«

»

Հուլ 02 2012

Տպել Գրառում

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԵՐԲ ԱԳՌԱՎԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԸ

kolia
-Ձեր գոտին հանե՛ք,- քաղաքավարի, բայց չոր տոնով ասաց համազգեստավոր կին պաշտոնյան:
-Գուցե՞ կոշիկներս էլ հանեմ,- գոտին բացելով ատամների արանքից նետեց ընկերս ու արժանացավ պաշտոնյայի սաստող հայացքին:
Բացի հանքային ջրի փոքր շշից, որը վերցրել էինք դեղահաբեր ընդունելու համար, ուրիշ «վտանգավոր» կամ արգելված բան չունեինք: Պաշտոնյան գլխի շարժումով ցույց տալով քիչ հեռու դրված տակառաձև մի աման՝ ասաց.
– Շիշը նետեք դրա մեջ կամ խմեք այստեղ:
-Ջուր է,-ընդդիմացավ ընկերս,- գիտեք, էլի, տարեց մարդիկ ենք, հազար ու մի դեղ ենք գործածում:
-Բոլոր հեղուկներն էլ արգելված են,- ասաց պաշտոնյան,-ջուր կարող եք ձեռք բերել տրանզիտ սրահի սրճարանից:
-Էս ինչ օրի հասանք,- փնթփնթաց ընկերս,- մի ագռավի չափ էլ չկանք…
-Իզուր ես զայրանում,-ասացի կապելով գոտիս՝ զննման կետը բարեհաջող անցնելուց հետո ու կարգավորելով անձնական իրերս ձեռքիս պայուսակիս մեջ,-այս բոլորը արվում է մեր իսկ ապահովության համար:
-Չուզեցինք այդ գրողի տարած ապահովությունը, համը հանել են,- ընկերս չէր հանդարտվում,- իսկ ինչի՞ց են վախենում:
-Դե, առևանգիչներից, տեռորիստներից, միթե պարզ չի՞:
-Իսկ ովքե՞ր են առևանգիչները, տեռորիստները:
-Ի՞նչ ես ուզում ասել դրանով:
-Ուզում եմ ասել, որ նրանք էլ մարդ են, մա՛րդ, մա՜րդ, հասկանո՞ւմ ես, իմ, քո, այս պաշտոնյայի նման՝ մարդ. մարդը մարդուց է վախենում: Մի նայի՛ր, է՜, էս բոլոր արդիական սարքավորումները, արգելքները, ստեղծել են և անընդհատ կատարելագործում են միայն մարդու վախից: Սկի մտածել ես քանի՜, քանի՜ համազգեստավոր պաշտոնյաներ ինչպիսի եռանդով ու կարևոր գործ անելու մոլուցքով ժամանակ են վատնում այս ապուշ աշխատանքի վրա… Չէ՞ որ նրանք կարող էին աշխատել օրինակ արտադրության ոլորտում:
-Գուցե զենքի արտադրության մեջ,-հեգնեցի ես…
Ընկերս բան չասաց ու արհամարհական թափ տվեց ձեռքը:
Տրանզիտ սրահի շքեղ խանութների որակյալ ապրանքները շեղեցին մեր ուշադրությունը՝ մոռացնել տալով ապարդյուն երկխոսությունը: Խմիչքների բաժնում համեմատաբար ցածր գները կանչող-հրավիրող էին:
-Ի՞նչ կասես, մի կոնյակ չգնե՞նք,- թաքնված սարկազմով ասաց նա ու քմծիծաղեց: – Ահա ևս մարդկային մի այլ կատակերգություն, էստեղ խմիչքը դրվել է վաճառքի՝ խմիր ինչքան սիրտդ է ուզում, իսկ էնտեղ՝ հարևան երկրում դա արգելված է: Չե՞ս տեսնում, թե ոնց է մեր կյանքն անցնում բազմաթիվ արգելքների մեջ:
-Ինչո՞ւ արգելք և ոչ՝ օրենք:
-Թող լինի օրենք, ի՜նչ տարբերություն, օրենքն էլ արգելք է, տաբու. գոնե օրենքները ամենուրեք միանման լինեին, ինչպես կարմիր լույսը աշխարհի բոլոր խաչմերուկներում. չէ՞ որ այդ օրենքները ստեղծվում են մարդու կողմից՝ մարդու համար: Իսկ մարդիկ ամեն տեղ էլ մարդ են, գույները, լեզուները և…աստվածներն են տարբեր: Գիտե՞ս, մեր օրերի մարդը պարուրված է գրված ու չգրված բազմաթիվ օրենքների աներևույթ թելերով, խճճված դրանց մեջ, ինչպես ճանճը սարդի ոստայնում, բայց ինքը դա չի նկատում, նույնիսկ չի զգում, կուրորեն համակերպվում է և դրանց առկայությունն ընկալում է ենթագիտակցորեն, որովհետև այդ թելերը սկսում են փաթաթվել նրա շուրջը աստիճանաբար, ծնված օրվանից՝ բարուրի հետ, դառնում են նրա էության անքակտելի մասը, կաշկանդում նրա շարժումները՝ մարդուն վերածելով խամաճիկի… Չէ, իսկապես մարդը մի ագռավի չափ էլ չկա,- կրկնեց իր քիչ առաջ ասած խոսքը…
Ընկերոջս ըմբոստ բնույթը ծանոթ էր ինձ: Գիտեի, որ պատանի տարիքում, Հայաստան գնալու մուրազը սրտում, փորձել էր լողալով անցնել Արաքս գետը: Դա հաջողվել էր, բայց Արաքսի այն ափին, ռուս սահմանապահները որսացել էին նրան, հարցաքննել ու մի քանի ամիս կալանքի տակ պահելուց հետո հանձնել Շահի Սավաքին*: Այստեղ էլ նստել էր մի երկու տարի, բայց բանտից դուրս գալուց հետո բնավ չէր փոխվել: Երբ դեռ Խորհրդային Միությունը չէր փլուզվել, հաճախ ասում էր. «Ինձ չհավատացին, վատ ժամանակներ էին, կարծում էին լրտես եմ. սիրտս վկայում է, որ էս անգամ Արաքսն անցնեմ, թույլ կտան էնտեղ մնալ»: Այնուամենայնիվ, չդիմացա ու հարցրեցի քիչ նեղսրտված.
-Իսկ ագռավն էստեղ ի՞նչ գործ ունի, ի՞նչի ես անդադար մարդուն համեմատում ագռավի հետ:
Տխրության մի ստվեր անցավ նրա դեմքի վրայից, բան չասաց, բայց երբ տեղավորվել էինք սրահի հարմարավետ աթոռների վրա ու սպասում մեր ուշացած թռիչքին՝ պատմեց հետևյալը:
– Գիտե՞ս, երբ լողալով անցա Արաքսը և հայտվեցի այն կողմում, ասես գետնի տակից բսնեցին ռուս սահմանապահներն ու թույլ չտվեցին, որ ուշքի գամ: Թևերս ոլորեցին, հետևից ձեռնաշղթաներ հագցրեցին ու ռուսերեն հրամայեցին նստել գետնին: Ռուսերեն չգիտեի, կանգնած նայում էի նրանց ու ժպտում: Բոլշևիկյան «վարդագույն» քարոզչականությունն այնքան ուժեղ էր նստած ուղեղիս մեջ, որ նույնիսկ երբ ինձ կոպտորեն հրեցին ու գետին գցեցին, էլի ժպտում էի… Հավատում էի, որ ինձ կհասկանան ու… որպես հայրենասեր հերոսի դափնիներ կնվիրեն… Այս լավատեսությանը նպաստում էր նաև լողալով Արաքսը հաղթահարելու և հայրենի հողում լինելու խանդավառությունս: Գիտեի, որ մեր քաղաքից շատերն են փորձել, բայց ոմանք խեղդվել են դեռ գետի կեսը չանցած: Այդ պահին լցված էի հպարտությամբ ու ինքնավստահությամբ: Տաք, գոլ եղանակ էր, երկինքը ջինջ, կապո՜ւյտ, կապո՜ւյտ: Հիացած նայում էի հրաշագործ բնության աննման գեղեցկություններին: Ականջներիս մեջ անդադար Արաքսի խշշոցն էր ու թռչունների ճռվողյունը: Բայց չգիտեմ թաց հագուստներիս, թե ինքնավստահությունս հետզհետե կորցնելու հետևանքով՝ սկսեցի դողալ և միզելու պահանջ զգացի: Դիմեցի հայերեն: Մեկը մոտեցավ ու հրացանի խզակոթով հարվածեց մեջքիս ու էլի ռուսերեն ինչ որ բան ասաց: Երևի ասում էր, որ պապանձվեմ: Ժամանակը անցնում էր. հետագային հասկացա, որ սպասում էին հատուկ կապավորին՝ ինձ ինչ-որ բանտ փոխադրելու համար: Այլևս չկարողանալով զսպել ինձ՝ միզեցի թաց շալվարիս մեջ և թերևս կյանքումս առաջին անգամ մոռացա մարդ լինելուս հանգամանքը: Ինձ զգում էի՝ մարդկանց կողմից հալածված գազանի դերում: Մի պահ հայացքս բարձրացրի վեր (երևի Աստծուց օգնություն հայցելու համար) ու աչքս ընկավ քիչ հեռու ծառի վրա նստած մի սևաթույր ագռավի, որը ուղիղ նայում էր ինձ: Շատ չանցած՝ նա ծանր-ծանր թևերը թափահարեց, թռավ Արաքսի վրայով, այն կողմում հանգրվանեց մի այլ ծառի վրա ու հեռավորության պատճառով կորավ տեսադաշտիցս… Նման պահերին, առհասարակ, մարդուն արտառոց մտքեր են այցի գալիս. նստել, մտածում եմ, թե՝ «Տեսնես ագռավն ի՞նչ ազգության տեր է, և անմիջապես եզրակացնում եմ, որ ագռավները միայն մեկ ազգություն ունեն և ամենուրեք խոսում են մեկ լեզվով, ուստի հավատում ու հասկանում են մեկը մյուսին, իսկ մարդիկ՝ ոչ… Գոնե սրանց մեջ մեկը հայերեն իմանար…
-Հետո՞,- հարցրեցի անհամբեր:
-Էլ ի՞նչ հետո. էդ ագռավը ասես ինձ տնազ անելու մարմաջով, դիտմամբ մի քանի անգամ ազատորեն թռավ այս ափից մյուս ափը, վերադարձավ, նստեց նույն ծառին ու ասես քամահրանքով նայեց ինձ… տարիներ են անցել, բայց երբեք չեմ մոռանում այդ թռչունին: Ինձ միշտ… համեմատել եմ նրա հետ ու նախանձել: Քանի անգամ նա անարգել խախտեց սահմանագիծը, բայց ոչ այս ու ոչ էլ այն կողմում, ոչ ոք ուշադրություն չդարձրեց, իսկ ինձ՝ մարդուս… երկու կողմում էլ հավասարապես խոշտանգեցին, կտտանքների ենթարկեցին, հոգիս բերանս բերեցին… Մեկն ասեր՝ ո՞ր մեղքիս համար, ուղղակի ինձ չէին վստահում, գիտե՞ս, իրենց ողջ հզորությամբ հանդերձ՝ երկու կողմն էլ ինձնից վախենում էին… Ուզում էին իմանալ ովքեր են իմ տերերը, որն է իմ առաքելությունը…
Օդանավակայանի բարձրախոսից ասվեց, որ մոտենանք ելքին: Սրահը աշխուժացավ: Կանգնեցինք շարքի մեջ: Ելքից անցնելիս, պահանջեցին, որ ցուցամատը սեղմենք կարմիր լույսով վառված էլեկտրոնային «աչքին»… Անձնագրերի ստուգման կետից անցնելուց հետո նույնն էինք արել. արձանագրված մատնահետքերով ստուգում էին ուղևորների ինքնությունը: Ամեն ինչ կարգին էր:
Երբ երկինք բարձրացանք, ակամա մտքովս անցավ, որ մենք էլ ագռավի պես հիմա թռչում ենք, կանցնենք Արաքսի վրայով, կկտրենք սահմանագիծը, բայց ագռավի ազատության ու խելքի մեկ փշուրն անգամ չունենք…

Հոկտեմբեր, 2011

——————————————————————————-
* Երկրի Անվտանգության և Տեղեկատվության Կազմակերպության սկզբնատառերը՝ պարսկերենով: ԾՀ

Share Button

2 կարծիք

  1. Yeranuhi

    …բոլոր արդիական սարքավորումները, արգելքները, ստեղծել են և անընդհատ կատարելագործում են միայն մարդու վախից:

  2. Nora Baroudjian

    Արդեօք ո՞րքան ժամանակ հարկաւոր է մեզի բնական տրամադրութիւններով անցնելու Հայաստանի սահմանը։
    Պատասխանս է՝ երբեք։
    Մէկ կողմէն՝ Հայաստան, միւս կողմէն՝ սահման, անյարիր են իրարու։

Պատասխանել Yeranuhi-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>