Նարինե Կռոյան | ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

I

Երևի խղճում էր ծեր մորաքրոջը: Ամեն օր նստեցնում էր լոգարանի աթոռին ու, թեկուզ խորշանքով, որ կարողանում էր թաքցնել շինծու ժպիտի դիմակի տակ, լվանում էր նրա մաշկի օրեցօր ավելացող կնճիռների արանքում չգիտես որտեղից հայտնվող սպիտակ ծեփի նմանվող ախտափոշին:
Մորաքույրը չէր մեռնում: Պարտապանի աչքերով նայում էր տղայական գրավչություն ունեցող, սակայն օր-օրի ավելի ջղաձիգ դարձող զարմուհու սեղմվող հոնքերին ու թաքուն արտասվում:
Ամենօրյա լոգանքները մեխանիկական ճշգրտությամբ շարունակվում էին:
Մնացած ժամանակը, երբ մորաքույրը հիմնականում պառկած էր լինում իր երկտեղ մահճակալին, որի մակերեսը շարունակաբար մեծանում էր` հիվանդի փոքրացող մարմնի համեմատ, Զարուհին, որ երիտասարդ աղջկա անունն էր, կարողանում էր խուսափել նրա հետ անմիջական շփումներից: Նա ժամերով նստում էր ծալովի հարմարավետ համակարգչի սոսնձող հայելու առջև, կամ էլ կանգնելով պատուհանի մոտ` ծխում էր` անտարբեր նայելով դրսում ընթացող անժամկետ բեմադրության կրկնվող տեսարանները` սյուժեի միապաղաղությամբ և գործող անձանց հոգնած ու անտաղանդ ելումուտով: Պատուհանի և պատի անկյունում մոխրամանի տեղ ծառայող փոշեփառի եռանկյունին ծանրանում էր` լայնացող անցքերի միջով քիչ-քիչ թափելով մոխրի մեծ ու փոքր գնդերը:
Զարուհուն զվարճացնում էր փոշեփառի նրբին գործվածքի հետ այդ անիմաստ խաղը: Նա կարծես փորձում էր համեմատել երկրի ձգողության, երևակայական մակերևութային լարվածության, առաձգականության և փոշու կամ ժամանակի ձեռակերտ աշխատանքի դիմադրության առավելությունները, որպեսզի հետո կենտրոնանար մեկ այլ անկարևոր բանի վրա ու սպաներ հերթական օրը:
Ժամանակ առ ժամանակ, իհարկե, դուրս էր գալիս` հիմնականում գնումների, և քանի որ առանձնապես չէր սիրում առևտուր կոչվածը, նրա հետագիծը սահմանափակվում էր շենքի շուրջբոլորը թառած մանր ու միջին կրպակների և միակ դեղատան այցելություններով:
— Ոչխարի պանիր ունե՞ք,- հարցրեց հերթական տաղավարում և սպասեց:
— Ոչխարի էլ ունենք, այծի էլ…
Մի քանի գրամ ոչխարի պանիր վերցրեց ու հեռացավ: Պատկերացրեց “բույրերի” այն բազմազանությունը, որ պաշարելու էր բնակարանի ողջ ծավալը` հիվանդության անհաղթահարելի ու մշտառկա հոտի հետ միասին:
“Խաղող էլ եմ առնելու…”
— Գառան դմա՞կ, թե՞ իծապտուկ,- հարցրեց մրգավաճառը:
— Փաստորեն` խաղողն էլ ա այծի կամ ոչխարի լինում,- Զարուհին հեգնեց:
Վաճառողի ժպիտը փոխվեց արհամարհական ծամածռության: Նա վեր տնկեց անլվա ցուցամատն ու հեռացավ:
Ստիպված էր խաղողն ուրիշ կրպակից գնել:
Վերելակը, ծանր ճռնչոցով, նրան տուն տարավ և տեղ հասնելով` ուղևորի նման հոգոց հանեց:
Զարուհին դուրս եկավ ու երկար նայեց վերելակի աղոտ և խորհրդավոր դատարկությանը: Ի պատասխան` վերելակը մի պահ սպասեց, հետո պարզապես անկիրք փակեց իր նման քերծված ու անվայել բառերով մակագրված դռները:
Մնում էր միայն տուն մտնել:
— Դեղերդ պիտի խմես,- Զարուհին կռացավ մորաքրոջ մահճակալի վրա և պատասխանի չսպասելով` նստեցրեց ծեր կնոջը:
Մինչ ուղղում էր մեծ ու փոքր բարձերի հախուռն կույտը` մորաքույրը մի քանի հատիկ խաղող ծամեց և ափսեն մեկնեց դեպի կողքի աթոռը:
— Զարիկ մորքուր, դուրդ չեկա՞վ: Քո սիրած պանիրն եմ առել, բերեմ` կեր:
— Չէ, չէ, ցավդ տանեմ, լավն էր, բայց կուլ չի գնում, սիրտս խառնում ա:
— Դեղերդ խմես` կանցնի:
Աղջիկն անսպասելի նկատեց, որ մորաքրոջն անունով դիմեց, ինչը չէր սիրում, ինչից խուսափում էր: Հիշեց, որ մանկուց վիճում էր արդեն հանգուցյալ ծնողների հետ` իրեն միայնակ ու անզավակ մորաքրոջ անունով կոչելու համար:
— Ես էս դեղերից ավելի եմ վատանում,- բողոքեց հիվանդը:
Զարուհին շեշտակի նայեց մորաքրոջը.
— Եղբորդ աղջիկը` Ասիկն ինչ գրել ա, էդ էլ տալիս եմ: Եթե չես հավատում, նայի. կարդա, կամ էլ հարևաններիցդ մեկին խնդրենք` թող ինքն առնի, ինքն էլ տա…
— Չէէէ,- անհանգիստ ձգեց պառավը,- օֆֆֆ, ես քեզ բան ասեցի՞…
— Էսօր Ասիկդ կգա, իրեն էլ կասես:
Զարուհին ուղղեց անկողինն ու հեռացավ: Կարծես ուրախ էր փախչելու հերթական պատրվակն ունենալու համար: Մի քիչ կարդաց` աչքերը մխրճելով համակարգչի մեջ, հետո պատուհանի մոտ «ստուգեց» փոշեփառի ամրությունն ու երևի խղճի խայթ զգալով` վերադարձավ հիվանդի մոտ:
— Մորքուր, քնած ե՞ս…
Ծեր կինը, չբացելով աչքերը, տնքաց, աղջիկը շարունակեց.
— Մի քիչ ճաշ բերեմ` կեր:
Հիվանդն ինչ-որ անըմբեռնելի խոսքեր ասաց` դժվարությամբ շարժելով շուրթերն ու կտրուկ թեքեց գլուխը:
— Մորքուր,- Զարուհին ճչաց ու ընկավ մորաքրոջ վրա:
Ցնցեց, անգամ` ապտակեց, մինչև հիվանդը բացեց զարմացած, բայց դեռ անգիտակից աչքերն ու հառեց առաստաղին:
— Մորքուր, — աղջիկը հասկացավ` արտասվում է:
Նստեց մահճակալին, ափերի մեջ առավ հիվանդի ձեռքն ու սկսեց շփել:
— Հաաա՜…,- դանդաղ արտաբերեց ծեր կինը,- հո ուշքս չէ՞ր գնացել…
Նա նայեց քրոջ աղջկա թաց աչքերին ու փորձեց ժպտալ.
— Վախեցրի՞ քեզ, բալա…
— Էսա, էսա ճնշումդ չափեմ:- Զարուհին վախվխելով ելավ տեղից ու ետ-ետ նայելով` քայլեց դեպի պահարանը:
— Ճնշումդ ցածր ա: Ի՞նչ անեմ:
Դեռ դողացող ձեռքերով տուփի մեջ խցկեց ճնշումաչափը և սկսեց բջջայինով ինչ-որ համար հավաքել:
— Ասիկ, ե՞րբ կգաս… Ճնշումը շատ ա ցածր… 80-45… Ի՞նչ անեմ… Դու ես բժիշկը` ինձ ես հարցնու՞մ… Չէ, համարյա բան չի կերել…
Զարուհին անջատեց հեռախոսն ու նստեց մորոքրոջ կողքը:
— Ուզում եմ վեր կենամ, զուգարան եմ ուզում,- հիվանդը բարձրանալու փորձ արեց:
— Չէ, չի կարելի,- աղջիկը սթափվեց գլուխը խառնող ու բթացնող մտքերից:- Ասիկն ասել ա` չշարժվես: Մի ժամից կգա:
— Զարիկ ջան, փիշիկ եմ ուզում:
— Մորքուր, մի քիչ պահի էլի…
Երկուսն էլ լռեցին:
Րոպեները, չմզված լվածքի նման, ծանրացան նրանց միչև` սպառնալով պոկել ժամանակի աներևույթ պարանը:
Ասիկը բանան ու մանդարին էր բերել: Հիվանդին “Դեքսամետազոն” ներարկեց, նստեց բազմոցին ու ձեռնամուխ եղավ բերած մրգերի կլանմանը.
— Հիմա ճնշումը կկարգավորվի: Դու էլ արի կեր, Զար:
— Չէ, շնորհակալ եմ, ոչինչ կուլ չի գնում: “Հարևանները կկարծեն` հիվանդ հորաքրոջ համար ա միրգը բերում: Ամեն բան հաշվարկել ա”,- մտքում շարունակեց հիվանդապահը:
Շուտով մորաքույրն աշխուժացավ ու փորձեց նստել:
— Չի կարելի,- ասաց բժիշկը:- Ինչ անում ես տակդ կանես, ճնշումդ դեռ անկանխատեսելի ա:
— Մեռնեմ-պրծնեմ էլի,- պառավը վերմակը ետ հրեց ու տեղում նստեց:
— Պառկի, մորքուր, ես ինչ պետք ա` կանեմ, չնեղվես:- Զարուհին շաղափող հայացքով նայեց քեռու աղջկա կողմն ու անթաքույց արհամարհանքով շպրտեց.
— Մորքուրին նայի, ես դեղատուն իջնեմ պամպերս առնելու:
Նախընտրած դեղատունը երեք կանգառ հեռու էր: Որոշել էր անպայման ուշանալ` բժշկին դիտավորյալ պարտադրելով մնալ հիվանդի հետ: Սակայն ինքն էլ չկարողացավ ըմբռնել` այլևս անելիք չունե՞ր, թե՞ խիղճն սկսեց անհանգստացնել` տուն բարձրացավ:
Ասիկը, կապը կտրած շան նման, արագ պոկվեց տեղից ու նետվեց դեպի դուռը.
— Եթե ճնշումն էլի ընկնի, դու կսրսկես: Համ էլ ոնց որ տակն արել ա…
Զարուհին համոզված էր` վերջին նախադասությունը զարմուհին առանձնահատուկ հաճույքով արտասանեց ու շրխկացրեց մուտքի դուռը:
“Երանի լիֆտում էլ մնա, կախարդ”,- մտածեց ի պատասխան ու վերադարձավ հիվանդի մոտ.
— Հիմա լավ ե՞ս, Զարիկ մորքուր: Մի քիչ մսաջուր պիտի խմես, որ ես չջղայնանամ:
Ծեր կինը փորձեց հակառակել, բայց պարտադրված հավանությամբ փակեց աչքերը:
Օր-օրի նիհարող մորաքույրը, միևնույն է, ծանր էր: Զարուհին անտրտունջ փոխեց անկողինը, մաքրեց ու լվաց ամոթից ու անզորությունից դեմքը ափերով ծածկած երբեմնի փառահեղ կնոջ մարմնի ավերակները:
Երբ հիվանդն սկսեց նիրհել, Զարուհին բացեց համակարգիչն ու լարված սկսեց ինչ-որ բան փնտրել: Սպասեց, ետ ընկավ աթոռի թիկնակին, վեր կացավ:
Ճռճռացող հատակի վրա դրոշմվող անհանգիստ քայլերը հանկարծ ընդհատվեցին, և նա կանգ առավ: Վերցրեց հեռախոսն ու զանգեց:
— Ասիկ,- հուզված էր ու լարված,- էս ի՞նչ դեղ ես տալիս, դու գոնե գիտե՞ս…
Երևի նրան խանգարեցին: Մի պահ քարացավ տեղում, հետո մեքենայաբար հեռախոսը շպրտեց բազմոցի վրա ու գնաց դեպի պատուհանը. օդանցքը պիտի բացեր:
Դեպի գիշեր շտապող երեկոն արդեն հանգցնում էր քաղաքի լույսերը: Սենյակի ներսում իր ծխախոտի մարմրող կարմիրն էր ու մթությունը:
“Ինչ ես գոռում… Նրան մի երկու օր բան ա մնացել… Չես հասկանու±մ, որ մեռնում ա…Ամեն ինչ քեզ ա թողել, դու էլ մտածի…”,- ականջներում Ասիկի սպանող բառերն էին և հետոի խլացնող լռությունը, որ ստիպում էր հավատալ, թե սենյակում էլի բան կա` մահը:
“Մի՞թե չգիտեի…”:
Զարուհին կամացուկ վառեց միջանցքի լույսն ու պառկեց ճաշասենյակի բազմոցին:
Նա գիտեր, որ չի քնելու:

II
Զգում էր, որ մրսում է: Ձեռքերը սահեցին մարմնի վրայով: Ծածկոցը չկար: “Մոռացել եմ”,- աչքերը փակ մտածեց և հասկացավ, որ արթուն է: Ուրեմն`քնել է: Կոպերն իրենք բացվեցին: Մթության մեջ, մեկուկես-երկու մետրի վրա, հավանաբար օդում իրոք ինչ-որ բան կար: Մթությունը սեղմեց բիբերն, ու նա տեսավ:
Հսկայական կատու էր, չէ` բու, կամ` երկուսը միասին: Կենդանու բաց կանաչ հայացքը հորատող սայրի նման մխրճվել էր արթնացողի աչքերի մեջ` կաշկանդելով պառկածի մարմինը:
“Հնարավոր չի, աչքիս ա երևում”,- վայրկյանի որ միլիոներորդ մասում հասցրեց մտածել որևէ օբյեկտիվ բացատրություն փնտրող ուղեղն, ու փակեց աչքերը:
“Հիմա նորից աչքերս կբացեմ ու կհամոզվեմ, որ ոչինչ չկա”:
Զարուհին, չգիտես ինչու, սկսեց տենդագին հաշվել կողոսկրերին բախվող սրտի ուժգին հարվածներն, ու ոստյունի պատրաստվող կատվառյուծի արագությամբ դարձյալ ետ հրեց կոպերը:
Կատվաբուն տեղում էր:
Սարսափն արդեն նյութական էր ու անմեկնելի: Նա գիտակցեց, որ չի կարող անգամ գոռալ: Սակայն ուղեղի անվերծանելի համակարգիչը հասցրեց երկու բան.
1. “Կատվաբու` նույնիսկ անուն դրեցի”;
2. “Սարսափ երազներիս նման… Ուզում եմ գոռալ, բայց բառ անգամ չեմ կարողանում արտաբերել”:
Նորից սեղմեց կոպերը: Սրտի զարկերն արդեն լսելի էին ու ցնցում էին ասես անդամալույծ մարմինը:
“Գերհոգնած եմ: Մթության մեջ չկա ոչինչ ավելի, քան ցերեկվա լույսի տակ”,- մտաբերեց ինչ-որ տեղ կարդացած խոսքերն ու, արդեն գիտակցաբար, բացեց աչքերը:
Կատուն սպասում էր:
Զարուհին երևակայեց, թե ինչպես է սեղմում բռունցքներն ու որոշեց աչքերն այլևս, ոչ մի պարագայում չփակել: Չմտածելու, ուրեմն` չվախենալու համար վերսկսեց սրտխփոցի ընդհատված հաշիվը:
“Սա ընդամենը կատու ա: Վախի աչքերը միշտ էլ մեծ են”:- Մտածեց ու ինքն էլ չհավատաց:
— Կուզե՞ս քեզ համար երգեմ,- կատվի տենորը շոյեց թմբկաթաղանթները` էլ ավելի հիպնոսելով անօգնական մարմինը:
Կատուն էլի սպասեց:
— Երկա՞ր ես քեզ համոզելու, որ չկամ… Սովորաբար ես այսքան չեմ սպասում, առնվազն անհարգալից է …
Զարուհին մտածեց, որ գուցե պարզապես երազ է, կամ դրա պես մի բան և որոշեց ընդունել մարտահրավերը: Ճիգով ձեռքն առավ անհնազանդ մարմինն ու նստեց:
— Այ դա լավ է, չնայած դողում ես: Ասեմ, որ նորմալ է: Դու քաջ աղջիկ ես: Շատերը հիստերիկ ձայնարկություններ կարձակեին ու պատեպատ կդիպչեին:- Կատուն նստեց բազմոցի ծայրին:- Ասածս կարող ես հաճոյախոսություն համարել:
“Զարիկ մորքուրը”,- խփեց ուղեղում:
— Մորաքույրդ քնած է: Նրանք գնալով ավելի երկար են քնում:
Զարուհին դանդաղ դադարներով թեքեց պարանոցն ու ակնդետ կատվին նայեց.
— Ես քեզ գիտեմ: Բուլգակովի….
— Չէ, չէ,- կատուն ընդհատեց նրան,- Միխայիլ Աֆանասյեվիչն այստեղ կապ չունի: Կներես, չներկայացա, բայց ասեմ, որ ես Բեգեմոտը չեմ, առավել ևս այն թիթիզ Չեշիրյան կատուն:
Գիշերային հյուրը երկար ու փարթամ պոչը գցեց ոտքին ու վիզն ինքնահավան ձգեց:
Զարուհին բարձրաձայն ծիծաղեց ու զարմացավ իր վրա. “Խելքս թռել ա”:
— Քեզ դուր է գալիս այն, ինչ ապրում ես,- կատուն կարծես չվիրավորվեց:
— Կյանքը՞:
— Եթե կյանք ես անվանու՞մ, ապա` այո…
Զարուհին լռեց:
— Կուզե՞ս մի քիչ զբոսնենք:- Կատուն հետևեց զրուցակցի` հիվանդասենյակին ուղղված հայացքին ու շարունակեց:- Մի անհանգստանա, նրան ոչինչ չի պատահի:
Զարուհին ցանկացավ հավատալ ու չդիմադրել: Անհավանական երևույթների ակնկալվող ընթացքը թեթև գլխապտույտ էր առաջացրել, արբեցնում էր: Թմբիրում բանտարկված ըմբոստի նրա ոգին այլևս արթուն էր ու խենթ.
“Ինչ լինելու է, թող լինի”:
— Արի իմ ետևից, միայն թե ինքնախղճահարության վրա ժամանակ չվատնես,- շտապեցրեց կատուն:
— Դու կարդում ես մտքերս, դա ազնիվ չի:
— Ես դա չեմ էլ խոստացել,- առանց ետ նայելու` պատասխանեց հիմա էլ պոչը թևին գցած կատուն:
Նա անձայն բացեց դուռը, հետո սեղմելով վերելակի կոճակը`դիմեց ուղեկցին.
— Կարող ես ամեն բան հարցնել, ես աննախադեպ բարի եմ:
-…և աննախադեպ համեստ,- Զարուհին անարձագանք ծիծաղեց աստիճանավանդակի ամայության մեջ և կատվի նման որոշեց սպասել իր հռնդյունի ետևից բարձրացող վերելակին:
Վերելակի մեջ լույս կար, և աղջիկը ցանկացավ ավելի լավ զննել անիրական ուղեկցին:
-Կարելի է կարծել, թե աննախադեպ համեստը դու ես,- կատուն կարծես նեղսրտեց:
Զարուհին փախցրեց հայացքը:
Հանկարծ վերելակը կանգնեց, սակայն դռները չբացվեցին: Կատուն սյան նման տնկեց պոչը, և վերելակի առաստաղը պոչի հարվածից բացվեց:
— Կարո՞ղ ես վերև բարձրանալ,- արդեն վերելակի տանիքից ձայնեց գիշերային հյուրը:
Զարուհին, մեջքը հենելով վերելակի մի պատին, և ոտքերով հրվելով հադիպակաց պատից, ի զարմանս իրեն, կարողացավ վեր մագլցել` օգտագործելով նաև հնամաշ վերելակի բազմապիսի ու բազմաթիվ ճեղքերը:
— Կեցցես,- կատուն հաճույքով մռռացրեց և մեկնելով բազմագործառութային պոչը` օգնեց հասնել վերելակի կտուրին:
Աղջիկը խորը շունչ քաշեց, թափ տվեց փոշոտված տաբատն ու նայեց կատվին.
— Հետո՞…
Կատուն կանգնեց վերելակի տանիքին, փորի փափկամազի միջից բանալիների տրցակ հանելով` ինչ-որ դուռ բացեց ու ներս մտավ: Հետո շրջվեց ու ոչինչ չասաց:
Զարուհին մի պահ վարանեց, կարծես` երկնչեց, սակայն քայլ արեց.
— Գալիս եմ:
— Քո որոշումն է: Հիշիր` ես ոչինչ չեմ պարտադրում,- կատուն շողոքորթ ժպտաց:
— Ես դրան “պատասխանատվությունից խուսափել եմ ասում”,- հակադարձեց աղջիկը:
— Քո աշխարհում,- եզրափակեց կատուն:
Երևի երկար քայլեցին ինչ-որ բետոնապատ միջանցքներով: Զարուհին դեռ հաշվում էր` հիմա արդեն քայլերը: Ամեն քսան քայլից աջ և ձախ կողմերում վառվող լապտերներ կային: Լուսումութի միջանցքն անսպասելի ավարտվեց:
Նրանք բլրի գագաթին էին:
Ներքևում աղմուկ էր:
“Շուկա է”,- մտածեց աղջիկը:
— Դրա պես մի բան,- ասաց կատուն ու սկսեց իջնել բլրասանդուղքով:
Ներքևում մարդիկ էին, բոլորը միադեմ: Նրանք եկվորներին չէին տեսնում: Ոմանք շտապում էին, հավանաբար` իրենց գործերով, ոմանք էլ զրուցում էին սալարկված փողոցի երկու կողմում տեղակայված բազմաթիվ սրճարաններում նստած:
— Սա հիմա դրախտն ա՞, թե՞ դժոխքը,- շարունակելով ընթանալ` գոռաց Զարուհին:
Նրան թվաց, թե իրեն այլ կերպ չեն լսի:
Կատուն չկանգնեց ու ետ չշրջվեց:
— Պրիմիտիվ է:- Ի պատասխան նա էլ գոռաց:- Հետո` նայած ու՞մ համար:
Զարուհին լռեց:
Շուտով մտան մի ընդարձակ հրապարակ, ուր բազմաթիվ արձաններ կային: Կատուն դրանցից մեկի մոտ կանգ առավ.
— Շոգ է: Ահավոր քրտնում եմ:
Նա փորի փափկամազի միջից օծանելիքի սրվակ հանեց ու սկսեց թևատակերին փչել:
— Դու էլ փչիր: Մարդկանց քրտնահոտն ավելի անտանելի է: Այստեղ այն, ցավոք, ամենուր է:
Զարուհին նախ քիթը մտցրեց թևերի տակ, հետո ուսերը թոթվելով` համենայն դեպս վերցրեց օծանելիքն ու ցայտեցրեց ուր պատահի:
— Քոնը լիներ, այդպես աջ ու ձախ չէիր փչի,- կատուն փութով ետ վերցրեց օծանելիքի սրվակն ու թաքցրեց փորի փափկամազի տակ:
Քրտնահոտն իսկապես ուժգնանում էր:
Զարուհին ծամածռում կամ ստեպ-ստեպ սեղմում էր քիթը.
— Որտեղի՞ց ա էս գարշահոտը:
— Արձաններն են “բուրում”,- հեգնեց կատուն:- Երկար մնալ չենք կարող: Նայիր, չե՞ս ճանաչում:
Արձանը փոքր էր ու անճոռնի:
Զարուհին լարեց տեսողությունն ու փորձեց որևէ բանից բռնվել:
Ասիկն էր` սպիտակ, ծեփապատ: Նա ինչ որ անշունչ, քարե արձանիկ չէր, նա կենդանի էր, նա շնչում էր:
Զարուհին քարացավ ու պապանձվեց:
— Խղճու՞մ ես,- կատուն ուրիշ կողմ էր նայում:
— Չէ:
Կատուն լուռ էր:
— Նախանձի մեկն ա: Մորքուրս ամբողջ ունեցվածքը ինձ ա կտակել, դրա համար էլ ինձ տանել չի կարողանում,- Զարուհին խոսելու ցանկություն զգաց:- Ինքն էր ուզում էդ ժառանգությունը: Ես ինքս ոչինչ չեմ խնդրել, մորքուրն ա որոշել: Շուտով երեք ամիս ա խնամում եմ, չէի ասի, որ շահից ելնելով….
Կատուն հազաց կամ մաքրեց կոկորդը:
-Ասիկին էլ ա շատ բան տվել` ոսկեղեն, փող… Առանց տալու էլ ա վերցրել` մորքուրի տկարությունն օգտագործելով: Հիմա էլ նախանձից մեռնում ա:
— Լավ, լավ,- կրկնվում ես:- Կատուն ձանձրույթից հորանջեց ու շարունակեց:- Ցած նայիր:
Զարիկը կախեց հայացքն ու զզվանքից ճչաց.
— Թուու՜… էս ի՞նչ կեղտ ա…
— Կարող ես վերցնել ու շպրտել զարմուհուդ վրա ինչքան սիրտդ կուզի: Նա քեզ չի տեսնում:
Աղջիկը հապաղեց: Նայեց ձեռքերին, հետո` դեղին, կիսահեղուկ զզվելի զանգվածին, սակայն ետ գցեց գլուխն ու կռացավ: Մի անգամ, երկու անգամ, անհաշիվ…
Ասիկն այլևս սպիտակ ծեփապատ արձանիկը չէր:
Զարուհին հևում էր:
— Կարո՞ղ ենք գնալ,- ասաց կատուն` նայելով ընկերակցի ուժասպառ հոգնությանը:
Աղջիկն ուղղեց կորացած մեջքն ու մի ոտքը պոկեց գետնից: Գետինը մաքուր էր` ծեփապատ ու սպիտակ:
Զարուհին տնտղեց նաև ձեռքերն ու կոշիկները: Կեղտի հետք անգամ չկար:
— Այ, տեսնու՞մ ես` ինչքան մաքուր ես:
Կատուն առաջ անցավ:
Աղջիկը հասկացավ, որ վերադառնում են:
Վերելակի տանիքին կատուն նրան հրաժեշտ տվեց.
— Բարի գիշեր,- ու հեռացավ:
Զարուհին զգաց, որ մեռնելու չափ հոգնած է և քնել է ուզում: Միայն մի ակնթարթ մոտեցավ մորաքրոջ սնարին, լսեց նրա անհանգիստ շնչառությունն ու արագ փլվեց կենարար բազմոցին:
Օդանցքի քառակուսու մեջ դեռ լուսին կար:

III
Արևն աչքերը խուտուտ է տալիս: Արթնացավ: Առույգ է ու անպատճառ զվարթ:
Մորաքույրն արթուն էր:
Զարուհին հասկացավ, որ չափազանց երկար է քնել ու վատ զգաց:
— Կներես, Զարիկ մորքուր, չհասկացա` ոնց եմ քնել:
— Ոչինչ,- ներողամիտ ժպտաց պառավը:- Ես էլ էի քնել: Հենց նոր զարթնեցի:
Աղջիկն զգաց, որ մորաքույրը ստում է: Նա սովորականից ավելի արագ ու անբացատրելի քնքշանքով հոգ տարավ հիվանդին, խնամեց ու կերակրեց նրան:
Հիվանդն անսպասելի վեր կացավ և անգամ քայլեց սենյակում:
Ամբողջ օրը Զարուհին ժպտում էր: Միայն լոգարանում, ծեր կնոջը լողացնելիս, անմեկնելի մի զգացում սողոսկեց սիրտն ու խաթարեց ոգեղեն հովվերգությունը: Այդ օրը նա այլևս չժպտաց: Մորաքույրը միայն անխոս քննեց զարմուհու դիմախաղի փոփոխությունն ու ինքն էլ լռեց:
Զարուհին վերհիշեց անցած գիշերվա անհեթեթ երազն ու սպասեց գիշերվան:
Ամեն ինչ պատրաստ էր: Այսօր ծածկոցը չէր մոռացել:
Չքնեց: Լուսինն իր տեղում էր` օդանցքի քառակուսու մեջ: Ամուր սեղմեց կոպերն ու սպասեց:
Ժամանակն է: Զգում էր: Բացեց աչքերը:
Կատուն եկել էր: Նա դարձյալ կարծես օդում լիներ:
Զարուհին նստեց տեղում, հետո կռացավ ու սկսեց զննել հատակի և կատվի միջև տարածության հատվածը: Կատուն օդում էր, բայց պոչի վրա նստած:
— Էդպես յոգերն են անում, երբ ուզում են միամիտներին համոզել` իբր լեվիտացիայի շնորհ ունեն,- աղջիկը ժպտաց:
Կատուն նստեց բազմոցին.
— Բարի գիշեր:
— Բարի գիշեր,- արձագանքեց Զարուհին և զգաց` կատուն ինչ-որ բանի է սպասում:
Լռությունը ճպուռի թևերի նման զարնվեց օդանցքի ապակու մեջ լուսնի արտացոլանքին և ընկավ ցած:
— Գուցե՞ անպատեհ եկա,- վերջապես կատուն վեր կենալու արհեստական փորձ արեց:
— Ես հասկացա, հասկացել եմ,- աղջիկը կասեցրեց նրան:
— Եվ ի՞նչ…
— Գիտեմ, որ իմ գլխում ես, բայց կասեմ: …Ուրիշի վրա կեղտ շպրտելով` դու ավելի մաքուր չես դառնում…
— Հետո՞…
— Ուրիշի վրայի ախտը լվանալով միայն կարող ես ինքնամաքրվել:
Կցկտուր էր խոսում ու դանդաղ, յուրաքանչյուր հնչյունը ձայնալարերից պոկվում էր ինչպես թաց վերքի վրա չորացած վիրակապը:
— Կեցցես,- կատուն շփեց բոլոր չորս թաթերն ու թեքվեց խոսակցի կողմը:- Դու ինձ իսկապես դուր ես գալիս: Իսկ եթե գտնում ես, որ իմ այս, մեղմ ասած, անհամեստ ծավալներով կարող եմ տեղավորվել քո այդ փոքրիկ գլխում, թող այդպես լինի:
Զարուհին հոգոց հանեց ու կախեց ուսերը:
— Գնա՞նք զբոսնենք,- կատուն այլևս պատասխանի չսպասեց:
Վերելակի տանիքը կարծես երեկվանից ցածր էր: Լուսումութի բետոնե միջանցքն էլ առաջվա նման երկար չէր: Փողոցը նույնն էր, նույնն էին նաև անդեմները:
— Սուրճ կուզե±ս:
Նստեցին մոտակա սրճարանի սեղաններից մեկի մոտ: Կատուն շարունակեց.
— Այստեղ սուրճն անվճար է, միայն բաժակի համար են վճարում:
— Ես դեռ էս անհեթեթություններին չեմ հարմարվում, բայց հետաքրքիր ա:
— Ինչը՞,- հետաքրքրվեց կատուն:
— Դեեե՜,- ձգեց Զարուհին,- մի բաժակ միշտ էլ կարելի ա գրպանում պահել:
Կատուն անթաքույց հաճույքով շոյեց բեղերն ու ձեռքերը մտցնելով փորի փափկամազի մեջ` երկու բաժակ հանեց:
Սուրճը համեղ էր:
— Երևի այնուամենայնիվ դրախտը սա ա,- Զարուհին կրկնեց երեկվա իր հռետորական արտահայտությունը:
Կատուն փռթկացրեց, հետո ներողություն փնթփնթաց բեղի տակ ու նայելով դատարկված բաժակի պատերից կառչած սուրճի մրուրին` ասաց.
— Եթե անվճար սուրճը վճարովի բաճակի մեջ կարելի է դրախտ անվանել, ուրեմն այդպես է:
— Եվ էսքան բանից հետո մարդիկ չեն ուզում մեռնել, մեռնում են անտեղյակությունից,- մրուրը տնտղելով` շարունակեց աղջիկը:
— Տարիների հետ ապրելը սովորություն է դառնում, իսկ սովորություններից այնքան էլ հեշտ չեն հրաժարվում, ինչպես ես` պոչիս վրա նստելուց:
Երկուսն էլ քրքջացին:
— Մի ծեծված հանելուկ ասեմ, գուցե` սոփեստություն կամ պարադոքս, ինչպես քո աշխարհում են ասում:
Զարուհին բաժակը մի կողմ հրեց, արմունկները հենեց սեղանին ու ձեռքերը ծալեց ծնոտի տակ:
Կատուն շարունակեց.
