Երանուհի Ղանդիլյան | ԳԻՆԱՐԲՈՒՔ

Այսօր կրկին խնջույք է:

Եկել են բոլորը՝ բոլոր երեքը: Խորհելու համար այսքանն էլ բավ են: Իմ Ես-ն էլ է ներկա: Նստել է անկյունում ու անսքող հետաքրքրությամբ շուրջն է նայում, փորձում հասկանալ այսչափ կարևոր ու շտապ հավաքի պատճառը:
Գինին առատ է, հարբել է պետք:
Առաջին բաժակը խմեցինք լուռ, յուրաքանչյուր կաթիլի հետ կուլ տալով չասված խոսքերի ծանրությունը, որ բյուրեղացել ու խրվել է կոկորդումս…
Հարբել եմ կարծես:
Շուրջս ամեն ինչ պտտվում է: Զգում եմ, թե ինչպես է Երկիրը դղրդոցով գլորվում իր ուղեծրով: Քունքերս տրաքվում են այդ ահռելի ձայնից.
Երկիր և Արեգակ. պտույտ պտույտի մեջ, Աստված իմ, ինչպե՞ս ենք դիմանում…
Կարծես թե այս անգամ մի տեսակ անհամաձայնություն կա սեղանակիցներիս միջև:
…Ձախ կողմում նստածը վերցրեց երանելի հեղուկով լցված բաժակը, բարձրացրեց գլխից վեր ու ասաց.
— Խմենք սիրո կենացը: Այն սիրո, որ թույլ է տալիս առանց թևերի ճախրել երկնքում ու չվախենալ գահավիժելուց: Այն սիրո, որ երբ փակում ես աչքերդ, ուրվագծվում է նա ու անթիվ անգամ համբուրում ես նրա արև-աչուկները, այն սիրո, որ կրկին ու կրկին վերադարձ է ձգտում, հերթական անգամ լքելուց հետո:
Խմենք թանկ ու հարազատ սիրո կենացը:
Գորշ ու անմշակ կավից շինված բաժակները խփեցինք իրար, դրանք խուլ ու բաղաձայն զնգացին, մի քանի կաթիլ գինի կաթեցնելով փայտե անհարթ սեղանին: Խմեցինք մինչև հատակը: Գինին եռ գալով վազեց երակներովս, խառնվելով հավատքի լույսով օծված արյանս:
Հարբել եմ կարծես:
…Տիրեց լռություն, այնքան աղմկոտ, որ թվաց, թե ուր որ է կխլանամ. գլուխս առա ափերիս մեջ ու ամուր սեղմեցի ականջներս:
Անտանելի է լռության ձայնը:
Քիչ-քիչ սկսեց լուսանալ:
Երկունքի ցավից գոռաց երկինքը, ու հորիզոնը ծնեց Արևին:
…Աջ կողմում նստածը վերցրեց գինու կուժը, որի պռունկը ճեղքված էր, լցրեց բոլորիս բաժակները.
Ու վերցրեց հացը, շնորհակալություն հայտնեց, ձեռքով մաս-մաս արեց ու հյուրասիրեց բոլորիս: Հետո վերցրեց բաժակը, շնորհակալություն հայտնեց, հայացքը ուղղեց մեզ ու ասաց.
— Աստված մեծ սեր է, Սերը միակ: Խմենք մաքուր ու անապական հավատքի կենացը: Թող այս գինու պես առատ ու անժխտելի լինի բոլորիս հավատքը: Խմեցինք:
Միայն ձախ կողմում նստածը կիսով չափ խմեց բաժակը: Խմեց ու ինքն իրեն քրթմնջաց.
— Աստված մեծ սեր է, բայց ոչ միակը:
Կապտում էր երկինքը:
Կամաց-կամաց ցրվեցին սեղանակիցներս.
Ձախ կողմում նստած Սիրտը կրկին իր սիրո հետ ամուր փակվեց կրծքիս տակ, ետևից փակելով բոլոր մուտքերը:
Աջը Հոգին վերցրեց դռան ետևում դրված ցուպը, ուսն առավ հավատքով լեցուն խուրջինը և գնաց թափառելու երկնքում:
Ճամփան երկար է, փշերը՝ անթիվ…
Միայնակ մնաց Ես-ը: Մենակ Հույսի հետ: Էլ խոսքեր պետք չեն:
…Մեկ էլ ո՞վ գիտի, երբ կհավաքվենք…

 

4 comments

Skip to comment form

    • Albert Shahinyan on 25 Հունիսի, 2008 at 12:03 ե.
    • Reply

    Hargeli xmbagrutiun,
    Indz hamar shat ha&eli e Dzer sit-um kardal mi anxchnaki grvatsner@, vorin andzambem &anachum.
    Grum srtanc, ev karevornum em nra grelu vo&@. Cankanum em iren Hajoxutiuner ev andznakan yerjankutiun.

    • Հըր on 29 Օգոստոսի, 2008 at 6:19 ա.
    • Reply

    “Զգում եմ, թե ինչպես է Երկիրը դղրդոցով գլորվում իր ուղեծրով” Ես ել զգացի… փռեց ինձ 🙂
    Մանրապատումը հրաշալին է: Կհավաքվեք… ու խնջույք կլինի…
    Որտեղի՞ց այդքան արեւ ու հող:

    • Երանուհի Ղանդիլյան on 9 Սեպտեմբերի, 2008 at 6:17 ե.
    • Reply

    🙂
    Ցավոք գնալով պակասւմ են ‘ինքնամփոփ խնջույքները’
    Ժամանակի սղությունը գերխնդիր է…

    • Տաթևիկ on 26 Մայիսի, 2010 at 6:46 ե.
    • Reply

    Ամեն անգամ կարդալիս այս ստեղծագործությունը մի նոր միտք եմ հայտնաբերում:

Թողնել պատասխան Տաթևիկ-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.