«

»

Ապր 06 2012

Տպել Գրառում

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Հռիփսիմե Գալստյան

Մուսայիս

Գրիչս վաղուց պարապ էր… Ամիսներ առաջ էր, երբ վերջին անգամ փարվեց թղթին, անջնջելի հետքեր թողեց ճերմակին ու խաղաղ նիրհեց…
Հիմա նորից սահում է, հետքեր է թողնում ճերմակին, մտքերս է մատնում թղթին… Բայց մտքերս խառն են… Ինչ-որ բան պակասում է… Գրիչս կարկամում է… Խառնաշփոթ է ամենուր… Մի բան կարծես չի հերիքում…
Գրիչս վաղուց պարապ էր… Այսօր նորից սահում է ճերմակին, բայց կցկտուր մտքեր են… Անիմաստ բառեր են հայտնվում թղթին…
Ճերմակն ի՞նչ մեղք ունի… Ասենք` գրիչն էլ մեղավոր չէ… Մեղավոր եմ ես… Կամ գուցե դու…
Ա՜հ, նորից մեղավորներ եմ փնտրում. ուզում եմ մեկին դատել, ուզում եմ արդարանալ, ուզում եմ… Անկեղծ ասած`ես չգիտեմ` ինչ եմ ուզում…
Դու գնում էիր, ու ես լուռ արտասվում էի. ես պարտվել էի ու հաշտ էի… Բայց նրան ինչո՞ւ հետդ տարար…
Գրիչս վաղուց ոչինչ չի գրել… Հիմա բծեր է թողնում թղթին… Բառերը մի կերպ կապվում են իրար, դառնում են մտքեր…
Ե՛տ բեր մուսայիս… Ես առանց նրա անզոր եմ դառնում…
Նոր մուսա պետք չէ… Գրիչս կարոտում է նրան, ում դու տարար… Գրիչս քեզ է կարոտում…

20.03.2011թ.
Վեդի

 

Հայելու դիմաց…

Մութ սենյակ… սառը հատակ… մի բուռ լռություն…մեռած լսողություն… մտքեր, որ հեռու են՝ ոչ մի տեղ…Արցունքներ՝ խեղդող, սպանող… արցունքներ՝ դառնաղի…
Իսկ գիշերվա այս ժամին աշխարհի իմ կեսը քնած է հիմա…
Մենակ եմ…
Ես մենա՞կ եմ…Չէ´…Աշխարհի մյուս կեսում՝ ինձ օտար,անծանոթ մասում, մարդիկ արթուն են…
Այնտեղ պարզապես առավոտ է, նոր օր…
Իսկ այստեղ նոր օր չէ՞… Հիմա նոր օր է… Նայե՛ք ժամացույցին, նո՜ր օր է…
Այնտեղ լույսը բացվել է, այստեղ մութը թանձրացել, խեղդում է:
Այո՜… Մութը խեղդում է… Այս սառը, չոր հատակից մարմինս ընդարմանում է…Արյանս բոլոր գնդիկներն էլ հանկարծ մեռնում են, քարանում… Երակներումս չկա շարժում, սիրտս դատարկվում է… Վերջանում է օդը…
Միտքս ամեն տեղ է… թափառաշրջիկ…Միտքս մոլորված է…ընկեցիկ…
Իսկ դռները փակվեցին… Երևի՝ ընդմիշտ…
Մարմինս մեռնում է դանդաղ…
Միտքս մնաց պատուհանիդ տակ…
Բա´ց արա դուռդ… կամ… Չէ´… ոչինչ… թող մնա այսպես…Դու քո երազում սպանում ես ինձ…ես սպանում եմ ինձ իմ երազում…
Մենք սպանում ենք ինձ…սպանում ենք երազում… Երազո՞ւմ… Արթնացի´ր… Ես արդեն չկամ…
Ուշացած շտապ օգնության մեքենայի շչակները խլանում են հենց պատուհանիս տակ, միտքս ընկնում է դռանդ առաջ…
Սառը հատակը տաքացել է, տաքացնում է ինձ…
Հիմա հաստատ մենակ եմ…Ոչ ոք աշխարհի ոչ մի մասում չի գնում դժոխք՝ նոր օրը դիմավորելու…
Մարմինս ընդարմացել է, ոչ հատակի սառնությունից, այլ արյան պակասից… Ո՞ւր է արյունը երակներիս… Ա՜հ, հիշեցի՜…
Մութ սենյակի հատակը շատ էր սառը. մրսում էի…միակը, որ տաք էր, իմ արյունն էր…
Սառը հատակն արդեն տաք է…
22.08.2011թ.

