Ղեյսար Ամինփուր | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց էդուարդ Հախվերդյանը

Անխուսափելի օր

Անցնող այս օրերում
Ամեն օր
Զգում եմ
Ինչ-որ մեկը
Հառաչում է քամու մեջ
Զգում եմ
Որ ճամփաների մշուշապատ խորքից
Մի hեռավոր ծանոթ
Ձայնում է ինձ
Նրա ձայնի ծանոթ hնչյունը
Նման է
Լույսի անցումին
Նորուզի անցումին
Նման է օրվա գալստյան ձայնին
Այն գալիք օրը անխուսափելի
Մի օր երբ կքած անցորդները
Կունենան մի պաh
Որ hպարտ
Բարձրագլուխ լինեն
Եվ տեսնեն երկնքում
Արևին
Մի օր երբ գնացքն այս հին
Կրկնության զուգահեռ անկողնում
Անառիթ կկանգնի մի պահ
Որպեսզի քնաթաթախ աչքերը հոգնած
Լուսամուտի ետևից
Տեսնեն ամպերի պատկերը
Շրջանակում
Եվ ջրի մեջ
Անտառի գծագիրը գլխիվայր
Այդ օրը
Կսկսի
Մտերմիկ ձեռքերի թռիչքը
Ընկերոջ որոնման
Մի օր երբ նոր օրվա թռիչքն է
Մի օր երբ բաց են նամակները
Մի օր երբ նամակի
Նամակամիշի ու կնիքի փոխարեն
Ստորագրենք թևը աղավնու
Եվ առաքենք նամակի նման
Փոստային արկղերը
Այդ օրը կդառնան բույնը Աղավնիների
Մի օր երբ կարճ կլինի ձեռքը խնդրանքի
Մի օր երբ պաղատանքը մեղանչել է
Եվ բնույթը Աստծո
Մայթով անցնող անցորդի ոտքի տակ
Չի քնի
Լրագրի վրա
Եվ չի տեսնի երազը թարմ հացի
Մի օր երբ դռների վրա
Կգրեն պարզ ձեռագրով
«Մուտքը արգելվում է միայն
Վիզը ծռած մարդկանց»
Եվ հպարտ հոգնած ծնկերը
Բացի սիրո ոտքի առաջ
Չի ծանոթանա հողի հետ
Եվ այսօրվա հեքիաթները իրական
Երազ կլինեն ու պատրանք
Եվ հեքիաթների նման հին
Բարի ավարտ կունենան
Օր հորդաբուխ ժպիտի
Շռայլաշուք ժպիտի
Ժպիտ առանց աչքերի խնայման
Այդ օրը
Օրենքը բարության
Ժպիտն է առանց ակնկալիքի
Մի օր երբ բանաստեղծները
Ստիպված չեն լինի
Հանգերի նեղ խցերում
Իրենց ժպիտը վաճառել
Մի օր երբ զգացումի արժեքը
Չեն սակարկի
Ինչպես գինը շորի
Այդ օրը
Բանաստեղծության գրքի էջերի միջից
Կթռչեն թիթեռները չորացած
Եվ քունը կհորանջի գնդացիրի բերանում
Եվ զինվորական մաշված կոշիկները
Հին թանգարանների անկյունում
Կքարկապվեն սարդոստայններին
Մի օր երբ թնդանոթները
Երեխաների ձեռքերում
Կլիցքավորվեն քամիով
Մի օր երբ կանաչը դեղին չի լինի
Ծաղիկները իրավունք կունենան
Ծլարձակել ուր որ ցանկանան
Սրտերը իրավունք կունենան
Փշրվել
Որտեղ դրա պահանջը կզգան
Հայելին իրավունք չունենա
Սուտ խոսել աչքերով
Պատը իրավունք չունենա
Աճելու
Առանց լուսամուտների
Այդ օրը
Կարճ կլինեն այգու և դպրոցի պատերը
Միայն մտային մի ցանկապատ
Կցանկապատի եզրագիծը
Հեռու հեռավոր այգու
Որի վրայից կարելի է թռչել
Շատ հեշտորեն
Արևի ծագման օրը
Դպրոցական երեխաների գրպանից
Մի օր երբ այբուբենի կանաչ այգին
Մի օր երբ ջրի արտագրությունը
Հանրային կլինի
Եվ ծովն ու արևը
Չի լինի ոչ մի աչքի արտոնությունը
Մի օր երբ երկինքը
Աստղի կարոտ չի լինի
Մի օր երբ նման օրվա երազանքը
Կարիք չի ունենա փոխաբերության
Ով լավ օրեր որ ճամփին եք
Ով ճամփաներ մշուշում կորած
Ով շարունակական ծանր օրեր
Դուրս եկեք պահերի ետևից
Ով արևոտ օր
Ով Աստծո աչքերի պես կապույտ
Ով գալիք օր
Ով օր նման օրվա
Գալուստդ լուսավոր
Անցնող այս օրերում ամեն օր
Սպասում եմ քո գալստին
Սակայն
Ասա ինձ արդյոք ես ևս
Կամ
Քո գալստյան օրվա մեջ

 

Մանկության երազ

Մանկությանս երազներում
Ամեն գիշեր ինչ-որ գնացքի
Սուլոցի արձագանքը
Անցնում է կայարանից
Գնացքի վերջը
Ասես երբեք չի վերջանում
Ասես
Լուսամուտներ ունի հազարից ավել
Եվ բոլոր լուսամուտներում
Միայն դու ես ձեռք թափահարում
Հետո
Լուսամուտների շրջանակներում
Բոցավառվում է գիշերը
Քամու մեջ ալիքվող քո վարսերի ծխով
Մշուշապատ ճանապարհի ընթացքում
Ծխի մեջ
Ծխի
Ծխի…

 

Մշտական կարոտը

Մեր խոսքերը դեռևս անավարտ
Հենց որ նայում ես
Պահն է գնալու
Դարձյալ նույն
Հեքիաթը մշտական
Նախքան գլխի ընկնելը
Անխուսափելի է դառնում քո մեկնելու պահը
Ով
Ով ավաղ և կարոտ մշտական
Հանկարծ
Որքան շուտ
Ուշ է լինում

Ճերմակ տողեր
Բառ առ բառ
Տող առ տող
Էջ առ էջ
Մաս առ մաս
ճերմակում են իմ մազերը Ինչպես տող առ տող
Սևանում են տետրիս էջերը
Ցանկացար համբերությամբ
Մեկ առ մեկ հաշվել
Պայծառ ու ճերմակ թելերը
Ասացի
Քնքշության ձեռքերդ
Կհոգնեն
ճանապարհի սկզբին
Ասացի
Ուրիշ ելք փնտրիր
Թերթիր տետրը իմ
Կետ առ կետ
Տառ առ տառ
Բառ առ բառ
Տող առ տող
Մազ առ մազ հաշվիր
Իմ բանաստեղծությունների տետրը

Թողնել պատասխան

Your email address will not be published.