Ջոնի Պետրոսյան | ՀՈՐԻՆՎԱԾՆԵՐԸ

Ջոնի Պետրոսյան

Ջոնի Պետրոսյան

Ցերեկը, փաբում օդի մեջ տարածված ծխին փոխարինել էր լռությունը։ Աշխատա-կազմի անդամները դեռ լուսաբացին, քնագլուխ ու վերջին հաճախորդին ճանապարհելուց առաջ խմած մի երկու բաժակի ազզդեցության տակ, ծածկել էին դուռն ու հեռացել։ Այժմ, փաբը խավարասերներինն էր, որոնց գոյությունը խնամքով թաքցվում էր հաճախորդներից։

Աթոռները, ամբողջ գիշեր մեջքներին բաժակ առ բաժակ ծանրացող հետույքները կրելուց հետո, հիմա ոտքերը տնգել էին, մեջքի վրա պառկել սեղաններին ու քնել։ Բարում, շշերը նույնպես, իրենց մեջ մարդկանց արտացոլելուց հոգնած, կանգնած դանթում էին և միայն Թեկիլան էր սթափ: Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում թուլանալ․ նրանից այս երեկո դատարկելու էին իր վերջին միլիլիտրերը։

Փաբում այդ ժամին շատ ավելի գեղեցիկ էր, քան երեկոյան և գուցե խավարա-սերներն ու համարյա դատարկ շիշը պակաս հետաքրքիր կերպարներ չեն, բայց այնուամենայնիվ, պատմվածքը պետք է սկսվեր մեկ այլ վայրում։

Լույսի արագությամբ (չնայած ձայնինն էլ բավական կլիներ) տեղափոխվելով հենց այդ վայրը, այսինքն անլուսաթափանց վարագույրով, կանոնավոր թափթփվածությամբ, գրքերի անթույլատրելի մեծ քանակ  պարունակող մի սենյակ, կտեսնենք դրա տիրուհուն։

Նա երիտասարդ էր, նիհար ու սլացիկ ինչպես լապտերից հենց նոր պոկված լույսի շողը։ Աչքի չէր ընկնում բացառիկ գեղեցկությամբ, բայց նրա ոսկրոտ մարմինը, ալիքոտ մազերն ու լուսնի պես գունատ դեմքը միշտ էլ գրավում էր արվեստը գնահատաողների ուշադրությունը։ Աղջիկը գիտեր ինչպես թաքցնել իր շագանակագույն աչքերի հմայքը, նա տաղանդ ուներ գրավիչ երևալու նրանց աչքին ովքեր արժանի էին հիանալ իր գեղեցկությամբ և միաժամանակ լինել գորշ, կիսաթափանցիկ նրանց համար՝ ում աչքերը հանրամատչելի, իդեալականացված գեղեցկություն էին փնտրում։

Նոր էր արթնացել, կեսօրին, և դեռ մի քանի ժամ էլ ուներ մինչև աշխատանքի գնալը։ Դրանք սովորաբար թռչում էին նախաճաշ պատրաստելու, երկու կատուներին կերակրելու, կարդալու և տանեցիների հետ մի փոքր շփվելու պարտականությունը կատարելու շնորհիվ։

Երբ ժամացույցի սլաքները բավականաչափ թեքվեցին, աղջիկը մի քանի րոպեում հագնվեց, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ինքն իրեն, որ շպարվելու վրա ժամանկ չէր վատնում ու անտեսելով վերելակը, աստիճաններով իջավ ցած։ Դուրս եկավ փողոց ու արագ, շեշտակի քայլերով մխրճվեց քաղաքն օրվա զով ժամին վայելել ցանկացող ամբոխի մեջ։ Հետո կտրուկ թեքվեց դեպի նեղլիկ փողոցներից մեկը, որտեղ մարդկանց ու մեքենաների աղմուկը մարում էր նույնքան կտրուկ։ Այնտեղից մտավ մի քանի իրար ձուլված բակերից ձևավորված ճանապարհն ու շրջանցելով երկար սպասեցնող լուսակրերը, վերդարձավ քաղաքի աղմկոտ հատվածը։

Առաջին քայլերն էր արել լայն մայթեր ունեցող, ամենահայտնի փողոցներից մեկով, երբ նկատեց, որ այն զարմանալիորեն դատարկ էր, թե՛ մարդկանցից, թե՛ մեքենաներց և նույնիսկ օրվա այդ ժամին, օդում հազարներով թռչող մժեղներից։ Ակամայից խորը ներշնչեց, ողջ ուշադրությունը կենտրոնացրեց պահի տարօրինակության համար որևէ բացատրություն գտնելու վրա, բայց հետո անմիջապես թուլացավ։ Որոշեց վերածվել պասիվ դիտորդի, ու հանդարտ քայլերով գնաց առաջ, վստահ լինելով, որ հայտնվել էր իրենից շատ ավելի զորեղ մի  արարածի իշխանության տիրույթում։ Մեկի՝ ով նախաձեռնել էր փողոցի այդքան տարօրինակ պատկերը տարածության և ժամանակի հենց այդ կետում, որպես մի թակարդ՝ նախատեսված հենց նրա համար։

Մի քանի տասնյակ մետր քայլելուց հետո, սկսեց թվալ, թե անգամ օդն էր գնալով նոսրանում ու հենց այդ պահին, երկինքը պայծառացավ։ ինչպես երկնաքար, մաքրա-մաքուր փայլով մի գունդ վերևից ընկավ ցած, բայց գետնի մեջ մխրճվելու փոխարեն կախվեց դրանից մի փոքր վեր ու սահեց  փողոցի միակ անցորդի ուղղությամբ։ Երբ այնքան մոտեցավ, որ էլ ավելի մոտենլու դեպքում իր լույսով կկուրացներ՝ կանգ առավ։

Լուսեղենը, սկսեց արձագանքելով խոսել, հենց աղջկա ականջների միջից․

— Դու՛, մոլորվել էիր, ու տունդարձի ուղին փնտրելիս, էլ ավելի մոլորվեցիր։ Դու՛, թափառում ես օտար, անշեն  ճանապարհներով ու քայլ առ քայլ ավելի հեռանում, ձուլվում խավարին, բայց ե՛ս, սիրում եմ քեզ, ինչպես բոլորին։ Ես ինքս եմ եկել փրկելու քեզ։ Մեկնի՛ր ինձ ձեռքդ, Մենհի՛թ, և ես քեզ ետ կտանեմ, դեպի  խաղաղությու՜նը, դեպի իմաստությու՜նը, դեպի անսահման լու՜յսը։