<><><>
Միօրինակության ու ձանձրույթի փոշին նստել է ամենուր,ծածկել բջիջներդ,ծածկել մեզ… Խեղդվում ես,խեղդում.օդ չունես,ոչինչ չունես… Վաղեմի հարստությունիցդ մնացել է միայն ձգողության ուժը ու հայտնի այն պատմությունը Նյուտոնի, խնձորի և չեմ հիշում` որերորդ օրենքի…
Ես ուզում եմ ապրել ու «պարտվում» եմ ձգողության ուժին, որ ամո՜ւր-ամո՜ւր հպվեմ քեզ, որ ոտքերս տիրական ուժով դնեմ երեսիդ:
Էլ ոչինչ չունես,միայն ձգողության ուժ… Ու կա երկինք մի չքնաղ, երազային,աստղավառ… Ու ծաղր.ձգտել երկինք,ձգվել երկիր… օդ չկա, խեղդվում եմ, բայց դու իմն ես,քեզ ամուր կապված եմ, քեզ զգում եմ…
Երկինքը միֆ է,հոգու պատրանք…
Այս փոշուց աչքերս թացվում են.արցունքներ չեն… երկինքը ամպում է,զայրույթից սև կտրում ու… Ու անձրևում է, լվանում է երեսդ,մաքրում փոշուց, շունչ տալիս շնչիդ ու սշառված հեռանում-հանդարտվում, ցրում ամպերը սև…
Խելքահան է անում երկինքը, իսկ դու նոր շունչ ունես, երկինքը աստղեր է խոստանում, իսկ դու մաքրված ես փոշուց…
Ես ձգտում եմ երկինք, ձգվում երկիր…
Ուղղակի կյանքն եմ սիրում.երկինքը միֆ է, երազ…
Աստղերը` համառ, աստղերը` լուսավառ հալածում են-կանչում, ժպտում են-ծաղրում…
Անձրևահոտ է. քեզ նոր շնչով եմ սիրում… Աստղապար է.նորից երկինք եմ ձգտում…
Ծանոթ համաստեղություններ են առկածում, ես փնտրում եմ մեկին,վառ աստղեր են ժպտում, փնտրում եմ մեկին…
Գտել եմ… Երևի ուրախ եմ,չգիտեմ…
Ուզում եմ հանգիստ թողնել երկինքը, աստղերը.նրանք հալածում են, ուզում եմ չնկատել գտածս, ավելի է բոցավառվում…Ու ես նորից երկմտում եմ, դարձյալ կռվում եմ…Կյանք եմ ուզում, ապրե՜լ… Երկինք եմ ձգտում,աստղ եմ տենչում…
Եվ միշտ է այսպես… Չկա հանգստություն, չկա անդորր. միշտ փնտրում եմ, միշտ խանգարում ես…
Ձգողության ուժը թուլանում է, ոտքերս պոկվում են երկրից, բայց հոգիս դեռ երկիրն է գրկել… Երկինքը հոգու պատրանք է, աստղերը` հոգիներ անշունչ, որ շուտով մարում են, չքվում… Գտածս դեռ վառ է, ինձ հալածում-կանչում է…
Մեկ էլ հանկարծ… Այս ի՞նչ է, տեսի՞լք… Բայց պահել եմ փոքրիկ երազանք.թող ձգողության ուժը հաղթի, որ… Նորի՞ց… Թվա՞ց, թե՞ իսկապես էլ աստղերը փախչում են երկնքից… Մի երազանք էլ պահեցի. թող գտածս մարի, մեռնի երկնքում…
Հիմա ուզում եմ ոտքերով երկիրն ամուր գրկել, նոր շնչով խորը շունչ քաշել ու ժպտալ… Այսքան արա՞գ,այսպես ճիշտ ժամանակի՞ն… Մարել-մեռել ես երկնքում… Երկիրը մի տեղ` իր մի ծալքում քեզ կպահի. խոստանում եմ ոտքերս այդ ծալքին չդնել… քեզ կբերեմ քո տված անուշաբույր վարդերը…
Մտքերս մարում են…
Սիրտս դողում է մեծ սիրուց. ափսոս,դու դա էլ չես տեսնի,երկնքի ամենավա՛ռ աստղ` անունդ Սեր, չես տեսնում` ինչպես են հանդիպում լույսն ու մութը… հրաշք ակնթարթ… Մութուլույս… Ջերմագին գրկում… Աքաղաղներն արձագանքում են, ազդարարում գույությունն այս երազ պահի…
Այդպիսի սեր եմ ուզում… Որ փարվեմ, ձուլվեմ ու չլինի տարբերել… Ուզում եմ մութուլույս դառնալ, թեկուզ հետո ծագի արևն ու ցրի աղջամուղջս…
Եվ մի օր, երբ կհիշեմ կրկին Նյուտոնին ,խնձորը և չեմ հիշում` որերորդ օրենքը, ոտքերս կպոկվեն քեզնից, թևերով ամուր կփարվեմ քեզ, կսեղմեմ ամո՜ւր-ամո՜ւր, կձուլվենք իրար, կդառնանք մութուլույս…Ու…Արևն այդպես էլ չի ծագի…

11.08.2011թ.

<><><>
Հիմա, երբ կյանքը մի մեծ հանրախանութ է, ու ամեն բան դարձել է ծախու, կգտնե՞մ գեթ մի անկյուն, որն իր աղտեղությամբ դեռ չի ապականել “մեծն շահը”… Հիմա, երբ անգամ սերն ու երջանկությունն են դարձել վճարովի, ես կգտնե՞մ գեթ մի մերկ հոգի, որին չի դյութել “մեծն շահը”…
Ես իմ սիրտն ու սերը չեմ վաճառում, այն անգին է, բայց ինքս սիրո կարիք ունեմ, ի՞նչ անեմ…գնե՞մ…անկարող եմ… Ես մի թափառական եմ` անտեղ, անտուն…Գիշերուզօր շրջում եմ…Մայթերին ընկած բոլոր քարերն ինձ քաջ գիտեն արդեն… Ես ամեն օր նրանց մի կողմ եմ նետում.նրանք էլ են վաճառված: Ու շարունակում եմ իմ գիշերերթը դեպի մաքուր անհայտը, դեպի անեղծը…Կգտնե՞մ արդյոք…
Ու քայլում եմ ցնորվածի պես… Ես իմ սերը չեմ վաճառում: Գնված սեր էլ ինձ պետք չէ (ասենք` չեմ էլ կարող գնել): Ես մի խենթ թափառական եմ ու իմ սերն եմ փնտրում… Փնտրում եմ աշխարհում մի անկյուն, ուր դեռ չի հասել խորշակը “մեծն շահի”…
Հիմա, երբ ամեն բան դարձել է ծախու, իսկ ես չեմ կարող գնել անգամ դեմքն այլանդակող մի ծամածռություն, էլ ուր մնաց` ժպիտ, վերցնում եմ հուշե ճամպրուկը թեթև ու քայլում եմ դեպի մաքուր անհայտը… Կգտնե՞մ արդյոք…

19.03.2011-20.03.2011թթ.
Վեդի

 

