Ռազմիկ Գրիգորյան | ԱՐՑԱԽՈՒՄ ԷԼ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԲԱՐԻ Է

Հաճախ էի լալիս օրորոցում։ Առաջվա պես ամեն վարկյան կողքիս նստող և ինձ օրորող չկար։ Անհանգիստ պապը անըդհատ դուրս ու ներս էր քայլում։ Մայրս մենակ էր գործերը՝ շատ, չեր հասցնում։ Քայլել չկարողացող տատս ողջ օրը նստաց գուլպա էր գործում.«Տղերքը կմրսեն, դեմը ձմեռ ա, ուղարկեք թող հագնեն»։

Դեմը ձմեռ էր ու… Պատերազմ։ Չգիտեմ ո՞վ կամ ինչո՞ւ է հորինել այդ բառը, կամ ովքե՞ր են այն այդքան սարսափելի ու դաժան դարձրել դարձրել։ Պատերազմ։ Լսելիս մանկական երևակայությանս մեջ հայտնվում էին զոհեր, ցավ, կսկիծ, վիշտ։ Ամեն առավոտ դպրոցների ու մանկապարտեզների վրա նետվող հազարավոր արկեր։ Մինչ այստեղ ես լալիս էի որ ինձ օրորեն, Արցախում մահանում էին ինձ պես երեխաներ։ Մահանում էին չիմանալով թե ինչո՞ւ։ Մահանում էին դաս սերտելիս։ Մահանում՝ հայ լինելու համար։ Ի՞նչ-որ մեկը որոշել էր բնաջնջել հայ տեսակը և խլել նրա հազարամյա հայրենին։ Փառք Աստծո, որ խավարի իշխանությունը դեռ վերջնականապես չի հաստատվել երկրագնդում, և շատ հաճախ խաթարվում են «ինչ-որ մեկ»-երի խավարածին ծրագրերը։
-Ձայնը բարձրացրե՛ք, լուրերն են,- Պապը նստում էր հեռուստացույցի դիմաց։ Բոլորս լռում էինք։
Էկրանին ծխում էին կիսավեր ու քանդված գյուղեր, փլատակների տակ կքված քաղաքներ, եկեղեցիներ, ջարդված խաչքարեր։ Երբեմն ցավն այնքան ուժեղ է լինում որ պատերազմը դուրս է գալիս էկրանից և մտնում տուն։ Մեր տունը Արցախում չեր, բայց այնտեղ էլ պատերազմ էր։ Կռվում էինք, միմյանց հետ, միմյանց դեմ, երբեմն նաև ինքներս մեզ հետ, չնահանջելու, և սեփական հայրենին թշնամուն չզիջելու համար։
-Ի՞նչ ասեց,-Պապը լավ չեր լսում։
-Ասում ա մեր կողմից էլ զոհեր կան,-Մայրս կրկնեց հաղորդավարի խոսքը։
Պապը ձեռնափայտը դրեց ոտքերի արանքում, ծխախոտ վառեց։ Գուլպա գործող տատի ձեռքերի դողը ավելի ուժեղացավ։ Սոսկալի է տեսնել մոր ապրումը ով որդուն պատերազմ է ճամփել, և լսում է որ այնտեղ զոհեր կան։
-Հո՞։
-Չէ, իր անունը չկա,-Մայրս ընդհատեց տատիս և հին խալաթի փեշով սրբեց արցունքները։
Մեր կտուրի տակ ծվարել ու թպրտում էր մի բուռ հայրենիք։ Հին խալաթի ու մաշված գոգնոցի ետևում նիհար մի մարմին, ով ամեն օր պատմում էր ցեղասպանության դառը հուշերից և երազում կրկին Էրգրում ապրելու մասին։ Երբ գոգնոցի գրպանից հանում ու ինձ կոնֆետ էր տալիս, տատիս դողացող ձեռքի կնճռոտ ափում շոշափում էի հայրենին։ Այո՛, հայրենիքը սրտի չափ փոքր և նրա պես անսահման է։
Հայրենիքն էլ շնչում, ապրում է մեզ պես։ Նա էլ գեղեցիկ, հանգիստ, անվնաս է իր խաղաղությամբ։ Երբեմն սակայն պատերազմը դառնում է անխուսափելի, պարտադրված։ Հայրենին անխոցելի պահելու համար նրա զոհասեղանին դրվում են կյանքեր։ Որովհետև անհայրենիք ապրելը անհնար է, անհայրենիք մարդը չի կարողանում տեսնել նաև այն ոգեղենը որը կա, ապրում է յուրաքանչյուրի ներսում հայրենիքի հետ։ Հայրենիքը ոգի է՝ սեր։ Կորցնել հայրենիքը նշանակում է զրկվել սիրուց, ու ապրել ոչ ոքի պետք չեկող այն թափառականի նման որը ամեն վարկյան դատապարտված է կործանման։
