Կոլյա Տեր Հովհաննիսյան | Իմ հայկական անձնագիրը

Թեհրանում հրատարակւող «Յոյս» երկշաբաթաթերթի

«Ի՞նչ է երկքաղաքացիութիւնը» հարցի հետքերով

Ամեն անգամ Հայաստան ճամբորդելիս, երբ ինքնաթիռի ուղեկցորդուհին ինձ է մեկնում Հայաստանի Հանրապետութեան անցագրային հարցաթերթիկը, դա մերժում եմ գլխի թեթև շարժումով և անսքող հպարտութեամբ. ինձ հարկաւոր չէ, ես հայկական անձնագիր ունեմ: Իսկ Զւարթնոցում վերից եմ նայում մուծումներ կատարելու և անցագիր (վիզա) ապահովելու համար հերթի կանգնած ուղևորներին…
Բացի հանգիստ և ազատ երթևեկելուց, իմ հայկական անձնագիրը մէկ էլ պէտք եմ ունենում Հայաստանի բանկերում կամ նոտարական գրասենեակներում տարբեր առիթներով: Սակայն այստեղ հակառակը՝ փուքսս իջնում է, երբ աչքս ընկնում է աղաւաղւած ազգանունիս: Տէր Յովհաննիսեանը դարձել է Դերհովանեսսյան: Նոյնիսկ Տէրեանի վրայ գտնւող նոտարական գրասենեակի քարտուղարուհին մի անգամ ասաց.
-Էս ինչ տարօրինակ ազգանուններ ունէք…
-Հէնց ինքներս էլ տարօրինակ ենք,-պատասխանեցի տրտում…
Նա շեղ նայեց ինձ ու գլուխը կախ գցելով շարունակեց գործը:
Պարսկերէնով անուն-ազգանունս ճիշտ է գրւած: Միայն պարսկերէնում տ չկայ՝ Տէր-ը գրել են դ-ով: Իսկ իրանական անձնագրի մէջ անգլերէնով գրւած է Der: Երանի Ter լինէր, որովհետև թէև հայոց այբուբէնում թ տառը ունենք, բայց Հայստանում ազդւած ռուսներից առհասարակ թ-ն ասում են տ… Եւ մի կողմից էլ, ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի սահմանապահների մէջ դեռևս ռուսներ կան, ապա մեծ հաւանականութեամբ դա Թեր չէին գրի, կգրէին Տեր, որպէսզի նրանց համար էլ հասկանալի լինէր… Իսկ ss-ը անգլերէնում ս է հնչում: Չգիտես ինչու հայերէնում նոյնութեամբ սս է նշւել, երբ հնարաւոր էր եոլա գնալ մէկ ս-ով:
Իսկ Դեր-ը հովանեսսյանի հետ մի կտոր դառնալու խնդրում մեղաւորը ինքս եմ, որ կամ: Յիշում եմ դիմումի հարցաթերթիկը լրացնելիս Der-ի և Hovanessian-ի արանքում տարածութիւն էի թողել, բայց ինչպէս գիտէք, պարսկերէնում բառերը շարւում են իրար կողք: Անձնագիրս ստանալիս նկատեցի սխալը, սակայն փոխելու ժամանակ չկար, որովհետև գործուղմամբ պիտի արտասահման մեկնէի, վերադարձիս ծուլացայ, մտածեցի կճշտեմ նոր անձնագիրը վերցնելիս: Այն ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, որ մի գեղեցիկ օր հայկական անձնագիր կստանամ ու դրա մէջ անուն ազգանունս կնշւի ոչ թէ իմ ցանկութեամբ կամ լրացւած հարցաթերթիկի՝ այլ անգլերէն տեքստի վրայից:
Այս տողերը գրելով դոյզն ինչ ցանկութիւն չունեմ մեղադրելու Հայաս-տանի Հանրապետութեան Թեհրանի դեսապանատանը: Քա՜ւ լիցի: Հասկանում եմ, որ նրանք վարւել են միջազգային օրէնքների շրջանակներում: Պարզապէս խղճում եմ ինքս ինձ… Հայ եմ, բայց իմ հայրենիքում, նոյնիսկ երկքաղաքացիութիւն ձեռք բերելու դէպքում էլ երբևէ չեմ յաջողի ներկայանալ իմ իսկական՝ հայրական անուն-ազգանունով, որովհետև դա հայերէնից հայերէն փոխադրելու կամ թարգմանելու (չգիտեմ, որ բառն է տեղին այստեղ) պարագային, միջնորդի դերում հանդէս են գալիս պարսկերէն, անգլերէն ու մի քիչ էլ ռուսերէն լեզուները (սիրտս ուզում է մի քանի հատ «!» նշան դնեմ)… Երբեմն միտք եմ անում, գուցէ մեր ինքնութիւնն էլ նոյնպէս աղաւաղւել է, իր մէջ ներծծելով պարսկական, արևմտեան կամ ռուսական բարքեր ու երանգներ…
Որոշ չափով, համամիտ եմ Քարմէն Ազարեանի հետ, ո՞ւմ է պէտք նման երկքաղաքացիութիւնը, երբ ինքնութիւնը մի կողմ՝ նոյնիսկ հայերէն անուն-ազգանունդ այլ կերպ է հնչելու հայերէնով Հայաստանում… Ո՜ւխ, ինչքան դժվար է կրկնելը…
Ինչևէ, որպէս վերջաբան կուզեի նշել, որ իւրաքանչիւր քաղաքացիական օրենսդրութեան կազմաւորմանը հիմք են ծառայում մարդկային հասարակութիւնների մեջ գոյութիւն ունեցող ազգային առանձնահատկութիւնները, տիրող իրավայարաբերութիւնները և այնպիսի յարաբերություններ, որոնք ներկայիս կարգաւորւում են Եւրո-խորհրդի կամ գլոբալիզացիայի պահանջներին համապատասխան:
Ելնելով դրանից, թէև առաջին հայեացքից թւում է, որ ո’չ Հայաստանի բնակչութիւնը օտարներին դժվարութեամբ հանդուրժող իր բնութագծով ու ո’չ էլ սփիւռքահայերը կամ իրանահայերը իրենց ժամանակի ընթացքին գունաւորւած ինքնութեամբ դեռևս պատրաստ չեն երկքաքաղաքացիութեան օրենքը «մարսելու», այնուամենայնիւ, պէտք է յուսալ, որ այսպէս, թէ այնպէս մի գեղեցիկ օր, իւրաքանչիւր հայ իր հայկական ճշգրիտ անուն-ազգանունով կարժանանայ իր հինաւուրց հայրենիքի քաղաքացի համարւելու պատւաբեր կոչմանը՝ պահելով նաև իր պատկան երկրի քաղաքացիութիւնը:
Իսկ այդ ցանկալի նպատակին հասնելու համար մեծ առաքելութիւն է վերապահւած Հայաստանի Հանրապետութեան պետութեանը, որը որպէս համայն աշխարհի հայութեան պետութիւն դրսևորելով կամք և հետևողականութիւն, երկքաղաքացիութեան օրէնքի մէջ ներգրավի այնպիսի կէտեր, որոնք չհակադրւելով միջազգային օրէնքներին իրենց հայանպաստ բնույթով ապահովեն հայ քաղաքացու անձնական տւեալների պաշտօնական արձանագրումը մեր հարազատ հայերէնով:
Յունիս 17, 2007
Թեհրան

2 comments

    • Khoren Aramouni on 16 Հունվարի, 2008 at 2:26 ա.
    • Reply

    Sirelis, zarmanalou vochinch chka, Menk enk, vor kank
    yes im anoush Hayastani
    ankakhatsas darn em siroum

    • Armine on 18 Փետրվարի, 2010 at 3:03 ե.
    • Reply

    Կարդացի Ձեր “Ինեսսան”: Կարծիքս այս հոդվածի տակ եմ գրում, որովհետև տեսա, որ “Ինեսսա”ի հերոսները որոշ չափով ինքնակենսագրական արմատներ ունեն:
    Հայ գրականության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում սփյուռքահայ գրականությունը: Սփյուռքի հայությունը քանակապես քանի~-քանի~ անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից, որակապես բավականին տարբեր և աշխարհասփյուռ այս զանգվածը, միևնույն է,հայության մի մասն է, որը ամեն կերպ ու մեծ ջանքերի գնով ուզում է չպոկվել արմատներից: Սփյուռքի հայության վիճակը, նրանց հայացքները, վերաբերմունքը հայաստանաբնակների նկատմամբ կարևոր է ողջ հայության համար: Այս ամենը կյանքը պատկերող գրականության միջոցով երևան են հանվել մեր հայտնի սփյուռքահայ գրողների շնորհիվ: Մենք ճանաչում ենք Կոստան Զարյանին, Շահան Շահնուրին …, որոնք ժամանակին կոլորիտային գործեր են ստեղծել :Նրանց կարդալով` պատկերացում ենք կազմում այդ ժամանակի սփյուռքահայության վիճակի մասին: Բայց ահա այժմյան սփյուռքահայությունն իր խնդիրներով ու վերաբերմունքով չբացված գիրք է մեզ համար /չհաշված օտար երկրներում ապրող որոշ բարեկամների անձնական մոտեցմամբ պատմությունները/: Գրողի օբյեկտիվ մոտեցմամբ գեղարվեստական ստեղծագործություններ են հարկավոր իրականությունը ճիշտ ըմբռնելու և գնահատելու համար: Եվ ահա Դուք…
    Ես մինչև այժմ ծանոթ չէի սփյուռքահայության ներկա վիճակը պատկերող որևէ ստեղծագործության: Ձեր “Ինեսսան” այս առումով շատ կարևոր է ու հետաքրքիր:Եվ գուցե հետագայում Դուք էլ հայտնվեք հայ գրականության պատմության մեջ Զարյանի և Շահնուրի կողքին: Ձեր գործը կարդալով`ես ինձ համար բավականին բացահայտումներ արեցի օտար երկրներում ապրող հայության կյանքի ու հայաստանաբնակների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին:
    Ինչ վերաբերում է սյուժեին, ապա հետաքրքիր, որոշ տեղերում անակնկալ լուծումներով /որը կարևորում եմ/, հերոսների նուրբ /բայց ոչ շատ խորը / հոգեբանական դրսևորումներով գեղեցիկ ստեղծագործություն է:
    Շնորհավորում եմ Ձեզ “Ինեսսան” ստեղծելու կապակցությամբ:

Թողնել պատասխան Armine-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.