Խորեն Արամունի | ՄԻՍՍ ԱԼԻՍԸ

Ամեն հինգշաբթի միսս Ալիսը հաճախում էր վարսավիրանոց։ Թե քանի տարի ընդմիջում չէր տվել, չէր հիշում, իսկ վարսավիրի վկայությամբ՝ վեց տարվա ընթացքում միայն երկու անգամ, դա էլ անկողնային լինելու պատճառով, հեռախոսով խնդրել է, որ սպասարկությունը կատարեն տանը, ապա և ծերանոցում։

Յոթանասունն անց էր, երբ առաջին անգամ մուտք գործեց այս վարսավիրանոցը։ Թեթևասահ քայլք, սպիտակ մաշկ, կապույտ աչքեր, ճիփ-ճերմակ մազեր, զուսպ քսված, մանուշակին տվող սատինե վերնաշապիկ, ավելի մուգ տաբատ, ձեռքին լրագրեր ու պայուսակ, դեմքին չմարող ժպիտ։ Ի նշան հարգանքի, մի քանի հոգի ոտքի ելան, վարսավիրը մոտեցավ նրան.
-Կարո՞ղ եմ ձեզ օգտակար լինել,- հայ վարսավիրը դիմեց անգլերեն լեզվով։
-Այո, մազերս պիտի կարգի բերեմ, եղունգներս նույնպես,- բարեհամբույր ժպտալով խոսքն ավարտեց միսս Ալիսն ու տեղ փնտրեց։
— Լավ էլ հավես ունեն, էրնեկ իրենց, մի ոտը գերեզմանում ա, եկել ա մազ սարքի, եղունգ դնի…
— Դուք դեմքի մազերը հեռացնո՞ւմ եք,- միսս Ալիսը դիմեց վարսավիրին։
-Այո, անպայման, բայց պիտի ժամադրություն վերցնեք։
— Օքեյ,- միսս Ալիսի ժպիտը փոխվեց թեթև կարկաչի։
— Մի քիչ մնա, բիքինի վաքս էլ կուզի,- իր ասածի վրա հիացած՝ սրամտեց հսճախորդներից մեկը և հավանության արժանանալու ակնկալիքով նայեց շուրջ-բոլորն ու ծիծաղեց։
Ծիծաղը մնաց անարձագանք։
— Սրանց պառավը հազար հայի ջահել արժի, էս տարիքում մեզանից լավ են ապրում։ Ինչ տեսանք որ՝ հերթ, զավոդ, հերթ, զավոդ, օչերեդ, էնքան կիսուր-կեսրար խաղացրինք որ… Հիմի էլ, փառք Աստծո, ոնց որ ամեն ինչ կարգին էր, երկրաշարժն էր պակաս, Ղարաբաղն էլ մի կողմից, թե ում է պետք էդ շուռ տված հայերի մի կտոր հողը… Երիտասարդներին տանում կոտորում են, արտասահմանի ուղարկածն էլ՝ գռփում։ Ես դրանց դեռ կոմունիստների ժամանակներից գիտեմ…
— Կներեք,- միսս Ալիսը դիմեց վարսավիրին,- բոյֆրենդս դրսում է, կարո՞ղ է ներս մտնել։
-Իհարկե, դուք նստեք, ես կկանչեմ։
Վարսավիրը դուրս եկավ, այնտեղ կանգնած մի ծերուկի ներս հրավիրեց։ Թեթևաքաշ ծերուկը կիսով չափ հենված իր բարալիկ ձեռնափայտին, ներս մտավ, ներողամտորեն մոտեցավ միսս Ալիսին, նստեց նրա կողքի ազատ աթոռին, հայացքը շրջելով ներկաներին՝ մեղմ ժպտաց և գլուխը գոհունակությամբ շարժեց։
— Բա որ ասում եմ։ Թաղեմ գլուխը, բոյֆրենդ էլ ունի։
— Խեղճ կինը գուցե մենակ է, բա ինչ անի,, միջամտեց մյուս հաճախորդը։
— Մե՜մ,- վարսավիրը դիմեց նորեկ ամերիկուհուն,- եթե սուրճ կցանկանաք, անկյունում է, կարող եք օգտվել։
-Օհ, շնորհակալ եմ,- սիրալիր ժպտաց միսս Ալիսն ու զրույցը շարունակեց իր բոյֆրենդի հետ։ Մի քանի րոպեից բոյֆրենդը մոտեցավ սուրճի հարմարանքին, երկու գավաթով վերադարձավ ընկերուհու մոտ։
— Շնորհակալ եմ, դարլինգ,- ասաց միսս Ալիսն, ու փայլատակող աչքերի մեջ բոցկլտաց երախտագիտությունը։
— Աղջի, էդ ո՞նց ա, օտարազգիներին սուրճ ես հյուրասիրում, մեզ չէ, որ ասում եմ՝ հայը հային գցում ա, ճիշտ եմ ասում, էլի։
— Սիրելիս, սրանք առաջին անգամ են այստեղ, վարսավիրանոցը ոնց որ քո տունը լինի, սուրճի տեղը չգիտե՞ս,- վիրավորվեց վարսավիրն ու բոլորին խնդրեց օգտվել սուրճից։
— Ներողություն, տիկին,- միսս Ալիսի բոյֆրենդը դիմեց վարսավիրին,- ես պիտի գնամ, ի՞նչքան ժամանակից վերադառնամ։
— ժամու կեսից,- պատասխանեց վարսավիրը, իսկ ծերուկը, սուրճի գավաթը դատարկելուց հետո միսս Ալիսի ձեռքը շոյեց և դուրս եկավ։
— Գլուխդ թաղեմ, ոնց որ քսան տարեկան լինի, մերոնք էն ջահել ժամանակ էլ մի բան չէին…
— Դրան էլ նախանձեցիր, էսօր-էգուց ա, թող ապրեն, էլի, ու՞մ են խանգարում։
— Կներեք, տիկին, ինձ մի բաժակ ջուր կտա՞ք, դեղ պիտի խմեմ,- միսս Ալիսը դիմեց վարսավիրին։
— Իհարկե,. պատասխանեց վարսավիրն ու աշխատակցուհուն խնդրեց օգնել միսս Ալիսին։ Մինչ այդ ներկաները չգիտեին նրա անունը, ջուր տվողը բաժակը մեկնեց նրան ու հարցրեց.
