Ռի-Մա | ՆԱ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՄԵՌԱՎ…

***
դու ծնվել ես սաղմից Հուդայի,
դու գիտես երեսներ համբուրել,
դու քո մորն էլ պատով կտայիր,
եթե պատն այդ օգուտ քեզ բերեր:
քո ժանիքը խեժից էլ կպչուն է,
քո աչքերը երբեք չեն սառում,
դու սիրում ես թղթե թռչուններ,
որ փայտից էլ արագ են վառվում…
դու ծնվել ես սաղմից Հուդայի,
չի դառնա քո հոգոցը հառաչ.
դու գիտես խոնարհվել բագինին,
որ քանդվեց ծնվելուցդ առաջ…

***
Եղանակը փոխվում է,
երկրագունդը գնում է թոշակի
ու տափականում…
Եղանակը փոխվում է,
մարդիկ դառնում են տերևներ,
կամուրջներից հյուսվում են հսկա ծառեր,
իսկ կյանքը սուլում է քամու պես…
եղանակը փոխվում է.
քամին ուժեղանում.
աշուն է,
իսկ կամուրջներից սկսում է
մարդաթափը…
***
Սենյակը լռում էր,
առաստաղից կախվել էր մի բուռ օդ
ու մի պարան,
հատակին շրջված աթոռ կար.
ոտքերն օդում էին.
ոչ, նա չէր կախվել.
նա ուղղակի սովորել էր թռչել…

***
Նրան որոշեցին դատել.,
Սկզբում դատեցին որպես մարդ.
վառեցին,
հահյոյեցին,
բայց ի վերջո արդարացրին՝
ճանաչելով անմեղսունակ.
(չափազազանց մանկամիտ էր)…
Հետո որոշեցին դատել
որպես գրող.
գումարեցին,
հանեցին,
հաշվեցին,
կծեցին,
կսմթեցին,
կշռեցին գրական ժառանգությունը
ու եզրակացրին,
որ նա գրող չէր,
այլ մի գրչակ,
ով ունի մի քանի հանճարեղ տող…
ճարահատյալ որոշեցին դատել
նրա գրչին՝
մեղադրելով վերջինիս
կեղծարարության
ու հուշարարության մեջ.
ճանաչեցին մեղավոր,
ենթարկեցին ցմահ ազատազրկման.
(մինչև թանաքի սպառվելը):
Իսկ նա գնեց նոր գրիչ
ու շարունակեց գրել
նույն հանճարեղ տողերը.
դատավորները գնացին,
գրիչի թանաքը սպառվեց,
նա էլ գնաց,
բայց տողերին դատելիս
նրանց արդարացրեց նա,
ով երբեք չի գնում,
ով երբեք չի քնում
ու հարցեր չի տալիս,
այլ մշտապես պտույտ է գալիս
սլաքների ու թվերի արանքում…
նա այդպես էլ չմեռավ…

***
Երգի մրցույթ էր.
Մեկը բոլորից բարձր հայհոյեց,
Ճանաչեցին հաղթող.
Ասացին. -Լավ ձայն ունես.
Ծափերը լռեցին.
Ծափ տվող
Մնաց միայն մեկը.
Այն էլ խուլ էր…

***
Իմ աչքերի մեջ
հրեշտակ է խեղդվում՝
ինչպես թիթեռը
սև ավազներում…
տարբերությունը լոկ այն է,
որ հրեշտակները սպիտակ են,
իսկ աչքերս դարչնագույն…
Իմ աչքերի մեջ
քո չծնված մեղքերն են մեռնում.
ես գուշակ չեմ՝
դու ես կանխատեսելի,
դու ես մարդ…
Իմ աչքերի մեջ
քո անցած ու չանցած
ճամփաներն են պատռվում.
դադարի ժամանակն է՝
աչքերս հոգնել են ճամփա թարթելուց…
իմ աչքերի մեջ
քարե տանիքից ճոճվում է,
պայթում է այն միակ լամպը՝
այն միակ լույսը քո թողած.
հաջորդ գիշեր մութ է լինելու…
Իմ աչքերի մեջ
քո դերերն են հավասարվում,
շարվում կողք-կողքի
ու փորձում գտնել քեզ,
իսկ դու դեռ այնտեղ
հրեշտակ ես ներկում…
Իմ աչքերի մեջ
սավանները կարմիր են,
ավազները՝ կանաչ,
իսկ դու՝ թափանցիկ,
իսկ դու փախչում ես,
հոսում ես, այրում.
կոպերս արտասվել գիտեն.
մատնություն.
սատանան թիթեռ է ծնել…

***
Խեղդվիր սուրճի բաժակում,
ողջակիզվիր խարույկին,
կամ թաքնվիր միջնադարյան մի սպասուհու
գոգնոցի մեջ…
գոռա, թե անմեղ ես,
ապտակիր,
մեղադրիր,
իսկ ես չեմ արդարանում.
ես ուղղակի ցույց եմ տալիս
իմ ու քո
տարբերությունը…

4 comments

Skip to comment form

    • Նելլ Սահակյան on 22 Օգոստոսի, 2012 at 3:12 ե.
    • Reply

    Ապրես, Ռիմ
    Իմ աչքերի մեջ
    հրեշտակ է խեղդվում՝
    ինչպես թիթեռը
    սև ավազներում…

    • Ռի-Մա on 22 Օգոստոսի, 2012 at 5:02 ե.
    • Reply

    Մերսի Նել ջան

    • Նելլ Սահակյան on 23 Օգոստոսի, 2012 at 7:45 ա.
    • Reply

    մեզ`սկսնակներիս նորանոր լավ բանաստեղծություններ:D:DDDDDDDDDDDDhii

    • Ռի-Մա on 23 Օգոստոսի, 2012 at 9:23 ե.
    • Reply

    :)))

Թողնել պատասխան Ռի-Մա-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.