Բենիկ Ստեփանյան | «ՊՐՈՖԵՍՈՐ» ՎԻՊԱԿԻ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ

IMG_0001

Թումանյանի Գիքորը գյուղից եկավ քաղաք, որ «մարդ դառնա»: Բայց նա «շատ» ավելի մարդ էր, և երևի թե ի՛նքը կարող էր սովորեցներ մարդ լինել: Շատերն են կործանվել գյուղից քաղաք ճանապարհներին, բայց հազարավորները գտել են իրենց, դարձել նշանավոր և մեծատուն: Այս հետաքրքիր մեկնարկն ամենահետաքրքիր հանգուցալուծումն է ստանում արձակագիր Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակում: Գեղեցիկ իրերից և բարձր գաղափարներից հեռու Լուիզան, ում պրոֆեսորն Աստղիկ է անվանում, մուտք է գործում իր համար լրիվ այլ աշխարհ, որտեղ գտնում, ապա վերագտնում է իրեն. «…մի անգամ, փոշին սրբելիս, փշրեցի նրա վենետիկյան ապակուց հսկայական ծաղկամանը (հետո՝ իմացա ծագման մասին): Պրոֆեսորը չզայրացավ, ասաց՝ մոտեցեք, Աստղիկ: Ես լեղապատառ, դողացող ոտքերով, գլխումս արդարացման հազար ու մի տարբերակ ապարդյուն մոգոնելով՝ մոտեցա նրան: Ասաց.

–Այ այսպես կանգնեք, կողքիս, որ պատուհանի լույսը ձախից ընկնի ու այստեղից նայեք բյուրեղներին:

Ես չռած աչքերով ու սպիտակած շրթունքներս իրար սեղմած՝ նայեցի ամբողջ սենյակով մեկ ցաքուցրիվ հազարավոր փշուրներին՝ մտածելով, թե ոնց եմ մաքրելու այս ամենը:

–Գեղեցիկ տեսարան է, չէ՞,– ասաց նա ժպտալով ու մեծ բավականությամբ,– ասես վենետիկյան լուսաբացի ծիածանագույն ցողի անձրև է սփռված մեր ոտքերի տակ, իմ ու Ձեր ոտքերի տակ: Իսկ հիմա լսեք, փակեք աչքերը ու ձայնը լսեք, ամեն կաթիլից օդը զրնգում է, ծովի բույր եմ առնում, քամու, արևի, ինչ թարմ է… Այս տեսարանը միշտ հիշեք, երբ շատ կհոգնեք, կամ կյանքն անհրապույր կթվա, գնացե՛ք Աստղիկ, ամեն ինչ այսպես թողեք, չաղարտենք»:

Վերջերս առանձին գրքով լույս տեսած Ա. Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակը՝ նվիրված նշանավոր բժշկապետ Վահան Արծրունու 160-ամյակին, կարդացվում է մեծ հետաքրքրությամբ, որովհետև նաև արտացոլում է Հայաստանի համար պատմական մի կարևոր ժամանակահատված՝ անարդար և ծանր իրադարձություններով: Ընթերցողներիս աչքի առաջ Լուիզան բարձրանում է, դառնում գեղագետ, ճանաչում է կյանքը: Պրոֆեսորի առինքնող կերպարն ոգևորում և հղկում է երիտասարդ աղջկան՝ հասարակ գավառական մտածողությունից տանելով նոր աշխարհ: Սիրո աշխարհ, որտեղ գույներ են, թափանցիկ հոգու պարզություն է, և օր օրի կյանքը դառնում է գրավիչ: Պրոֆեսորի տան մթնոլորտը, բժշկապետի կերպարն ամբողջովին փոխում են երիտասարդ աղջկան: Ա. Ասլիբեկյանի վիպակում Աստղիկը հերոսանում է: Լավ հասարակությունը ընդունակ է փոխել մարդուն, հոգևոր լիցքեր հաղորդել, ազնվացնել:

Գիրքն առաջաբան ունի, որտեղ գրականագետ Անի Փաշայանը նկատում է. «Այո՛, Աստղիկը սիրում է պրոֆեսորին անթաքույց, անմնացորդ. հակառակը լինել չէր կարող, որովհետև իրականությունն իր համար և ամբողջ աշխարհը բացվում են նրա կերպարի միջոցով: Դա եզակի պարգև էր մի աղջկա համար, ով նոր էր կյանք մտնում և կրթություն չուներ: Նա՝ կենցաղային գործերով զբաղվողը, բարձրացավ մի նո՛ր աստիճանի և գեղագիտորեն ընկալեց աշխարհը, համտեսեց երջանկության իր բաժինը: Սա է այս վիպակի հաղթաթուղթը»:

Անուշ Ասլիբեկյանի վիպակը կարդացվում է մեկ շնչով, և համոզված եմ՝ կզարմացնի ընթերցողներին: Արժե, որ այն թարգմանվի շատ լեզուներով, և այլ ժողովուրդներ ևս առիթ ունենան հետաքրքիր այսպիսի ընթերցանության:

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.