Գուրգեն Միքայելյան | ԱՌԱՆՑ ՍՏԱՄՈՔՍԻ ՔԱՂԱՔԸ

GM11

Այդ օրը նույնպես քաղաքն արթնացավ սովորականի պես, բայց քիչ անց պարզվեց, որ կատարվել է անսովոր մի բան, ինչը որոշելու է ամբողջ քաղաքի ճակատագիրը: Ինչպես եղել էր միշտ, նրանք, ովքեր արթնանում էին վաղ, վաղ էլ արթնացան: Ովքեր առավոտյան երազները վայելում էին երկար, երկար էլ վայելեցին: Ամեն բան սկսվեց այն պահից, երբ եկավ նախաճաշելու պահը: Ահա՛ այդ ժամանակ էլ ամեն ոք զգաց, որ իր մեջ կատարվել է տարօրինակ փոփոխություն: Նման բան չէր հանդիպել նույնիսկ առասպելներում. ոչ ոք ուտելու ցանկություն չուներ: Ոչ մեկը անգամ չէր ցանկանում նայել ուտելիքի կողմը: Մայրերն իրենց երեխաներին որքան էլ հորդորում էին ճաշակել գոնե մեկ պատառ թխվածք, միևնույնն է, նրանք հրաժարվում էին և մանկապարտեզ կամ դպրոց գնում «քաղցած»: Ապա իրենք էին զգում, որ կերակուրների նկատմամբ ունեն ինչ-որ անսովոր հակակրանք: Անգամ նրանք, ովքեր արթնանալուց հետո անմիջապես վազում էին խոհանոց, այդ օրն զգացին, որ ինչ-որ բան փոխվել է: Ոչ ոք ուտելու ցանկություն չուներ, բայց որ այդ օրը կատարվել է կյանքը հիմնիվեր շրջող իրադարձություն, ոչ մեկը դեռևս չգիտեր: Եվ չգիտեր նաև, որ նույն զգացողությունն ունեն նաև մյուսները: Յուրաքանչյուրը մտածում էր, թե ինքը պարզապես ուտելու ցանկություն չունի և սպասում էր ախորժակը բացվելուն՝ չիմանալով, որ այն փակվել է ընդմիշտ:

Ախորժակը՝ ախորժակ, բայց ահա թե ինչ իրադարձություններ ծավալվեցին հետո: Պարզ է, որ հետևանքն առաջինն զգացին սննդի կետերը: Թեև այնտեղ ամեն օրվա պես ամեն ինչ պատրաստ էր, բայց դրանց կողմը նայող չկար, և վաճառողները կանգնած էին անգործ: Մի քանի բան թխել ու եփելուց հետո հաջորդ անգործները դարձան խոհարարները, որովհետև անիմաստ էր նոր բան պատրաստելը, երբ չէր սպառվել նախորդը: Այսպես՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում, մեկը նայում էր մյուսին և… սպասում: Բոլորն սպասում էին, ժամերն անցնում էին, բայց հաճախորդներ չկային ու չկային: Եկավ ընդմիջման ժամը: Ժամ, երբ բոլորն շտապում են ճաշարաններ: Երբ բոլոր սննդի կետերը լինում են լեփ-լեցուն: Երբ չեն հասցնում ո՛չ խոհարարները, ո՛չ վաճառողները: Բայց դա այդպես էր մինչև այդ օրը: Հիմա այնտեղ լռություն էր ու… պարապություն: Եվ սկսվեց մտքերի աշխույժ փոխանակում: Եթե սկզբում ամեն մեկը կարծում էր, թե ուտելու ցանկություն չունի միայն ինքը, այժմ պարզ էր, որ դա ընդհանուր երևույթ է: Եվ այդ հանգամանքն էլ երևույթը դարձնում էր առեղծվածային, հանելուկային: Իսկ քանի որ դա մարդու մտքով իսկ չանցած երևույթ էր, ուստի ոչ ոք անգամ չգիտեր, թե ինչ մտածեր: Համենայն դեպս, բոլորն էլ այն կարծիքին էին, որ դա ժամանակավոր է, ախորժակի՝  թեկուզ և մինչ օրս չլսված խանգարման տեսակ, որը ուր որ է՝ մի քանի րոպեից, մի քանի ժամից կանցնի: Բայց անցան էլի ժամեր, և ոչինչ չփոխվեց: Հետաքրքիրն այն էր, որ սնունդ չընդունելը ոչ մի կերպով չէր ազդում օրգանիզմի գործունեության վրա: Ոչ ոք չէր զգում ո՛չ գլխապտույտ, ո՛չ ստամոքսի նվոց, ո՛չ եռանդի պակաս: Մարդիկ էներգիա ստանում էին մեկ այլ աղբյուրից, այնինչ սովորականի պես շնչում էին նույն օդը, արևից ստանում նույն ջերմությունը, խմում նույն ջուրը: Այո՛, ջուր խմում էին, և դա կարծես ամբողջովին բավական էր օրգանիզմի պահանջմունքներն ապահովելու համար: Ահա այսպես անցավ առաջին օրը՝ անսովոր, տարօրինակ զգացողություններով ու… վախով: Սպասումով բացվեց հաջորդ առավոտը, սակայն չփոխվեց ոչինչ: Շատերը, հասկանալով, որ օրգանիզմն առանց սնվելու չի կարող գոյատևել, որոշեցին ուտել՝ փորձելով իրենց հարկադրել: Սակայն պարզվեց, որ դա նույնպես անօգուտ է. նրանք բոլորն էլ անմիջապես փսխեցին, և ստամոքսը մնաց դատարկ: Օրգանիզմը սնունդ չէր ընդունում, և դա նրան անհնար էր ստիպել: Սա էր իրողությունը: Այս պահից էլ գործի անցան բժիշկները: Հրավիրեցին խորհրդակցություններ, ժողովներ: Ուսումնասիրեցին բազմաթիվ մարդկանց, իրենք իրեն: Արեցին եզրակացություններ ու հերքեցին: Վիճեցին, կռվեցին, հաշտվեցին, բայց որևէ բանական մտքի այդպես էլ չհանգեցին: Ապա գործի անցավ ազգային անվտանգությունը: Ինչո՞ւ այդպես չէ մյուս քաղաքներում: Գուցե կենսաբանական զենքի գործարկո՞ւմ է, փորձարկո՞ւմ: Եվ որոշվեց քաղաքը հայտարարել փակ գոտի. ոչ ոք իրավունք չուներ դուրս գալու քաղաքից, և ոչ ոք իրավունք չուներ մտնելու քաղաք: Իսկ նրա բնականոն կյանքին որոշվեց չմիջամտել. թող ամեն բան ընթանա իր հունով: Թող քաղաքն ապրի այնպես, ասես չի եղել ոչինչ… Եվ շարունակվեց քաղաքի կյանքը բնական հունով: Բնակա՛ն, որը, սակայն, խի՜ստ  էր անբնական…

Հաջորդ օրերին նույնպես մարդիկ արթնանում էին սովորականի պես, բայց ապրում բոլորովին այլ, չափազա՛նց անսովոր կենսակերպով: Առաջին փոփոխությունը, որ զգացին նրանք, այն էր, որ չզգացին ժամանակի սղություն: Ավելին, ժամանակը հիմա թվում էր անսահմանորեն շատ: Ուղղակի՝ անսպառ: Կարիք չկար ժամանակ վատնելու ոչ միայն ուտելու, այլև կերակուրներ գնելու, եփելու, աղբը թափելու, ափսեները լվալու վրա: Ու կարծես նոր միայն մարդիկ զգացին, թե մինչև հիմա որքան ժամանակ ու էներգիա է իրենցից խլել այդ ամենը: Այս ամենն էլ իր հերթին բերեց դրամական միջոցների տնտեսում: Չափազա՜նց շատ տնտեսում: Պարզվեց՝ կան ընտանիքներ, որոնք մինչև հիմա սննդի համար ծախսել են եկամտի 90-95 տոկոսը:  Ասել է՝ աշխատել են լոկ նրա համար, որպեսզի ուտեն: Մի քանի ծեր մարդու համար հաշվարկ կատարելիս պարզվեց, որ նրանք ամբողջ կյանքում աշխատելուց և ուտելուց բացի՝ ոչինչ չեն արել: Եվ միշտ խրախուսվել են՝ որպես խելացի մարդիկ, օրինակելի քաղաքացիներ:

Դրամական միջոցների այս տնտեսումը շատերի կյանքը փոխեց հիմնովին: Նրանք սկսեցին իրենց թույլ տալ այնպիսի շռայլություններ, որոնց մասին նախկինում նույնիսկ չէին երազել: Կինո, թատրոն ու մարզադաշտեր այցելելու համար ժամանակը հիմա ծով էր, և չկար փողի սղություն: Չկար այլևս այնպիսի գիրք, որ չկարողանային գնել: Այնպիսի սկավառակ, որ ցանկանային ու չունենային: Ժամանակը հիմա այնքան էր, որ ամեն ոք, առանց դժվարության, աշխատելու հետ միասին կարող էր զբաղվել նաև իր սիրած գործով: Այդ գործն էլ, հարկավ, նոր տեսակի թխվածքներ, նոր տեսակի սպասք ու գազօջախներ հորինելը չէր…

Բայց միայն դրական հետևանքներ չէ, որ ունեցավ նոր կենսակերպը: Գործազրկություն: Զանգվածային գործազրկություն: Ահա՛ թե ինչի հանգեցրեց այն: Հասկանալիորեն՝ առաջինը փակվեցին սննդի օբյեկտները: Անցան ամիսներ: Այլևս հույս չկար, թե մարդիկ նորից կդառնան նախկինի պես որկրամոլ, և գործատուները, անիմաստ համարելով պահել չաշխատող աշխատողների, բոլորին ազատեցին: Եվ նույն պահին էլ գործազուրկ դարձան նաև իրենք…

Ապա գործազրկության շղթան ձգվեց ու դուրս եկավ քաղաքի սահմաններից՝ հասնելով նրանց, ում աշխատանքը կապված էր սննդարդյունաբերության հետ: Քաղաքին կերակրելու համար այլևս հարկավոր չէր ո՛չ սերմնացան, ո՛չ հացթուխ: Հարկավոր չէր կոմբայնավար: Հարկավոր չէր տրակտորիստ: Հարկավոր չէին տրակտորի գործարանում աշխատող ինժեներ ու բանվոր: Հարկավոր չէր, առհասարակ, տրակտորի գործարան: Եվ քանի որ տրակտորիստ հարկավոր չէր, ուստի հարկավոր չէր նաև ուսումնարան, որ կրթեն տրակտորիստների: Քանի որ հարկավոր չէր ուսումնարան, հարկավոր չէր նաև այդ ուսումնարանում աշխատող դասատու: Հարկավոր չէր այնպիսի բուհ, որ այդպիսի դասատուներ կրթի: Այնպիսի դասախոս, որ աշխատի այդպիսի բուհում: Այսպես՝ արդեն մեծ երևակայություն պետք չէ՝ պատկերացնելու համար, թե այլևս ինչ հարկավոր չէր: Մասնավորապես՝ հարկավոր չէր ատամնաբույժ, ատամնատեխնիկ, ատամնաբուժարան: Հարկավոր չէին ատամնաբուժական գործիքներ պատրաստող գործարաններ, այդ գործարաններում աշխատող վարպետներ: Այդպիսի գործարաններ նախագծողներ: Շինարարնե՛ր, որ կառուցեն այդ գործարանները: Բանվորնե՛ր, որ օրական ութ ժամ այնտեղ աշխատեն: Թերևս շատ ավելի հեշտ կլինի ասել, թե ովքեր չդարձան գործազուրկ, բայց դա էլ ամեն ոք կարող է գտնել իր երևակայությամբ…

