Ռասուլ Յունան | ԳԵՏԸ ՈՐ ՀՈՍՈՒՄ ԷՐ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ

Պարսկերենից թարգմանեց՝ Վահե Արմենը

«»«»«»
Ինչ-որ տեղ երազներիս մեջ էիր
մեղրափեթակների կողքին
մոտ հովիտներում
ու ես ամեն օր
մի նապաստակ գրկած
անցնում էի այնտեղից
ի վերջո հայտնվեցիր
մի գնացքով
որ գալիս էր հեռու ճանապարհից
բայց չճանաչեցիր ինձ
ես կորցրել էի նապաստակիս
և մատներիս արանքում
վառվող ծխախոտը
քեզ տանում էր դեպի
այն սրճարանները
որ փլվել էին
առաջին անձրևներից

«»«»«»
Սեր թե հավատ
չգիտեմ
մի բան կորավ մեր միջև
որ չգտանք երբեք
ուրեմն
ինձ մոռացիր
տատիկի հեքիաթների
այն այրի նման
որ չկար
սակայն իր կնոջ համար
եղջերու էր որսում
«»«»«»
Պարզել ենք առագաստները
ճամպրուկների մեջ
երկյուղից ու հրճվանքից
դողացող սրտերով
բայց ինչ օգուտ
քեզ չենք հասնի
մրրիկները գիտեն
հասցեն նավերի

«»«»«»
Ի վերջո նա հաղթեց
քանի որ ազնվությամբ
պայքարեց իմ դեմ
մնացյալը
հեքիաթն է իմ պարտության
հոգնած ու ջարդված
երբ տուն հասա
թաքնվեցի
թեյի բաժակի ու
ծխախոտի ծխի ետև
և լուռ կռվեցի
թրջված ու կեղծ բառերի հետ
պարտված զինվորները
բարձրաձայն չեն երգում երբեք

«»«»«»
Հայրս
մի հին սայլով
անցնում է հուշերով ու փողոցներով
գրվում է այս բանաստեղծությունը
դու բարի ես
և մեկնությունը քո երազի
հաց է, լուսավորություն՝
սեղանի վրա և լուսամուտի
փառք քեզ Արարիչ
Ինչ-որ տեղ
այս բառերի արանքում
թզենի է բուսնելու

«»«»«»
…Ու վերջապես
որսորդների պատմություններից
ոչինչ չի մնա
սատկած բադից բացի
վաճառասեղանին
ցավալի է
բայց կարևոր չէ
թող պատմեն
ինչ որ ուզում են
լավ թե վատ
պիտի հորինվեն պատմությունները
զարմանալի վայր է աշխարհը
այստեղ
ով կրակում է
ի’նքն է սպանվում

«»«»«»
Սա իմ երգն է վերջին
նրա համար
մեղմիկ ու մելամաղձոտ մի երգ
ինչպես դիտելը ծովի
մի լուռ երեկո
նա սուրճը չխմած
գնաց ընդմիշտ
ես հիմա
վայրի դաղձերի բուսնելն եմ զգում
նրա արմունկների հետքից սեղանի վրա
աստղը մարդու երբեմն
մայր է մտնում
հախճապակե գավաթում
ինչ-որ կեղտոտ ու միգամած սրճարանում

«»«»«»
Ամպամած է օդը
փողոցներն՝ ամայի
ծնվել եմ այսպիսի մի օր
գուցե
այն օրն էլ
օդը ամպամած
և փողոցները եղել են ամայի
ուրեմն ես
թեքվել եմ միայն
փողոցից փողոց

1 comment

    • Anonymous on 14 Մարտի, 2009 at 2:12 ե.
    • Reply

    Որքա՜ն գեղեցիկ են այս բանաստեղծութիւնները ….

Թողնել պատասխան Anonymous-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.