— Ձեր անունն ինչպե՞ս է։
— Ալիս։ Շնորհակալ եմ։
— Ձեր ամուսի՞նն էր,- հարցրեց բողոքարկուն։
— Ոչ, ամուսինս յոթ տարի առաջ է մահացել, միստր Համիլթոնն ընկերս է։ Շատ անուշիկ մարդ է, հաճախ է գալիս մեր տուն, համարյա ամեն օր միասին ենք, ինձ շատ է օգնում, մեքենա ունի, միասին դուրս ենք գալիս, միասին նախաճաշում, ճաշում, ընթրում…
— Երեխաներ ունե՞ս։
— Իհարկե, երկու աղջիկ, մի տղա։
— Ամուսնացա՞ծ են։
— Հինգ թոռ ունեմ։ Տղաս քոմփյութերի մասնագետ է, հաճախ գնում է Ռուսաստան, իրենց ընկերությունը մասնաճյուղ ունի այնտեղ։
— Աղջիկներդ որտե՞ղ են։
— Մեկն այստեղ Քալիֆորնիայում, մյուսը Միսսիսիպիում։
— Դու մենա՞կ ես ապրում։
— Ոչ, պարոն Համիլթոնը հաճախ է այցելում ինձ։ Տղաս ու աղջիկներս էլ, երբ ժամանակ են գտնում, այցելում են։ Բայց ես օքեյ եմ, լավ եմ, չեմ ուզում նրանց խանգարել, հազար ու մի խնդիրներ ունեն, կյանքը բարդ է, ինչու պիտի նրանց խանգարեմ, երբեմն շատ եմ կարոտում, շա՜տ։ — Նորից ժպտաց Միսս Ալիսն ու ջուրը կում արեց։
-Արանք էսպես են, բոլորն էլ կարոտից են մեռնում։
— Կարոտից են մեռնում, թե ուրիշ բանից, համենայն դեպս մեզանից համ առողջ են ապրում, համ էլ երկար։ Ոչ հարսի հետ գործ ունեն, ոչ էլ փեսայի։
-Բա մարդ երեխա ծնի, մեծացնի, վերջն էլ անտեր-անտեր, մի սենյակի անկյունում մեռնի՞։ Աստված իմ, էս ինչ բան ա։
— Քիչ առաջ սկեսուրիցդ չէի՞ր բողոքում, չէի՞ր ասում՝ գլխիդ պատուհաս է դարձել։
— Ամենը հո մեկ չեն…
Զրույցը շարունակվում էր, միսս Ալիսը ժպիտը դեմքին, առանց հասկանալու հետևում էր վիճաբանությանը։ Հաճախորդները փոխվում էին, մեկին փոխարինում էր մյուսը։
-Համեցեք, խնդրեմ,- աթոռը ցույց տալով ՝ վարսավիրը Միսս Ալիսին հրավիրեց իր մոտ։
Միսս Ալիսը մի պահ հապաղեց, ապա ժպտալով դանդաղ մոտեցավ վարսավիրին.
— Ինձ կօգնե՞ք։
— Իհարկե, խնդրեմ,- վարսավիրը նրան օգնեց տեղա֊վորվելու նստարանին և հարցրեց,, ուզում եք կտրե՞լ, թե՞ միայն կարգի բերել։
-Թեթև հավասարեցրեք, ապա կարգի բերեք։ Եթե հավանեմ, այսուհետև այստեղ կգամ, մոտ է, ինձ շատ հարմար է… Գիտե՞ք ինչ, աղջիկս այստեղ՝ Գլենդեյլում է ապրում, մի քանի փողոց այն կողմ, Աքասիայի վրա։ Մյուս աղջիկս Միսսիսիպի է, կարծեմ ասացի, չէ։ Տղաս էլ հաճախ Մոսկվա է գնում, նրան քիչ եմ հանդիպում, հա՜, դա էլ ասացի։ Ես էլ այստեղ եմ, շատ հեռու չեմ, մենակ եմ ապրում, միստր Համիլթոնը հաճախ է հանդիպում ինձ։ Նա էլ է միայնակ, ոչ ոք չունի, այսինքն՝ ունի, բայց քիչ են այցելում։ Միստր Համիլթոնը շատ անուշ մարդ է։ Միասին գնում ենք այգի, քայլելու։ Երեկ պաղպաղակ էր բերել։ Չկերա։ Յուղայնությունն ու շաքարի պարունակությունը բարձր էր, այսինքը սովորական պաղպաղակ էր, մոռացել էր, որ ես դայեթ եմ, այսինքը խուսափում եմ թե’ շաքարից, թե’ յուղայնությունից։ Խնդրում եմ ականջներս չբացեք, մի քիչ ցցված են, դեռ մանկուց ականջներս չեմ սիրել։ Միստր Համիլթոնի հետ ծանոթացել եմ ութ ամիս առաջ։ Գնացել էի սոցապահովագրություն, այնտեղ ծանոթացա։ Տեսար, չէ՞, ինչ ջենտելմեն է։ Մի քիչ մոռացկոտ է, բայց ոչինչ, լավ սիրտ ունի, ուշադիր է։ Շոգ օրերին Գուդվիլից մի գլխարկ է գնել, վրան մանուշակներ կան, փոքրիկ, փոքրիկ ծաղիկներ, մանկությունս է հիշեցնում։ Գիտե՞ս ինչ, գլխարկն ընդունեցի, լաց եղա, փորձեցի, կանգնեցի հայելու առաջ, երկար ժամանակ իմ արտասուքը չէի տեսել, մաքրեցի, մոտեցա նրան և առաջին անգամ համբուրեցի։ Միստր Համիլթոնը շատ բարի է, շատ անուշիկ մարդ է։ Ուր որ է՝ կգա։
Վարսավիրն ուշադիր լսում ու աշխատում էր։ Հաճախորդները քար լռությամբ հետևում էին միսս Ալիսի խոսքերին, երբեմն հարցական միմյանց էին նայում, երբեմն էլ ցածրաձայն մտքեր փոխանակում։
— Քանի՞տարեկան եք, միսս Ալիս,- վատ անգլերենով հանկարծակիի բերեց հաճախորդներից մեկը։
— Ի՞նձ եք հարցնում։
-Այո՜։
— Շատ չեմ, յոթանասունութ տարեկան։
— Բա չէ, մեզ նման, եղանք հիսուն թե չէ՝ ամեն ինչ մեզանից անցնում, ախ ու վախերս է սկսում։
— Լավ է՝ չնեղացավ։ Ամերիկայում, ասում են, տարիք չեն հարցնում։
— Ջահելին չեն հարցնում, թե չէ, էս պառավը ինչի՞ պիտի նեղվի, մորս երկու տարիքն ունի։
— Մորդ երկու տարիքն ունի, բայց երկու անգամ մորիցդ ջահել է, ընկեր է պահում, հասկանու՞մ ես, ընկեր։ Ընկերը գլխարկ է նվիրում, մանուշակագույն ծաղիկներով գլխարկ։ Կա, թող մերդ փորձի, հազար ու մի այլանդակ բաներ կկպցնեն։
— Սրանց սորտն է էսպես, սովոր են…
— Միստր Համիլթոնն այսօր ինձ ընթրիքի է տանելու։ Շատ խաղաղ, հանգիստ տեղ է։ Քաղաքով ենք գնում, Միստր Համիլթոնը հոգնել է ֆրիվեներից, ասում է. «հոգնել եմ էդ ֆրիվեների դժբժոցներից»։ Գնում ենք Փասադենա, շատ հեռու չէ, քսան-քսանհինգ րոպեի ճանապարհ է։
— Դեռ չե՞ս վերջացրել։ Ես մի քիչ շուտ եկա, բայց ոչինչ, կսպասեմ,- ներս մտնելով հարցրեց միստր Համիլթոնը։
— Հենց հիմա, վերջացնում եմ Միստր Համիլթոն,- ասաց վարսավիրն ու նրան աթոռ առաջարկեց։
— Ի՜նչ գեղեցկություն է, գեղեցկություն, սանրվածքդ շատ սիրեցի, շա՜տ, շա՜տ գեղեցիկ է,- մինչ նստելը հասցրեց հաճոյախոսել Համիլթոնն ու թեթև հենվելով բարալիկ ձեռնափայտին տեղ գրավեց ծայրի աթոռին։
