«

»

Հուն 17 2008

Տպել Գրառում

Երանուհի Ղանդիլյան | ԳԻՆԱՐԲՈՒՔ

Այսօր կրկին խնջույք է:

Եկել են բոլորը՝ բոլոր երեքը: Խորհելու համար այսքանն էլ բավ են: Իմ Ես-ն էլ է ներկա: Նստել է անկյունում ու անսքող հետաքրքրությամբ շուրջն է նայում, փորձում հասկանալ այսչափ կարևոր ու շտապ հավաքի պատճառը:
Գինին առատ է, հարբել է պետք:
Առաջին բաժակը խմեցինք լուռ, յուրաքանչյուր կաթիլի հետ կուլ տալով չասված խոսքերի ծանրությունը, որ բյուրեղացել ու խրվել է կոկորդումս…
Հարբել եմ կարծես:
Շուրջս ամեն ինչ պտտվում է: Զգում եմ, թե ինչպես է Երկիրը դղրդոցով գլորվում իր ուղեծրով: Քունքերս տրաքվում են այդ ահռելի ձայնից.
Երկիր և Արեգակ. պտույտ պտույտի մեջ, Աստված իմ, ինչպե՞ս ենք դիմանում…
Կարծես թե այս անգամ մի տեսակ անհամաձայնություն կա սեղանակիցներիս միջև:
…Ձախ կողմում նստածը վերցրեց երանելի հեղուկով լցված բաժակը, բարձրացրեց գլխից վեր ու ասաց.
– Խմենք սիրո կենացը: Այն սիրո, որ թույլ է տալիս առանց թևերի ճախրել երկնքում ու չվախենալ գահավիժելուց: Այն սիրո, որ երբ փակում ես աչքերդ, ուրվագծվում է նա ու անթիվ անգամ համբուրում ես նրա արև-աչուկները, այն սիրո, որ կրկին ու կրկին վերադարձ է ձգտում, հերթական անգամ լքելուց հետո:
Խմենք թանկ ու հարազատ սիրո կենացը:
Գորշ ու անմշակ կավից շինված բաժակները խփեցինք իրար, դրանք խուլ ու բաղաձայն զնգացին, մի քանի կաթիլ գինի կաթեցնելով փայտե անհարթ սեղանին: Խմեցինք մինչև հատակը: Գինին եռ գալով վազեց երակներովս, խառնվելով հավատքի լույսով օծված արյանս:
Հարբել եմ կարծես:
…Տիրեց լռություն, այնքան աղմկոտ, որ թվաց, թե ուր որ է կխլանամ. գլուխս առա ափերիս մեջ ու ամուր սեղմեցի ականջներս:
Անտանելի է լռության ձայնը:
Քիչ-քիչ սկսեց լուսանալ:
Երկունքի ցավից գոռաց երկինքը, ու հորիզոնը ծնեց Արևին:
…Աջ կողմում նստածը վերցրեց գինու կուժը, որի պռունկը ճեղքված էր, լցրեց բոլորիս բաժակները.
Ու վերցրեց հացը, շնորհակալություն հայտնեց, ձեռքով մաս-մաս արեց ու հյուրասիրեց բոլորիս: Հետո վերցրեց բաժակը, շնորհակալություն հայտնեց, հայացքը ուղղեց մեզ ու ասաց.
– Աստված մեծ սեր է, Սերը միակ: Խմենք մաքուր ու անապական հավատքի կենացը: Թող այս գինու պես առատ ու անժխտելի լինի բոլորիս հավատքը: Խմեցինք:
Միայն ձախ կողմում նստածը կիսով չափ խմեց բաժակը: Խմեց ու ինքն իրեն քրթմնջաց.
– Աստված մեծ սեր է, բայց ոչ միակը:
Կապտում էր երկինքը:
Կամաց-կամաց ցրվեցին սեղանակիցներս.
Ձախ կողմում նստած Սիրտը կրկին իր սիրո հետ ամուր փակվեց կրծքիս տակ, ետևից փակելով բոլոր մուտքերը:
Աջը Հոգին վերցրեց դռան ետևում դրված ցուպը, ուսն առավ հավատքով լեցուն խուրջինը և գնաց թափառելու երկնքում:
Ճամփան երկար է, փշերը՝ անթիվ…
Միայնակ մնաց Ես-ը: Մենակ Հույսի հետ: Էլ խոսքեր պետք չեն:
…Մեկ էլ ո՞վ գիտի, երբ կհավաքվենք…

 

Share Button

4 կարծիք

Skip to comment form

  1. Albert Shahinyan

    Hargeli xmbagrutiun,
    Indz hamar shat ha&eli e Dzer sit-um kardal mi anxchnaki grvatsner@, vorin andzambem &anachum.
    Grum srtanc, ev karevornum em nra grelu vo&@. Cankanum em iren Hajoxutiuner ev andznakan yerjankutiun.

  2. Հըր

    “Զգում եմ, թե ինչպես է Երկիրը դղրդոցով գլորվում իր ուղեծրով” Ես ել զգացի… փռեց ինձ :)
    Մանրապատումը հրաշալին է: Կհավաքվեք… ու խնջույք կլինի…
    Որտեղի՞ց այդքան արեւ ու հող:

  3. Երանուհի Ղանդիլյան

    :)
    Ցավոք գնալով պակասւմ են ‘ինքնամփոփ խնջույքները’
    Ժամանակի սղությունը գերխնդիր է…

  4. Տաթևիկ

    Ամեն անգամ կարդալիս այս ստեղծագործությունը մի նոր միտք եմ հայտնաբերում:

Պատասխանել Երանուհի Ղանդիլյան-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>