Կորրադո Ալվարո | ՄԵԼՈՒԶԻՆԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Շատ բաների թվում, որոնք թանկ են ինձ համար, մի աղջկա դիմանկար կա, որը գնել էի մեր կողմերից եկած մի նկարչից: Գրեթե պարտքս համարեցի վերցնել այդ աղջկա նկարն ու թաքցնել այն օտաների աչքից: Ու չնայած գրեթե էլ չեմ հիշում իմ հայրենի եզերքի նիստ ու կացը, արյունակցական կապն այդ հողին մնացել է իմ մեջ:
Գիտեմ, որ հարազատներիս շրջանում շատ կանայք երբԵևէ չեն թողել, որ իրենց նկարեն. բավական է լուսանկարչական սարքով երևաս մեր ճանապարհներին, որպեսզի բոլոր կանայք երեսները դեպի պատը շրջեն: Միայն մի լուսանկար ունեմ մորիցս մնացած, երբ նա նոր էր ամուսնացել. այնտեղ նա լրիվ վախեցած տեսք ունի` առաջին անգամ հայտնվելով օբյեկտիվի առաջ, իսկ նրա կողքին հայրս է, որը կանգնել է կնոջը պաշտպանող կեցվածքով: Հավատացե՛ք, այդ կանխածին վստահությունից իմ մեջ էլ կա, քանզի ամեն անգամ թվում է, թե վերջնականորեն ես կեցվածք ընդունում, և դրանից հետո կյանքիդ ողջ դրվածքն է փոխվելու: Բայց կնոջ մոտ դրան գումարվում է մեկ ուրիշ զգացում ևս. այն, թե ինքը պատկանում է իրեն դեռևս անծանոթ մեկին, որին, սակայն, որպես գաղտնիք, դեռ մանուկ հասակից վստահում է իր անվերապահ, անվկա ու անհուշ գեղեցկությունը:
Մեր նկարը մեր մի մասն է, ու նաև նկարի վրա կարող ես թափել ատելությունդ, օրինակ` քորոցով ծակել աչքերը կամ սեր տածել` համբուրելով այն, ու նկարը չի կարող շարժվել, և գուցե միայն հեռվից` պատկերվածի մարմինը զգում է այդ ամենը:
Եվ սակայն, այդ աղջկա նկարն իմ թղթերի մեջ է. նա ձեռքերը խաչել է, աջ ձեռքը դրել է ձախի վրա, որը երկուսից առավել թույլն է ու անպաշտպանը.աչքի են զարնում դեռևս հարթ ու ողորկ մատները, միայն դրանց ծայրերն են մի քիչ ճմլված, որոնց վրա մնացել են այն բաների դրոշմը, որոնք նա պահել է իր ձեռքերով` գրաֆինը, հացը, մանուկ եղբայրներին, իր կյնաքի առաջին ծանր իրերը: Գյուղական կյանքի գաղտնիքները ի հայտ են գալիս նրա մեջ, նրա խաղաղ դեմքի վրա. ճակատը նեղ է ու կանոնավոր, ասես` սեղմվել է կանանց մի ողջ սերնդի կրած ծանրությունների տակ: Մեծ և ուղիղ քիթը ներդաշնակում է ճակատի հետ, ու այդ ներդաշնակությունից, այն կետում, ուր դրանք բաժանվում են, զարմանում են հոնքերը` արձաններին բնորոշ զարմանքով: Միայն փքված բերանն է, որ ցցվելով կզակի վերևում` խախտում է այդ ներդաշնակությունը և ասես մի անպարկեշտ համբույր լինի բանից անտեղյակ դեմքին: Այդ բերանի պատճառով թվում է, թե աղջիկը վիրավոր է: Նա խռովված է ու ճնշված: Արդեն այն փաստը, որ նրա նկարը պահել եմ ձեռքերիս մեջ, խամրեցնում ու սպանում է նրան: Նա, իհարկե, իր ճակատով` մտածում է իր երկատված անձի մասին, որը չգիտե, թե ինքը որտեղ է ու չի ասելու իր ամուսնուն, երբ մարդու գնա: Ես գիտեմ նրա գյուղը, քանզի եղել եմ այնտեղ: Այն կառուցված է քարաժայռի վրա, որը հենց այդպես էլ կոչվում է` La Rocca*: Վերջին քսան տարվա ընթացքում այդ գյուղի բնակիչները, որ ծվարել են այդտեղ դարեր առաջ, գաղթում են ներքևի ծովափնյա քաղաքը: Առևտրով ու նոր աշխատատեղերով գայթակղված` կամաց-կամաց տեղափոխվեցին բոլորը, այն բանից հետո, երբ գյուղի ունևորներն իրենց տներն այնտեղ թողնելով` երկարավուն ու ցածր շենքեր կառուցեցին խորդենիներով եզերված երկաթուղու երկայնքով: La Rocca -յում մնացին ամենահամակերպվածները` հովիվներն ու գյուղացիները, որոնք այնտեղից հեշտությամբ ելնում են սարահարթ, ուր, որպես թաց ու մութ առեղծվածներ` ծաղկում են լյուտինն ու հողի ծալքերի մեջ ծվարած բանջարաբույսերը:
Գյուղում մնացել են միայն ծերերը, որոնք բախտ որոնելու կարիք չունեն այլևս. մնացել են նաև իրենց զավակնեն ու թոռները, բայց վերջիններս էլ տրամադրված են մեկնելու:
Այդտեղ է մնացել նաև դիմանկարի աղջիկը. նրա անունը Մելուզինա է. նա տանն է, ուր, հարյուրամյա պապը կապիկի նման` ոտքերն ու ձեռքերը ծալած, նստած է ամբողջ օրը: Կիսակույր` նա նստած է դռան առաջ, արևի տակ ու սևեռուն նայում է արևին, ասես իր կյանքը կապում է նրա հետ: Տան շեմի բարձր աստիճանների վրա մի մանչուկ է վայր ընկնում ու լալիս. այծը դունչը հանելով խոտերի միջից` լուրջ հայացքով նայում է նրան: Վերջինս Մելուզինայի փոքրիկ եղբայրն է, նրանք տան կրտսեր երեխաներն են, որ ծնվեցին այն ժամանակ, երբ իրենց հայրը ծեր էր արդեն: Ավագ երղբայրները քաղաքում են աշխատում, միայն իրենք հավատարիմ մնացին հայրենի հողին. Մելուզինան տասնհինգ տարեկան չկա:
Երբ նա կանգնում է դրսի աստիճանների վրա, թվում է, թե բնակչուհին է մի աշխարհի, որտեղից տղամարդիկ չքացել են, իսկ սերունդները պիտի անհետանան մեկընդմիշտ: Լքված հողն արագորեն ամայանում է, անձուկ հրապարակներն ու փողոցները ընդարձակվում են ոլորաններից, որ բացվում են փլուզվող տների մեջ, որոնց դռներն ու պատուհանները, աղյուսներն ու կղմինդրները հանել-տարել են: Անձրևի ժամանակ փոշու նոսր շիթեր են հոսում, փլուզվում են տանիքներն ու խարխլվում է խոհանոցների ու ախոռների հատակը: Ամեն ինչ սպիտակ է դառնում, ասես շնչառություններն ու արտաբերված խոսքերը սառցակալում ու ճերմակում են օդում: Այնտեղ շատ խիտ աճում է միայն եղինջը: Որմանցքը, ուր դնում են լամպը, ձեթի ու գինու ամաններն ու ռետինե սրվակը, արևն ու քամին փայլեցրել են. յուղի հետքն անհետանում է քարի վրայից, ճաքերը տան պատերին`լայնացած երակների են նման: Տանիքներից ազատված պատերի կատարներին, անաչք պատուհաններին և դրանց փուլ եկող գոգերին խոտ է աճում, որի միջուկով սնվում են վայրի թուզն ու աշորայի ցողունները:
Այնտեղ օջախները մարել են. դռների մաշված սանդուղքներին անձրևաջուրն է լճանում մարդկանց ոտնահետքերի մեջ, և միալար աստիճանները, ասես միայնության գլխապտույտով բռնված` գահավիժում են ցած:
Տարվա մի եղանակից մյուսը մարդիկ լքում են գյուղը` կահկարասին բարձելով ավանակի վրա, որը զռռում է սրտակեղեք, ու այդ զռռոցը արձագանքվում է ախոռներում: Անգամ շներն են փախել: Աղբյուրը կտրվել է երակի նմնան, ու ջուրը վազում է կղմինդրածածկ խողովակներով: Եկեղեցու դռները չորս կողմից բաց են. զոհասեղանը մերկ է, ու այնտեղ, ուր պատը ճաք է տվել, դրամատիկ իրավիճակ է ստեղծվել: Թվում է, թե այնտեղ մշտապես Չարչարանաց Ուրբաթ** է , երբ զոհասեղանի վրայից պոկում են դեկորն ու տապալում գույքը: Ղողանջների ու երգեցողությունների կանչը սպրդել է ապակու անցքերից: Պատռված առաստաղից լույսն ընկնում է տապանաքարերի վրա:
Սա այն գյուղն է, ուր մնացել է Մելուզինան, ու զարմանահրաշ է նրա գեղեցկությունն այնտեղ` որպես ավարտված կյանքի, լքված անավդության, հանգած ու անհոտ բնության խորհրդանիշ: Գուցե մի օր նրանց տուն այցելի մի հովիվ ու ցածրաձայն զրուցի նրա հոր հետ, մինչ ինքը կհետևի, որ օջախի կրակը չմարի, ոտքը վառարանի վրա դրած, ծունկը ծալած, որի վրա արմունկն է հենել, դեմքն առել ափի մեջ, մյուս թևը կամարաձև դրել է կողքին` հանգիստ առնելու գեղեցիկ պահի մեջ, իսկ ոտքի կլոր կոճիկը դուրս է պրծել ծանր զգեստի տակից: Գուցե նրա մեջ վերապրի այդ երկրի կյանքը` դժվար կպչող կրակի պես, և իր զավակները իրենց մեջ կրեն իր գեղեցկության հետքերը` մեկը աչքերի, մյուսը`բերանի նմանությամբ, ու տանեն իրենց հետ գետերի ու դաշտերի երկայնքով:
Երբ այնտեղ եկավ նկարիչն ու տեսավ նրան, ինքը նստած էր դռան մոտ: Նկարիչը կանգ առավ ու զարմանքով նրան նայեց: Աղջիկը տուն փախավ: Նկարիչը հյուր էր եկել գյուղի մի պաշտոնավորի, նրան, ով տեր ու տնօրինություն էր անում անասունների, դաշտերի ու մարդկանց վրա:
Հաջորդ օրը կիրակի էր, ու բոլորը տանն էին: Ու մեկ էլ, հայտնվեց այդ պարոնը օտարականի հետ: Աղջիկը վախեցած դուրս ելավ ու հարցերց.
-Ի՞նչ եք կամենում:
-Ուզում եմ հորդ տեսնել,-պատասխանեց պարոնը:
Այդ պահին դուրս ելավ հայրը` ճերմակ դեմքով, որ այդ ոչ սովորական այցելությունից ինչ-որ վատ բան էր սպասում:
-Դու պետք է թույլ տաս, որ այս օտարակաը աղջկադ նկարի: Նա Գերմանիայից է, և նկարը տանելու է ի հետ, շատ հեռու: Ոչ ոք չի իմանա:
-Ինչպես կամենաք, պարոն, ինչպես հրամայեք,-ասաց հայրը` հնազանդորեն ձեռքերը թափահարելով: Կանչեց աղջկան, որը վախվխելով մոտեցավ, ինչպես չորքոտանին շուկայում:
-Ահա՛ նա,-ասաց հայրը, ասես` նախընտրում էր իր ամենալավ ապրանքը նվիրաբերել, քան տեսնել, թե ինչպես են դա իրենից խլում: Աղջիկը նստեց աստիճանների վրա, իսկ հայրը` նրա կողքին: Մյուս կողմից մոտեցավ ծերունի պապը, որ ուշադիր ականջ էր դնում այդ խոսակցությանը:
Նկարիչն իր պայուսակից մի թուղթ հանեց, շատ մեծ, շատ սպիտակ մի թուղթ ու սկսեց նկարել: Սևեռուն նայում էր աղջկան: Վերջինս փակել էր աչքերը: Հայրը մեկ նկարչին էր նայում, մեկ`դստերը, ասես ուզում էր հասկանալ երկխոսությունը, որը տեղի էր ունենում երիտասարդ մարդկանց կախարդական լեզվով:
Ահա նկարիչը կանգ է առնում հոնքերի վրա, հետո ականջների, հետո ճակատի, ահա արդեն բերանն է ուրվագծում: Ոչ մի ձայն չէր լսվում: Նկարչի հետ եկած պարոնը նույնպես նայում էր:
Նկարիչը նկարում էր որպես մի աստված, որպես մի աստված թղթի վրա հանում էր պատկերն աղջկա, իսկ վերջինս զգում էր դա` կուրացուցիչ լույսի տակ կանգնած, զգում իր երակներով, իր ծալքերով, իր գաղտնիքներով, իր ամեն ինչով: Նրա աջ ձեռքը փակել էր ձախը, իսկ վերջում, երկուսն էլ, ինչպես աղավնինների, թաքցրեց իր գոգնոցի տակ: Զգում էր, որ նկարչի աչքերն անցնում էին իր մարմնի բոլոր մասերով, ասես ուզում էին խժռել իրեն: Ու նկարիչը նմանակում էր նրա բերանը`շուրթերը դուրս ցցելով, նմանակում էր նրա հայացքը, նրա հոնքերը, որ կիտվել էին երկչոտորեն, ու ժպտում էր: Աղջիկն զգում էր, որ ինքն հետզհետե մասնատվում էր, խրվում անդունդի մեջ, կորչում, ձուլվում էր տիեզերքին, մտնում մեկ այլ մարմնի մեջ, մեկ այլ թաղանթի տակ:
Ծեր պապը հետևում էր մատիտի խզզոցին ու նկարչի ձեռքի կտրուկ շարժումներին, որ ասես կենդանու վրա դանակի հարվածներ լինեին:
Ու Մելուզինան հիշում էր վհուկների մասին, որոնց նկարները պղծում էին, ու տեսնում էր, թե ինշպես են իրենից խլում իր դիմագծերը, իր կյանքը, իր բախտը, ու իր աչքերը կսկծում էին, ասես վրիժառու ասեղներ էին խրում դրանց մեջ:
Պաշտոնավորը ծիծաղում էր ու ասում.«Շա՜տ նման է, շա՜տ, ասես ջրի երկու կաթիլ»: Աղջիկը նայում էր նկարչին. նրանց երկուսի ճակատագրերն ասես անհեթեթորեն միահյուսվել էին: Նրան թվում էր, թե նկարիչն առեվանգել էր իրեն, թե ինչ-որ գաղտիք էր իրեն խոստովանել, ու ինքը մեկընդմիշտ հանձնվել էր նրան: Ինքը նրա մտքերի մեջ էր, ասես ամուսնացել էր նրա հետ և ամուսնության առաջին այգաբացին մի պահ մոռացել էր, որ կապված էր այդ տղամարդուն: Ու դա ի՛ր տղամարդն էր, որ հայտնվել էր հեքիաթի պես, և որին ինքը ծառայում էր ոտաբոբիկ ու խոնարհ: Իր դիմանկարը պիտի ճանապարհորդեր նրա հետ, երևի նա այն դներ հեռավոր քաղաքի մի տան սենյակում, ու այնտեղ ինքը պիտի մնար ընդմիշտ` որպես իրեն առևանգողի առեղծվածային կինը: Զգում էր նրա ձեռքերի հպումը, նրա հևոցը, նրա պողպատե աչքերի փայլը:
Աղջիկը ձեռքը պարչզեց, ասես ինչ-որ բան էր թույլատրում, աչքերը բացեց ու նայեց. արևը որպես լուսապսակ` փայլում էր նկարչի շիկահեր գլխի վերևում, և աղջիկը հիշեց, որ նա նման էր ինչ-որ մեկին, չնայած օտարերկրացի էր, և որ ինքը նրան ինչ-որ տեղ արդեն հանդիպել էր, գուցե մի նկարի մեջ, որը տեսել էր եկեղեցում: Այդ դադարի պահին Մելուզինան առաջին անգամ զգաց ժամանակը, շրջակա առարկաների ձայները, սրբերի արձանների անշարժությունը` արևի հետ անցնող ժամերի ներքո, նրա շնչառությունը և արյան տրոփյունը բթամատի տակ: Աղջկա անթարթ աչքերի միջև աշխարհը նվաղու էր ու մթնում, ինչպես որ լինում է երբեմն, քնելու պահին: Իրեն թվում էր, թե ինքը քնած էր, ու իրեն քաշում էին վեր:
Մի ձայն, նկարչի ձայնը, ասաց.« Վե՛րջ: Շնորհակալությո՛ւն»: Մելուզինան ցնցվեց, տեսավ, որ ժպտում էին` նայելով նկարը: Պարոնն իր զարմանքն էր հայտնում, նրանք երկուսն էլ այդ թուղթն էին տեսնում այլևս, ուր իրեն փակել էին որպես կալանավորուհու, ու ինքը մնացել էր աստիճաններին նստած, որպես մի անզգա թաղանթ:
-Ուզու՞մ եք տեսնել:
Մելուզինան տուն փախավ: Գյուղացին բացասականորեն ձեռքը թափահարեց: Նկարիչը կոլոլոց թուղթը: Գյուղացին լսում էր թղթի խշշոցը` կասկածամիտ, չվստահող տեսքով:
Տան ստվերում լսվեց Մելուզինայի լացի ձայնը` խուլ, անաղմուկ հեկեկոցներով, ասես ողբում էին ինչ-որ մեկի մահը ու պիտի ողբային դեռ երկար ժամանակ:

* քարաժայռ(իտ.)-Ծ.Թ.
** Չարչարանաց Ուրբաթին կաթոլիկական զոհասեղանները «մերկացվում են» եկեղեցական կահ-կարասիից` ի նշան Հիսուսի խաչելության ու մահվան ողբի:

Թողնել պատասխան

Your email address will not be published.