էդուարդ Հախվերդյան | Ի՞ՆՉ ՎԱՅՐ Է ՍԱ, Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ, Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀԱՄԱՍ…

Զրույց Դանտեի,  Թ.Ս. էլիոթի, Ֆ. ֆարրոխզադի եւ … Ձեզ հետ։

1.
Եվ ինչու՞ ողբալ…
«Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով»,
Կանխանշեց քո մահը
Եվ կռռոցը ինչպես կույր գնդակ,
Խոցեց իմ հոգին։
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վերադառնալու
Հայելիների հավերժական անդրադարձից,
Եվ ինչ ծավալով է բեղմնավորվելու
Մութ արգանդը ժամանակի։
Մենք կանգնեցինք ու տեսանք,
Փոքրիկ շատրվանների
Ողբը անարցունք,
Մենք կանգնեցինք ու տեսանք
Համաճարակը փողային ախտի
Եվ մեր մատներից դանդաղ հեռացող
Հետքը թանաքի։
Ծառերը չեն վազում…
Եվ ամենօրյա հրաշքները մեծ
Տաղտուկ են բերում
ճահիճում ապրող գիշակերներին։
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վճարելու
Ստույգ գինը երկչոտության
Եվ ինչ՞ պատգամներով ենք վերաշինելու
Վարդի հոգին փշրված։
Մենք կանգնեցինք ու տեսանք
Ամոթից շիկնող
Ընդվզումը արեւածաղկի։
Մենք կանգնեցինք ու տեսանք
Կեղծ լուսապսակը
Խավարասեր «մարգարեների»
Եվ մեր սիրո ողջակիզումը
Առ ոչինչ…
2.
Եվ ինչու՞ ողբալ…
…………………………….
Պետք է ապահովել…
Պետք է ապահովել շրջանակը սեւ.
«Նախքան մտածելը
Պատահում է պատահարը»
Եվ հետապնդող լույսերը մահվան
Մերթ միանում են
Ու մերթ անջատվում։
Ես տեսա
Համբույրից հյուսված
Պարանը ճոճվող
Եվ մարմինը քո Արեւածաղիկ։
Ծառերը չեն վազում Նրանք սուզվելով
Բարձրանում են վեր։
Իսկ ժամանակը…
Իսկ ժամանակը անսեռ իր ձայնով
Միայն մի բան է շշնջում հիմա
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ…
3.
Եվ ինչու՞ ողբալ…
Եվ ինչու՞ ողբալ
«Հասարակ իշխանության ուժը կորուսյալ…
Ի՞նչ վայր է սա, ի՞նչ երկիր, ի՞նչ աշխարհամաս»,
Ուր միայն ապրիլը չէ ամենադաժան ամիսը,
Եվ առանց անձրեւների
Ազգի բեղուն արգանդից
Դուրս է հորդում
Հոծ բանակը սինլքորների
«Նրանց, ովքեր շան ատամ են սրում
Ենթադրելով մահ։
Նրանց, ովքեր հծծահավի փառքով են ցնծում
Ենթադրելով մահ։
Նրանց, ովքեր նստել են գոհության խոզանոցներում
Ենթադրելով մահ։
Նրանց, ովքեր անասնական մտացնծություն են ապրում
Ենթադրելով մահ»։
Իսկ երկիրը ծանրորեն հիվանդ,
Իսկ երկիրը դաժանորեն եթերացված,
Ընկած սեղանին վիրահատության
Լուռ ճչում է.
«ՈՎ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՔԵԶ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ…»
4.
Ծառի բողբոջը ինձ հուշում էր ապրելու մասին,
Փոքրիկ շատրվանը ինձ հուշում էր ապրելու մասին,
Թաղվող հատիկը ինձ հուշում էր ապրելու մասին,
Կանգուն ժայռը, գլորվող քարը
ինձ հուշում էին ապրելու մասին,
