Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԵՐԱՄԻՑ ԶԱՏ

kolia

Նելլին աչքերը բացեց թույլ ճռճռոցի ձայնից և զգաց, որ սենյակում ինչ-որ բան այն չէ: Անորոշ տագնապով՝ նայեց շուրջը, բայց արտասովոր ոչինչ չնկատեց: Պառկած դիրքից երևում էր գրասեղանի աթոռի թիկնակին անփութորեն նետած սև գույնի երեկոյան իր շրջազգեստը, որ հիշեցնում էր երեկվա երեկույթի տհաճ վերջաբանը. ի՜նչ հույսերով էր ընտրել ու հագել այդ շրջազգեստը, ինչպիսի՜ հիացական հայացքներ սևեռվեցին իր վրա, երբ Գոռի ուղեկցությամբ մտավ կարաոկեի սրահը: Բայց հետո… Չէ՛, այլևս չի հագնի այդ չարաբաստիկ շրջազգեստը…
Նորից լսվեց ճռճռոցի ձայնը՝ այս անգամ ավելի բարձր. Նելլին արագ աչքի անցկացրեց անկանոն շարված գրքերով գրապահարանն ու պատից կախված ընտանեկան լուսանկարները: Ամեն բան իր տեղում էր. նայեց վար. հատակին այսուայնկողմ ընկած էին բարձրակրունկ, սև, լաքե կոշիկներն ու վանդակավոր, նույնպես սև գուլպաները. սև, անթև կրծքկալը աթոռի տակ էր: Աչքն ընկավ սենյակի անկյունում մի քանի օր առաջ տպարանից բերված ու իրար վրա շարված՝ իր հեղինակային առաջին, ծավալուն վիպակի դեռևս փակ կապոցներին: Բայց այս անգամ չզգաց այն ոգևորությունը, որ ունենում էր դրանց հայացք ձգելիս:
Երեկ, երբ զուգված, զարդարված՝ պատրաստվում էր Գոռի հետ դուրս գալ տնից՝ տատն ասաց.
-Բալե՛ս, գրող դարձար, պրծար. հիմա կարգին մի բան սովորիր, որ աշխատես…
Նելլին լուռ մնաց: Երանի՜, այդքան հեշտ լիներ մի գրքով գրող դառնալն ու պրծնելը, «կարգին մի բան» սովորելով՝ աշխատանք գտնելը…Մայրը խեթ նայեց տատին, բայց Գոռի ներկայությամբ՝ լռեց: Նելլին լավ գիտեր այդ հայացքի իմաստը, տատն իրեն մի բարի խոսք էլ ասեր՝ մեկ է, մայրը հակաճառելու էր… ինքը որքա՜ն էր հոգնել մոր և տատի անիմաստ առճակատումներից… Եղբայրն էլ այդ պատճառով բեզարած հեռացավ տնից, մեկնեց արտասահման:
Գրականությունից ու աշխատանքից ավելի՝ մորը հետաքրքրում էր աղջկա ամուսնության հարցը, ուստի նա առանձնապես չխանդավառվեց նոր գրքով, վերցրեց, շուռումուռ տվեց, նայեց շապիկին, բացեց, կարդաց առաջին էջը, որի վերևում, աջ անկյունում, գեղեցիկ տառերով գրված էր՝ «Նվիրվում է թանկագին ծնողներիս» , և ասաց՝ «Ապրես». թվում էր՝ մոր համար էական չէր գրքի բովանդակությունը:
-Բա, որտե՞ղ ես տեղավորելու սրանք,- միջանցքում անկանոն զետեղված կապոցներն ակնարկելով՝ ասաց մայրը:
-Իմ սենյակում, մի մտածի՛ր, մի բան կանեմ…
-Դե, գիրքդ էլ հրատարակեցիր, ապրե՛ս,-նորից ասաց նա,- հիմա ժամանակն է, որ լրջորեն մտածես պսակվելուդ մասին:
Հենց այն, որ Գոռը հարուստ ընտանիքից էր, մայրը նրան հարմար թեկնածու էր համարում: Նելլին սիրում էր Գոռին, բայց երբեմն վրդովում էր նրա զանազան հարցերի նկատմամբ դրսևորած, ցինիկության հասնող անտարբերությունից: Նելլին համոզված էր, որ Գոռին՝ կյանքում հրապուրում են լոկ հաճույքներն ու իր խնդրում՝ ավելի շատ… արտաքին գրավչությունը: Ճիշտ է, գրքի տպագրության ծախսի մի մասը, հորից գաղտնի, հանձն առավ Գոռը, բայց Նելլին վստահ չէր, թե միայն սերն էր նրան այդ քայլին մղող դրդապատճառը:
Հայրն ավելի հանգամանալից տնտղեց գիրքը, նույնիսկ հոտոտեց, ասաց՝ «Ապրես» և իր բոլոր սնամեջ խոստումների շարքին՝ նաև ավելացրեց.
-Կկարդամ, ժամանակ գտնեմ, անպայման կկարդամ, իսկ ի՞նչ ես կարծում, գրքի վաճառքից մի բան կմնա՞…
Ամեն անգամ, Նելլին հազիվ էր իրեն զսպում չպարսավելու հորը, այդ անիծյալ «ժամանակ գտնեմ»-ի պատճառով, չէ՞ որ, աշխատանքից տուն գալուց հետո հոր ժամանակի մեծ մասը վատնվում էր հեռուստացույցի առջև: Նա մինչև անգամ «ժամանակ չէր գտնում» արձագանքելու իր մոր ու կնոջ հավիտենական լեզվակռիվներին, որոնք երբեմն վերածվում էին կանացի հիստերիկ ճղճղոցների: Նման պահերին, աջ ձեռքի մատերով, դաշնամուր նվագելու պես, նա տենդագին հարվածում էր խունացած բազմոցի թևին կամ լուռ հեռանում էր տնից ու վերադառնում շատ ուշ՝ թեթև օրորվելով…
Գոռն ասաց.
-Հա՛, տատիկ ջան, ես էլ էդ եմ ասում, հիմա ո՜վ է գիրք կարդում…
Նա ևս լուրջ չէր վերաբերվում Նելլիի գրական աշխատանքներին, բայց Նելլին քաջ գիտեր, որ տվյալ պահին խնդիրը դա չէր, նա ուղղակի փորձում էր սիրաշահել տատին:
-Հա, բալե՛ս, համոզիր էդ աղջկան՝ թող խելքը գլուխը հավաքի…
Պարզվում է՝ իր բանասիրական կրթությունը կարգին կամ խելքը գլխին բան չի եղել, իսկ գիրք հրատարակելը՝ միայն ավելորդ ծախս, որի կապակցությամբ ինչքա՜ն խոսակցություններ ու վեճեր եղան տանը:
Ուզեց վեր կենալ, բայց ծուլացավ. շրջվեց դեպի պատն ու հանկարծ պարզորոշ լսելով ճռճռոցի ձայնը՝ ցնցվեց, ընդոստ շուռ եկավ մեջքին ու ակամա նայեց վեր: Նելլիին թվաց, թե առաստաղը մասամբ ցած է իջել: «էս ինչե՜ր են անցնում մտքովս, երևի խենթանում եմ», մտածեց յուրովի…
Գոռն եկել էր իր հետևից հոր մեքենայով՝ վարորդի ուղեկցությամբ, հայրը թույլ չէր տալիս մեքենա վերցնել այն օրերին, երբ տղան պիտի խմեր, իսկ խմելիս նա հաճախ կորցնում էր ինքնատիրապետումը. մի երևույթ, որը թեև հղի չէր արտառոց արարքներով, բայց հունից հանում էր Նելլիին: Ճանապարհին Գոռն ասաց.
-Ականջ մի՛ դիր, պառավ կնիկ է, պառավները փնթփնթան են լինում, հիմա գնում ենք պարելո՜ւ, մոռացի՛ր:
Ինքը լուռ մնաց, որովհետև հակառակ տատի վերաբերմունքին՝ նախ իրեն դուր չեկավ տղայի հեգնական տոնը, որովհետև տատը փնթփնթան պառավ չէր, և երկրորդ՝ ինքը քաջ գիտեր Գոռի՝ մարդկանց հիմարացնելու, երբեմն քծնանքի հասնող հատկանիշը, որը Գոռը բացատրում էր՝ «ինչ կա որ, թող մարդն իրեն լավ զգա» նշանաբանով… Արդյոք, ինքն էլ Գոռի հերթական «զոհերից» մեկը չէ՞ր… Ոչ նա համոզված էր, որ Գոռը սիրում է իրեն ու նրա սիրո բուռն խոստովանություններն անկեղծ էին… Նելլին զգում էր, որ իր լռությունն ու վրդովմունքը նյարդայնացնում են Գոռին, բայց ոչինչ չէր անում դրությունը նորմալացնելու ուղղությամբ: Նույնիսկ ընդդիմացավ, երբ Գոռը թեքվելով ՝ փորձեց իրեն համբուրել: Մեքենայի հայելու մեջ, Նելլին մի պահ որսաց ծանոթ վարորդի հայացքն ու կոպտորեն հեռացրեց ծնկի վրա վրայով սահող Գոռի շարժուն մատերը:
— Լավ էլի,-ասաց Գոռը,-համը հանում ես…
Հարցը միայն տատի ասածը կամ ծնողների վերբերմունքը չէր. մի քանի օր առաջ գրական խմբակում իր գիրքը քննարկելիս, Սոնան, որ, ի դեպ, անտարբեր չէր Գոռի հանդեպ, հանդես եկավ անողոք քննադատությամբ, վիպակը համարեց գրական արժեքից զուրկ ու ինչ բերանը եկավ՝ ասաց: Ոչ ոք, նույնիսկ նրանք, ովքեր նախապես հիացական խոսքեր էին շռայլել, չդիմակայեցին սուր քննադատությանը. դեռ ավելին, ոմանց դեմքերին պարզ ուրվագծված էր թաքուն հրճվանքի մի արտահայտություն, որ սովորաբար մարդիկ ունենում են մեկի հասցեին քննադատական խոսքեր լսելիս : «Չգիտես՝ ով է անկեղծ, ով՝ կեղծավոր», անցավ մտքով. ինքը միշտ մեծ հավատք էր ընծայել իր բոլոր ընկերներին և ահա՝ արդյունքը… Նելլին գրական հավաքից հեռացավ ընկճված տրամադրությամբ, որի պատճառն, անշուշտ, միայն Սոնայի քննադատությունը չէր…
Մեքենայի մեջ, նա ուզեց այդ մասին պատմել Գոռին. այնպես էր ուզում սիրտը բացել, կիսվել մեկի հետ: Բայց անմիջապես հրաժարվեց այդ մտքից. ո՜ւմ, ո՜ւմ, Գոռին ամենևին չէին հետաքրքում նման «մանրուքները», և հետո, Նելլին չէր ուզում տալ Սոնայի անունը, թեև միտքը հանգիստ էր, որովհետև Գոռն էլ բոլորի պես տեղյակ էր, որ Սոնան կապեր ունի անվանի մի գրողի հետ, ում շնորհիվ էլ տպագրվում է գրական հեղինակավոր պարբերականներում… Նա անհույս ձեռքը թափ տվեց ու ասաց.
-Ինչ է, չէի՞նք կարող տաքսիով գնալ…
Գոռը ծիծաղեց ու ասաց.
-Էդ հորս ասա, բիձուկին բան հասկացնել չի լինում…
Վարորդն էլ ծիծաղեց: Երբ տեղ հասան, Գոռը արձակեց նրան.
-Արտո ջա՛ն, դու գնա, մենք ինքներս կգանք…
Այնուամենայնիվ, պարահրապարակ մտնելիս ու տրվելով պարին՝ Նելլիի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Պարելիս նա մոռանում էր ամեն բան, աշխարհը… Լավ տրամադրությանը նպաստեցին նաև գինին ու ականջ խլացնող երաժշտությունը, որ ուրիշ դեպքում անտանելի կթվար: Նույնիսկ հանդիպելով Սոնային՝ բարևեց ժպտալով, ասես ոչինչ չէր պատահել…
Ճռճռոցը կրկնվեց. Նելլին նայեց վեր ու շշմեց: Իրոք, առաստաղը ավելի ցածր էր իր սովորական բարձրությունից: «Հաստատ, աչքիս է երևում», համոզեց ինքն իրեն: Սենյակը ցուրտ էր. դժվարանում էր բաժանվել տաք անկողնուց… Տրամադրություն էլ չուներ վեր կենալու. ի՞նչ ուներ անելու, իրեն սպասում էին միայն տան գործերն ու երևի Գոռի չդադարող հեռախոսազանգերը…
Տարված ընկերուհիների հետ զրույցով՝ նա ուշ նկատեց նրա բացակայությունն ու սկսեց աչքերով փնտրել. Գոռը հաստատ սրահում չէր: Ինքն էլ աննկատ դուրս սահեց ու միջանցքի կիսամութ անկյունում տեսավ Գոռին Սոնայի հետ գրկախառնված՝ կրքոտ համբուրվելիս… Չէր հիշում, թե ինչ զգաց այդ պահին, գուցե՝ ոչինչ… Մեխված տեղում, հետաքրքրությամբ նայում էր աշխարհից վերացած համբուրվող զույգին: Ասես տղան Գոռը չէր, աղջիկն էլ՝ Սոնան չէր: Հիշում էր միայն, որ ծնկներում սաստիկ թուլություն զգաց: Նրանք չնկատեցին իրեն: Մի պահ ուզեց ավելի մոտենալ, բայց փոշմանեց ու հեռանալիս՝ հասցրեց տեսնել Գոռի ձեռքերը, որոնք սահում էին Սոնայի մերկ մեջքի վրայով՝ դեպի վար: Նելլին չէր հասկանում, թե ինչո՞ւ հիմա անդադար միայն այդ պատկերն է աչքի առջև ու իրեն չի հաջողվում դա ջնջել հիշողության պաստառից. Գոռի ձեռքերը քանի՜ անգամ էին շոյել իր մազերը, դեմքը, կուրծքը… Չէր հիշում, թե ինչպես մենակ դուրս եկավ կարաոկեից, նստեց առաջին պատահած տաքսին, անջատեց բջջայինը, հասավ տուն, անխոս անցավ իր սենյակը, հանվեց՝ դեսուդեն նետելով շորերը, հագավ գիշերանոցն ու պառկեց…
Ճռճռոցի ձայնը սաստկացավ: Նելլին չգիտեր, արդյոք, այդ առաստաղի եզրագի՞ծն է ցած գալիս, թե՞ պատերն են չորս կողմից կարճանում հավասարապես… Մի բան ակնհայտ էր, որ սենյակը փոքրանում ու հետզհետե մթնում էր… Ճռճռոցի ձայնը փոխվեց ուժեղ ճայթունի ու շարունակական դղրդոցի՝ խլացնելով Նելլիի թույլ բղավոցը: Առաստաղի եզրագիծը հասավ ընտանեկան նկարներին, որոնք բոլորն էլ անհետացան մի քանի վայրկյանի ընթացքում: Եվ մինչ, սենյակի միակ լուսամուտը, վարագույով հանդերձ, ամբողջովին կուլ կգնար առաստաղին՝ Նելլին հասցրեց տեսնել, թե ինչպես փշրվեցին գրապահարանն ու աթոռը, ուժեղ ճնշման տակ՝ քանդվեցին կապոցների թելերը, գրքերը ճզմվեցին կամ ցրիվ եկան հատակին…
Առաստաղը համառռրեն իջնում ու մոտենում էր իրեն… Բայց… որքան ահագնանում էր մոտալուտ վտանգը, այնքան նվազում էր Նելլիի սարսափը՝ տեղի տալով երանության մի անծանոթ զգացումի… Վերջին պահին, ձեռքերն բարձրացրեց վեր՝ ասես ափերի օգնությամբ փորձելով կասեցնել առաստաղի անարգել գահավիժումը, գլուխը թեքեց կողքի ու թեքված այտի և մարմնի վրա զգաց առաստաղի ողջ ծանրությունը. «Իսկ ես չէի հավատում, կարծում էի աչքիս է երևացել»… Նելլին քմծիծաղեց ու փակեց կոպերը…

Մարտ, 2012

3 comments

  1. Մերօրյա երիտասարդների կյանքից մի պատառիկ, կլանող ու հուզիչ սյուժե, գրական ու առօրյա խնդիրներ: Կոլյա’ ջան, շնորհավորում եմ:

    • Kolia DH on 16 Մայիսի, 2012 at 10:27 ա.
    • Reply

    Շնորհակալ եմ, Արմինե ջան:

    • Նելլի Ռումելյան on 21 Մայիսի, 2012 at 9:00 ե.
    • Reply

    Իրոք,հուզիչ և կլանող պատմություն է:…շնորհակալություն:

Թողնել պատասխան Արմինե Պետրոսյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.