Սակայն, իհարկե, «գործազուրկ« բառն էլ հիմա չուներ այն սահմռկեցուցիչ ազդեցությունը, ինչ նախկինում: Ինչ-ինչ, բայց ոչ մեկին հիմա սովամահության վտանգ չէր սպառնում. միայն պետական նպաստով կարելի էր ապահովված ապրել: Բայց հարցը հիմա ոչ թե գործազրկությունն էր, այլ պարապությունը, որից մարդիկ գնալով ձանձրանում էին ավելի ու ավելի: Կարծես հանկարծակի, անսպասելիորեն պարզվել էր, որ գրեթե բոլորը մինչև հիմա զբաղված են եղել, աշխատել են «ուտելու արտադրության» մեջ: Գրեթե ամբողջ քաղաքի զործը եղել է ուտելը… Եթե այն համեմատենք կենդանի օրգանիզմի հետ, պիտի ասենք, որ նրա իննսունհինգ տոկոսը կազմել էր ստամոքսը: Իսկ հիմա չուտելու այս «համաճարակը» հանգեցրել էր նրան, որ մարդկանց այն մասը, որը չուներ ձիրք ու շնորհ՝ զբաղվելու այլ գործով, դարձել էր անպիտան, ավելորդ: Վիճակը ճակատագրական էր: Ծայրահեղ: Երբ հասարակությունն ազատվեց ստամոքսի կախվածությունից, օլիգարխյան կորցրեց իշխանությունը: Ո՞ւմ իշխել այլևս: Ո՞ւմ վրա բանեցնել իշխանություն: Ինչպե՞ս: Եվ նա մատնվեց խուճապի…

Ոչ ոք չգիտեր, թե ինչ է լինելու հետո, ինչ է սպասում քաղաքին: Եվ, որքան էլ լինի տարօրինակ, ես նույնպես առժամանակ պիտի ընդմիջեմ այս տարօրինակ քաղաքի տարօրինակ պատմությունը:

 

Այո՛, քաղաքը լցված էր գործազուրկներով ու պարապությամբ: Սնունդ արտադրելու համար մարդիկ չէին աշխատում և չէին վատնում ժամանակ: Իսկ հետո…

Հետո՝ հիսուն տարի անց, ով հատուկ միջոցներով սառեցվել էր հենց այդ քաղաքում, որ տեսնի, թե ինչ է լինելու հիսուն տարի անց, վերակենդանացվեց:

Շրջեց նա քաղաքում, և տեսավ այլ քաղաք: Տեսավ այլ բարքեր, այլ մարդիկ: Այստեղ, նախկինի պես, մարդիկ չէին ուտում, և պարզվել էր, որ միայն ջուրը, արևն ու օդը բավարար են մարդու օրգանիզմը ամբողջովին սնելու, էներգիայով ապահովելու համար:

-Ահա՛, թե մարդը ինչպիսին պիտի լիներ ի սկզբանե:- Ասում էր նա:

Այստեղից նա «հեռացել» էր, երբ այն լի էր գործազուրկներով ու պարապությամբ: Մարդկանցով, ովքեր հարկավոր էին միայն ուտելու համար: Մարդկանցով, ովքեր, առանց ուտելու «աշխատանքի», անգործ էին ու անպետք. ապաշնո՛րհ, ողորմելի՛…

Հիմա նույնպես քաղաքը լի էր մարդկանցով, բայց չկար ոչ մի պարապ ու գործազուրկ: Պարապությունն ինքը այդ քաղաքից քշել էր բոլոր պարապներին, «միայն հացիվ» մարդկանց: Նրանք՝ երբեմնի տերերը, որոնց կարողությունը միայն իշխելն էր, կորցրած դիրք ու համբավ, իշխանություն, դարձել էին… ոչինչ: Այնտեղ այժմ տեր ու տնօրեն էր արվեստը: Տեր ու տնօրեն էր գիտությունը: Իսկ «հացիվները» չկային, քանզի նրանք չունեին անելիք: Ավելորդ էին…

Այսպիսին էր, ահա, առանց ստամոքսի քաղաքը:

 

 

 

 

2 մեկնաբանություն

  1. Հարգելիի Գուրգեն
    Սիրով կարդացի առանց ստամոքսի քաղաքը շատ հետաքրքիր վերջ ունեցավ այս պատմությունը։ Հիմա ստիպված եմ կարդալու ուրիշները ևս։

    1. Շնորհակալություն, հարգելի՛ Գեորգի։ Ուրախալի է։ Հուսով եմ՝ մյուս գործերը նույնպես վատ տպավորություն չեն թողնի…

Թողնել պատասխան George Peram-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի