էժեն Գիյըվիկ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eugene Guillevic, 1907-1997

ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Կլոր

Արդ, ի՞նչ կա ավելի կլոր
քան խնձորը:
-Երբ ասում ես կլոր,
հենց կլոր ես ուզում ասել:
Բայց խաղագունդն ավելի կլոր է
խնձորից:
Բայց, երբ ասում ես կլոր,
Դու ուզում ես ասել` լեցուն,
Լեցուն` կլորությամբ,
Ու կլոր` լեցունությամբ:
Ուրեմն, չկա ոչինչ ավելի կլոր,
քան խնձորը:

………………….
Լինել
Ո՞րտեղ և ի՞նչ:
Որևէ տեղ,
Բայց ոչ` միայն իր մեջ:
Լինել աշխարհում,
դրվագ, տարր աշխարհի:
Ոչ մի բանից` ավել,
ոչ մեկից, ոչ էլ`անձրևից թափվող:
Զգալ հավասար
ու նման` խլածաղկին, խխունջին:
Ոչ մեկից պակաս,
ոչ` բաոբաբից, ոչ` հորիզոնից:
Ապրել ամեն բանի հետ,
Ինչը դրսում է և ինչը` ներսում:
Այն ամենի հետ, ինչն աշխարհում է,
Աշխարհի մեջ:

………………..
Գեղեցկությունը պիտի որ գա
մի այլ աշխարհից:
Որ առաջանում է
մինչև աշխարհը մեր.
ու երբեմն, անգամ
պարուրում է այն:
Նայի՛ր այս մատուռին
ռոմանական,
Մարգագետիններին`դրա շուրջ,
երկնքին`թեքված:
Նայի՛ր ու համարձակվի՛ր հիմա ասել,
թե որտեղ ենք մենք:

………………..
Ահա մի թրթուր,
որը սողում է:
Նա սողում է դեպի իր կերակուրը:
Գոնե ինքն այդպես է կարծում:
Այո, դա ճիշտ է,
Բայց նա սողում է նաև
Դեպի իր ավատարը,
Առ իր`թիթեռի կյանքը
Ու դրա մասին
դեռ չի կռահում:
-Դու չես կռահում դեռ,
առ ուր ես գրում:

………….
Ես ջրի պես եմ,
որը պիտի հնազանդվի:
ամպերի պես եմ
որ պիտի գնան
ու թափվեն որպես անձրև:

……………………..
Եթե թողնում եմ ավազը հոսի
Ձախ ձեռքիցս աջ ափիս վրա,
Անշուշտ հաճույքի համար`
դիպչելու քարին, որը փոշի է դարձել,
Բայց նաև, ու ավելի շատ,
Ժամանակին մարմին տալու համար:
Այդպիսով զգալու, որ ժամանակն
հոսում է, հեռանում
Ու նաև ստիպելու
որ այն ետ շրջվի, ժխտի ինքն իրեն:
Հոսեցնելով ավազը`
Ես բանաստեղծություն եմ գրում ժամանակի դեմ:

……………
Ես բիզոն չեմ
Բայց որոճում եմ:
Ես ճայ չեմ,
Բայց ճախրում եմ :
Ես ածուխ չեմ,
Բայց այրվում եմ:
Ես խճաքար չեմ,
Բայց տևում եմ:
Ես խոճկոր չեմ,
Բայց մրթմրթում եմ:
Ես Պեգասը չեմ,
Բայց դեգերում եմ:
Ես մտրակ չեմ,
բայց հարվածում եմ:
Դպրոցական չեմ,
Բայց սովորում եմ:
Նետաձիգ չեմ,
Բայց նետահարում եմ:
Ես քահանա չեմ,
Բայց օրհնում եմ:
Ես պահակ չեմ,
Բայց պահպանում եմ:

Դադարներ

Պյեր Դեքսին

Երբեմն մտնում էինք սրճարաններ թաքուն`
ճանապարհի եզրին:
Այնտեղ կարող էր լինել մի աստիճան`իջնելու համար.
Մշտապես կար սեղան`ընտրելու.
Լռության մեջ կամ շշուկների:
Ստվերն այնտեղ ամենահինն էր մշտական հաճախորդներից,
Զբաղեցրել էր երկարությամբ բոլոր տեղերը,
Արևն այնտեղ էր`նրան համահունչ.
ընկնում էր մեկի ճակատին, քո ձեռքին, կամ մի բաժակի վրա,
Ու քիչ անց` հեռանում էր, ինչպես մի աստված, ում մոռանում են:
Դադարի ընթացքում, որ ասես ձգվում էր հավերժ,
փորձ էինք ձեռք բերում,
Ու միշտ դուրս էինք գալիս սրճարաններից այդ թաքուն,
Այլևս ոչ լրիվ նույնք, ինչ մտնելիս:

…………………….
Մենք ևս հրաբուխներ ենք,
Բայց նրանք կարողանում են
անպատժելիորեն:

…………………………..
Գիշերը երկնում է աստղեր,
Իսկ դու, դու երկնում ես բանաստեղծություններ:
Դանդաղորեն,
Խարխափելով:
Բայց գիշերն
ավելի տաղանդավոր է:

Թողնել պատասխան

Your email address will not be published.