Մի երիցուկ սեր…

… Սեր… Սե´ր… Սե՜ր… Սե՞ր… Իսկ ի՞նչ է դա…
Ո՞վ է ասել, թե սիրել եմ ես… Իմ սիրտը սեր չի փնտրել, աչքերս սեր չեն գտել, միայն հոգիս անվերջ սեր է հորինել, որ երազ ստեղծի…
Անվերջ փնտրո՞ւմ… Բայց ես սեր չեմ փնտրում, ես սիրել չգիտեմ, չգիտեմ խենթանալ, գժվել չգիտեմ ես… Ու չեմ սիրել ես… Հոգիս է իր համար սեր հորինել, մի բուռ թախիծ աչքերիս տվել ու ծով թրթիռ իմ հոգուն և շփոթ քայլերիս, որ վարանեմ մի պահ, այս ամռան տապին սարսուռ զգամ ողջ մարմնով ու թախծեմ նաև, բայց ինչի՞ կամ ո՞ւմ համար, չգիտե՜մ…
Հետո, շա՜տ հետո, ես հասկացա, որ չեմ ապրի, թե հոգիս սեր չհորինի… ու հասկացա նաև, որ հոգիս խենթ է, խելառ, ու սիտս չի կարող երկար գոց մնալ…
Թող որոնի հոգիս անվերջ, մի բուռ թախիծ աչքերիս, ծով թրթիռ իմ սրտին, ու շփոթ տա ոտքերիս, որ վարանեմ մի վայրկյան, սարսուռ ապրեմ, սրտիս խուլ թրթիռը կիսակենդան զգամ, որ ապրի հոգիս, ապրեցնի ինձ…
Հետո հոգիս քամիներ կհորինի ու արեգակներ կվառի, որ փոթորկվի ու փոթորկի սիրտս էլ, որ վառվի ու վառի սիրտս էլ…
Հետո աչքերս կժպտան մեկին, հոգիս կայրի հորինած սերերն իր հին, սիրտս կլցվի տարօրինակ հուզումով, կայրի արյունս, ու… ու ես չեմ հասկանա ոչինչ…
Ու կխենթանամ, կմոռանամ ինձ ու կշնչեմ սեր…
Հետո կանցնի ժամանակ՝ օրեր գուցե, կամ գուցե ամիսներ, և ես կդառնամ գիժ… ու մի օր էլ գուցե ծով կդառնան լսած-ասած խոսքերը քնքշության…
Հետո… Հետո կծաղկեն երիցուկներ, կծածկեն ողջ պարտեզն իմ ու կլցնեն նաև կյանքն իմ, ու ես կսկսեմ պոկել նրանց ծաղկաթերթերը նրբին, ճերմակ, կպոկեմ, որ հասկանամ սիրո՞ւմ է, չի՞ սիրում…
Սերս կփոխվի, կփոքրանա… Ամեն անգամ, երբ կմնա ընդամենը մի ծաղկաթերթ, ծաղկաթերթը «չի սիրում»>-ի, հավատս կմարի, լսած խոսքերը քնքշության կդառնան սին, ու սերս կփոքրանա…
Վերջում ինձ կմնա մի երիցուկ հույս, մի երիցուկ սեր ու մի ծաղկաթերթ հավատ, որ գուցե պատահմամբ կմնա ծաղկարթերթը «սիրում է»-ի…
Հետո հավատը կընկնի պոկված վերջին ծաղկաթերթի հետ, ու կմնա միայն մի երիցուկ հորինված անավարտ սեր…
05.07.2011թ.

Share Button

2 կարծիք

  1. Անի Հովնանյան

    Շատ ուրախ եմ Հռիփսիմեի գործերը այստեղ ևս կարդալ:Բարի և հաճելի ընթերցում,Հռիփսիմեի գրականությանն էլ՝նոր երկրպագուներ:

  2. Հռիփսիմե Գալստյան

    Անի ջան, շնորհակալ եմ անչափ: Ինչպես նաև ուրախ եմ, որ կարդում ես իմ գործերը:

Պատասխանել Անի Հովնանյան-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>