Սիրանույշ Օհանյան | ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Ավազե մանդալա (տիբեթերեն དཀྱིལ་འཁོར།՝կիլխոր), գունավոր ավազից մանդալաներ ստեղծելու և ոչնչացնելու տիբեթյան բուդդայականության ավանդույթ: Ավարտելուց անմիջապես հետո ավազե մանդալան արարող վանականները ծիսականորեն ոչնչանում են այն: Ողջ արարողակարգը խորհրդանշում է նյութական կյանքի անցողիկության մասին բուդդայականության դավանաբանական համոզմունքը:
Պատկերացրեք տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց: Ամեն վայրկյան նրանք ինչ-որ բան են գրում, սրբագրում, խմբագրում: Ամեն վայրկյան վայրկյան ինչ-որ մեկը ուղղում կամ ջնջում է ինչ-որ մեկի գրածը: Ամեն վայրկյան ինչ-որ մեկը ինչ-որ հոդված է կարդում Վիքիպեդիայում:
Բազմաթիվ տիբեթյան վանականներ մի քանի շաբաթ շարունակ համատեղ ուժերով մեկ մանդալա են գործում: Գործելուց անմիջապես հետո մանդալան ոչնչացնում են: Այդպես նրանք սովորում են չկառչել նյութական աշխարհից և իրենց իսկ ստեղծագործությունից: Չկառչել սեփական հոգուց:
Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող ՎիքիմեդիաՀիմնադրամը։ Վիքիպեդիայի 20 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 31.000 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։
Վիքիպեդիայում գրում եմ հոդված: Մանդալա եմ հյուսում բառերից: Գեղեցիկ է: Ճշմարիտ է: Կատարյալ չէ: Կայուն չէ: Մշտապես փոփոխվում է: Մի օր այլևս չի լինի իմ գրածը: Կլինի ինքնակամ մասնակիցների կողմից խմբագրված հոդված: Մենք բոլորս մանդալա ենք հյուսում բառերից: Հետո փոփոխում ենք այն: Ոչնչացնում: Դարձնում ուրիշ:
Հանրագիտարան, գիտական կամ գիտահանրամատչելի տեղեկատու հրատարակություն, որ առավել էական ինֆորմացիա է պարունակում գիտելիքների կամ պրակտիկ գործունեության բոլոր (համապարփակ Հ.) կամ առանձին ճյուղերի (ճյուղային Հ.) վերաբերյալ… Յուրաքանչյուր Հ. ունի հատկապես իր համար մշակված թեմատիկ պլան և բառացանկ1:
Տատիկս ինձ «քայլող հանրագիտարան» էր ասում: Քայլողն, ընդ որում , ավելի լավ է բնորոշում ինձ, քան՝ հանրագիտարանը: Ավելի դիպուկ կլիներ, եթե ասեր «նստակյաց ընթերցող»:
Տատիկս չիմացավ, ես էլ չգիտեի, որ դառնալու եմ հանրագիտարան:
Ինչպե՞ս դարձա հանրագիտարան:
Մարդը հարափոփոխ բառակույտ է: Հարահոս միտքս ապրում է բառերի ընթացքի մեջ: Էությունս հնարավոր է անթերիորեն ներկայացնել բառերով: Ապրումներ, մտքեր, զգացմունքներ, պատկերացումներ՝ ամեն ինչ կազմվում է բառերից, ամեն ինչ քանդվում է բառերով: Գոյությունս արձանագրող յուրաքանչյուր ակնթարթ լցված է բառերով: Հաճախ՝ չգիտակցված: Ինչ մտածում եմ, ինչ բառեր կան իմ մեջ այս պահին՝ ես եմ: Մտքերս երբեմն կառավարում են ինձ: Մտքերս ինձ կերտող բառերն են: Մտքերս բառեր են: Ես բառ եմ:
Վիքիպեդիան հարափոփոխ բառակույտ է: Այստեղ ամեն ինչ բառ է: Տիեզերքը բաղկացած է բառերից: Բառերը տանում են բառերի մոտ: Ցանկացած բառից կարելի է գնալ այլ բառի մոտ: Ինչպես մարդու միտքը, որ ցանկացած բառից կարող է թռչել այլ բառի մոտ: Ինչպես իմ միտքը, որը բառից բառ է թռչում: Բառը տանում է այլ բառի մոտ: Տանում է այլ աշխարհ: Փոխկապակցված բառեր, փոխհղվող բառեր:
Մենք նույն սկզբունքով ենք աշխատում: Մարդը ստեղծել է Վիքիպեդիան: Ըստ իր պատկերի և նմանության: Վիքիպեդիան մարդ է: Մարդը Վիքիպեդիա է: Ես հանրագիտարան եմ:
Հիմա, երբ ես գրում եմ այս տողերը, հիմա, երբ դու կարդում ես այս տողերը, միասին և առանձին ճամփորդում ենք բառից բառ: Իմ մեջ բառերի ծով է ծփում, քո մեջ բառերի ծով է ծփում: Բառերը բախվում են, վերադրվում, վերաստեղծվում, ուղղորդում: Բառը բացատրում է ինքն իրեն, բառերը բացատրում են միմյանց, բառերը բառերով են լցնում իրենց: Բառերը արթուն են, բառերը քնած են, բառերը շնչում են. բավական է հպվել, և բառը բացում է իր դռները, տանում իր աշխարհ, որտեղ քնած են այլ բառեր՝ հպումի սպասող: Բառեր-հղումներ:
Ցանկացած պահի կարող եմ խմբագրել Վիքիպեդիայի որևէ հոդված: Ցանկացած պահի կարող եմ փոփոխել, տարածել, կիրառել հոդվածը: Ցանկացած պահի հոդվածը կարող է այլ լինել:
Ցանկացած պահի կարող է ինչ-որ փոփոխություն լինել իմ ներսում, ինձանից դուրս: Ցանկացած պահի ես այլևս այն չեմ, ինչ էի նախորդ պահին:
Ես խմբագրում եմ Վիքիպեդիան: Մենք խմբագրում ենք Վիքիպեդիան: Վիքիպեդիան փոփոխվում է:
Ամեն ինչ հոսում է: Գետը այն չէ, ինչ նախորդ պահին: Ես այն չեմ, ինչ նախորդ պահին: Աշխարհը և ես փոփոխում ենք ինձ: Ես և մենք փոփոխում ենք Վիքիպեդիան: Մենք անկայուն էություններ ենք: Ես ուրիշ եմ, բայց ես եմ: Հոդվածն ուրիշ է, բայց նույն հոդվածն է:
Այս պահի իմ եսը իմ բոլոր նախորդ պահերի եսն է: Այս պահի իմ եսը մեռնում է հաջորդ պահին: Այս պահի իմ եսից ծնվում է նոր ես: Ամեն ինչ փոփոխվում է:
Այս պահի հոդվածը կրում է բոլոր նախորդ պահերի կնիքը2: Այս պահին փոխվում է հոդվածը: Հոդվածը նույնն է, բայց նախկինը չէ:
Ես ապրում եմ, պահերը գալիս են, գնում, ես շարժվում եմ ժամանակի մեջ: Ես ավազի շիթ եմ, որ հոսում է իմ ժամանակի բռից: Ես անցողիկ եմ:
Հոդվածը փոփոխվում է, ոչնչանում է իմ աշխատանքը: Ես աշխատել եմ հանուն իմ աշխատանքի փոփոխության: Ջանացել եմ, որ ինչ-որ մեկը փոխի իմ պատրաստածը: Ինչ-որ մեկը կփոխի ինչ-որ մեկի փոխածը: Ինչ-որ պահի անճանաչելի կդառնա սկզբի եղածը: Մենք բոլորս ոչնչացնում ենք մեր և ուրիշի ստեղծածը: Ստեղծում ավելի կատարյալը: Մենք բոլորս գիտենք, որ հաջորդ պահին փոխելու ենք այն:
Ես հյուսում եմ իմ մանդալան, մենք հյուսում ենք իմ մանդալան, մենք հյուսում ենք մեր մանդալան: Մենք քանդում ենք մեր մանդալան: Մենք հյուսում ենք նոր մանդալա: Մենք սովորում ենք չկառչել մեզանից: Չքարանալ: Չմեռնել պահի մեջ: Եթե հաջորդ պահը նույնական է նախորդ պահին՝ ես մեռած եմ: Լինել փոփոխունակ: Ամեն ինչ հոսում է:
F53:

Հայկական սովետական հանրագիտարան
Տե՛ս Պատմություն բաժինը Վիքիպեդիայի որևէ հոդվածի համար
Վեբ-էջը թարմացնելու-վերապատկերելու հրահանգ, ինչպես նաև՝ ծրագիրը գործարկելու հրահանգ որոշ ծրագրավորման լեզուների աշխատանքային միջավայրերում

2 comments

  1. Բազմաթիվ տիբեթյան վանականներ մի քանի շաբաթ շարունակ համատեղ ուժերով մեկ մանդալա են գործում: Գործելուց անմիջապես հետո մանդալան ոչնչացնում են: Այդպես նրանք սովորում են չկառչել նյութական աշխարհից և իրենց իսկ ստեղծագործությունից: Չկառչել սեփական հոգուց:
    լավ համեմատություն էր

    • Shakeh Amirian-Petrossian on 19 Սեպտեմբերի, 2012 at 4:49 ե.
    • Reply

    Thank you. my thoths by your words.

Թողնել պատասխան

Your email address will not be published.