Դինո Բուցատի | Երբ ստվերն իջնում է

Դինո Բուցատի
Դինո Բուցատի

Իտալերենից թարգմանությունը՝ Գառնիկ Մելքոնյանի

Հաշվապահ Սիստո Տարրային մի տարօրինակ դեպք պատահեց այն նույն օրը, ինչ նշանակվեց իրենց հիմնարկի գլխավոր գանձապետ։ Օրը շաբաթ էր, եղանակը՝ ջերմ, պայծառ արևով, ու Տարրան հոգեկան վայելք էր ապրում։ Նպատակին, որին ձգտել էր,  հասել էր վերջապես․ իրոք, կարելի է ասել, նա դարձել էր հիմնարկի իրական ղեկավարը․բայց ավելի, քան այդ առաջխաղացումն ինքնին, ավելի քան ֆինանսական առավելությունները, նրան հրճվանք էր պատճառում այն, որ այդպիսով,  իր խորամանկամիտ դիվանագիտական խաղով հաղթանակ էր տարել՝ աստիճանաբար խամրեցնելով իր նախորդի՝ դոկ․Բրոցիի համբավը։ Տարիներ շարունակ նա անդադար գաղտագողի հետևել էր, որպեսզի հայտնաբերեր նրա փոքրագույն իսկ սխալները, ավելի ծանրացներ դրանց հետևանքները, դրանք մատնացույց աներ վերադասին։ Բայց  նա դա արել էր մեծ խորամանկամտությամբ, քանզի արտաքնապես միշտ հանդես էր եկել Բրոցիի պաշպանությամբ, որպեսզի վայելեր  մեծահոգի և ուղղամիտ մարդու անուն։

Տարրան մենակ էր ապրում՝ քաղաքի երկու հարկանի մի տան մեջ , որի դռան առաջ  պարտեզ կար։

Նախաճաշելն ավարտել էր, ու նստած էր ի փոքրիկ աշխատասենյակում՝ մտմտալով, թե ինչպես էր լցնելու հետմիջորեի պարապությունը, երբ հենց իր գլխավերևում, առաստաղի մեջ, լսեց, ըստ երևույթին, մարդու քայլեր։ Գուցե, շատ հեռավոր անցյալում, երբ ինքը դեռ տղեկ էր, նման աղմուկ լսելիս՝ իր մեջ ծնվեին  վախեր ուրվականների մասին։ Մեկ այլ, անձրևային օր, երբ շատ հոգնած լիներ, գուցե մտածեր, թե գողեր են, ու  իր սիրտը թերևս արագ-արագ խփեր։ Սակայն  օրը չափազանց  խաղաղավետ էր, չափազանց պայծառ էր շողում արևը, չափազանց հաճելի էին  ապագայի խոստումները։

Սիստոն իր չափազանց սթափ բանականությամբ բացառեց որևէ սարսափազդու  կանխավարկած ու ենթադրեց, որ  երևի մկներ էին, որոնց վազքն ինքը   մարդկային քայլերի տեղ էր ընդունել։

Բայցևայնպես որոշեց գնալ ու ստուգել։ Բարձրացավ աստիճաններով, բացեց դուռը, մտավ  ձեղնահարկ, ուր վաղուց ոչ ոք չէր մտել, և ուր, կղմինդրների արանքներից և մի քանի կիսալուսնաձև  օդանցքներից խաղաղ ու ցրվող լույս էր թափանցում․ նայեց չորս բոլորը, տեսավ մի կանգնած երեխայի, որը քջջում էր մի արկղի մեջ։ «Չէ, մկներ չեն»,- ինքն իրեն ասաց Տարրան առանց տագնապի, -«ինչ-որ պստլիկ, անծանոթ  գող է»։

