Սաթ Ալեքս | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

«Դրական»…

Կինը.-Աստվա՜ծ իմ, նա գնում է, հեռանում է ինձանից (լացում է):
Ուղեղը.- Դրական, ավելի դրական:
Կինը.- Ախր, ի՞նչ դրական. այս հիմարը հագուստներն է հավաքում…
Ուղեղը.-Մի՛ լացիր, ժպտա՛, խորիմաստ ժպտա և ձեռքերդ մի՛ պտտիր հողմաղացի նման:
Կինը.- Հիմարը ճամպրուկն է հավաքում. շնորքով տղամարդիկ գնալուց՝ միայն գուլպաներն ու ներքնազգեստն են վերցնում, իսկ սա հավաքում է եղած-չեղածը…
Ուղեղը.- Ժպտա՜:
Կինը.- Գուցե՞ վզովն ընկնեմ….
Ուղեղը.- Հիմարի՛կ
Կինը.- Գուցե ծնկի գամ իր առջև….
Ուղեղը.- Հիմարի՛կ:
Կինը.- Իսկ եթե նրան էն բանից անե՞մ:
Ուղեղը.- Այսի՞նքն… ո՞ր բանից…
Կինը.- Դե… Թավայով գլխին խփեմ…
Ուղեղը.-Ի՞նչչ…
Կինը.- Հետո նրան կկերակրեմ, սուպ կտամ, այսպես երկու ամիս կձգվի, կհարմարվի, չի գնա:
Ուղեղը.- Հանցագործ էս, էլի, իսկ եթե ուժերդ ճիշտ չհաշվարկե՞ս:
Կինը.- Չէ՜, լավ կթափահարեմ ու մի լա՜վ կխփեմ…
Ուղեղը.-Ես այդ իմաստով չեմ ասում. դու ուժեղ կին ես, կարող է սպանես, ու դա հոդված է:
Կինը.-Դե, որ այդքան խելոք ես, ասա՝ ի՞նչ անեմ:
Ուղեղը.- Դրական ժպտա:
Կինը.- Բայց, ախր ի՞նչ կա դրական, որ դրական ժպտամ. ես մենակ եմ մնում, մենա՜կ, հասկանո՞ւմ ես… (լացում է):
Ուղեղը.- Ժպտա… քանզի ոչ թե մենակ, այլ ազա՛տ ես մնում:
Կինը.-Ինչի՞ս է պետք այդ ազատությունը:
Ուղեղը.- Ազատությունը հիանալի է. միայն քեզանով կզբաղվես:
Կինը.-Որ ի՞նչ…
Ուղեղը.-Էն որ անգլերեն կսովորես, խմբակներ կհաճախես, հարվածային գործիքների վրա կնվագես:
Կինը.-Օ՜, երբեք ժամանակ չեմ ունեցել նման բաների համար…
Ուղեղը,- Դեռ ավելին. ինքդ անձամբ ֆինանսներով կզբաղվես, ինչ ուզես կգնես:
Կինը.-Մուշտակ կգնեմ և կոշիկներ, դե էն թիթեռնիկներով կոշիկներից, էլի (արցունքները սրբում է):
Ուղեղը.- Հետո՜, իրավաբանական բաժնի այն տղայի հետ կճաշես, վաղուց նա քեզ ախորժելի հայացքով է նայում…
Կինը.-(ժպտում է) Ճիշտ որ, Մակ-Դոնալդս կգնանք. իմիջայլոց, նա էր ինձ առաջարկել, որ մուշտակ հագնեմ ու թիթեռնիկներով կոշիկներս (ժպտում է)
Ուղեղը.-Ո՛չ ճաշ եփել, ո՛չ լվացք անել…
Կինը.-Միայն՝ մանիկյո՜ւր-պեդիկյո՜ւր, մասկանե՜ր-մասաժնե՜ր (երջանկությունից նորից ժպտում է), դեռ ճամփորդության էլ կգնամ…
Ուղեղը.-Ըհը, իսկ դու դրական ոչ մի բան չէիր կարողանում տեսնել:
Կինը-Ո՜ւխ, կապրեմ (հաղթական ժպտում է): Օ՜յ այս ի՞նչ է անում…
Ուղեղը.-Ի՞նչ…
Կինը.-Նա ծնկի է իջել … համբուրում է…
Ուղեղը.-Ո՞ւմ…
Կինը.- Դե, իհարկե ինձ, ճամպրուկին հո՝ չէ… Ասում է երբեք ինձ նման կին չի տեսել ու չի գտնի , ներողություն է խնդրում, ուզում է մնալ:
Ուղեղը.- Օ՜յ…
Կինը.-Բա ազատ կյա՞նքը (սկսում է լացել), խմբակնե՜րը, հարվածային գործիքնե՜րը, մուշտա՜կը, իրավաբանական բաժնի տղա՜ն, թիթեռնիկներով կոշիկները (լացում է)… Ուղեղը,- Դրական, ավելի դրական…

Դու ինձ հավերժ կսիրե՞ս
Նրանք իրար կողք նստած՝ նայում էին միմյանց և պաղպաղակ ուտում…
Աղջիկը ձգտում էր որսալ ձեռքին ընկնող՝հալչող պաղպաղակի յուրաքանչյուր կաթիլը, իսկ եթե չէր հաջողում, ուռեցնում էր շուրթերը, նախ խոժոռ հայացքով նայում ու հետո ժպտում: Տղան հետևում էր նրա շարժումներին ու ժպտում:
Գլխավերևում թռչում էին ծիծեռնակները: Ասես իրենք էլ երկու երջանիկ ծիծեռնակներ լինեին, որ ճախրում էին սիրո թևերով: Արևն իր չարաճճի ճառագայթների խաղիկներով ներխուժում էր աղջկա ոսկեծամ խոպոպիկների մեջ: Տղայի որոնող հայացքը ևս արևի ճառագայթի պես դադար չուներ, անանց վայելքով որսում էր յուրաքանչյուր մանրուք և երբեմն մխրճվում ու մնում աղջկա նույնպես որոնող աչքերի մեջ: Այդ պահին , երկուսի դեմքերը լրջանում էին, մարմինները՝ անշարժանում, ասես ժամանակը կանգ էր առնում, շուրջը ամեն բան քարանում էր, լռում. կտրվում էր շնչառությունն ու լսվում էր միայն նրանց սրտերի խելագար զարկերը…
Եվ, ի վերջո, նրանց մարմինները ձգվեցին դեպի իրար, աչքերը մեղմիկ փակվեցին, բայց դա չխանգարեց, որ նրանց շուրթերը գտնեն իրար ու սիրո հետ ըմբոշխնեն նաև… վանիլային համը:
-Ես պետք է գնամ,- կամաց ասաց տղան չուզենալով նրան թողնել իր գրկից: Աղջիկը ոչինչ չպատասխանեց. նրա մերժող հայացքը ավելի խոսուն էր: Նա հասկանում էր, որ տղան պիտի գնա ու չպահեց… Եվ այսպես նրանք գնացին տարբեր ուղղություններով: Եվ յուրաքանչյուր քայլը վերցնելիս՝ ժամանակի մի բեկոր կուլ էր գնում, նրանք մեծանում էին , նվաճում բարձրունքներ, բայց միշտ հետ էին նայում…
Ահա նրանց անցած ուղին,-
Տղան՝
22 տ., ստացավ դիպլոմը:
25 տ., հաջողեց լավ աշխատանք գտնել երկար դեգերումներից հետո:
27 տ., չէր հավատում, որ մեքենայի տեր է դարձել:
30 տ., մտածում էր լոկ ամուսնանալու ուղղությամբ, և կին բերեց տուն:
32 տ., ծնվեց առաջնեկը՝ տղա:
40 տ., թող սա լինի վերջին դավաճանությունը…
45 տ., ինչքա՜ն տաղտկալի է կյանքը, չգիտես ինչի համար ես ապրում:
50 տ., ամեն բան կորցրել է իր իմաստը:
55 տ., ո՛չ, նրան հաճույք չեմ պատճառի ապահարզան տալով:
56 տ., բոլորը հեռացան, լքեցին իրեն… Ողջույն, մենակությո՛ւն…
Աղջիկը՝
22 տ., մի՞թե դիպլոմը կարմիր է, օ՜հ, ի՜նչ երջանկություն:
25 տ., նոր, արժանի բարձրացում աշխատանքի մեջ:
27 տ., մեքենա է վարում տղամարդկանցից ավելի լավ:
30 տ., բոլոր տղամարդիկ հիմար են, այս մեկն էլ բացառություն չէր:
32 տ., փորը նայեցին՝ երեխան աղջիկ է:
40 տ., նա ամուսնանալու առաջարկություն արեց:
45 տ., օ՜հ, որքա՜ն հիմար են տղամարդիկ, անտանելի է:
50 տ., այսօր տատիկ դարձավ:
55 տ., ինչու չգնալ պարելու…
Նրանք նորից նստած են իրար կողք շքեղ բազմոցին…
Տղամարդու ձեռքը մի պահ հանգչեց կնոջ ուսին և նրան ձգեց դեպի իրեն: Կինը ծվարվեց տղամարդու գրկում ու առավ ծանոթ հոտը:
Այս անգամ այլ էր, 16 տարեկանի գրկախառնություն չէր, հագեցած էր ապրած տարիների փորձով՝ բուռն, ջերմ և… հարազատ:
Կինը բարձրացրեց գլուխը, ինչ- որ բան էր ուզում ասել. տղամարդը իջեցրեց գլուխը, որ ինչ-որ բան պատասխանի… Այդ պահին, նրանց հայացքները խաչվեցին նախկինի պես, ասես չկար տարիների անջրպետը…

2 comments

  1. Ինքնուրոյն՝ ինչպէս միշտ։ Սաթ Ալեքսը կարդալ կը նշանակէ պատրաստ ըլլալ զարմանալու։

    • Sat Alex on 25 Օգոստոսի, 2012 at 5:52 ե.
    • Reply

    Շնորհակալ եմ Սաթ Ալեքս կարդալու համար

Թողնել պատասխան

Your email address will not be published.