Վլադիմիր Վիսոցկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vladimir Vysotsky,1938-1980

Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը

Նվիրում եմ ընկերոջս՝ բանաստեղծ և ազատամարտիկ Գագիկ Սարոյանին:
Այնպես ստացվեց, որ Մայիս ամիսը մեզ՝ հայերիս համար դարձավ կրկնակի հաղթանակի ամիս: Ես, իհարկե, ի նկատի ունեմ մեր փառապանծ Շուշին, որը 1915թ.-ի եղեռնից հետո դարձավ Հայ ազգի առաջին համակարգված պատասխանը ողջ բանական աշխարհին:
Կարծում եմ, որ Վլադիմիր Վիսոցկու տողերն իրենց աննախադեպ կորովով, մերկաշաշկ սիրով ու անկոտրում կամքով առավելագույնս տեղին կհնչեն այս մեծարանքին:

 

Ես «Յակ» կործանիչն եմ

Ես «Յակ» կործանիչն եմ, կործանիչ եմ ու վերջ,
Թե հուպ տամ՝ կթնդա երկինքը,
Բայց նա, ով այսօր նստել է իմ մեջ,
Կարծում է, թե՝ ինքն է ու ինքը:
Հենց նոր էր, պոչից բռնեցի «Յունկերս»-ին,
-Ա՛յ այդպես, փոշիդ կցրեմ,
Բայց նա, ով կռվին միշտ նայում է ներսից,
Արդեն հոգուս է հասցրել:
Մեխանիկն ինձ կարեց, կարկատեց հազար տեղ,
Կողերս ծակծկվել էին կարգին,
Իսկ նա, ով իմ մեջ է, շնչիս է նստել,
Բան չի հասկանում երկնքից:
Ռմբակոծիչը ոռնոց է հանում,
Մահվան պես պարզ է այսքանը,
Իսկ գծի մեջ մի երգ կա, չի հանգստանում՝
-Խաղաղությու՛ն ձեր տանը:
Ահա «Մեսսերշմիդտ»-ը մտավ առաջինը,
Ես հոգնել եմ, էլ ուժ չկա,
Ես պոկվել եմ ուզում, իսկ սա՝ իմ միջինը,
Ինձ հանում է՝ ճակատ առ ճակատ:
Այս ի՞նչ է, այս ու՞ր, հիմա կբախվենք,
Բայց չեմ ուզում ես վառվել ցածում,
Եվ անհույս մի ճիգով սլանում եմ վեր,
Եվ սուտ են օրենքներն այս գործում:
Ու նորից վերևում եմ ես, իսկ նա՝ ներքևում,
Կապրենք դեռ, ինձ հերի՛ք էր այսքանը,
Իսկ նա ծխի մեջ պտտվում է, ևվում՝
-Խաղաղությու՛ն ձեր տանը:
Բայց այս մեկն, ով այսօր իմ մեջ է նստել,
Եվ ամեն ինչ խառնում է իրար,
Չէ՞ որ մենակ չի, ե՛ս էլ եմ այստեղ,
Եվ դա է կարևորն ինձ համար:
Նա ամբողջ ուժով մեկ քաշում է ղեկից,
-Իսկ ես, դե՝ ուզեմ, չուզեմ,
Նորից ճռռոցով պոկվում եմ երկինք,
Այս անգամ էլ ես նրան կլսեմ:
Սա վերջինն է, երդվում եմ, ես էլ չեմ զիջի,
Ու կասեմ երեսին, ինչ ուզում է լինի,
Որ իր պետքն էլ չի, թե սիրտս միջից,
Տրաքվում է առանց բենզինի:
Համբերությունն էլ իր սահմանն ունի,
Ամեն ինչին վերջ կա կյանքում,
Ահա նա, ով պոկ չէր գալիս ինձանից,
Գլուխը դրեց ապակուն:
Խփեցին,վերջապես, ես շրջան եմ մտնում,
Ինչո՞վ եմ ես պակաս ուրիշից,
Բայց արի տես՝ չեղած ուժերս եմ վատնում,
Ու դժվար, թե՝ դա երկար քաշի:
Ափսոս, շատ ափսոս, որ ուշ եմ հասել,
Բայց եթե ինձ վիճակված էր այսքանը,
Ուրեմն ես էլ կարող եմ ասել՝
-Խաղաղությու՛ն ձեր տանը:

 

Եղբայրական գերեզմանները

Շիրիմներին եղբայրական խաչեր չկան, խաչեր չկան,
Եվ այրիները չեն հանում լաց ու կական,
Շիրիմներին եղբայրական ծաղիկներով մարդիկ կգան,
Ու կրակները կվառեն հավերժական:
Ծառս է եկել հողը ցավից քանի անգամ, քանի անգամ,
Բայց գրանիտը չի խոսում, նա չի խոսում,
Թե հազարները մեկի պես ինչպես ընկան, ինչպես ընկան,
Թե հազարները մեկի պես ի՞նչ էին ուզում:
Չի խնայում ոչ ինձ ոչ քեզ կարմիր լեզուն, կարմիր լեզուն,
Որ մեր տնից մինչ Ռայխստագ մոխիր ցանեց,
Վառվող տանկեր տեսա այնտեղ ու խրճիթներ, հրդեհի սյուն,
Բայց քո սիրտը՝ նույնիսկ կրակը չսպանեց:
Շիրիմներին եղբայրական սևով չգա՛ն, լացով չգա՛ն,
Այստեղ հոգով ուժեղների տեղն է էլի,
Եղբայրական շիրիմներին խաչեր չկան, խաչեր չկան,
Բայց մեզ համար մի՞թե դա հեշտ է ավելի:

 

Ձիերն իմ…

Քարափի երկայնքով,անդունդի հետ բերան-բերան,
Մտրակում եմ, դաղում եմ, քշում եմ ձիերս,
Խեղդվում եմ, կուլ չեն գնում էլ քամին, էլ ամպերը երամ-երամ,
Վերջանում եմ, կորչում եմ, ու ցնծում են իմ կորուստն իմ աչքերը:
Քիչ էլ, քիչ էլ, ձիերս, համբերեք ինձ,
Ի՛նձ լսեք, մի լսեք մտրակի սուլոցները, որ տանում են ցած,
Իմ բաժինը, մի՞թե այս ձիերն էին բաժինս, գլխակորույս իրենց իսկ ձայնից,
Երգելուց ուշացած, սիրելուց ուշացած:
Թե կանգնեմ, ուրեմն անդունդի եզերքի՛ն կկանգնեմ մի քիչ,
Թե երգեմ, ուրեմն ծարավ էին ձիերս, ծարավ էին, և որիշ՝ ոչինչ:
Փոթորիկը փետուրի պես թեթև կթռցնի ինձ ափից,
Կկորչեմ համաչափ դոփյունի հետ լծված ձիերի,
Դանդաղ քայլերի մեջ տերն իմ արագ վախճանը կչափի,
Ու վախով, դողացող ձայնով կխնդրեմ, որ ճամփան մի քիչ էլ երկարի:
Քիչ էլ, քիչ էլ, ձիերս, համբերեք ինձ,
Մի՞թե մտրակները պիտի, և սուլոցները պիտի տանեին ձեզ ցած,
Իմ բաժինը, մի՞թե ձիերն էին բաժինս, գլխակորույս իրենց իսկ ձայնից,
Երգելուց ուշացած, սիրելուց ուշացած:
Թե կանգնեմ, ուրեմն անդունդի եզերքի՛ն կկանգնեմ մի քիչ,
Թե երգեմ, ուրեմն ծարավ էին ձիերս, և ուրիշ՝ ոչինչ:
Հասցնել, հասցնել է պետք, ինչ ուզում է լինի,
Թեկուզ, հյուրերն աստծո, լսել եմ, թե՝ չեն ուշանում,
Ի՞նչ ձայներ են, նորից խլացնում են, բայց այնքան նման են իմ ձայնին,
Որ ապրել էր ուզում, բայց ձիերիս անդունդ էր տանում:
Քիչ էլ, քիչ էլ, ձիերս, համբերեք ինձ,
Մի՞թե մտրակները պիտի, և սուլոցները պիտի տանեին ձեզ ցած,
Իմ բաժինը, մի՞թե ձիերն էին բաժինս, գլխակորույս իրենց իսկ ձայնից,
Երգելուց ուշացած, սիրելուց ուշացած:
Թե կանգնեմ, ուրեմն էլի անդունդի եզերքի՛ն շունչ կառնեմ մի քիչ,
Թե երգեմ, ուրեմն էլի ծարավ էին ձիերս, և ուրիշ՝ ոչինչ:

 

1 comment

    • gisella on 25 Հունիսի, 2012 at 4:00 ե.
    • Reply

    hիանալի թարգմանություններ են

Թողնել պատասխան gisella-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.