Լուսինե Մյուլլեր | ԱԴԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՄՈՌԱՑՎԱԾ ԿՐԱԿ» ՎԵՊԸ

Հայ դատի արդարացիությունը ապացուցող եւս մի երկ, որը 2002 թվականին ամերիկյան ընթերցողի սեղանին դրեց Վիլյամ Սարոյանի ազգական, ծագումով բիթլիսցի, այժմ նյույորքաբնակ՝ Ադամ Բաղդասարյանը։ Սա հեղինակի առաջին վեպն է, որտեղ ներկայացնում է իր մորեղբոր՝ Վահան (Վահրիդջ) Քենդերյանի պատմությունը։ Վահան Քենդերյանից հուշ մնացած ժապավենից Ադամ Բաղդասարյանը քաղում է նրա կենսագրական փաստերին վերաբերող մանրամասներ, որոնց շուրջ էլ հյուսում է սրտառուչ նյութը ։
Չտեսած երբեմնի հայրենիքի տեսլականը գրողի երեւակայության միջոցով կենդանություն է առնում։ Վեպը Բաղդասարյանը բացում է Բիթլիսի լավաշի ու մածունի, ծիրանենու, թզենու, ձիթապտղի անզուգական «բույրով». վաճառականների, «ծոցվոր» տաբատների, գլխածածկ կանանց, արեւաթուխ տների ու ոլորապտույտ լեռների, ամառային մեղմանուշ գիշերների գունաշող պատկերների նկարագրությամբ։ Էջեր ձգվող գույնզգույն պատկերները աստիճանաբար մթագնում են՝ տեղի տալով արյունռուշտ բարբարոսություններին։
12-ամյա Վահանը՝ բազմազավակ ընտանիքի ամենակրտսերը, ընդամենը մեկ ամսում զրկվում է ոչ միայն տաքուկ, բարեկեցիկ կյանքից, այլ՝ կորցնում հարազատներին մեկ առ մեկ։ Նրանց հոր՝ քաղաքի հայտնի փաստաբան Սարգիս Քենդերյանի ձերբակալությունից հետո, Վահանի ավագ եղբայները՝ Դիրանն ու Տավելը, սպանվում են թուրք զինվորների գնդակից՝ հենց տնեցիների աչքի առաջ։ Քույրը՝ Արմենուհին, ինքն իր կյանքին վերջ է տալիս՝ խուսափելով թուրք զինվորների բռնություններից։ Վահանը, քույրը՝ Օսկինան, եղբայրը՝ Սիսակը, մայրը, մեծ մայրը բռնում են գաղթի ճամփան։ Մեծ մայրը սպանվում է, Սիսակն ու Վահանը հրաժեշտ տալով մորն ու քրոջը փախուստի են դիմում դեպի Բիթլիս։ Մի կարճ ընթացք Վահանն ապաստան է գտնում Ալթունյանների տանը։ Օրեր անց փողոցում գտնում է մահամերձ Սիսակին, փորձում է փրկել, սակայն՝ ապարդյուն։ Միայնակ Վահանը դիմակայում է քաղցն ու ծարավը, կյանքի հատակը նետված, անպաշտպան հայ պատանուն բաժին հասած դառը փորձությունները։
«Մոռացված կրակ» վեպում հայ պատանու դիմադրական ոգին կարծես վեր է կանգնած անհատի անձնական ապրումներից ու հույզերից։ Այդ պայքարող ու հաղթող ոգու զորության պատկերումն է կարծես հեղինակի առջեւ ծառացած գերխնդիրը։ Ինչպես սփյուռքահայ արձակագիր Արմեն Դարյանն է նկատում իր երկերում. «… Եւ հայու ճակատագիրը չի պատմվիր… Եթե նույնիսկ փորձես պատմել, մարդ չի հավատա», նույնն էլ Բաղդասարյանի կերտած հերոսի պարագան է։ Օտարի աչքին հայի անիրական թվացող ճակատագիրը ոչ միայն «մանկությունէն զուրկ» սերնդի ողբերգությունն էր, այլ նաեւ հետագա՝ երկրորդ, երրորդ, ներկայիս չորրորդ սերնդի ողբերգությունն է։ Այն փոխանցվում է սերնդից սերունդ, դառնում նոր սերնդի չսպիացած, չարչրկված վերք։
Վեպը լավ ընդունվեց թե՛ հայ եւ թե՛ ամերիկյան գրական շրջաններում։ Ինչպես «Ճամփորդություն դեպի Արարատ» գրքի հեղինակ Մայքլ Առլեն Կրտսերն է նկատում իր գրախոսականում՝ ««Մոռացված կրակը» տպավորիչ է մի քանի տեսանկյուններից. այս պատմությունը ամուր է, հետաքրքրություն կլանող։ Ինձ շատ հմայեց սահմանափակ խառնվածքը եւ համարյա թե փաստացի առկա էմոցիան, որը գրքի ընդհանուր տոնն է կազմում։ Պերճախոս եւ հիասքանչ գիրք»։