Եվ պատրաստվում էր մոտենալ նրան, երբ տղեկը դարձրեց  գլուխը, այնպես որ նրանց հայացքները հանդիպեցին։ Սիստոն կանգ առավ՝ ապշանքից քարացած․ ինքն այդ տղեկին ճանաչում էր, գրո՛ղը տանի, էն էլ ո՜նց էր ճանաչում։ Աչքի վերևում հազիվ սպիացող բացվածքը, ինքը գիտեր, որ այն առաջացել էր մի անգամ պարտեզում վայր ընկնելուց։ Այդ կապույտ զգեստը, այդ փայլուն կաշվե գոտին, որն ինքը լավ էր հիշում։ Ու հարցնում էր ինքն իրեն, որտե՞ղ էր նրա տեսել, երբ հանկարծ հասկացավ․ այդ անծանոթ տղան ինքն էր՝ Տարրան, մանուկ հասակում։ Հենց ինքն էր, որ կար, Սիստոն՝ տասնմեկ-տասներկու տարեկանում։ Սկզբում լոկ կասկած  էր, բայց այնքան անհեթեթ, որ ծիծաղ էր հարուցում։

Հետո, երբ տղան արդեն շրջվել էր դեպի նա, Տարրան նրան ճանաչեց կատարելապես, այնպես որ, սխալվելու տարբերակ չկար․ հենց ինքն էր, որ կար, մանուկ Սիստոն։ Տարրային տպավորելը այնքան էլ հեշտ չէր։ Սակայն միանգամից  նա մեծ վախ ապրեց, որ ունենում էր միայն այն ժամանակ, երբ իրեն կանչում էին գլխավորի մոտ խորհրդակցության։ Իրեն թվում էր, թե այլևս ունակ չէր շարժվելու ու շշմած՝ սևեռում էր երեսունհինգ տարի առաջվա սեփական կենդանի պատկերը։

Լռություն տիրեց․ միայն լսվում էին Սիստոյի շնչառությունը, տանիքին ցատկոտող մի ճնճղուկի ճռվողյունը, մի ավտոմեքենայի  հեռավոր հռինդը, մինչդեռ կղմինդրների արանքներից ու փոքրիկ օդանցքներից թափանցում էր մի դեղնավուն լույս՝ անկյուններում դարսդարսված հին գրքերի, կոտրված հայելիների, ջարդուխուրդ մահճակալների, դատարկ քիվերի, տան այդ կուտակված   թափոնների վրա։

Բայցևայնպես, հաշվապահ Սիստո Տարրան վերագտավ իր ինքնատիրապետումը, որի համար ինքն այնքան հպարտանում էր, ու սառը ձայներանգով հարցրեց (թեև ներքուստ լավ էլ գիտեր դա)․ «Ո՞վ ես։ Ինչպե՞ս ես մտել այստեղ»։ «Խաղալիքները»-, խուսափողաբար պատասխանեց  երեխան՝ հոգնած ու նվաղ, գրեթե հիվանդի ձայնով։

«Այս արկղի մե՛ջ պիտի լինեն խաղալիքները»։

«Խաղալիքնե՞րը։ Այստեղ խաղալիքներ չկան»,- ասաց Տարան՝ ավելի ու ավելի ոգեպնդվելով, քանզի սկսում էր գնահատել հանդիպման հետաքրքրական կողմը․ ամենից առաջ, տղան նրան  տեղը չէր բերել, ինչը Սիստոյին տալիս էր անվիճելի առավելություն․ հետո կանխազգում էր այն պահը, երբ  Տարրան ինքն իրեն կբացահայտեր, ու երեխան պիտի քարանար զարմանքից՝ իմանալով, որ ինքն այդպես մեծացել էր, դարձել  հարուստ ու հեղինակության տեր։

Բայց տղեկը պնդում էր իրենը․ «Խաղալիքներ կա՛ն, այս արկղի մեջ են դրել, ես mecano-ն  արդեն գտել եմ»։

«Ա՜, mecano-ն»,- կրկնեց Տարան այն բարեմիտ զիջողականությամբ, որ ոմանք ձևացնում են երեխաների հանդեպ, ուրիշների ներկայությամբ․- «mecano-ն քեզ դո՞ւր է գալիս»։ «Երեսունհինգ տարի»,- մտածում էր սակայն,- «ի՜նչ  երկար ճանապարհ։ Ուրեմն, այդքան իր կյանքից արդեն անցե՞լ էր»։