Իսկ «մահը այն ծառն էր հսկա,
Որի հոգնած ճյուղերին
Այս կողմի «Սկզբի» շնչավորները,
Սրբերին ապավինելով լաթեր էին կապում,
Իսկ մյուս կողմի «Վախճանի» մեռյալները
ճանկռոտում էին նրա ֆոսֆորե արմատները»։
Իսկ մահը խորհրդատուն ամենամեծ,
Իսկ մահը ուղեկիցը հավերժական,
Լուռ ճչում էր.
«Ոչինչ կարեւոր չէ այնքան,
Որքան իմ շփումը քեզ հետ,
Բայց ես, դեռ չեմ դիպել քեզ»։
Իսկ մենք
Մեր իսկ արյանը ծարավ,
Հրապարակներում գոռում էինք
Քայլերգը մահվան.
«Կեցցե…
Կորչի…»։
5.
Մենք գայլեր ենք անհոգի, Տեր, աղոթիր մեզ ամար…
… … … … … … … … … … …
Ոչ մարգարե, ոչ արքա, հարկավոր չէ մեզ ոչինչ։
Սուրբ քարոզներ ու պատգամ, հարկավոր չէ մեզ ոչինչ։
Մենք գայլեր ենք անհոգի եւ « հոգիներ փոքրոգի,
Որ ոչ Աստծուն, ոչ էլ դեւին ենք հաճո»։
Մենք խժռող ենք ու լափող,
Տեր, աղոթիր մեզ համար…
Խաչակնքիր ու վառիր քո ջահերը սրբազան,
Մենք մարմին ենք սնամեջ
Ու չունենք սիրտ գթության…
Տեր, աղոթիր մեզ համար
Մեր ծննդի
Ու մեր մահվան ժամանակ։
6.
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
Մեռնող զինվորը
Տհասությունը մարդկային։
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է փրկելու
ժառանգությունը մեր
Միաբջիջ պրոտոզոններից,
Ով է տանելու պարտեզն անապատ
Եվ ի՞նչ հրաշքով
Մեր դեմքերը աղճատված
Կհատուցանեն
Քաղցր բերկրանքը ինքնաճանաչման։
Գնանք ուրեմն,
Հաստատուն գնանք
Դեպի հարցն սպանիչ.
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ…»,
Իսկ գուցե ոչինչ,
Այն ենք
Ինչ եղել ենք շարունակ…
7.
«Ոչ բաժանումն է կարեւոր,
Ոչ միությունը։
Աա է երկիրը։ ժառանգությունը մեր»։
… … … … … … … … … … …
Անշուշտ դեռ կլինի ժամանակ
Վերլուծության ու քննարկման,
Անշուշտ դեռ կմնան ինչ-որ բաներ
Պեղումների համար ու հնաբանությանը,
«Դեռ ժամանակ կլինի, դեռ ժամանակ կլինի»,
Իսկ մինչ այդ
Սովալլուկ մանկան նման
Անհագորեն ծծենք
Ամքած ծծակը
Անփառունակ մեր Գոյության։
Իսկ մինչ այդ
Շնորհ համարենք «ապրելը»
Այն երկրռւմ,
Որ առաջինն է,
Որ առաջինն է,
Որ առաջինն է…
Իսկ մինչ այդ
Գնանք հաստատուն, հաստատուն ու պարզ,
Դեպի հարցն սպանիչ.
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ»։

 

2 comments

    • shakeh on 13 Ապրիլի, 2008 at 2:09 ա.
    • Reply

    Edik jan. mite verjin poetn es doo im yerkri. oozoom em havadal vor` voch, der kgan poetner vor chen pxcel irenc shoorter nzovkov oo voxbov oo kakanov, oo k yerken mer yerkri vardakarmir loosabac@ hrashapar.
    Apres

    • SAKO ARIAN on 24 Ապրիլի, 2008 at 11:21 ե.
    • Reply

    SHAD LAV E GROOM EDIKE!
    ZIL TGHA E !
    ES KORDZE SHAD TOIL A!

Թողնել պատասխան

Your email address will not be published.