5 comments

Skip to comment form

    • Aram Sepetjian on 20 Օգոստոսի, 2012 at 11:14 ե.
    • Reply

    Իբրեւ հրատարակուած գրական երկ ինծի անծանօթ է: Վերեւի գրութիւնը
    դրական տպաւորութիւն մը կը թողու
    ընթերցողին վրայ:Կը յուսամ գտնել գիրքը ու կարդալ զայն:

    • Հրայր Կարապետյան on 3 Սեպտեմբերի, 2012 at 1:37 ա.
    • Reply

    Հետաքրքիր աշխատություն է նաեւ ԱՄՆ-ում վերջերս բավական հատաքրքրություն առջացրած Քրիս Բոջալյանի Chris Bohjalian “The Sandcastle Girls” եղեռնի թեման ընդգրկող վեպը, որը հայտնվել է Նյու Եորք Թայմզի եւ այլ ամերիկյան “բեստ սելըր” գրքերի ցանկերում:

    • Անդրանիկ Հակոբյան on 12 Նոյեմբերի, 2012 at 5:49 ե.
    • Reply

    Հարգելի Լուսինե Մյուլլեր,
    Սիրելի Լուսինե,
    մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկը` ազգային ինքնորոշման գաղափարի համար երիտասարդությունը, այն էլ քանի տարի, խորհրդային քաղաքական ճամբարներում թողած Ռազմիկ Մարկոսյանը հուշեց, թե մի հրաշալի հրապարակում է եղել ,,Արդի պոեզիան…,,խորագրով և խորհուրդ տվեց անպայման կարդալ: Չհասցնելով ընկերոջս հետ մտորումներով կիսվել, շտապում եմ Ձեզ հայտնել իմ շնորհակալությունը:
    Ինձ դուր եկավ Ձեր հանդարտ և բարեկամական տոնը,գիտակ մարդու համեստ ու ասելիքաշատ շարադրանքը:
    Սպասված խոսք էր:
    Ասեմ, որ շարունակականություն է ենթադրում,որին ավելացնում եմ ընթերցողիս խնդրանքը, ձեռքն այլևս զարկերակից չվերցնել: Ժամանակակից հայ գրականությունը ջերմ ու հոգածու ձեռքերի կարիքն ունի:

    1. Սիրելի Անդրանիկ Հակոբյան, ափսոս որ ուշ եմ տեսնում Ձեր գրությունը։ Շնորհակալ եմ անաչառ գնահատականի համար։ Ձեր խոսքը պարտավորեցնում է նորից անդրադառնալ արդի հայ գրականությանը։

    • Շաքէ Ա. Պետրոսեան on 27 Հոկտեմբերի, 2013 at 5:08 ե.
    • Reply

    Պատահաբար նւէր ստացայ եւ կարդացի.
    Իրօք հեղինակը զուսպ ու իրատես մօտեցում է ցուցաբերել. հէնց պարզութիւնը գրաւիչ է գրական առումով. ոչ մի աւելորդ բառ. անգլերէն տեքստը կարծում եմ հասցէագրւած է պատանիներին.
    Հայի ճակատագիրը, Եղեռնի տաժանքի ճամբաներն անցած եւ ազատութեան ափերում հանգրւանած ամէն մի հայի, տարբեր է, եւ եզակի. սակայն ոչ բոլորն են գրել իրենց “հայի ճակատագրի” մասին.
    Հաւանաբար այն կը թարգմանւի պարսկերէն.
    Մոռացւած կրակի փխարէն յարմար է գուցէ “Անթեղւած կրակ” խորագիրը.

Թողնել պատասխան Հրայր Կարապետյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.