Հերոսները ծնվում են պատերազմի դաշտում։ Այնտեղ նրանք տեսնում են հայրենին, շոշափում նրա ափը, սեխմում նրա ձեռքը։ Տղաները գնում են, դժվար օրերում սեխմելու Արցախի ձեռքը, որը դարեր շարունակ ապրել և արարել է հայեցի։ Հայրիկն էլ է այնտեղ, նա էլ է կռվում ազատագրելու համար այն հողակտորը, որը մերն է։ Հող՝ որի վրա կառուցված է մեր տունը, դրված իմ օրորոցը, այնտեղ է մեր դպրոցը, հիվանդանոցը, եկեղեցին, նախնիների շիրիմները։
Դժվար օրեր էին։ Ամեն օր մեր փողոցում արկեր չէին պայթում, ճիշտ է, բայց պատերազմի արհավիրքը հասնում էր նաև մեզ։ Մեր ունեցած մեկ կովը կարողանում էր ինձ կաթ հասցնել։ Օրեկան երկու կամ երեք բաժակ կաթ, չոր հաց, լավագույն դեպքում էլ մի կտոր պանիր, մեր սնունդը այդ էր։
-Էլի սոված մնացի՞ր,-Շատ եմ տեսել թե ինչպես էր մայրս արտասվում այդ հարցից հետո։
Հաճախ էր պատահում, երբ պապի թութունը վերջանում էր, իսկ նորը գնելու համար գումար չկար։ Պապը դուրս էր գալիս, լուռ հավաքում ծառերի չորացած տերևները և թղթի մեջ փաթաթելով ծխում։ Նա գիտեր արդեն թե ո՞ր ծառի տերևներն են ամենից լավ ծխվում։
-Բարի օր, եկել եմ հաջող անեմ, գնում եմ,-Հարևանի տղան էր, Վարդանը։
-Կռի՞վ ես գնում, ես գուլպաները հետդ տար, կտաս տղերքին,-Տատս չկորցրեց իրեն։
-Չէ՛, չէ՛ Ռուսաստան եմ գնում,-Վարդանը հաջող արեց բոլորին,-Շուտ մեծացիր որ դու էլ գաս,-Համբուրեց այտերս ու դուրս եկավ։
-Ձեր անթասիբ տիրոջ մե՛րը, տենց արեցիք էլի, որ ծովից ով Հայաստանից ես մի բուռը մնաց,-Պապը հայոյեց նրա ետևից։
Պատերազմը սաստկանում էր, ավելանում սգացող, սևաշոր մայրերի թիվը։ Գալիքը խոստանում էր լինել պածառ։ Տղերքը անկոտրում էին, առաջ էին շարժվում։
-Լսեցի՞ք, հակառակորդը զինադադար է խնդրել, մերոնք հաղթո՜ւմ են, հաղթե՜լ են,-Հեռուստացույցի դիմաց նստած պապը վեր ցատկեց թախտից։ Այլևս անհնար էր ինչ-որ բան լսել։
Ազատագրված Արցախը մեր տուն էր եկել։ Գանձասարը, Շուշին, Ստեփանակերտը, պարում էին ցեռնափայտը մոռացած պապի հետ։ Ցեղասպանություն վերապրած տատս, բարձրաձայն արտասվում էր։ Խեղճ կին, չեր հավատում որ հաղթել ենք, չենք բնաջնջվել։ Ձավար մաքրող մորս մատները դողում էին, ուրախության արցունքները գլորվում այտերին։ Հայրիկը տուն էր գալու։
Պատերազմը հազարավոր իմ հասակակիցներից խլեց իրենց հայրիկներին, իսկ իմ հայրիկից՝ ոտքը։ Ժամանակից շուտ հրաժեշտ տվեցի խաղալիքներիս։ Հայրիկը էլ չի կարողանում։ Մայրիկի օգնությամբ դուրս է գալիս, նստում աթոռին կամ ծառի տակ դրված տափակ քարին և խորհուրդ է տալիս ինձ։ Հաղթանակի բերկրանքը ճաշակած պապը, հանգիստ ննջում է գերեզմանոցում։ Հիմա ես եմ գերանդին սրում, դաշտ գնում, խոտ հնձում, փորձում ափերիս մեջ պահել, պահպանել, ինձ ժառանգված հայրենին։
Իրիկուն է։ Ոտքերս ինձ եկեղեցի են տանում։ Խաչակնքվում եմ, փակում աչքերս։ Վառվող մոմերի տաքությունը շոյում է այտերս, ճակատս ապա բարձրանում վեր։ Որքա՞ն շնորհակալ եմ ծնողներիս, որ այն դժվար օրերին չհեռացան, որ հայրենիքը չմնար առանց մեզ, առանց մեր պեսների։ Ավարտում եմ աղոթքս, առանց տագնապի, հանգիստ, խաղաղ։ Հիմա, ամեն առավոտ արթնանում եմ համոզված՝ որ Արցախում էլ լուսաբացը բարի է։

Թողնել պատասխան

Your email address will not be published.