Դվին Գալստյան | ՍԻՐՈ ՄԻՆԻԱՏՈՒՐՆԵՐ

Կապույտ էր ամեն տեղ՝ մուգ կապույտ,
Հետո, երբ կապույտը անցավ,
Մի վարդ կար՝ վարդագույն, վարդագո՜ւյն

Ա.
Մութ էր:
Ներս մտա:
Ծուխը պատել էր սենյակը:
Նրանք նստած էին կողք-կողքի:
Մեղրի կաթիլներ էին ծորում:
Նա էլ էր նստած:
Պարում էի:
Նա էլ էր պարում:
Մենք էինք պարում:
Լույսի ցոլքեր էին երևում:
Երաժշտությունը հնչում էր:
Մութ էր:
Հանկարծ երաժշտությունը կտրվեց:
Լույս էր:
Դուրս եկա:
— Ցտեսություն:
— Ցտեսություն:
Բ.
Լույսը բացակայում է:
Միգուցե ինքս եմ անջատել, որ ոչինչ չերևա:
Թաքնվում եմ սեփական աչքերս փակելով:
Ախր, այնքա՜ն եմ ես սիրել աչքերս բաց պահել …
Բաց են աչքերս,
և ես անկարող եմ որևէ բան տեսնել՝
բաժանել լույսն ու խավարը:
Ես ամեն ինչին նայել եմ լույսի քողը գցած աչքերիս:
Երևի լույսի քողն է ծածկել աչքերս:
Միշտ լույսի հետ վարվել եմ նուրբ ու քնքուշ:
Ե՞րբ եմ սայթաքել:
Թեև չգիտեմ կարելի՞ է
խաղալ
լույսի
հետ:
Գ.
Քայլում եմ կակաչների պողոտայով՝ կապույտ կակաչների պողոտայով:
Ձեռքումս մի վարդ՝ կարմիր, կարմի՜ր …
Կաթիլները ծորում ու արյունոտում են սիրտս ու հոգիս:
Սիրտս վիրավոր է:
Այն հոտոտել է վարդը:
……………………………………………………………
Վարդը ամրացրի թփին ու հեռացա:
Դ.
Թոկը կախված է առաստաղից, գնում է ու գալիս.
Ու իր շարժումների մէջ գծում է նախշեր՝
սիրո և ատելության …
Նրա ստվերը գետնին թունոտ ծաղիկներ է նկարում:
Ես կախված եմ այդ թոկից, գնում եմ ու գալիս.
Եթե իջնեմ պիտի խմեմ գետնի վրա պատկերված կապույտ ծաղիկների թույնից:
Ե.
Նրանք դաշտում են:
Կարմիր ու կապույտ կակաչների դաշտում:
………………………………………………………….
Ես նստած եմ չորացած թթենու շվաքի տակ:
Ձեռքումս չորացած վարդեր են ու կակաչի սերմեր:
Զ.
Կանչում եմ,
ձայնս չի արձագանքում …
Շրջապատված եմ լեռներով:
Գագաթները չեն երևում:
Թևերս վիրավորված են:
Չեմ կարողանում թռչել:
Հայյացքս դեպի արեգակն է:
Կակաչի սերմերը ձեռքիս …
Թեհրան — 2004

 

1 comment

  1. Շատ տպավորիչ երկեր են.ես հիացած եմ

Թողնել պատասխան Հասմիկ-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.