս էր, նոր էր վերադարձել մեղվանոցից ու զարմացած նայում էր հավաքվածներին:

-Լակո՛տ, էս ի՞նչ խաբար ա, հե՞ր են հավաքվել:

Ես արագ-արագ պատմեցի եղելությունը սկզբից, ներառյալ՝ գարշոկը: Հայրս ծիծաղեց. ես ինձ վիրավորված զգացի:

-Ասում են զինված թուդեի ա:

-Ինչ թուդեի, ինչ բան,- ասաց վրդովված,- ներսը մարդ լիներ՝ կպատասխաներ:

Հայրս հաստատուն քայլերով մոտեցավ զուգարանին, ոտքը բարձրացրեց ու թաթի տակով ուղղահայաց հարվածեց դռանը: Դուռը բացվեց կրնկի վրա: Պարզ երևում էր մեխերով հանդերձ դուրս թռած փականի լեզվակը, որ ճոճվում էր կախված օղակից: Բոլորը ճչացին ու փախան դեսուդեն: Ներսից դուրս վազեց… մեր բակի կատուն ու սարսափահար բարձրացավ պատի վրա:

Լսվեց օրիրորդ Արփիկի բարձր փռթկոցի ձայնը:

-Կամ կատուն ա դիպչել չիֆթին[7] կամ դուռը ուժեղ քամուց փակվել ա, չիֆթը ընկել օղակի մեջ,-ասաց հայրս:

-Ասում էի, էլի… գործը կանի կվերջացնի, դուրս կգա,-ասաց քեռի Հարութը…

Զավենը շեղ նայեց քեռի Հարութին, բայց բան չասաց:

-Դուռը ջարդեցիր,-ասաց մայրս,-հիմա ներսից ո՞նց փակենք:

-Վաղը կսարքեմ, հիմա սոված ու հոգնած եմ, -ասաց հայրս:

Բոլորը ցրվեցին, բակը դատարկվեց:

Ինչ էի սպասում, ինչ դուրս եկավ. այնքան մեծ էր հիասթափությունս, որ նույնիսկ օրիորդ Արփիկի զրնգուն ծիծաղը չփոխեց տրամադրությունս:

………………………………………………………….

1] Ո՞վ ես, դուռը բաց

[2] Դուրս եկ

[3] Սոցիալիստ

[4] Էստեղ նայի

[5] Քեզ հետ գործ չունենք, դուրս արի, գնա քո ճամփով

[6] Ցնցուղի պես աման, հնում մետաղյա, որ օգտագործվում էր գոտկատեղից ցած անդամները լվանալու համար

[7] Դռնափական

 

Հունիս, 2017

Թեհրան

1 comment

    • Հրայր Կարապետյան on 30 Հունիսի, 2017 at 1:38 ա.
    • Reply

    Կոլյա ջան, Վերհիշեցրիր հին հուշեր: Ես էլ լավ հիշում եմ 28 մորդադի դեպքերը: Այդ օրը Թեհրանում ավելի մեծ ցույցեր և կրակոցներ եղան: Հայրս էլ առավոտյան գործի էր գնացել, մինչև ուշ գիշերին տուն վերադարցաւ մամաս կես ջան էր եղել:

Թողնել պատասխան Հրայր Կարապետյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.