Երանուհի Ղանդիլյան | ԿԾԻԿ

Երանուհի Ղանդիլյան

Երանուհի Ղանդիլյան















Կծիկ

Ես կարող էի լինել իմ ժամանակի երիտասարդ բանաստեղծներից մեկը,

Ես կարող էի գրել,
	Որ համակարգչի դիմաց դրված բաժակի ջուրն արտացոլում է
		Իմ ֆեյսբուքի ետնանկարն ու ինչ-որ կատու։

Ես կարող էի գրել,
	Որ սուպերմարկետից գնված ավոկադոն, թելի կծիկն ու հղիության թեստը
		Տարօրինակորեն համահունչ են. Երեքն էլ ինչ-որ բանի սկիզբ, 
			Թեեւ դրանցից մեկն այդպես էլ պետք չեկավ։

Ես կարող էի գրել,
	Որ սրճարանում, թթվածնի դիմակով նստած ծերունու
		Դողդողացող ձեռքերով լցրած սուրճը՝ ծեր ընկերուհու բաժակի մեջ,
			Գոյացրեց մի փոքրիկ լճակ սեղանին, 
				Ուր լողում են հացի փշուրներ, անցած տարիներ,
					Ու երկու զույգ սիրահար աչքեր։

Ես կարող էի գրել,
	Որ հիվանդ մոր մահճակալի մոտ երեխայի աղոթքն ավելի անկեղծ է,
		Քան սուրբ ծննդյան տոնին տերտերի մատուցած պատարագը։

Ես կարող էի գրել,
	Որ այսօր երկինքն ավելի վախեցած է, քան թաքուն խոզի միս ուտող
		Մուսուլմանի հայացքը։

Ես կարող էի գրել,
	Որ պաղպաղակի հերթում կանգնած մանկան աչքերն ավելի անհամբեր են,
		Քան անփորձ երիտասարդի հայացքը՝ կնոջ ատլասե վերնաշապիկի
			Հերթական կոճակն արձակելիս։

Ես կարող էի գրել,
	Որ նորածնի առաջին լռությունն ավելի տխուր է,
		Քան թաղման ժամանակ հնչող դուդուկի ձայնը։
				
Գուցե ոմանք ինձ համարեին հանճար, ոմանք` տափակ ու անտաղանդ։
Գուցե նախագահի մրցանակ ստանայի ու մի ծաղկեփունջ։

Ես կարող էի գրե՛լ:
	Ես կարո՛ղ էի գրել:
		Ե՛ս, կարող էի գրել:

Թողնել պատասխան

Your email address will not be published.