— Շնորհակալ եմ, դարլինգ, շնորհակալ եմ,- շոյվեց միսս Ալիսն ու դիմեց վարսավիրին,- ասի չէ՞, որ շատ լավիկն է։
— Միստր Համիլթոն, ինչպե՞ս եք ձեզ զգում,- նրան դիմեց կենսուրախ մի հաճախորդ։
— Շնորհակալ եմ, չեմ բողոքում, ամեն ինչ կարգին է։
— Շատ լավ է, շատ լավ է։
— Միստր Համիլթոնն իսկական ջենտլմեն է, շատ բարի է, իսկական տղամարդ,- անպակաս ժպիտով, շտապեց Միսս Ալիսը։
— Օ՜, դարլինգ, դու շա՜տ ազնիվ ես ու երբեմն էլ չարաճճի։
— Վա՜յ, Աստված իմ, տրաքվելս գալիս է, մի հարցնող լինի՝ ձեր ինչ ժամանակն է, որ էսպես սիլի-բիլի եք անում,, տաքացավ իր բախտից դժգոհն ու վրա տվեց.- Միստր Համիլթոն, քանի՞ տարեկան եք։
— Ե՞ս։
— Այ տիկին, հաճախորդ են, ի՞նչ գործ ունես, ամոթ է, չէ։ Սա բիզնես է, ինչո՞ւ ես խանգարում,- տրտնջաց վարսավիրը։
— Ես էս մարդուն հո չեմ վիրավորում, նրան բա՞ն եմ ասել,- դիմեց մյուս հաճախորդներին ու, հայացքը Համիլթոնին, շարունակեց,- Այո դու։
— Ես…,- թեթև ծիծաղեց Համիլթոնը,- ջահել եմ, դեռ ջահել եմ։
— Օրինակ ի՞նչքան ջահել,- հայկական առոգանությամբ կատակի տվեց հարցնողը։
— Այսքան,- ձեռքը ծալեց և չորացած բազուկը ցույց տվեց ծերուկը։
— Տարիքից ամաչում է, չի ուզում ասել։
— Խնդրում եմ վերջացնեք, ախր, ձեր ինչին է պետք դրա տարիքը,, աղերսեց վարսավիրն ու դիմեց Համիլթոնին,- ամեն ինչ կարգի՞ն է։
— Այո, Այո, մի մտահոգվեք,- վարսավիրին հասկացավ միստր Համիլթոնը, ժպտաց,- ձեր մազերի գույնն ինձ դուր է գալիս, կտրվածքն էլ հիանալի է։
Միսս Ալիսն անցավ եղունգներին, մանիքյուր, փեդի-քյուրից հետո, սպասարկությունից գոհ, վճարեց պա֊հանջված գումարը, հավելյալ մի քանի դոլար ևս սեղանի մի անկյունում դնելով միստր Համիլթոնի հետ դուրս եկավ։
«»«»«»
Միսս Ալիսը դարձավ «Սուփեր Էլեգանսի» հիմնական հաճախորդը։ Ամեն հինգշաբթի, նույն ժամին նա այցելում էր վարսավիրանոց, երբեմն նրան ուղեկցում էր միստր Համիլթոնը, երբեմն՝ ոչ։ Նույն օրվա մյուս հիմնական հաճախորդների հետ արդեն մտերմություն էր հաստատվել։ Միսս Ալիսի թեթև ու բարի ժպիտը ծանոթ էր բոլորին։ Բոլորին ծանոթ էին նաև իրենց հարցերի պատասխանները ՝ «չեմ բողոքում», «ամեն ինչ օքեյ է», «լավ եմ» և այլն։
Հերթական այցի ժամանակ միսս Ալիսի դեմքին ամենօրյա ժպիտը չկար։ Նրա բարակ շրթունքներն անմիջապես հավաքվեցին։ Կարմիր շրթնաներկը անփութորեն քսվել էր կզակին, այտերի մուգ վարդագույնին փոխարինել էր ճչան կարմիրը, մազերն անփութորեն էին սանրված, իսկ հագուստն ամեն անգամվա պես կոկիկ չէր։
— Ինչպե՞ս ես, միսս Ալիս,- մտերմիկ հարցրեց վարսավիրը։
— Չեմ բողոքում, լավ եմ։
— Ինչու՞ ես մենակ։
— Միստր Համիլթոնը մի քիչ անառողջ է։ Ինձ մոտ էր, վատ զգաց, գնաց տուն, երեք օր է՝ չեմ տեսել, եկա հարդարվեմ, ինձ կարգի բերեմ, նոր գնամ։ Նա հիանալի մարդ է, լավիկն է, չեմ ուզում, որ թափթփված տեսնի ինձ։ Այնքան էլ վատ չի զգում, չի տրտնջում, հեռախոսով ասաց, որ ամեն ինչ լավ կլինի։ Կարծում եմ՝ փրոսթաթն է։ Դեղերով կանցնի։ Անպայման կանցնի, ասաց, որ անպայման կանցնի։
— Միսս Ալիս,- նրան դիմեց արդեն ծանոթ հաճախորդներից մեկը,- միստր Համիլթոնի երեխաները նրան այցելու՞մ են։
— Այո, իհարկե, նա լավ մարդ է, երեխաները քիչ են հանդիպում, բայց մոտը բուժքույր է մնում, օրը չորս ժամ խնամող ունի, երեխաներն են վճարում, չեն թողնում որ իրենց հայրը մենակ զգա։ Այսօր էլ ես եմ գնալու, սիրտը նեղվում է, անպայման պիտի գնամ։ Իրա սիրած պաղպաղակը պիտի առնեմ։ Սիրտը կհովանա, իրեն լավ կզգա։ Ամեն օր, չորս-հինգ ժամ հեռախոսով խոսում ենք, այսօր ասացի, որ պաղպաղակ պիտի բերեմ, ուրախացավ, անհամբեր սպասում է։ Ինչքա՜ն լավ ես զգում, երբ գիտես, որ մեկը քեզ սպասում է…
— Միստր Համիլթոնի հարազատները գիտե՞ն, որ դու գնում ես նրա մոտ, որ նա քեզ սպասում է։
— Այո՛, աղջիկն է խնդրել, որ գնամ։ Բայց միևնույն է, ես գնալու էի, ինքը շատ լավն է, իսկական ջենտելմեն է։ Պարզ, բարի մարդ է։ Իմ նկատմամբ շատ ուշադիր է։ Երբ այցելում է ինձ, խոհանոցից դուրս չի գալիս, ամեն հարցում օգնում է, երբեմն, նույնիսկ ճաշ է պատրաստում։ Լավ խոհարար է։ Ասում է՝ երիտասարդ հասակում խոհարար է աշխատել։
— Բայց միսս Ալիս, պիտի գնաս տուն, հագուստդ փոխես, այս վիճակով լավ չէ…
— Իհարկե, իհարկե… Այսպես չի կարելի, վատառողջ մարդու մոտ թափթփված չեն գնա, պետք է լավ հարդարվեմ, ամենաընտիր զգեստս հագնեմ, լավ օծանելիք ցանեմ, նոր գնամ։ Պիտի անակնկալի բերեմ, նա սիրում, երբ ես լավ եմ հագնվում, քսվում…
— Միսս Ալիս, միստր Համիլթոնը հարու՞ստ է,- հարցրեց մի հաճախորդ։
— Չգիտեմ, բայց մենք մեր հաշիվներն ունենք, ընդհանրապես ճաշի կամ ընթրիքի գնալիս, յուրաքանչյուրս մեր հաշիվն ենք փակում, երբեմն նույնիսկ ես բենզինի փող եմ տալիս։ Նա ամեն ինչի էլ արժանի է, շատ լավն է, բարի ու ազնիվ մարդ է։ Ծնունդին նվեր էի առել, այնպես էր ուրախացել, ոնց որ երեխային ամենալավ խաղալիքը տաս։ Հետո էլ նա ինձ համար, ա՜յ, էս շղթան առավ։
— Դու քեզ երջանիկ համարու՞մ ես, միսս Ալիս։
— Այո՛, միայն երեխաներիս եմ կարոտում, հիմա Համիլթոնի հետ ժամանակ ենք անցկացնում, մի քիչ թեթևանում եմ, նա իմ փրկությունն է, առանց նրա հնարավոր չէ, ոնց որ անտեր շուն լինեմ։ Նա ինձ նոր կյանք պարգևեց, մենակությունը սարսափելի բան է։ Համոզված եմ, որ միստր Համիլթոնն ինձ սիրում է։
Միսս Ալիսն այս անգամ մազերի սանրվածքը փոխեց, ճիփ-ճերմակ մազերին մի քիչ մոխրագույն փոշի ցանեց, շրթունքներն ու եղունգները մուգ կարմիր ներկեց, իսկ այտերին վարդագույն քսեց։ Դուրս գալուց, հայելու մեջ ինքը իրենով հիացավ. «Նա այսպես շատ կհավանի»,- ասաց, վճարեց, ելքի դռանը մի անգամ էլ կանգնեց, նայեց վարսավիրին.
— Քեզ ի՞նչ է թվում, նա ինձ այս տեսքով կհավանի՞։
-Չեմ կասկածում, միսս Ալիս, քո այս տեսքը բոլորին էլ դուր կգա։
-Դե ուրեմն, խնդրում եմ թաքսի կանչես։
— Միսս Ալիս, միստր Համիլթոնին որպես ամուսին ե՞ք սիրում։
— Նա շատ լավ ընկեր է, լավ մարդ է, նա սիրո արժանի է, առանց նրա կգժվեմ, մենակությունը սարսափելի բան է, նա չի թողնում, որ ընտանիքի կարոտն ինձ խեղդի։
— Տեսնես սրանք սե՞քս անում են,- հայրենով, բարձրաձայն ինքն իրեն հարցրեց հետաքրքրասերը։
— Աղջի, կհասկանա, ամոթ է,- նախատեց մի ուրիշը։
-Ոչինչ, ոչինչ, մի նեղվիր,- հանգստացրեց միսս Ալիսը, դուրս եկավ փողոց և սպասեց թաքսիին։
— Միստր Համիլթոնին բարևներ կանես,- հետևից բղավեց վարսավիրն ու ձեռքով հրաժեշտ տվեց։
«»«»«»
Հինգշաբթի էր։ Վարսավիրանոցը մարդաշատ էր։ Քաղաքի դպրոցների վեցերորդ դասարանների ավարտական հանդեսն էր։ Աշակերտուհիներն ընկերուհիներով, ոմանք էլ մայրերի հետ եկել էին մազերը, կարգի բերելու։ Ավարտական բոլոր տարիները տոնական են, խորհրդանշական։ Վեցերորդը ավարտողներն իրենց հասունացած, իներորդներն ավելի խելացի, իսկ միջնակարգի ավարտողներին արդեն ինքնուրույն, ազատ, ամենակարող են համարում։
Տատիկը թոռնիկին առաջարկում էր, որ մազերը հավաքի, իսկ թոռնիկը տատիկին հնացած համարելով մերժում ու վարսավիրին խնդրում էր, ուղղակի հարթեցնել ու ծայրերը հավասարեցնել։
— Ժաքո ջան, արի ինձ լսի,- ասում էր մի ուրիշ ծնող իր աղջնակին,- մի հավաքիր, քեզ թափված շատ է սազում։
— Մա, հիմա գիշերային հանդեսներին մազերը չեն թափում, հավաքում են,- անգլերենով մորը հակաճառում էր մեկ ուրիշն ու իրենը պնդում։
— Բարև, միսս Ալիս,- վարսավիրը դիմեց դռնից ներս մտնող Ալիսին։
— Բարև։ Այսօր բավական զբաղված ես, երկա՞ր պիտի սպասեմ։
— Ոչ, միսս Ալիս, օգնող ունեմ, հիմա մազերդ կլվանա, կպատրաստի, ես կսանրեմ։ խնդրում եմ միսս Ալիսի մազերը լվանաս,-վարսավիրը դիմեց օգնականին։
— Դուք՝ հայերդ, շատ սիրուն աչքեր ունեք,- ժպիտը դեմքին ասաց միսս Ալիսը։
— Շնորհակալ ենք, — արձագանքեցին մի քանիսը։
— Ի՞նչ է ասում,- հարցրեց մի հայ տատիկ։
— Ասում է՝ հայերի աչքերը սիրուն են։
— Ասա՝ բա ինչ են, աշխարհում ման գան, մեր աղջիկների նման աղջիկ կգտնե՞ն։ Եղնիկ են, եղնիկ։ Երևան դուրս էիր գալիս փողոց, վարդի պես աղջիկներ էին, խոշոր-խոշոր, մեծ-մեծ, սևլիկ աչքեր, կամար հոնքեր… էստեղ ոչ աղջիկն ես ջոկում, ոչ տղեն։ Երեկ մեկին տեսա շալվարն էնքան կարճ էր, որ տակից վարտիքն երևում էր։ Տղերքի ականջօղներն էլ մի ասա, սաղ գյուլլելու բան են։
— Ամեն տեղ իր ձևն ու ադաթն ունի, մերն ուրիշ էր, սրանցը՝ ուրիշ, շուտով սրանցը՝ մերը կդառնա,- տատիկին փոձեց հանգստացնել վարսավիրը։
— Վայ, Աստված չանի, քոռանամ՝ թոռնիկներիս էդպես չտեսնեմ։
— Հիմա որ էս աղջիկը էսպես կարճ շալվար է հագել, վա՞տն է։
— Աստված իրա հետ, էդ էլ իր ծնողները գիտեն։ Մի բան պարզ է, որ մեր սիրուն-սիրուն աղջիկները եկած, թե չեկած՝ էնպես են իրենց այլանդակում…
— Բայց այս կինն էլ ժամանակին գեղեցիկ է եղել,- ասաց վարսավիրը։
— Հա, անուշ դիմագծեր ունի, աչքերը կապույտ են, լավ էլ ձգված բոյ ունի։
— Քանի՞տարեկան կտաս,- միսս Ալիսին ոչ հասկանալի լեզվով հարցրեց վարսավիրը։
— Մոտ յոթանասուն։
— Ութսունչորս տարեկան է։ Մենակ է ապրում, վեց տարի է ինչ բոյֆրենդ ունի։
— Սրանք ամեն ինչ էլ կունենան։ Սովոր են, հայերի պես թասիբ ու նամուս չունեն, թե չէ էս հասակին բոյֆրենդս ո՞րն ա։
— էնքան էլ սիրում է, մի օր որ չտեսնի՝ կգժվի։
— Հիմա ջահելները չեն սիրահարվում, էս պառավի սերը որտեղից,
— Լավ, քա, էս էրեխեքի մոտ էլ որ էդենց բաներ չասեք չի՞ լինի,- աթոռի վրա տեղն ամրացրեց տատիկը։
-Մայրիկ ջան, էսօրվա երեխաները մեզանից շատ են հասկանում, մի՛անհանգստանա։
— Իմ թոռնիկները լավն են, հեչ էլ չեն հասկանում։ Էնա մեկը տասներկուսն է ավարտում, էնենց նամուսով, թասիբով աղջիկ ա, հերն էլ շատ խիստ ա, խեղճ աղջիկը չի կարում տանից դուրս գա։ Բա… էդպես է լավ, երկու օր թույլ թողնես թե չէ, աղջիկդ քուգդ չէ։
— Ներողություն, դուք վաքս անո՞ւմ եք,- կամացուկ վարսավիրին դիմեց դեռատի մի աղջիկ։
— Այո, հիմա կասեմ՝ կանեն։
— Միայն այս մասերս եմ ուզում,- ցույց տվեց բեղիկները։
— Ոչինչ, նստիր, հիմա կկարգադրեմ։ Մինչ մեկը մազերն էր հարդարում, մյուսը բեղիկներն էր հեռացնում, երորդը եղունգներն էր ներկում, միսս Ալիսը պայուսակից մի նկար հանեց ու մեկնեց վարսավիրին.
— Սա Համիլթոնն է, սա էլ ես եմ։ Իմ ծննդյան օրն է, հինգ օր առաջ։
— Օ՜, միսս Ալիս, հափփի բիրթդեյ: Ի՞նչ նվեր ես ստացել։
— Այ, այս հովանոցը։ Սիրուն է, չէ՞:
— Շատ գեղեցիկ է, միսս Ալիս։
— Բա որ ասում եմ՝ անտեր են։
— Բա, աղջիկնե՞րդ, միսս Ալիս։
— Շաբաթ օրն են գալու, բոլորը հավաքվելու են, թոռ֊նիկներս, տղաս էլ գալու, անպայման գալու է։ Միստր Համիլթոնն էլ է գալու։ Չի ուզում, բայց բերելու ենք, աղջիկներս կբերեն, հիմա լավ է զգում, անվաթոռով հանգիստ դուրս է գալիս։ Ես էլ որոշել եմ իմ հին գլխարկը հագնել, որ վրան մանուշակներ կան։ Շատ եմ սիրում, Համիլթոնն է գնել, դեռ ութ-ինը տարի առաջ։ Նայիր, էս հովանոցի վրա էլ մանուշակներ են, նա գիտի, որ ես մանուշակ շատ եմ սիրում։
Վարսավիրը աղջնակներից մեկին խնդրեց մոտակա խանութից թխվածք առնել, աղջնակը դուրս գալուն պես նա զանգահարեց հրուշակեղենի խանութը։
— Հափփի բրթդեյ,֊ միսս Ալիսին դիմեց դեռատի աղջիկներից մեկն ու իր գլխին ամրացրած արհեստական փոքրիկ ծաղիկներից մեկը նվիրեց նրան։
— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, դու հիանալի ես, գեղեցիկ աղջիկ, շնորհակալ եմ,- ասաց միսս Ալիսն ու աչքերը խոնավացան։. Ես աղջիկներիս, տղայիս ու միստր Համիլթոնին կասեմ, որ դուք շատ բարի եք, որ ղուք ինձ նվիրեցիք իմ սիրած ծաղիկը, մանուշակագույն ծաղիկ։
— Միսս Ալիս, միստր Համիլթոնն լավ է երևում։ — Նկարին նայելով, ասաց վարսավիրը։
— Բողոք չունի, միայն փրոսթաթն է, կանցնի, ինքը շատ լավատես է, ինձ սիրտ է տալիս, մխիթարում է, միշտ ասում է՝ մի տրտնջա։ Բայց ես չեմ տրտնջում, միայն ընտանիքիս եմ կարոտում՝ թոռնիկներիս, աղջիկներիս, տղայիս։ Դուք մենա՞կ եք ապրում,, միսս Ալիսը դիմեց տարեց կնոջը։
— Մայրիկ, ձեզ է հարցնում, ասում է՝ դուք մենա՞կ եք ապրում։
— Չէ, քա, տղուս հետ եմ, հարս ունեմ, թոռնիկներ, չորս տղա ունիմ, բա կթողնեն…
— Միսս Ալիս, չորս տղա ունի, հարս, թոռններ, չեն թողնում մենակ ապրի։
— Բախտավոր է,- գլուխը տմբտմբացրեց միսս Ալիսն ու ժպտալով շարունակեց,- ես կարոտում եմ, տան կարոտը մահացու է, մարդ պիտի օջախի կարոտ չունենա։ Ո՞ւմ է պետք ծերանոցը, արդեն երկու տարի է, ծերանոցում եմ… Եթե միստր Համիլթոնը չլիներ, հիմա գժվել էի։ Թոռնիկներիս քիչ եմ հանդիպում, չեն գալիս, երևի զբաղված են։ Շաբաթ օրը աղջկաս տուն պիտի գնամ, այնտեղ են հավաքվում։ Երևի բոլորն էլ կգան։
— Մի աղջիկդ դեռ Միսսիսիպի է, չէ՞։
— Այո’, բացիկ էր ուղարկել, չի կարող գալ, շաբաթ օրերն աշխատում է։ Հեռու է, բացիկ էր ուղարկել, շնորհավորել էր ծնունդս, գրել էր, 85-ամյակիս անպայման ներկա կլինի։
Թխվածքը ձեռքին ներս մտավ աղջնակը։ Վարսավիրը նրա վրա մի մոմ վառեց, հաճախորդ աղջնակների հետ «հափփի բըրթդեյ» երգելով մոտեցան միսս Ալիսին։
Միսս Ալիսի դեմքին տարօրինակ արտահայտություն երևաց, ժպիտը ժպիտ չէր, աչքերի փայլը ոչ այն է ուրախություն էր արտահայտում, ոչ հուզմունք, ապշահար նայում էր իր թոռների տարեկիցներին ու ցանկանում էր բոլորին համբուրել։
— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ես ձեզ բոլորին սիրում եմ, թոռնիկներիս պես, բոլորիդ սիրում եմ, բոլորիդ,- ասաց միսս Ալիսն ու թոքերից հազիվ դուրս թռչող քամին անջատեց մոմը։
Ծափահարեցին, հաճախորդ աղջիկները թրվռացին, բոլորը մեկիկ-մեկիկ շնորհավորեցին միսս Ալիսին ու անցան իրենց գործին։
— Ես անպայման կասեմ, որ դուք ինձ անակնկալի բերիք, անպայման պիտի պատմեմ աղջիկներիս, տղայիս էլ կասեմ, նա էլ է գալու։ Միստր Համիլթոնն ինչքա՜ն կուրախանա։ Նա հայ հարևաններ ունի, շատ գոհ է, ասում է, որ հաճախ իրեն ճաշ են հյուրասիրում։ Շատ մարդամոտ են։ Շնորհակալ եմ։