Ի՜նչ անդունդ էր այլևս բաժանում հիմարիկ ու երկչոտ  այդ տղեկին իրենից՝ հաշվապահ Տարրայից, որ ամուր կանգնած էր իր ոտքերի վրա, ում հարգում էին և ումից երկյուղում էին, ում միլիոններ արժեցող  գործեր էին վստահում։ «Ի՜նչ թանկարժեք նվեր այս երեխայի համար»,- մտածում էր նա․- «քիչ անց, երբ իմանա իր հաջողակ կյանքի մասին»։ Տղեկը սակայն, շարունակում էր նայել նրան կասկածախառն  ապշանքով, ու թվում էր, թե խաղալիքները նրան չէին հետաքրքրում այլևս։ 

«Իսկ Սիստո՞ն»,- հարցրեց նա դարձյալ այդ հիվանդագին ձայներանգով։- «Ո՞ւր է Սիստոն հիմա։ Դեռևս այստե՞ղ է ապրում։ Դու ճանաչո՞ւմ ես նրան»։ «Ես՞․․․նրա՞ն»,- ասաց Տարրան՝ ժպտալով սեփական կատակի վրա։ «Միասին էինք ապրում,  երկար տարիներ»։ «Ինչպե՞ս։ Ի՞նչ է անում հիմա»: «Ո՜հ,  հիմա կարևոր մարդ է դարձել Սիստոն»,- ու ժպիտն ավելի էր լայնանում ։ «Կարևո՞ր»,- նորից հարցրեց տղեկը, ու նրա դեմքը պայծառացավ։

«Իսկ  ի՞նչ  է անում։ Գեներա՞լ է»։ «Գեներա՞լ։ Ինչո՞ւ գեներալ։ Կուզենայիր որ գեներալ լինե՞ր»։ «Ինչ հիմար մտքեր»,- մտածեց սակայն,- «երևում է, որ դեռ խակ է»։ «Այո՛, կուզենայի»,- պատասխանեց տղան։ «Լավ»,- շարունակեց Սիստոն՝ սառեցնելով ձայնը,- «Գեներալ  չէ, բայց  որոշ բանի հասել է»։ «Ճանապարհո՞րդ է »։ «Ի՜նչ տխմարություն»,-  նորից մտածեց Սիստոն՝ ինքն իրեն հարցնելով, թե արդյոք ավելի լավ չէ՞ր լինի վերջ դնել այս խոսակցությանը, սակայն նրան ետ պահեց հիացված լինելու ցանկությունը։

«Չէ՛, ճանապարհորդ չէ»,- ասաց։ «Ճանապարհորդներն հիմա միայն գրքերում գոյություն ունեն։ Այս աշխարհում ավելի կարևոր բաներ կան»։ «Ի՞նչ է անում այդ դեպքում։ Նախարա՞ր է, գուցե»։ «Ըհը՛, արդեն ավելի լավ է»,- մտածեց այդժամ Տարրան՝ տեսնելով, որ տղան անցնում է պակաս մանկական գաղափարների։ Ու պատասխանեց․ «Նախարա՞ր, չէ՛, նախարար չէ։ Սակայն հիանալի մի դիրք է զբաղեց նում։ Կարող ես նրանից գոհ լինել»։ Երեխան նայեց նրան՝ վստահող աչքերով, սպասելով բացատրության։ Լսվում էին  ճնճղուկների ճռվող յուն տանիքի վրա, կնոջ ձայն՝ ներքևի փողոցում, զանգի ղողանջ՝ ով գիտե որտեղից։

«Նա գլխավոր գանձապետ է»,- ասաց վերջապես Սիստոն՝ բառերը վանկարկելով։- «Troll հիմանարկի գանձապետը, որ Իտալիայի բեռնափոխադրումների թիվ  մեկ ձեռնարկությունն է»։

Չեր թվում, թե երեխան հասկանում է։ «Գլխավոր գանձապետ» բառը նրան ոչ մի բան չէր ասում։ Նրա աչքերը դեռևս հառված էին Տարրայի աչքերին,  հարցականորեն, բայց պակաս էին փայլում արդեն, պատվելով հիասթափության բարակ շղարշով։

«Այսինքն»,- հարցրեց,- «փո՞ղ է հաշվում »։

«Նաև»,- համաձայնեց Տարրան նեղված՝ տղայի այդքան քիչ ըմբռնողությունից։- «Գործնականում ձեռնարկության ղեկավարներից մեկն է»։

«Ուրեմն, հարուստ է, չէ՞»։ Հարցի այդ կողմը, թվում էր, տղային հաճելի էր։ «Որոշակիորեն, որոշակիորեն, իսկապե՛ս»,- պատասխանեց Սիստոն՝ ստիպելով, որ նախկին ժպիտը նորից հայտնվի տղայի դեմքին։ «Չի կարող դժգոհել,  մի խոսքով»։ «Ով գիտե, ինչքան լավն են նրա ձիերը»։

«Ձիե՞րը»։

«Ասում եմ,  գեղեցիկ ձիեր կունենա, երևի»։

Հաշվապահը տարուբերեց գլուխը, ասես այդ տղայի բթամտությունն իրեն հուսահատեցներ։ Ու ասաց՝ ուղղակի խստասիրտ չերևալու համար․«Դե ո՜չ, հիմա այլևս ձիեր չեն օգտագործում»։ Սակայն տղայի գլխում մի նոր միտք էր ծագել, ու արդեն ձիերին մոռանալով՝ հարցրեց․ «Բայց ասա՛ ինձ․ Սիստոն ինչպիսի՞ն է հիմա, ի՞նչպիսին է դարձել»։

«Դե, հիմա նա արդեն մեծ մարդ է»,- պատասխանեց Տարրան՝ էլ ավելի հիանալով  սեփական  սրամտությամբ։ «Մոտավորապես ինձ նման»։

«Բայց բարետե՞ս է։ Ասա՛, բարետե՞ս է»։

 «Բարետե՞ս։ Չգիտեմ։ Տղամարդկանց համար բարետեսությունն այդքան էլ կարևոր չէ։ Ոմանք սակայն, ասում են՝ գեղեցիկ տղամարդ է»։

«Եվ մորո՞ւք է պահում»։

«Մորո՞ւք, չէ՛, բեղեր ունի, ինձ պես։ Անգլիացու է նման, ոմանց ասելով»։  

Տանիքի կղմինդրների  արանքով և կիսալուսնաձև օդանցքներով  թափանցող  լույսը դեղնավունից հանկարծ գորշ դարձավ։ Երևի ինչ-որ ամպ երկնքում ծածկել էր արևը։

«Իսկ աղոթքնե՞րը»,- անսպասելի հարցրեց տղեկը՝ դարձյալ Սիստոյին ակնարկելով։- «Երեկոյան աղոթո՞ւմ է էլի»։

«Նորից սկսեց իր տխմարությունները»,- նյարդայնացած մտածեց Տարրան․ հնարավո՞ր բան էր, որ այս փոքրիկ տղան ինքը լիներ, թեկուզ երեսունհինգ տարի առաջ։ Հնարավո՞ր բան էր, որ ադքան տարբերվեր։ Իրեն անհեթեթ էր թվում, գրեթե ամոթալի, որ դա ինքն էր՝ մանուկ հասակում։

«Այլևս ո՛չ, սիրելիս»,- պատասխանեց նա գրեթե բարկությամբ։- «Ինչո՞ւ ես ուզում, որ աղոթի։ Որոշակի տարիքում ոչ ոք այլևս չի աղոթում։ Միայն կանայք․․․»։

«Բայց հո դեռևս գիտե դրանք, չէ՞։ Դրանք հիշո՞ւմ է»։

«Դե, չգիտեմ․․․․ դա պետք է նրան հարցնել, բայց․․․ դժվար թե»։

«Իսկ եթե հանկարծ դրանց կարիքը զգա՞։ Ի՞նչ պիտի անի այդ դեպքում»։ «Աղոթքների կարի՞ք։ Ինչո՞ւ պիտի դրանց կարիքը զգա»։

Փոքրկիը զամացած նայեց նրան, ասես անարդարացիորեն հանդիմանել էին իրեն։

«Իսկ նրա երեխանե՞րը։ Այստե՞ղ են ապրում իր երեխաները»։

«“Սիստոն երեխաներ չունի»,- չոր պատասխանեց  Տարրան։- «Ո՞րտեղից վերցրիր, որ նա երեխաներ ունի»։

