Շաքե | «ՀԱՄ ԴՐԱԽՏԻ, ՀԱՄ ԴԺՈԽՔԻ ԴՈՒՌՆ ԵՍ ԴՈՒ»

Հյուլե առ հյուլե, բջիջ առ բջիջ: Ցավոտ, անխուսափելի: Հասունացում, թե՞ ծերացում: Իսկ սաղմը դեռ մեջդ է: Աղջնակն ու կինը տակավին կիսատ, չապրված: Հոսում ես ետ, դեպի սկիզբը, թափառիկ պատառիկներ. բաց ճախրանք հանց ծիծեռ` կտրան ծերից: Սալաքարին կանգնած նանը, նախատատը: Մահվան առաջին այցը: Մահը՝ մի քանի կաթիլ արցունք և կարկաչուն ծիծաղ ու հռհռոց: Մութ պուճախում առաջին հպումը, բնազդական մղումներ ու հասունացող տղեկների անհամարձակ ձեռքեր: Բնազդով, վախով ու մեղքի գիտակցումով առաջին «ոչ»-ի քաջությունը: Մեղքի հարատև ու տանջալից գոյությունը քնած ու արթմնի՝ ներսում, խորքերում, բիբերում: Կինը, դանդաղ, հուշիկ, փերթ առ փերթ, ծալքերում, երազներում, բնազդներում, մրգի պես հասունացող բարալիկ ցողունի վրա: Կինը. քսան, երեսուն, քառասուն, վաթսուն. բացակա, կենդանի, շղթայված մեղքին. այստեղ, հիմա, կողքին կեսի: Արուի, տղամարդու: Միշտ կողքիդ, միշտ ցանկալի, միշտ ատելի, ճակատագրով անքակտելի, անհրաժեշտ օդի պե՞ս. ոչ՝ եզակիորեն՝ իր:

Մեջդ, հետդ, կողքիդ, մոտդ՝ բայց հեռո՜ւ, հեռո՜ւ, որքան կինն ու տղամարդը: Տարբեր ու նման:
Միաձուլման ու օտարացման օրերով, խռովքի ու ներդաշնի արանքում, միշտ սիրելի, ատելի, ատելի, նախասահմանված քեզ համար, կամոքն Նրա: Կրակից, հողից, կղոսկրից, կողակից, կից, կից, կից… Կին: Կին… Աղջիկը՝ այսինչի, քույրը՝ այնինչի, կինը՝ այսինչի, մայրը՝ այնինչի: Անանուն, բայց միշտ ծաղկանուն՝ շուշան, նարգիզ, հասմիկ ու ալվարդ… Շքեղ, փարթամ, նուրբ, քնքուշ: Թփից պոկված, բյուրեղյա կամ կավե ծաղկամանի տարողությամբ՝ ազատ: Գուրգուրոտ մատների ջերմությունը տաք, զուսպ, բիրտ, անտարբեր, մոռացկոտ ու բացակա…
Կինը: Արուի վերարտադրման, բնադրման ու բնազդական կայացման վայր: Անոթ, մութ, խոնավ, ցավի ու հաճույքի կնիքը շրթունքին: Երջանիկ կին, մայր. Ադամի ցեղի հարատևման գրավական ու գերի՝ դրախտի դուռ, ուր արգիլված է մուտքն իր ցեղի: Մեղսալից ու պիղծ, անարժան՝ խորանի հատակը կոխելու, Եվայի խարանը ճակատին մինչ ի մահ, ահեղ դատաստան:
Կինը՝ արբեցումի ու ստորացումի լարի վրա պարող, շորորող, կաքավող:
Ժամ առ ժամ. օր օրի, ինքն իր մեջ, անբարբառ:
Դեռատի ու ամոթխած, հեշտանքի բերկրանքին դեռ անհաս, երկունքի, մահվան, մանկան ու կենցաղի սրտմաշուկ օրերում՝ երերուն հասունանում է կինն իր մեջ ու համընթաց խամրում, մարում, ծերանում. աղոտ հուշ:
Հյուսում է պատրանքների ու առասպելների շարանը՝ սիրասուն մոր, ստնտուի, օջախի ու սյունի, թիկունքի ու կողակցի, աստվածաշնչյան ճակատագրին հավատարիմ, գիրկը՝ Մարդու օրրան՝ տանում է դրախտի դուռը. դուռը, որով անցել ու անցնում են տղամարդիկ իր միջով, իրենով ու իրենից դուրս: Ու դժողքի փայ ու բաժին է կինը. քանզի ոչ միայն համտեսեց խնձորը, այլ հանդգնեց, համոզեց ու կերցրեց Ադամին: Ադամական մեղքը Նորա արյան հեղմամբ քավված՝ քայլեց տիրաբար ու տիրական հպարտ Ադամը:
Եվ դու միշտ կողքին ստվերի պես, Եվայի մեղքը ճակատիդ ու քո մեջ:Անհնազանդ հոգիդ, հնազանդեցման պարտադրանքով տիեզերական, ըմբոստանում է ու ահագնացող ցավով ծնվում է ըմբոստը՝ կինը: Ու դուրս է ժայթքում հանց լավա՝ կարմիր արյան շիթը պիղծ, պիղծ, պիղծ…

 

2 comments

    • Zoya on 2 Մարտի, 2008 at 7:06 ե.
    • Reply

    Bravo Shake jan! Zerkt dalar!

    • hrair on 16 Մարտի, 2008 at 3:53 ա.
    • Reply

    Hetaqrqir tesutyun knoj masin. Lav grich uneq.

Թողնել պատասխան hrair-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.