Լիլիթ Հակոբյան | ԿՅԱՆՔԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Երբ ես փոքր էի, մերոնք թերևս ուրիշ անելիք չունենալով` ինձ պետք եղածից ավել դաստիարակեցին, ու ես դարձա այսպիսին: Մեր մեջ ասած` դա վատ չէ, ես չեմ բողոքում ինձանից, կարող էր ավելի վատ լինել, բայց չեղավ, որովհետև մերոնք սրտանց ուզում էին ինձնից մարդ սարքել: Սարքեցին… Բայց պարզվեց՝ իրենց ժամանակներում ենք մնացել, մնացել ենք ու հնացել: Մի օր աչքերս բացեցի և երկնքներից վար իջա: Ու ես ավելի շուտ հասկացա, թե կյանքում ինչեր են կատարվում, քան մեր մեծերը, ովքեր մնացել էին իրենց ժամանակներում ու ինձնից իրենց թվերի թողարկում պատրաստելով էին զբաղված: Ու ես հասկացա, որ տարբերվում եմ բոլոր տեսակի մարդկանցից, որոնց հասցրեցի ճանաչել:
Կարոտ… Կան մարդիկ ու կան մարդիկ, ովքեր չկան: Նրանք կան ու ես նրանց ատում եմ, որովհետև կան մարդիկ, ովքեր չկան, ու ես նրանց կարոտում եմ: Չկան մարդիկ, ու ես նրանց անիծում եմ, որովհետև նրանք չկան, ու ես նրանց կարոտում եմ:
Թախիծ… Կան մարդիկ ու կամ ես: Մարդիկ ինձ այսպիսին չեն սիրում, իսկ ես առանց ինձ թախծում եմ: Վերադառնալ եմ ուզում, բայց մարդիկ դեռ նույնն են: Ես եկա… Ես քանոնով գծմծած մարդկանց պես չեմ, ու մարդիկ դա չեն սիրում: Կան մարդիկ, ու նրանք ինձ պետք են: Բայց մարդիկ դեռ նույնն են, քանոնով գծմծած մարդկանց չեմ սիրում: Սխալվեք գոնե մեկ անգամ, որ ճիշտն էլ հասկանաք, բայց դուք ճիշտն էլ չեք սիրում, էլ ոնց հասկանաք, ոչ էլ սխալվում եք, էլ ոնց եք մարդ:
Մենություն… Ես կամ, դուք էլ, բայց ես մենակ եմ: Ես առանց ձեզ ազատ եմ, ու ես դա սիրում եմ: Ազատ եղեք դուք էլ, ես ձեզ չեմ խանգարի, քանզի սիրում եմ իմ մենավոր ազատությունը: Բայց դուք էլի պաշտում եք ձեր կապանքները, ու ես դա չեմ սիրում: Կալանավորել եք ամեն լավ բան, ինչ ունեք ու խոնարհվում եք ձեզ մտրակողներին: Ես կալանքներ չունեմ, հետո էլ գլուխս է բարձր, դրա համար էլ մենակ եմ, ու ինձ այս մենությունը դուր է գալիս:
Լռություն… Կան մարդիկ, ու ես դա սիրում եմ: Մարդիկ լուռ են, ես` չէ, ու մարդիկ դա չեն սիրում: Ես լռում եմ, ու մարդիկ էլ են լուռ. գժվելու բան է… լռություն… Հազար բան կարելի էր ասել, բայց չասվեց, հազար անգամ կարելի էր մտածել լռությունը ջնջելուց առաջ, բայց չմտածվեց, քանզի լռությունն այդպես էլ մնաց: Սիրում եմ լռությունը, բայց այն, որի շողքի տակ միտքն է, այլ ոչ թե անմտությունը:
Արցունք… Կան մարդիկ, ովքեր լալիս են, ու կան մարդիկ ովքեր լացել չգիտեն, ու ես դա չեմ սիրում: Լացող մարդիկ էլ ծիծաղելի են, չգիտես` որը սիրես: Ես էլ եմ լալիս, բայց էլ արցունք չունեմ, անարցունք եմ լալիս` մեծի պես: Մարդիկ դա չեն սիրում, ծարավ են իմ արցունքին, ծիծաղել են ուզում: Բայց ես էլ արցունք չունեմ, ու այս անգամ դա ինձ դուր է գալիս:
Ծիծաղ… Կան մարդիկ, ովքեր ծիծաղում են, ես` չէ, ու մարդիկ դա սիրում են: Կամ ես ու ծիծաղում եմ: Ես ծիծաղում եմ, երբ ոչ ոք չի ծիծաղում, ու դա ինձ դուր է գալիս: Մարդիկ իմ ծիծաղը չեն սիրում, իմ ծիծաղից նրանք լալիս են, ու ես դա սիրում եմ: Մարդիկ ինձ չեն սիրում: Լավ է ամեն տեսակ չմարդու չափանիշներին չհամապատասխանելը:
Չարություն… Կան մարդիկ, ովքեր չար են, ու ես դա սիրում եմ: Կան մարդիկ, ովքեր բարի չեն, ու ես դա չեմ սիրում. միջակություն չեմ սիրում, գոնե չարություն, բայց ոչ միջակություն: Կամ ես, ես բարի եմ, մարդիկ դա սիրում են, ես` չէ: Կան մարդիկ, ովքեր բարի են, ես դա չեմ սիրում. նրանք ինձ պես են…
Բարություն… Չկան մարդիկ…
Վերջ… Կան մարդիկ ու չկան մարդիկ: Ամեն ինչն է վերջանում, իսկ առավել հաճախ մարդը, ու ես դա սիրում եմ: Սիրում եմ հավերժություն, բայց ոչ մարդունը: Մարդը վերջացավ, ես էլ, ու ես դա սիրում եմ: Չկան մարդիկ, ու չկամ ես: Վերջացած մարդիկ դա էլ են սիրում:
Կյանքն այս երևույթներին հակադարձ համեմատական է` դրանք աճում են, կյանքը` պակասում: Իմ պակաս կյանքի համար կիսատ մարդիկ են մեղավոր: Մարդիկ ալարում են ավելին լինել, նրանց պատճառով ես էլ եմ պակասում: Ես էլ կյանքում շատ պակասորդ եմ տվել մարդկանց ավելցուկների հետ ժամանակ կորցնելով: Իմ կորցրածը նրանք են շահել, ինչ անեմ, եթե չկորցնել չեմ կարող… Իմ լիուլի կարոտն ու թախիծը, կիսատ մենությունը, աղմկոտ ու անմիտ լռությունը, չեղած ու սպասված արցունքները, արցունքոտ ծիծաղը, չունեցած չարությունը ես ձեզ եմ տալիս, բայց մի պայմանով` բծեր չքաշեք կյանքիս բազմանկյունու վրա, որովհետև ես էլ եմ գծագրությունից գլուխ հանում…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի