Հասմիկ Սիմոնյան | ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ

…քաղաքը, որ արթնանում էր ծափերից,
հագնում էր առավոտվա պես մաքուր վերնաշապիկը,
ու հեռանում`
թողնելով լվացարանից դատարկության պես կառչած մարմինը…
…և դռների,
ատամները ցավից սեղմած դռների միջից
կատվախոտի պես քնքշացած
մի կատու պարում է…
թռչունը, որ երգելու էր մի ուրիշ առավոտվա մասին,
հեռանում է`
թողնելով սեղանին թեյի բաժակը…
մերկ ու թափթփված անկողինը
իմ փոխարեն մրսում է մենակությունից…
ցնցուղից իջնող անձրևը ջղաձգվում է ձեռքերի մեջ.
ես գունավոր սրբիչով
թրջում էի հայելու կոպերը…
…թափանցիկ պղպջակների մեջ փետուրներ էին ընկնում…
…և թեյի բաժակը, որ հիշեցնում էր թռչունի ու առավոտվա մասին,
փշրվում է մտքում.
կատվի պարող ստվերը
դանդաղ ու շատ զգույշ մոտենում էր.
հուզմունքից հայելին փակեց աչքերը
ու շշնջաց իր սիրո մասին,
իսկ կատուն այնպես անգթորեն քրքջաց,
որ ես ծափահարեցի
ու
քաղաքը արթնացավ`
աչքերում անկողինների սրթսրթացող ու չհարդարված մենակությունը,
անձրևը,
որ պոկում էր կարոտի կախված շուրթերից օրացույցի էջերը
ու պատմում թռչունի մասին և առավոտվա,
երբ թեյի բաժակում մենակությունը
մի ստվեր էր փնտրում,
որ հագել էր առավոտվա պես մաքուր վերնաշապիկն ու հեռացել`
դռների ետևում մոռանալով ինքն իրեն ու կատվին,
որ ծիծաղում ու պարում էր`
ի նշան սիրո ու քնքշության հասցնող
կատվախոտի կոճակների…
*
Օրերը պտտվում են
մանկության գլխարկներով
ու նրանց ստվերները
ապրում են ժամացույցներում,
որտեղ թիկ-թակները
վերստեղծվում են մարդկանց
հրաշալի աչքերում…
Ծերերը մոռացել են աղոթքը
գիշերվա սապատում,
…ու գոլորշիացած ժամանակը
ստեղծելու է քեզ
առանց նախազգուշացնելու…
Կատվի կիսափակ աչքերում
փողոցում կանգնած
տիկնիկներն իր կանաչ քույրերին են հիշեցնում,
որ չծնված անուններով
մանուկների խաղերի պես
վերստեղծում են
մանկության ստվերներին…
պատից կախված ժամացույցների պես
նրանք կառչում են մոռացումի եզրից
ու պտտվում
կանաչ խաղերով…
Գիշերը շատ դանդաղ է օրորվում,
ու բոլորի կողքին շնչող
թափանցիկ քաղաքը
աղոթում է բաց պատուհանի առաջ
լավագույն օրերի գլխարկների համար
ու թիկ-թակների, որ պիտի ծնվեն…
*
Կանաչ մթության վայրի փաղաքշանքով
լցված աչքերում
փոքրիկ ու սև կատուները
թիթեռնիկների նման պտտվում են օդում…
կարմիր թևիկներով անհանգստությունը
մայրամուտի գոգնոցին է թափում
կանեփի բույրը, որի ճանկերում
փոքրիկ ու սև կատուներն են թռչում…
ու սրճագույն մարմնով մի աղջիկ
պարում է
թափանցիկ քաղաքի մեղավոր հայացքում…
խայտաբղետ շրջազգեստներից
խեղդված օդում ականջօղերի նման
կախվում է ծիծաղը, ու
թափանցիկ կիրքը` սրճագույն մարմնով,
փաղաքշում է կանաչ մթության
կարմիր թևիկները…
…մայյրամուտին կանեփի բույրից գրգռված
փոքրիկ ու սև կատուներին թվում էր, թե
օդում պարող թիթեռնիկները գնչուհու
սրճագույն աչքերից են պոկվել,
իսկ մայրամուտը` կանեփի բույրով,
զնգուն ծիծաղի թափանցիկ կիրք էր
քաղաքից հեռացող երջանկության համար…
*
Թող պարի ճերմակ երջանկությունը
ամենավերջին գրքի էջի հետ,
որ զգեստափոխված կարոտի նման
մեկ-մեկ թակում էր դուռը դարակիս…
լուսնի կիսատված շողերի միջից մի ուրվագծված
ինչ-որ կիսադեմ
թափանցիկ, երկար գավաթների մեջ
նռան հատիկ էր բաժանում… կարծես…
…արնոտ ափերից, հոգնած աչքերով…
տանձենու կարմիր տերևի տակից ինչ-որ ծղրիդ է
արծաթահնչուն ժապավեններով
նկարից իջնում…
…ու վարագույրի թարթիչների տակ ձգվեց երեկոն…
…փողոցի նման աղմկոտ, բարի…
բնանկարի տանձենու նման…
Թող պարի ճերմակ երջանկությունը
ամենավերջին գրքի էջի հետ,
որ զգեստափոխված կարոտի նման
մեկ-մեկ թակում էր վրձնած ապակին…
…համր կտավի կիսադեմի պես
փայտե աթոռ էր… փայտե ճռճռոց… իսկ նկարի մեջ
ինչ-որ ձիեր են խրխնջում վայրի… ինչ-որ նռներ են
թափվում ճյուղերի կանաչ աչքերի բիբերի միջից…
…կարմիր ու կանաչ գույներ են թափվում
թափանցիկ, երկար գավաթների մեջ…
հոգնած աչքերն են կապտած գիշերվա
թղթերից կաթում…
սևացած ճերմակ երջանկությունը
թող պարի վերջին գրքի էջի հետ,
որ արնոտ կարմիր ափերի միջից
դրախտի չորրորդ նրբանցքում ապրող
վրձնած ժպիտն է` փակված աչքերով…
…ուշացած կարոտ` զգեստափոխված նկարի համար…
ամենավերջին գրքի էջի մեջ…
*
…փշաքաղված մի արցունք հիմա կպոկվի…
…դողացող ձեռքը կգոռա…
…ասեղը կծակի ձեռքը… ու արցունքները կլռեն…
կապույտ վարագույրի տակից
կնշմարվեն մատնահատքերդ…
սպիտակը կկաթկթա ուռենու ճյուղերին…
կապույտը կխտանա օդում
բարակ մի ձայն կօրորվի ու մթնալույսը
կհամբուրի լուսնոտի պաղ շուրթերը
ես կփորձեմ ժպտալ իսկ հետո
կգոռամ…
կոկորդում կկանգնի մի բառ
ժպիտը կպարի ուրիշի համար
նուրբ շատ նուրբ շնչառությունը կդադարի…
մեղքը անմեղ հագուստով
ծաղիկները փաթեթավորված պաստառի յոթերորդ շերտիկով…
պարը չձայնագրված պարը
ու փշաքաղված կարոտը փշրված հայելու
փշուրների մեջ պտտվող բառի պես…
հարցականի պես ձգվող ճանապարհը
երակի պես ցավոտ…
…թիկունքից արձագանքված վախը…
ձայն…
փակված աչքեր…
ձեռքեր… կաթնագույն մատնահետքեր լուսնոտի
աչքերում…
«տառապանք» բառը չորանում է լվացքի
պարանին… անձրևի ժամանակ…

 

2 comments

    • Սամվել Ավդալյան. Մոսկվա on 25 Մարտի, 2014 at 8:02 ե.
    • Reply

    Էստեղ պոեզիա չկա, համատարած ինքնախաբեություն:

    1. Պոեզիան ընթերցողի մեջ է:

Թողնել պատասխան Սիրանույշ Օհանյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.