— Որքան պանիրը շատ է, այնքան շատ են նրա միջի անցքերը: Որքան շատ են անցքերը, այնքան պանիրը քիչ է: Արդյունքում` որքան շատ է պանիրը, այնքան քիչ է պանիրը:
Աղջիկն էլի ծիծաղեց.
— Ցնդաբանություն…
— Չգիտեմ, չգիտեմ…,- երկարացրեց կատուն:
Հետո փչեց բաժակների մեջ, մաքրեց չորացած մրուրն ու դրանք մտցրեց փափկամազի մեջ.
— Կուզե՞ս կենդանաբանական այգի գնանք:
— Էստեղ գազանանոց էլ կա՞…
— Գազաններ ամենուր էլ կան, նրանց համար այգու առկայությունը պարտադիր չէ,- կատուն դարձյալ ինքնագոհ ձգեց վիզն ու առաջ ընկավ:
Այգին բավականին ընդարձակ էր ու տաղտկալի: Զարուհին հոգնել էր.
— Ես կարծում էի` գոնե այստեղ վանդակներ չեն լինի:
— Վանդակներ ամեն տեղ էլ կան: Սրանք այգու բնակիչներին այցելուներից պաշտպանելու համար են:
— Իսկապե՞ս,- աղջիկը ծիծաղեց, հետո տխրեց:- Մեզ մոտ… չգիտեմ էլ` ինչ ասեմ: Ես քեզ մեր գազանանոցը չէի տանի:
— Ինչու՞,- կատուն երևի ցանկացավ խորհրդավոր երևալ:
— Գայլի աչքերին չէի կարողանում նայել: Նրա վանդակն այնքան նեղլիկ էր, որ խեղճը հազիվ մեկ մետր տրամագծով պտույտ էր կարողանում անել, որպեսզի պարզապես չսատկի ճաղերի ետևում` բետոնի վրա: Նա այլևս գայլ չէր: Գայլը… ես էի, որ վճարել էի նրան վանդակի այս կողմից տեսնելու համար:
— Սենտիմենտներ, սենտիմենտներ, սենտիմենտներ… Տեսնենք, տեսնենք,- կատուն կանգ առավ մի գրեթե աննշան վանդակի մոտ ու սպասեց ետ ընկնող ուղեկցին:
Ցանցապատ վանդակի հատակին մի կանաչ ճպուռ էր նստած: Նրա թպրտոցից վանդակը ցնցվում էր, բայց քանի որ ամրացված էր մարմարե պատվանդանին` չէր ընկնում:
— Կենդանաբանական այգին վերջացավ և սկսվեց գազանանոցը,- հեգնեց Զարուհին:
— Անտարակույս,- հաստատեց կատուն:- Պարզապես վաղուց, շատ վաղուց մի հիմար աղջիկ` Զարուհի անունով, գրազի համար կտրեց այս ճպուռի թևերի մի զույգն ու գրազը տարավ:
Աղջիկը դանդաղ շարունակեց.
— Երկու “Սնիկերս”…
Նա անզոր նստեց մարմարյա անցուղու վրա և գլուխը հակեց:
— Սենտիմենտներ, սենտիմենտներ, սենտիմենտներ…,- կատուն միացավ նրան:- Կարող ես ճպուռին բաց թողնել:
— Ի՞նչ իմաստ ունի, եթե թռչել չի կարող,- անզոր հակադարձեց աղջիկը:
— Կարծում եմ` ազատությունը բոլորին է պետք, համենայն դեպս նրանց, ովքեր գիտակցում են նրա գինը:
Զարուհին դանդաղ ոտքի ելավ և ինչ-որ փականներ դեսուդեն անելով` բացեց ճպուռի վանդակը:
Միջատը թևաթափ դուրս սողաց և հանկարծ վեր սլացավ: Մի պահ միայն նրա թևերի բաց կանաչը երևաց մոխրագույն երկնքի սավանի վրա ու անհետացավ:
Զարուհին հասկացավ, որ արտասվում է:
— Ժամանակն է:- Կատուն դարձյալ չսպասելով ուղեկցին` առաջ անցավ:
Սալարկված փողոցը, լուսումութի միջանցքն ու վերելակը մնացին ետևում: Առջևում` մորաքրոջ անհանգիստ շնչառությունը, բազմոցն ու այնքան սպասված քունն էր:

IV
— Շատ ես տխուր, բալա, քեզ նեղացնում եմ, չեմ մեռնում,- հիվանդը բռնեց զարմուհու մարմնից կարծես անկախ ձեռքն ու տարավ շուրթերին:
Զարուհին շանթահարի պես ձեռքը ետ քաշեց ու նստեց ծեր կնոջ մահճակալին.
— Մյուս անգամ էլ տենց բաներ չասես,- լցրեց աչքերն ու փախավ պատուհանի մոտ` ծխախոտի ետևից:
Ու՞մ էր ավելի շատ խղճում` իրե՞ն, թե՞ պառավին… Չգիտեր: Պարզապես այսօր ավելի հոգատար էր:
— Ասիկը չզանգեց, չեկավ,- տնքաց մորաքույրը:
Զարուհին, որ ննջարանի փոշին էր մաքրում, մի պահ քարացավ տեղում, ապա շրջվելով մորաքրոջ կողմը` ասաց.
— Զարիկ մորքուր, երևի ժամանակ չունի, աշխատում ա, հո ինձ նման անգործ չի…
-Պա՜հ,- չհամբերեց պառավը,- ինքը քեզ չէր պաշտպանի:
Արձագանք չստանալով` հիվանդը լռեց, ավելի շուտ` վերադարձավ իր միապաղաղ տնքոցին:
Աղջիկը գիտեր` գլուխն այրվում է տենդի մեջ եփվող մտքերից: Նախորդ երկու գիշերների իրադարձությունները չէին կարող իրական լինել, բայց այնքա՜ն իրական էին ու մանրամասնորեն հիշելի: Նա և սպասում և վախենում էր վերահաս նոր գիշերից, չգիտեր` քնությունի±ց, թե± անքնությունից:
Գիշերը չուշացավ: Այն ինչպես միշտ ժամանակին եկավ ու լուսնի հետ թառեց օդանցքի շրջանակի վրա:
Զարիկը չպառկեց: Նա լարեց ականջները` սպասելով վերելակի տնքոցներին:
— Սպասու՞մ ես,- դեռ միջանցքից ձայնեց գիշերային այցելուն ու մոտեցավ բազմոցին:
Զարուհին սպասեց մինչև կատուն նստեց բազմոցի ծայրին ու պոչը գցեց ոտքին:
— Բարի գիշեր,- այս անգամ աղջիկն սկսեց:
— Բարի գիշե՜ր,- ձգեց հյուրը:
— Ես գիտեմ, որ պատասխանի ես սպասում, չնայած հարցեր չես էլ տվել ու ես էլ քո առջև հաշվետու չեմ:
— Ագրեսիվ է, բայց անկեղծ, իհարկե, ինչ որ մի կատվի առջև հաշվետու լինել` աբսուրդ է: Ես կարող եմ գնալ, որովհետև ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ, նաև` դու:
— Վերջացրու հա±,- Զարուհին ափերով բռնել էր գլուխը,- գոնե ձևեր մի թափի:
Կատուն ոչինչ չասաց, անգամ չմռռացրեց:
— Դե հիմա լսի, չընդհատես,- աղջիկը հոգոց հանեց ու կախեց հայացքը:- Պանրի հանելուկը, գիտեմ, հասկացել եմ, դու ոչինչ հենց այնպես չես ասում: Դե լսիր, մի քիչ հուզվում եմ, կներես, մենք իմիջիայլոց անդեմ չենք…
Կատուն ևս ներքև էր նայում `սևեռուն ու անթափանց:
Զարուհին նրա կողմը նայեց ու շարունակեց.
— Կներես… Հա… Պանիրը… Կյանքը… Որքան շատ ենք ապրում, այնքան կյանքը դառնում է դատարկ օրերի ու տարիների հարատևող քանակ … Եվ ուրեմն`որքան շատ ենք ապրում, այնքան քիչ ենք ապրում:
Զարուհին շունչ առավ ու ուղղեց մեջքը.
— Մի բան էլ. ուրիշների փոխարեն չորոշես երբեք: Դու սա էիր ասում, չէ՞, ճպուռի ազատության մասին խոսելիս: Ամեն բան պիտի որոշեն ճպուռները,- դադար:- Չնայած` նրանց թևերը մի օր էլ ժամանակն է կտրելու: Ասում են` դա բնական է:
— Գնա՞նք,- կատուն կտրուկ բարձրցավ տեղից:
Սրճարանն ու փողոցը դատարկ էին: Ոչ ոք չկար:
— Չես զարմանու՞մ,- հարցրեց կատուն` թևին գցելով ամենաշնորհ պոչը:
— Միթե՞ էստեղ որևէ բանի վրա կարելի է զարմանալ…
— Լավ չէ,- շարունակեց կատուն,- դադարել զարմանալ նշանակում է դադարել ապրել:
— Իսկ միթե՞ ես ապրում եմ: Թևերը պոկված ճպուռի նման նստել եմ վանդակում և սպասում եմ…
— Դու ճպուռ չես, և հետո ընթացքի ժամանակ այդքան երկար չեն խոսում, ես էլ եմ հոգնում վերջապես:
Զարուհին չնեղացավ, որովհետև հասկացավ, որ ոչինչ չի զգում:
Հասան բարձր պարիսպներով աքցանված մի տարածքի ու կանգ առան:
— Մի քիչ նստելը չէր խանգարի,- ասաց կատուն ու պոչը սյան նման խրեց հողի մեջ:
— Ես պոչ չունեմ, ես գետնին կնստեմ:
Չորսբոլորը գետնատարած տուփերի նման հողաշեն շինություններ էին` միագույն ու միաչափ:
— Եվ այսպես,- սկսեց կատուն,- եթե դու ճպուռ չես, ինչո՞ւ ինքդ չես բացում վանդակդ, դու` ազատության սիրահարդ, գայլերի ազատության համար լռելյայն պայքարի ազատամարտիկդ…
— Համարենք` հեգնանքդ չլսեցի, որովհետև դու ընդամենը կատու ես, ճիշտ է` խոսող, կիրթ, ես կասեի` մտավորական կատու, բայց…մարդ չես: Իմ աշխարհում առանց փողի ազատություն չի լինում,- աղջիկը բերանում սեփական խոսքերի դառնությունն զգաց:
— Հըմ…,- մռռացրեց սյան վերևից նայող զրուցակիցը,- ուրեմն` քո ազատությունը մորաքրոջդ մահն է, պարզապես չես ուզում խոստովանել, որ դա այդպես է:
Զարուհին տնքաց:
— Ժառանգությանն ես սպասում,- կատուն շարունակեց խոսել:
— Տունը կվաճառեմ ու կգնամ ուր աչքս կտրի, կփախչեմ, չգիտեմ, ծով եմ սիրում:- Աղջիկը ցուցամատով սկսեց գետնին ինչ-որ բաներ խզմզել:- Ծովը կոտրում ա էս երկրի ձգողականությունը, գոնե էնտեղ ազատությունը շոշոփելի ա:
— Ազատության րոպեն կփոխե±ս հավերժության հետ,- կատուն խորամանկ մռռացրեց:
— Դա ի՞նչ կապ ունի,- Զարուհին վերջացրեց խզմզոցը, գրկեց ծնկներն ու վեր նայեց:
— Չգիտեմ, չգիտեմ…
— Էլի քո հանելուկները, հոգնել եմ:
— Գիտեմ, ես ուղղակի ուզում էի քեզ ցույց տալ գերեզմանոցը հակառակ կողմից, այսինքն` տակից:
Զարուհին պտտեց հայացքը. Շրջված տուփերն իրականում ուղղանկյուն և քառակուսի հողաթմբեր էին:
— Եթե ինչ-որ հրաշքով մորաքույրդ չառողջանա, մի քանի օրից այստեղ կլինի:
Աղջիկը ոչինչ չասաց: Նա շրջվեց ու քայլեց վերադարձի ճանապարհով` մենակ` առանց կատվի: Սրճարանների մոտ կատուն իրեն հասավ.
— Ես ավելի արագ կարող էի գալ, պարզապես սպասում էի, որ գոնե մի անգամ ետ կնայես:
Զարուհին կանգ առավ, երկար կատվին նայեց ու մտածեց, որ ի վերջո կարելի է նաև քաղաքավարի հրաժեշտ տալ կատվազգի փիլիսոփային և քայլեց դեպի սրճարանի աթոռները:
— Սուրճ կխմե՞ս,- հարցրեց կատուն ու ձեռքը տարավ դեպի փորի փափկամազը:
— Չէ:
— Իսկ խաղո՞ղ…
— Խաղո՞ղ,- կրկնեց աղջիկը:
— Գնանք, կտեսնես:- Կատուն առաջ չընկավ, նա սպասեց մինչև աղջիկը վեր կկենար:
Սրճարանի հենց ետևում մարգագետին կար: Փարթամ կանաչի մեջ ոչխարներ ու այծեր կային` սպիտակ ու սև:
Երբ մոտեցան, Զարուհին սկզբում ժպտաց, հետո սկսեց քահ-քահ ծիծաղել. գառների հետույքներից ու այծերի կրծքերի տեղում խաղող էր կախված:
— Գառան դմակ և իծապտուկ,- աղջիկը փորը բռնեց,- վայ, ես մեռա…
— Այստեղ խաղողը փողով չէ, կեր ինչքան սիրտդ կուզի, վճարում են միայն….
— Ամեն ինչի համար էլ վճարում են,- Զարուհին հանկարծ լրջացավ ու տխրեց:- Իմ ազատության գինը մորաքրոջս կյանքն ա:
Նա կռացավ ոչխարներից մեկի մոտ, շոյեց մետաքսանման բուրդն ու շարունակեց.
— Չէ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ…
Հետո կատուն էլի ինչ-որ տեղ տարավ, ասաց` հրաժեշտի պտույտի:
Աղջիկը նորից ծիծաղեց ու նորից լաց եղավ:
Վերելակի տանիքին երկար նստեցին, և առաջին անգամ կատուն բռնեց Զարուհու ձեռքը.
— Քեզ երկու բան եմ ուզում նվիրել:
Նա փորի փափկամազի տակից մետաղյա, փայլուն, մատանու նման օղակ հանեց ու դրեց աղջկա ափի մեջ:
— Հուդայի երկրում սրան “սոմեխ” են ասում, սա քոնն է:
— Վրացերեն` հա՞յ…,-Զարուհին մերթ օղակին, մերթ կատվին նայեց:
— Եբրայերեն` սատարում… Թվային նշանակությունը 60 է:
Աղջիկը չհասկացավ:
— Ուզում եմ նաև երգել քեզ համար, — անսպասելի շարունակեց կատուն:
— Գիշեր ա, բոլորին կարթնացնես:
— Իմ երգը բոլորի համար չէ,- պնդեց կատուն:- Լսիր ու հիշիր: Երբ երգես, բոլոր հիվանդները կառողջանան, ու ցավը կչքանա:
Եվ… կատուն երգեց:
— Սովորաբար իմ երգը քնեցնում է, դու չես քնում:
— Մի օր կքնեմ`երկա՜ր-երկա՜ր,- երազկոտ ձգեց աղջիկն ու գլուխը դրեց կատվի ուսին:
— Եբրայացիներն ասում էին`քունը մահվան 1/60 մասն է:
Հետո կատուն փափկամազի միջից մի տեսախցիկ հանեց ու սկսեց լուսանկարել վերելակի տանիքին նստած, ոտքերն ու պոչը հենց այնպես ճոճող տարօրինակ արարածներին:
Մի պահ Զարուհին հասկացավ, որ մենակ է: Կատուն չկար:
Առանց մտածելու հասավ բազմոցին ու քնեց:

V
Արթնացումը ծանր էր:
Մորաքույրը չէր տնքում:
Զարուհին վազեց դեպի հիվանդի մահճակալն ու բռնեց զարկերակը. սիրտը շատ արագ էր աշխատում:
— Զարիկ մորքուր,- ահաբեկված համարյա գոռաց ծեր կնոջ ականջին ու սպասեց:
Հիվանդը կարծես տնքաց:
— Ճնշումը… ճնշումը…,- դողդղալով ճնշումաչափի թևնոցը հագցրեց և նայեց ցուցմունքին: — 70-40,- ինքն իր հետ էր խոսում,- “Դեքսամետազոնը”…
Հենց թևից էլ սրսկեց: Հետո էլի սպասեց:
Հիվանդի շնչառությունը դանդաղեց, դանդաղեցին նաև սրտի զարկերը.
— Ճնշումը բարձրացավ:
Հիվանդն անարձագանք էր: Նա երբեմն ետ էր հրում վերմակը` կռիվ տալով ծածկոցի` ասես վանդակի հետ: Հետո երևի համակերպվում էր` գուցե այլընտրանք չտեսնելով: Սակայն շուտով պայքարը նոր թափով էր վերսկսվում` համառ, ինչպես կենաց ու մահու կռիվը:
Զարուհին պտտվում էր սենյակում` անզոր թափահարելով կարծես կոտրված թևերը:
— Կատուն…. Կատվի երգը…,- հանկարծ նա շեշտակի կանգ առավ ու նայեց հոգեվարքում մարտնչող մորաքրոջը:
Նորից քայլեց` գայլի նման պտտելով իր մեկմետրանոց տրամագիծը: Էլի կանգ առավ, էլի քայլեց…
“Պիտի երգեմ, երգեմ, երգեմ…”,- լսում էր քունքերի թակոցը:
Հիվանդն սկսեց հևալ:
“Ճնշումը նորից ընկնում ա…”:
Նա անուժ չոքեց հիվանդի մահճակալի մոտ, բռնեց պառավի չորացած ձեռքն ու …սկսեց երգել.
“Բայիկ արա, իմ Զարիկ,
Իմ լավ Զարիկ, իմ բալիկ,
Փափկամազիկ իմ փիսիկ…”:
Լսեց ինքն իրեն ու լռեց.
— Սա՞ էր կատվի երգը, ցնդել եմ…
Հանկարծ հիվանդը ձեռքը ետ քաշեց.
— Զարիկ, բալես…
Աղջիկը սարսափած վեր թռավ:
Մորաքույրն էր.
— Մի վախենա, ես եմ, բալես:- Դժվարությամբ, բայց խոսում էր:- Հիշում ես, քաղցրս: Էդ երգը քեզ համար էի երգում, օրորոցումդ, երբ հիվանդ էիր: Միայն էդ երգի տակ էիր քնում, բալես… Մեռնեմ քեզ…
Ծեր կինը փակեց աչքերը: Մի քանի անգամ շունչ առավ ու … շունչը տվեց:
Զարուհին անկողնուն հենված սահեց հատակին ու նստեց:
Մատին մորաքրոջ ոսկյա մատանին էր` եբրայերեն “սատարումի” նման, կողքին` խաղողի գլորված ափսեն` սյան վրա նստած թավամազ կատվի պատկերով ու ռուսերեն շրջանաձև մակագրությամբ. “Русские народные сказки”, “Кот Баюн”:

 

1 comment

    • Աշոտ on 26 Փետրվարի, 2015 at 1:50 ե.
    • Reply

    Նարինեի գրածը կարդալը ժամանակի անիմաստ , անվերադարձ կորուստ է…

Թողնել պատասխան

Your email address will not be published.