— Դեպի իմաստությու՞նը,֊ ծիծաղելով հարցրեց աղջիկը,- դուք ինձ ձե՞ռք եք առ-նում։

— Ուրիշ էլ ո՞վ կարող է քեզ իսկական իմաստության խոստանալ, եթե ոչ Աստված,֊ ավելի խրոխտ առոգանությամբ խոսեց երկնքից իջածը։

— Ուզում եք ասել, որ դուք Աստվա՞ծ եք․․․ նա՝ ով ստեղծել է կամ ումի՛ց ստեղծվել է ողջ տիեզերքը,֊ չթաքցնելով իր թերահավատությամբ լի ժպիտը,  հետաքրքրվեց աղջիկը։

— Դու՛, ճանաչեցիր ինձ․․․ ինչպես բոլորը մի օր կճանաչեն, բայց այսօր դու կփրկվես, քանզի կարող ես մինչև ահեղ դատաստանի օրը  հասկանալ ճշմարտությունը։

Երկխոսությունը կարճ ժամանակով դադարեց։ Աղջկա պատասխանը չլսելով «Աստված» ինքը վերսկսեց խոսակցությունը․

— Ես քեզ ցույց կտամ այն, ինչ դարեր շարունակ երազել են ճգնավորները, ուխտավորները, ցույց կտամ իմ արքայությունը, որ կառուցված է հենց երկնքի ետևում։

Անմիջապես նրա խոսքերից հետո, դատարկ փողոցի լռության մեջ լսվեցին երկնքից եկող, թափահարվող թևերի ձայներ։ Մի քանի վայրկյան անց, դեռ չմթնած երկնքում, Ծիր Կաթինի պես  նշմարվեց, պսպղան աստղերի շարք, որն արագորեն մոտենալով ցույց տվեց, որ իրականում կազմված էր պեգասներից։

Քսան զույգ ձյունաճերմակ, թևավոր ձիեր լծված էին երկդուռ, երանգով ձիերից գրեթե չտարբերվող կառքին։ Կառապանը չէր երևում և գուցե չկար էլ, բայց ձիերը շարժվում էին ինչպես մեկ ամբողջություն, քառատրոփ վազքով, իրենց սմբակների տակ  ծվեն֊ծվեն անելով ամպերը և միաժամանակ թափահարելով հսկա ճայի թևեր հիշեցնող իրենց երրորդ զույգ վերջույթները։

Վայրկյաններ անց պեգասները հասան աղջկանից մի քանի տասնյակ մետր հեռու գտնվող խաչմերուկին ու սկսեցին պտտվել դրա վերևում, այնպես որ նրանց սմբակները համարյա հպվում էին եռահարկ շենքերի տանիքներին։ Այդ ժամանակ տեսանելի էին նրանց զմրուխտափայլ աչքերը, արտահայտված կրծքի մկանները, բաշից առանձնացած ու տեղ֊տեղ օդի շերտերին ձուլված մազերը։

Աղջիկն ապշած էր, քարացած ու թվում էր, թե ինքն էլ էր ձեռնոց նետել ձգողության ուժին ու սավառնում օդում, սակայն երբ կառքը սկսեց իջնել ցած, ինքն էլ, հայացքով նրանց հետևելով՝ կարծես վայրէջք կատարեց։ Կառքը կանգ առավ քիչ հեռու և անկյունագծով զբաղեցրեց մոտակա խաչմերուկը։ Ձիերն իրենց ալմաստե պայտերով զարդարված սմբակները վերջապես հանգիստ դրեցին գետնին ու լուռ ծալեցին թևերը։

Ակնթարթորեն, կառքի պատուհաններից երեք մանուկ, մերկ, ոսկեգանգուր հրեշտակներ դուրս թռան և պարուրաձև թռչելով, սկսեցին օդում մանր ադամանդների ու ծաղկափոշու խառնուրդ շաղ տալ։ Հետո դուռը բացվեց և քառասուն սփրթնած դիցուհիներ, մինչև գոտկատեղն իջնող ծամերով և սպիտակ կակաչի թերթիկներից կարված զգեստներով, դուրս սահեցին կառքից։ Նրանք սկսեցին կախարդական, վերերկրային մեղեդի երգել ու օղակներ կազմելով, պար բռնեցին աղջկա շուրջը։

Բոլոր կողմերում երգելով պտտվող կույսերն էին, գլխավերևում քաոսային հետագծով սավառնում էին փոքրիկ հրեշտակներն ու իրենց մանկական ծիծաղի տատանումներով էլ ավելի դյութում աղջկան։ Նրա գլուխը պտտվում էր, ծնկները թուլանում էին ու մինչ ծնվելը զգացած հանգստությանը չգիտես ինչպես հիշեցնող թեթևությունը, ստիպում էր հանձնվել “աստվածային” պարին։ Թուլության հենց այդ պահին էլ, երգի անհայտ լեզուն սկսեց դառնալ հասկանալի։ Այն երկնային արքայության մասին էր՝ քառյակներով, հանգավորված դրա գովքն էր և ամեն մի քառյակից հետո երեք անգամ կոչ էր արվում աղջկան ձեռքը մեկնել իրենց և նվիրել իր հոգին “Աստծուն”։

Մարդիկ սիրում են խոսել կամքից, գնահատել դրա զարգացման առավելություն-ները և դա սովորաբար արվում է հենց սեփական գիտակցության մեջ այդ գաղափարներն ամրացնելու և դրանով կամքի ուժի զարգացումը դրդելու համար։ Սակայն, երկնային արարածներով շրջապատվածն այդ մասին շատ չէր խոսել, փոխարենը այդ ժամանակն ու էներգիան ծախսել էր հենց կամքը զարգացնելու վրա և հիմա օգտագործելով կյանքում կուտակած դրա ողջ քանակը, ամենայն վճռականությամբ, կտրուկ ու հստակ ասաց․

— Ո՛Չ։

Ամեն շարժում կանգ առավ, նույնիսկ թռչող փոքրիկները օդում, կլորացած աչքերով քարացան և մի քանի վայրկյան այդպես մնալուց հետո, գլխիվայր, ոտքերն ու կիսաբաց թևիկները վեր ցցած, զրխկացին գետնին։

Սպիտակազգեստ փերիները, պեգասները, կառքն ու մնացած երկնայինը հօդս ցնդեցին, երկինքը խավարեց ու դրա մթության մեջ կրակի բոցեր երևացին։ Տեղում մնաց միայն ամենալուսեղենը, ում առձագած ճառագայթները զայրույթից սկսեցին ուժեղանալ֊թուլանալով բաբախել, իսկ հետո կայծակին բնորոշ կապույտ երանգ ստացան։

Գետինն ուժգին ցնցվեց, ճաքճքեց։ Բացված մանր ճեղքերից երևաց ներքևում հոսող հրահեղուկ զանգվածը։ Աղջիկը կորցրեց հավասարակշռությունը՝ ընկավ և նույն պահին էլ անդրաշխարհից կիսափտած ձեռքեր դուրս պրծան ու սկսեցին քաշքշել նրա մարմինը։ Դիմադրելն անիմաստ էր, մկաններից գրեթե  զուրկ ձեռքերը զարմանալիորեն ուժեղ էին և արդեն պատառոտում էին նրա զգեստները։

Այդ ընթացքում լուսեղենը հեռվից լուռ հետևում էր, կարծես համբերատարորեն սպասում։ Հետո մեկը մյուսի ետևից, գետնի տակից դուրս եկան ձեռքերը կառավարող գլուխները՝ նույնքան փտած, այլանդակ ու գարշահոտ։ Նրանք իրենց անատամ ծնոտներով փորձում էին կծել աղջկա գալարվող մարմինը, իսկ մեկն անգամ օգտվելով կոշիկի հագից ելած լինելուց ՝ բերանն էր առել նրա ոտքի բութն ու փորձում էր ծամել։

Եվ հակնարծ, այդ ողջ քաոսի մեջ կրկին երկնքում լույսի մի պատուհան բացվեց ու այնտեղից իջավ կառքի դիցուհիներից մեկը։ Նա կանգ առավ աղջկա գլխավերևում, գետնից երկու ոտնաչափ բարձրության վրա ու տավիղի լարերի տատանումներ հիշեցնող ձայնով, ասաց․

— Մենհի՜թ, դու գիտես, թե Աստված որքա՜ն ներողամիտ է։ Նա մարդկանց միշտ էլ ընտրություն է տալիս։

— Մի՞թե դա համարվում է ընտրության տալ,֊ մի կերպ հեգնեց աղջիկը։

Վերևից իջած գործարք առաջակողն իր ձեռքը մեկնեց տանջվողին ու առանց նրա խոսքերին ուշադրություն դարձնելու շարունակեց․

— Բռնիր ձեռքս և կներվես։ Հակառակ դեպքում, մի ողջ հավերժություն, որի ամեն րոպեն կանցնի ինքնին որպես հավերժություն՝ կտառապես և նույնիսկ կարոտով կհիշես այս ճիվաղներին։

Աղջիկը գիտեր, որ թե՛ համաձայնելը, և թե՛ հրաժարվելը կնշանակեր գիտակցու-թյան մահ։ Պետք էր մնալ վեր այն հորինված աշխարհներից, որոնք մարդկանց գլուխներից դուրս պրծնելով սկսել էին ինքնուրույն կառավարել իրենց ստեղծողների կյանքը։ Նա նաև գիտեր, որ չուներ երկար մտածելու, ափսոսալու, ինքն իրեն խղճալու ոչ ժամանակ և ոչ էլ ուժ։ Այդ երկու ռեսուրսներն էլ վայրկյան առ վայրկյան մոտենում էին իրենց ստորին սահմանին, ուստի պետք էր մի վերջին ճիգ, մի վերջին ցատկ անդունդի վրայով։ Չէ՞ որ մահվանը հանձնվելն անդունդի եզրին ավելի սահմռկեցուցիչ է, քան փրկության հույսով մահը, անհաջող ցատկով անդունդ ընկնելիս։

— Ո՛չ,֊ գոռաց Մենհիթը և անմիջապես ճիվաղների գործադրած ուժի թուլացումը զգալով շարունակեց,֊ Դուք ոչինչ եք առանց իմ հավատի, դուք չկաք իմ գիտակցության մեջ, ես ազատ եմ, իսկ ազատությունն այն է ինչ ատում էին ձեզ հորինած մարդիկ և դուք եք այն ատում։ Դու՛, լուսարձակող, այս ողջ բեմադրությունը կազմակերպել ես հանուն իմ գիտակցության մեջ քո հանդեպ հիացմունքն ու վախը ներդնելու, որպեսզի լափես իմ բանականությունը և որպես վարակիչ գաղափարախոսության նոր կրող ու տարածող, ետ նետես հասարակություն։

Այս խոսքերից ճիվաղները փոշիացան, գետնի ճեղքերը փակվեցին, երկինքն իր նորմալ տեսքը ստացավ։ Այնտեղից իջած փերին այնպես ետ թռավ երկինք, կարծես ռետինե պարանից կախված էր ցած իջել։ Իսկ լուսեղենը հանգող մոմի պես, սահուն կորցրեց արձակած լույսի  ինտենսիվության մեծ մասը, բայց առաջվա պես ազդեցիկ ձայնով գոռաց․

— Բոլոր անհավատները հրով ու սրով կպատժվեն․․․ Մեծ դատաստանի օրը․․․

Աղջիկն իրենից գոհ ոտքի կանգնեց և նայելով “Աստծուն” ընդհատեց նրան․

— Երբ միլոինավոր մարդիկ հավատում են մի գաղափարի, այն իսկապես աստվածազոր է դառնում, բայց մտքի ուժի այդ հսկա կուտակմանը վերարգրել ողջ աշխարհի հրաշալիությունը՝ անարգանք է ողջ տիեզերքի նկատմամբ, դրանից վախենալը, դրա առաջ խոնարհվելը, հանուն դրա պատերազմելն ու զոհաբերություններ անելը՝ անարգանք մարդ տեսակի նկատմամբ։

Վերջին բառի տատանումը տարածության մեջ դեռ չէր մարել, երբ “Աստված” իրեն վերջնականպես անզոր զգաց, լույսն իսպառ հանգեց ու դրա տակ երևաց մոտ հինգ տարեկան, լացող, տղա երեխա, ով ձեռքերով սրբում էր քիթն ու մի կերպ թույլ չտալիս փսլինքին բերանը լցվել։

փողոցը վերագտավ իր ամենանորմալ տեսքը։ Մեքենաների ու անցորդների ձայները մոտակա սրճարանից լսվող երաժշտության հետ խառնվելով ստեղծում էին քաղաքին բնորոշ սովորական ժխորը։ Աղջկա պատառոտված շորերը, խառնված մազերը նույնպես վերականգնվել էին։

Նա կանգնած մնացել էր իր տեղում և նայում էր հեռվում կանգնած երեխային, ով անշարժացած, կակազելով կրկնում էր․ «հ հ հըըրրով ու սր սրսրովվ»։ Մի քանի վայրկյանից նա այս ու այնկողմ նայեց և վազելով մտավ մոտակա դալանը։ Այդպիսով փողոցը կորցրեց կատարված տարօրինակ դեպքերի հետ կապված նախավերջին դետալը, իսկ վերջինը՝ Մենհիթը, րոպեներ անց լքեց այն ու աշխատանքից չուշանալու համար, ստիպված վազեց։

Փսլնքոտ երեխան հաասցրեց կերպարանափոխվել ու հիսունն անց, արիստոկրատ տղամարդու մարմնով քայլեց մոտակա սրճարաններից մեկը: Նա նստելով մայթեզրի սեղաններից մեկի մոտ, սուրճ խմելով ու ծխելով սկսեց սպասել գործընկերոջն, ով ինչպես միշտ ուշանում էր։

Կես ժամ անց, սրճարանի մոտ ծաղկավաճառ ծերունի երևաց։ Նա ուշադրությամբ նայեց արդեն երկրորդ ծխախոտի տուփը դատարկողին, ճանաչելով նրան ժպտաց, կողքի աղբամանը նետեց ձեռքի ծաղիկներն ու թեթև վազքով մոտեցավ, ցատկեց սրճարանը փողոցից անջատող գազոնի վրայով և դիմեց նստածին․

— Ձախողու՜մ,֊ հեգնանքով ասաց ծաղկավաճառն ու աթոռի վրա թուլացած ընկնելով, շարունակեց,֊ ես ասում էի չէ՞, որ նախ պետք էր դրան մի լավ վախեցնել, ոչ թե անմիջապես երկնային արքայությունն առաջարկել։

— Մարդիկ ավելի համարձակ են դարձել։ Վախն առաջ էր լավ աշխատում,  այժմ նոր մոտեցում է պետք,֊ պատասխանեց “Աստված”։

— Ինչպիսի՞ մոտեցում, սիրելի՜ս,֊ հարցրեց ծաղկավաճառը։

— Պետք է խոստանալ մեծ վայելքներ, խաղաղություն, երանություն։

— Սատանան տանի, ավելի ճիշտ ես ինքս տանեմ…,֊ ասաց և իր սրամտության վրա քրքջալուց հետո, շարունակեց,֊ այդքան ազատ մարդն, ինչպիսին այդ լիրբն էր, ինչպե՞ս կարող էր կաշառվել նման բաներով։ Բոլոր բանջարեղեններն էլ բոստանում երջանիկ են, բայց այդ երջանկությանը հասնելու համար նախ պետք է իսկապես բանջարեղենի վերածվել։ Նա չէ՛ր գնա այդ քայլին։

— Ապա ինչպե՞ս վարվենք նրա հետ,֊ անհանգստացած դեմքով ասաց “Աստված”,֊ նրանք օր օրի շատանում են։ Մի օր էլ, բոլորը կդառնան այդպիսին, ազատ, խելացի։ Այդ ժամանակ ո՞վ պետք է վախենա մեզնից, ո՞վ պետք  է պաշտի մեզ։ Մենք կմեռնենք․․․

— Ոչ չենք մեռնի, երբե՛ք։

— Գուցե և չմեռնենք, բայց այդ ժամանակ մեզ ուժ տվողներն այնքան քիչ կլինեն, որ շատ չենք տարբերվի աֆրիկական ցեղերի տխմար աստվածներից։ Ա՜խ, ես ինչպես եմ կարոտում միջնադարը՝ իսկական խավարի ոսկեդար, ամենուր հուր և սուր։ Բոլորը վախենում էին, գրեթե բոլորը տգե՜տ էին։

— Դա դու՛ էիր մեղավոր, որ միջնադարն ավարտվեց,֊ խոսեց ծաղկավաճառը,֊ կարող էիր ընդամենը ոչնչացնել բոլոր գիտելիքը գնահատողներին։

— Վաղ թե ուշ ամեն բան պարզ կդառնար։

— Ուրեմն հիմա էլ պետք է համակերպվե՞լ մեռնելու գաղափարի հետ։

— Ոչ Լյուցիֆեր, նախ և առաջ, պետք է ազատվել այդ աղջկա նմաններից:

— Ինձ այդպես մի՛ անվանիր,֊ զայրացավ Սատանան, իսկ հետո նենգաբար ժպտալով հարցրեց,֊ Որևէ պլա՞ն ունես։

— Նախ արի գնանք նրա աշխատանքի վայրը,֊ սեղանին բանկից հենց նոր դուրս եկած երկու թղթադրամ դնելով ասավ “Աստված” և  տեղից վեր կացավ։

Իսկ այդ ժամանակ, աշխատավայրում՝ այն նույն փաբում, որի մասին քիչ թե շատ արդեն պատմվել է, Մենհիթն իր գործընկերոջը՝ բարմենին և փաբի տիրոջը, պատմում էր կատարվածի մասին։ Նրանք ուշադրությամբ, զարմանքով ու հիացմունքով լսում էին։

Փաբի հիմնադիրը, տերն ու դրա ոգին, ցածրաձայն ընդհատեց աղջկան ու դիմեց բարմենին․

— Փաստորեն սխալվում էի, քեզ ասելով, թե նա դեռ պատրաստ չէ աշխարհի կառուցվածքի մասին այդքան ճշմարտություն իմանալ,֊ ակնոցի տակից ժպտաց ու ծխախոտի գլանակը մոխրամանի հատակին ճզմելուց հետո շարունակեց,֊ չնայած․․․ ով գիտե,- ու կրկին խորամանկ ժպտալով նայեց աղջկան, հետո բարմենին և կողքի աթոռից վերցնելով լայնեզր գլխարկը տեղից ելավ։

Մենհիթը զարմանքով նայեց նրա ետևից, հետո դիմեց բարմենին․

— Կարծես թե նա վստահ չէ, որ դու ինձ իսկապես պետք է սովորեցնեիր այն իմաստությունը, որին տիրապետելը միավորել է ձեզ։

Բարմենը ձեռքը մտամոլոր տարավ մորուքին, հետո մազերին ու մի փոքր լռելուց հետո պատասխանեց․

— Ես ինքս եմ որոշում իմ բացահայտած գիտելիքի ճակատագիրը և կարող եմ այն փոխանցել ցանկացածին, ում կհամարեմ արժանի լինել ազատ ու իմաստուն։

Այդ պահին դուռը բացվեց և հաճախորդին տեսնելով աղջիկը շտապեց դիմավորել։ Նա բավարարված էր տղայի սինթետիկ պատասխանով: Տղան էլ իր հերթին գոհ էր, որ աղջկան ևս մեկ անգամ կարողացավ համոզել, թե նրան իսկապես տվել էր իր գիտելիքների առյուծի բաժինն ու օժտել բացառիկ ազատությամբ։ Ազատությունն իսկապես բացառիկ էր, բայց իր մեջ չէր ներառում ազատությունը հենց բարմենից։

Իսկ փաբի տերը, ում այդ երկուսի խաղը միշտ էլ անհանգստացնում էր, այժմ անհանգստության նոր պատճառ ուներ․ հոգու խորքից, մի անսովոր տագնապ, ինչպես արդեն հոտող դին երկար ջրի հատակին մնալուց հետո, բարձրանում էր վեր։ Տղամարդուն անգամ իր հարուստ կենսափորձը չօգնեց հասկանալ իրավիճակը, բայց ստիպեց գործի դնել շախմատային իմաստությունն ու անհայտի դեմ գործողություն ձեռնարկելու փոխարեն՝ ընդամենը սպասել։

Երկու ժամից, նրանք կագնեցին դեպի նկուղ տանող աստիճանների առաջ։ Հիշեցին, որ մուտքը միայն զույգերով էր ու քանի որ անվտանգության աշխատակցի զգայարաններն անջատելու համար առանձնապես սիրտ չունեին, իսկ Սատանան էլ դեռ առավոտից ավելի սուր խորամանկությունների կարիք էր զգում, որոշեցին հրաժարվել ծերունիների կերպար֊ներից։

Հենց այդ պահին, նկատեցին մոտակա հագուստի խանութից դուրս եկող, երկու թաքնված լեզբուհիներին։ Առանց երկար֊բարակ մտածելու, մտան նրանց մեջ․ “Աստված” վերցրեց ավելի փոքրամարմնին, ով իր կնոջ ձգտող ողջ կանացիությունը փորձել էր արտահայտել երկնագույն կիսատաբատի ու կարմիր, վանդակավոր վերնաշապիկի համադրության շնորհիվ։ Նրա ուղիղ մազերն անփութորեն հավաքված էին (իրականում երկար էր չարչարվել, իսկապես իր արտաքնի մասին չմտածող ու իր ողջ էությունն արվեստին նվիրած նկարչուհու սանրվածք ստանալու համար),  մաշկը կաթնագույն էր, աչքերն առաջին հայացքից կանաչ էին թվում, բայց իրականում թեյագույն էին ու իրենց ետևում թաքցնում էին աղջկա դեռևս դատարկ խորությունը։ Նա նուրբ էր, իսկապես գեղեցիկ և այժմ, նաև “Աստվածային”։

Ինչ վերաբերվում է  մյուսին, ապա  Սատանայի նրա մեջ բնավորվելուց հետո, նրա սատանայության աստիճանն առանձնապես չփոխվեց։ Նա չտեսնված տեսք ուներ ու իր յուրահատուկ փայլով կարող էր ծակել նման գեղեցկությունը գնահատողի աչքերը ճիշտ այնպիսի փայլով, ինչպիսին  ունի ձյունը, արևի լույսի ներքո։ Սատանա֊աղջիկը, որ այժմ Սատանայով սատանա֊աղջիկ էր, ամբողջությամբ սևազգեստ էր (ներառյալ ներքնազգեստը), բարձրահասակ, ուսերից ներքև թափված, իր կամքին հակառակ անընդհատ ալիքվող, շագանակագույն մազերով, ոսկրոտ դեմքով, իր ներսում հաստատվածի պես մութ աչքերով։

Նրանք երկուսով նայեցին միմյանց, ժպտացին, հետո թեթև, զգուշավոր քայլերով իջան աստիճաններն ի վար ու մտան փաբ։ Մինչև մատուցողուհու մոտենալը, հայացքով զննեցին բոլոր ազատ ու չազատ սեղանները ու կանգ առան անկյունի սեղանիկի վրա։ Այն զբաղեցրած զույգը, անմիջապես ոտքի կանգնեց։ Հաշիվը փակեցին հենց բարի մոտ, ու  արագ չքվեցին։

Աղջիկները նստեցին և լուռ նայելով սեղանին դրված կանաչ լապտերին, սկսեցին սպասել։ Վայրկյաններ անց հայտնվեց մատուցողուհին` նույն ինքը Մենհիթը։

Մի պահ հապաղեց, մարմինն առաջինը հիշեց իր դառը փորձն ու հրաժարվեց մոտենալ, բայց գիտակցությունը ստիպեց։ Փշաքաղված մարմնով կանգնեց սեղանի մոտ, բարևեց, ստացավ սպիտակ գինու պատվերն ու հնարավորինս արագ անհետացավ։

— Ինչպիսի՞ն է պլանը,֊ հետաքրքրվեց Սատանան։

— Թեյավճար․․․

— Հսկայակա՜ն թեյավճար։

— Այո հսկայական, այնպիսին որ անգամ հարյուրամյակ աշխատելու դեպքում, այդքան չի վաստակի։

— Սիրելի՛ս, բայց այդ գումարը դու կարող ես տրամադրել քեզ կուրորեն հավատացողներին։ Նրանք նոր եկեղեցիներ ու աղանդավորական գրասենյակներ կկառուցեն, նոր հետևորդներ կգտնեն, նոր աղոթողներ, նոր վախեցողներ, նոր հուսահատներ․․․ նրանք կսնուցեն մեզ։ Իսկ դու․․․ դու այդ ողջ գումրը հատկացնում ես մի աղջկա։

— Նա և իր նմանները բանականության կայծեր են խավարում, իսկ խավարի պարունակությանը երբեք չի կարելի վստահել։ Գուցե այն վառոդով է լցված և կայծն անհետ մարելու փոխարեն պայթյունի վերածվի։ Այս դեպքում ավելի լավ է ազատվել կայծից, քան թանձրացնել խավարը։

Տիեզերքում լույսի արարման համար աստղեր են անհրաժեշտ, էներգիայի ու մատերիայի հսկա քանակների սպառում, իսկ խավարը բոլորովին անվճար է։ Այն ինքն իրենով էլ գոյություն ունի, իսկ մարդիկ՝ ինչպես խավարասերներ սարսափում են լույսից։ Ու՜ր հասած կլինեին նրանք առանց մեզ․․․ բայց նրանք արարեցին ինձ, իսկ հետո զորությունս կրկնապատկելու համար նաև քեզ։

Սատանան, օգտագործելով տրամադրության տակ եղած կանացի ձայնալարերը՝ քրքրջաց ու իր իսկ ձայնից անասելի բավականություն ստանալով պատասխանեց․

— Դու գիտես, որ փաբի տիրոջը բթացնել չես կարող, ոչ էլ բարմենին։ Իսկ․․․ մմմ Մենհիթը՞, ճի՞շտ եմ հիշում անունը, նա մեկ հաճախորդի սպասարկելուց հետո հարստանալով կթողնի աշխատանքը։ Իհարկե երկար ժամանակ կփորձի ցուցադրել, թե դրամն իրեն չի փոխել, բայց մի օր զարմանքով կնկատի, որ պատահաբար հիշեց բարմենին՝ մի մոռացված կերպարի դժվար կյանքից, ինչպես նաև մի ծերուկի, ով զարմանահրաշ բաներ էր պատմում կյանքի գաղտնի ուղիների մասին, ում միակ նյութական ձեռքբերումը հիմնած փաբն էր։ Դե ինչ․․․ ճի՞շտ եմ հասկանում քո պլանի էությունը։

Աստված նեղվելով հագին եղած անհարմար կրծկալից, որի ներքևի հատվածը տհաճորեն սեղմում էր, տեղում տմբտմբալով ու դեմքը կնճռոտելով պատասխանեց․

— Այո, ճիշտ ես։ Առանց այդ երկուսի, հատկապես բարմենի, նա իր բարձունքից դանդաղ ետ կգլորվի։

Մենհիթը ժամանեց գինու շիշն ու բաժակները ձեռքին։ Ուշացումով՝ քանի որ անկախ իրենից, հնարավորինս ձգձգել էր պատվերը կատարելու պարտականությունը։ Բաժակները դողացող ձեռքերով դրեց սեղանին, հետո ցանկացավ գինին լցնել, բայց Աստված իր թավշյա ձեռքով բռնեց այն, ժպտալով շնորհակալություն հայտնեց և թույլ տվեց որ աղջիկը հեռանա։

Սատանան իր սեփականեցրած աղջկա ինստինկտներին հետևելով՝ ուշադիր նայեց հեռացող Մենհիթի ետևից, հետո ծոցագրպանից ծխախոտի տուփ ու կրակայրիչ հանեց, գլանակը թույլ, բայց հաստատուն տեղավորեց շուրթերի արանքում ու վառեց այն։ Երկու անգամ ծուխը դեպի վեր փչելուց հետո, երրորդը փչեց “Աստծո” դեմքին և ասաց․

— Ատում եմ քեզ։

— Գիտեմ,֊ ժպտաց “Աստված”։

— Այդ դու՛ նրանց ստիպեցիր ստեղծել ինձ և դա արեցիր ոչ միայն քո առավել մեծ զորություն ձեռք բերելու, այլև նրա համար, որ միայնակ չտառապես։

— Տառապե՞մ։

— Դու ինչ է մտածում ես, թե ես մա՞րդ եմ։

  • Ինչու՞ ես փորձում հիմարեցնել։ Ինչպե՞ս կարող է չտառապել նա, ով ստեղծված է բազմաթիվ տառապողների մտքերից ու հույզերից, գիտակցում է իր ողջ մենակությունն ու նաև զորությունը այդ թշվառների վրա, ինչպես նաև անսահման փոքրությունը այն տիեզերքում, որի ստեղծումն իրեն է վերագրված։

“Աստված” հոգոց հանեց, կոնծեց բաժակի ողջ պարունակությունը, նորից այն լցրեց, հետո մատների ծայրերով երկար աչքերը տրորելուց հետո անկեղծացավ․

— Դու ատում ես ինձ, իսկ ես՝ մարդկանց։ Ա՜խ եթե ես ունենայի այն զորությունը, որը նրանք են ինձ վերագրում, անմիջապես հոգ կտանեի համաշխարհային ջրհեղեղի մասին։ Կսպանեի նրանց բոլորին ու ինքս էլ կմեռնեի առանց նրանց․․․ և ամեն ինչ կավարտվեր։ Եթե իհարկե մի օր, մի նոր գիտակցության հասած կենդանի չվերաարարեր ինձ։

Հնչող երաժշտությունը փոխվեց, նրանց գլխավերևում ամրացված ոչ շատ մեծ բարձրախոսից կարծես հենց գինու մեջ սկսեցին լցվել հայտնի երգի նոտաներն ու “La՜ Bohème” բառերը։

— Ինձ հաջողվում է ամեն ինչ վերածել խաղի ու ցինիկությամբ շրջանցել հազարամյակից ավել ձգվող, թյուրիմացությունից բխող այս ողջ ունայնությունը…,- խոսեց Սատանան,- …իրականում այնքան էլ դուրեկան չէ լինել նույնիսկ հորինված պատմության գլխավոր չարագործը։

— Վերջացրու՜․․․ այդ գրքում բոլոր չարագործություններն իմ ձեռքով են կատար-վում, իսկ քո ճղճիմության մասին միայն ասվում է, և ոչ ավելին։