Այս անգամ միսս Ալիսի խոսքերին բանի տեղ դնող չեղավ։
Աղջիկները մեկը մյուսի հետևից սանրվում, կոկիկանում, դուրս էին գալիս։ Միսս Ալիսը ևս իր հերթին այտերը հարդարեց, ոտքի և ձեռքի եղունգները մաքրեց, ներկեց և տաքսի պատվիրեց։
Վարսավիրանոցի աշխատողները նրան օգնեցին հասնելու մինչև տաքսին։
«»«»«»
Հինգշաբթի էր։ Միսս Ալիսը զանգահարեց վարսավիրանոց. — Ալո, Սուփեր Էլեգա՞նս։ Միսս Ալիսն է, ներողություն եմ խնդրում, մի քիչ թույլ եմ, չեմ կարող տաքսիով գալ, եթե խնդրեմ՝ կգա՞ք ինձ տանեք, հավելյալ կվճարեմ, խնդիր չէ, միայն թե ուրիշի մոտ չեմ ուզում գնալ։
— Իհարկե, խնդիր չէ, մի կես ժամից կգամ, հանգիստ եղեք, միսս Ալիս։ Այդ օրվանից ամեն հինգշաբթի առավոտյան ժամը տասին վարսավիրը գնում էր ծերանոց՝ միսս Ալիսին վերցնում, մասնագիտական բոլոր ծառայությունները կատարում ու վերադարձնում ծերանոց։
Այնպես պատահեց, որ միսս Ալիսն սկսեց մոռանալ, որ մատուցված ծառայությունների համար պետք է վճարել։ Թե ինչպես, որտեղից՝ նրա աղջիկը այդ մասին իմացել էր։ Հեռախոսային պայմանավորվածության համաձայն վարսավիրն սկսեց ամեն ամիս հաշիվ ներկայացնել միսս Ալիսի աղջկան։ Ամեն ինչ բնականոն ընթացք ստացավ, թե’ ծառայությունները, թե’ վճարումները կատարվում էին ժամանակին։ Միսս Ալիսն աստիճանաբար սակավախոս էր դառնում, սկսել էր միայն հարցերին պատասխանել ու կարճ ժպտալ։ երբեմն վարսավիրի աշխատանքի ժամանակ ննջում էր։ Զարմանալին այն էր, որ վիզը չէր ծռվում։ Վարսավիրը որքան էլ նրա մազերը խճճեր, նորից գլուխը ձիգ էր։
— Միսս Ալիս, միստր Համիլթոնն ինչպե՞ս է,- մի անգամ հարցրեց վարսավիրը։
— Չգիտեմ, չեմ հանդիպում, բայց գիտեմ, որ լավ պիտի լինի։ Կարծեմ անկողնային է, եթե ոչ՝ անպայման ինձ տեսության կգար։
-Ինչո՞ւ դու չես գնում։
-Չեմ կարողանում, բայց միշտ հիշում եմ, երբ բակ եմ դուրս գալիս, մանուշակներով գլխարկն եմ հագնում, ու նրա մանուշակազարդ հովանոցը վերցնում: Կարծեմ քեզ ասել եմ, հիշո՞ւմ ես։
«»«»«»
Մի օր էլ նրան անվաթոռով բերեցին վարսավիրանոց։ Բերանը կիսաբաց էր, աչքերը կիսով չափ փակ, թռուցիկ բարևեց ու փորձեց ժպտալ։ Երկու հոգով հազիվ տեղափոխեցին վարսավիրի աթոռակին։ Չէր խոսում Գլուխը թեթև օրօրվում էր։
— Միսս Ալիս, ինչպե՞ս ես,- հարցրեց վարսավիրը։
— Չեմ բողոքում,- հազիվ արտաբերեց նա։
— Կարծես ինչ-որ բան է պատահել, միսս Ալիս։
— Միստր Համիլթոնը քոմայի մեջ է։ Հիվանդանոցում է, ուզում եմ գնալ տեսնելու։
— Ո՞վ է տանելու։
— Չգիտեմ։
-Ո՞ր հիվանդանոցում է։
-Չգիտեմ
-Ո՞վ ասաց, որ քոմայի մեջ է։
— Չգիտեմ։
— Ձեռքիդ ծաղիկներն ինչի՞ համար է։
— Էս մանուշակները բերել եմ մազերիս դնելու, գուցե նա տեսնի, և հիշի։ Նա գիտի, որ ես մանուշակներ եմ սիրում, սրանք ինքը նվիրեց ինձ, գլխարկի վրա էին։
-Հիշում եմ միսս Ալիս, բայց…
— Հոգ մի արա,- հոգնած արտաբերեց միսս Ալիսն ու բառերը ծոր տվեց,-ամրացրու, խնդրում եմ։
Երեք օր հետո վարսավիրանոցում նամակ ստացվեց։ Ուղարկողը միսս Ալիսի աղջիկն էր։ Չեկին կցված էր մի երկտող. «Սիրելի Նվարդ, մայրս արդեն ի վիճակի չէ վարսավիրանոց գալու, եթե հնարավորություն ունես ծերանոց գնալու, մի զլանա։ Գիտեմ՝ ինչպիսի ջերմ վերաբերմունք ես ցուցաբերել մորս, չեմ կարող բառերով արտահայտել երախտագիտությունս, իսկ եթե ժամանակդ ներում է, շաբաթը մեկ անգամ այցելել միսս Ալիսին, զուտ այցելելու նպատակով, ես պատրաստ եմ վճարելու քո ժամանակի ու ջերմ վերաբերմունքի համար, այնքան՝ որքան կցանկանաս։ Միայն, խնդրում եմ, ամեն գնալուց մանուշակներ տանես, առանց դրանց նա երկար չի ապրի…
Շնորհակալությամբ՝ միսս Ռոզ Լելման»։

Թողնել պատասխան

Your email address will not be published.