— Իհարկե․․․ բայց քանզի գիրքը դատապարտում է մտածելու ակտն ամբողջու-թյամբ, հետևաբար ընթերցողները պարտավոր են լուռ ուտել այն ինչ մատուցված է իմ այլանդակության ու քո վեհության մասին,֊ առանց զայրույթի, քանի որ արդեն վաղուց հարմարվել էր, հեգնանքով և իր խոսքից անձամպ հաճույք ստանալու համար՝ թախիծով, ասաց Սատանան։

Նրանց երկուսին էլ երաժշտությունը դուր էր եկել, գինին նույնպես։ Համակար-գիչը, որ կարգավորում էր հնչող երգերի հերթականությունը, ժամանակավորապես շարքից դուրս եկավ և սկսեց չենթարկվել, իսկ երաժշտությունն առանց ընդհատվել պտտվում էր։ Եվս մեկ շիշ պատվիրեցին ու այս անգամ պատվերը շուտ մատուցվեց․ մատուցողուհու վախը կարծես անցել էր։

Այժմ նա նստել էր բարի մոտ ու օգտվելով ազատ պահից, քաղցր զրույցի էր բռնվել բարմենի հետ։ Վերջինս էլ ժպիտը դեմքին թափահարում էր մետաղյա տարրայի մեջ լցված սառույցն ու ինչ որ կիսատափակ հումորներով ծիծաղեցնում աղջկան, փորձելով դրանով ցրել նրա լարվածությունն ու չմատնել սեփական ան-հանգստությունը։

Այդ ընթացքում, փաբի տերը  քաշվել էր պահեստ ու իր սիրելի գրքերից մեկն էր կարդում։ Նա խուսափում էր սրահ գնալու մտքից, քանզի այնտեղ հայտնվելով գուցե չկարողանար զսպել իրեն ու կսևեռվեր դեպի անկյունում նստած երկու աղջիկները, որոնք էլ ինչպես նկատել էր, օդում տարածված տագնապի ակունքն էին։ Պետք էր սպասել այդ երկուսի հեռանալուն, և ոչ մի հավելյալ ուշադրություն նրանց նկատմամբ։

Իսկ աղջիկները, կամ իրականում անսեռ, բայց կանացի մարմին գողացածները չէին շտապում հեռանալ։ Արդեն կեսգիշերնանց էր, մոխրամանը լցված էր (իսկ մատուցողուհին առանձնապես ոգևորված չէր կրկին սեղանին մոտենալու և այն դատարկով փոխարինելու մտքից), բաժակները նույնպես լցված էին, իսկ շիշն արդեն դատարկ էր։

— Քեզ սազում է այս մարմինը,֊ “Աստված” ժպտալով դիմեց Սատանային։

— Օ՜հ,֊ ընդգծելով աղջկա սուր ժանիքները, ժպտաց Սատանան,֊ ես զգում եմ, ինչպես է այս երակներով հոսում նրա արյունը․․․ այնքան տա՜ք, իր մեջ ալկոհոլ ու նիկոտին լուծած արյունը․․․

— Մեր մենակությունն անտանելի կլիներ առանց միմյանց։

— Մեր մենակությունը համարժեք է ունայնությանը։ Մարդիկ այլ են, նրանք կարող են դրանից  ազատություն ու իմաստություն քամել․․․

— Ազատությու՜ն․․․ մենք երբեք դրան չենք հասնի։ Ես կախված եմ նրանցից, նրանք են իմ տերերը․․․ ինձ տեր անվանող դատարկ տերերը,֊ “Աստծո” աչքերը մի փոքր խոնավացան, նա հառաչեց ու աչքերը փակելով ներքաշեց ծխախոտի ծուխը։

— Իմ խե՜ղճ Աստված,֊ ասաց Սատանան ու տեղից վեր կացավ, նստեց նրա կողքին ու գրկեց հուզվածի ուսերը։

Նա բուրում էր ինչպես ամռանը սպասող ուշ գարունը։ Սատանան մի կողմ տարավ նրա մազերն ու քիթը մոտեցրեց պարանոցին, և  բույրը հարյուրապատկվեց, այնպես, որ ողջ շրջապատող տարածությունը թվաց ծաղկառատ դաշտերի տակ տարածված լանջեր։ Սատանան, կամ գուցե այդ մարմնի իսկական տերը, սեփական գիտակցությունից պահպանած վերջին ձգտումով, ցանկացավ ձուլվել այդ բույրին․․․ վերածվել վերջին գարնանային  հեղեղի ու թափվել այդ լեռներին։

Նա նուրբ, հնարավորին չափ մեղմացված կրքով, համբուրեց “Աստծո” պարա-նոցը, բայց “Աստված”, կամ գուցե նրա կողմից զավթված մարմինը, անմիջապես երկու ձեռքով բռնեց Սատանայի դունչն ու իրենից հեռու տարավ նրա եռացող, ալ կարմիր շուրթերը։

Պատահածից կարծես ժամանակն ինքը, ապշեց ու մի ակնթարթ կանգ առավ, իսկ Սատանա աղջիկը, չռված աչքերով նայում էր իրեն ետ հրածին։ Բայց երբ ժամանակը սկսեց նորից սահել առաջ, Սատանան հասկացավ կատարվածն ու թեթև ժպիտը անշնան հևոցով համեմելով՝ աչքերը փակեց։

Նույն պահին Աստվածային աղջիկը նետվեց դեպի Սատանան ու ագահորեն համբուրեց նրա շուրթերը։ Նրանց մարմիններն ամբողջ ուժով հպվեցին միմյանց և նույնիսկ մազերն էլեկտրականանալով խճճվեցին իրար մեջ։

Այդ գիշեր, «Աստծո» և Սատանայի միջև կիրքն այնքան ուժգին էր, որ նրանց շուրջ օդը սկսեց տաքանալ, գինին՝ շամպայնի պես բաժակներում թշշաց, իսկ ծխախոտի տուփում մնացած վերջին երեք գլանակներն իրենք իրենց բռնկվեցին ու սկսեցին ծխալ։

Համբույրից ու դրան հաջորդած մի քանի համբույրիկներից հետո, Սատանան գլուխը դրեց “Աստծո” ուսին և կիսաբաց աչքերը նրա կողմն ուղղելով, ցածրաձայն ասաց․

— Սրանից հետո, դու երկար կայրվես իմ թագավորությունում։

— Ահա․․․ իսկ հետո կմաքրագործվեմ ու տունդարձի տոմս կստանամ՝ դեպի իմ թագավորություն։

Երկուսով ծիծաղեցին, հետո վայրկենապես լրջացան և Սատանան խոսեց․

— Եթե միայն այդ թագավորթյունները գոյություն ունենային,֊ հետո ձեռքի շարժումով Մենհիթից հաշիվը խնդրեց։

— Կարիք չկա որպես թեյավճար այդ հաշվեհամարը թողնել,֊ Ասաց Աստված։

— Իհարկե, ուրախ եմ, որ մտափոխվեցիր։ Նա դեռ շատ հիմարիկ է։ Մի օր ինքնու-րույն կհեռանա այն ամենից, ինչն իրեն ազատություն է սովորեցնում։

— Հիմար, բայց արդեն բավականաչափ ուժեղ։

— Նա այնքան ուժեղ է, որ կարողանում է հաղթել մեզ, բայց ոչ այնքան, որպեսզի կարողանա չնշել իր հաղթանակը։

Մենհիթը բերեց հաշիվը, այն թողեց ու արագ անհետացավ։

“Աստված” իր զավթած աղջկա պայուսակից գումար հանեց, փայտե, ափաչափ սնդուկի մեջ դրեց ճմրթված թղթադրամն ու մի քանի հավելյալ մետաղադրամներ։

Նրանք քայլերի հավասարակշռությունը դժվարությամբ պահելով դուրս եկան։ Նույն պահին փաբի տերը թուլացած շունչ քաշեց ու աղմուկով փակելով ձեռքի գրքույքը գարեջրի արկղից վեր կացավ։ Բարմենն աշխատանքային օրվա վերջին ժամերին որոշեց խախտել բարի իր կողմում չխմելու ավանդույթն ու թեկիլայի շշից դատարկել վերջին երկու բաժակները՝ մեկն իրեն, իսկ մյուսը Մենհիթին։ Ալկոհոլն ու կիտրոնի թթվաշությունն աղջկան սթափեցրեց, ստիպելով մոռանալ ամբողջ օրվա ընթացքում կուտակված հոգնածությունն ու ևս մեկ անգամ գնահատել, թե որքան երջանիկ էր այդ փաբում հայտնվելու համար։ Ինչու՞ հենց ինքը, և ոչ մեկ ուրիշը․․․ երևի բա՞խտն էր բերել․․․ բայց նրան հենց այդտեղ էին սովորեցրել բախտին չհավատալ։ Ապա ի՞նչն էր պատճառը․․․ իսկ գուցե իրեն սովորեցնողն էր ժամանակին տիեզերքից աշակերտուհի պատվիրել, ում սովորեցնելով էլ ավելի կիմաստնանար։ Նա չգիտեր, իսկ նա ով գիտեր, չափից շատ գիտեր, ուստի իր իմացածը հենց այնպես երբեք չէր բարձրաձայնի։

Նույնիսկ ցերեկը ոչ մարդաշատ փողոցն, այս ժամին արդեն ամբողջությամբ դատարկվել էր ամենաաղմկոտ կենդանիներից ու դրանց վարած քառանիվ սարքերից։ Անձրևը նոր էր դադարել, փողոցի լույսերն անջատված էին և ոչինչ չէր խանգարում լուսնին արտափայլել ջրափոսերի մակրևույթին։ Լուսինը նիհար էր, ինչպես այն սև կատուն, ով աղբամանի վրայից անթարթ նայում էր անձրաևաջրի մեջ լողացող արծաթե ցոլքին։ Օդը սառն էր ու անշարժ, ինչպես աղբամանի ետևում ժամ առաջ սատկած սպիտակ կատուն։

Երկու կանացի ստվերներ, իրենց մարմիններից առաջ ընկած, լուռ սահում էին ասվալտի վրայով։ Մի պահ նրանք մոտեցան միմյանց, ձուլվեցին, հետո առանձնացան ու փողոցի լռությունն այլևս անբիծ չմնաց։ Ստվերների տերերից մեկը խոսեց․

— Հանճարեղ գիշեր է․․․

— Հանճարեղ, ինչպես Շուբերտի անավարտ սիմֆոնիան,֊ պատասխանեց Սատանան։

— Ժամանակն է լքել այս մարմինները,֊ ափսոսանքով հիշեցրեց “Աստված”

— Դե ինչ, մինչ նոր հանդիպում․․․ ես այլևս այս քաղաքում մնալու ցանկություն չունեմ։ Ուզում եմ հանգստանալ․․․ գուցե գնամ Տիբե՞թ, Շամբալա՜․․․

— Այնտեղ դժվար թե քեզ ընդունեն։

— Այդ դեպքում երևի կգնամ քո սիրելի քաղաքը․․․ Վեգաս,֊ ծիծաղեց Սատանան։

— Մինչ նոր․․․,֊ ժպտաց “Աստված” և աղջկա աչքերում փայլը մարեց։ Երբ նորից նրա մեջ կյանքը շողաց, նա հասկացավ որ գետնին էր ընկած, իսկ կողքին նույն վիճակում գտնվող ընկերուհին էր։ Փորձեց հիշել, թե ինչ էր կատարվել, թե ինչու էին․․․

“Աստված” ու Սատանան, որ իրենց հսկա գոյությունը խտացրել էին փոքր մարմիններում, դուրս պրծնելուց հետո անմիջապես պայթեցին ու սփռվեցին տարածության մեջ։ Միախառնվեցին, զգացին իրենց ամբողջական ու լիարժեք։ Իրենց գոյության համար շնորհակալություն հայտնեցին մարդկային հանճարի անսպառ հիմարությանը, բայց վերջինների կանխորոշմամբ, ստիպված եղան կրկին տարանջատվել։ Անիծեցին մարդկային ցեղը, աշխարհի երեսին մնացած ողջ մարդկայինն ու իրենց վիթխարի ատելության հետ դիֆուզվեցին ողջ աշխարհով մեկ։

Ջոնի  Գևորգի  Պետրոսյան;  մարտ, 2018թ։

Թողնել պատասխան

Your email address will not be published.