«Չունի՞։ Մե՞կն էլ չունի»։

«Ո՛չ, բնականաբար, Սիստոն ամուսնացած չէ»։

Հիմա լսվում էր մի նոր աղմուկ, մի տեսակ խուլ մլավոցի նման, որ ալիքվում էր այս ու այնտեղ՝ կղմինդրների վրա․ քամու ձայնն էր։ Ձեղնահարկն արագորեն դարձել էր  ավելի մռայլ, ու դա դժվար էր բացատրել արևը ծածկած մեկ ամպով, ինչքան էլ մութ ու ծանր ամպ լիներ, պետք էր ընդունել ուղղակի, որ երեկոն իջնում էր, որ անսպասելիորեն, արագացնելով ժամերի բնականոն  ընթացքը, որ երբևէ չէր եղել, գիշերն էր մոտենում։

«Ճիշտն ասա, Սիստոն դո՞ւ ես»։

Վերջապես տղան հասկացել էր․նկատել էր, որ այս հիսունին մոտ տղամարդը ինչ-որ մեկը չէր պարզապես, այլ ինքն էր, այնպես ինչպես տարիները կերպափոխել էին նրան։ Երեխայի ձայնը դողում էր, մինչդեռ հաշվապահ Տարրան ժպտաց, ուսերը վեր հանելով՝ որքան հնարավոր էր ազդեցիկ երևալու համար։ «Ե՛ս եմ, անձա՛մբ»,- հաստատեց նա։- «Դեռևս  չէի՞ր հասկացել»։ 

«․․․չէի՞ր հասկացել․․․»,-  մեքենայորեն կրկնեց տղան  արձագանքի նման, առանց ըմբռնելու բառերի իմաստը։Աչքերի   բիբերը լայնացել էին կիսախավարի մեջ։

«Գոհ ես, չէ՞։ Ասա՛, ասա՛ ինձ։ Գո՞հ ես այս հաջողությունից»։

Իսկ ինչո՞ւ հիմար տղան այլևս չէր ժպտում։ Ինչո՞ւ ցնծագին չէր փարվում նրան։ Գուցե դեռևս լավ չէ՞ր հասկացել,կամ էլ կասկածում էր, թե այս ամենը կատակ էր ու զգուշությո՞ւն էր դրսևորում ՝ վախենալով, թե կհիասթափվեր։ Ո՛չ, տղեկը շատ  լավ էլ հասկացել էր և  անթարթ  ու դառնագին աչքերով նայում էր Սիստոյին, ասես սպասել էր  մեծ նվերի, բայց ստացել էր  չնչին ու անպետք  մի բան։

Անհաստատ քայլերով առաջանում էր մթամած ձեղնահարկով, դեպի այդ մարդը, որին կուզենար չճանաչել, սևեռում էր այդ  սմքած դեմքը, այդ ձկնային սառը աչքերը, այդ բարակ ու անդուր շուրթերը, զննում  նրա բարձր և օսլայած օձիքը, փոխկապի քորոցը, որն առյուծի գլխի ձև ուներ,  մուգ գույնի բաճկոնը, որն ուղիղ նրա հագով էր, ու մի ձեռքով բռնեց դրա փեշից։

«Տե՛ս, ինչ գեղեցիկ է»,- մտերմաբար ասաց Սիստո Տարրան երեխային՝ դուրս հանելով իր ճշգրիտ աշխատող ժամացույցը։

«Ես այն գնել եմ Շվեյցարիայում, ներսում ժամերի ձայնային ազդանշան կա»։

Սեղմեց դրա կոճակներից մեկը ու ծանր լռության մեջ լսվեց մետաղական զանգի նուրբ ղողանջ․ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց։ Երևի երեկոյան վեցն էր։ Մի անորոշ հուզմունք  պատեց  Տարրայի կուրծքը։ Նրան թվում էր, թե  երեխայի հետ հանդիպումը տաս րոպեից ավել չէր տևել, բայց ժամացույցն ու խտացող մութը վկայում էին վերահաս գիշերվա  մասին։ Երբ աղիողորմ ղողանջը դադարեց, լսվեց քամու ոռնոցը  դրսում, պատերի երկայնքով։ 

“Գեղեցիկ է”, շշնջաց երեխան՝ առանց համոզվածության՝զննելով ժամացույցը։

“Հապա ցո՛ւյց տուր ինձ ձեռքդ”։

Իր ձեռքով բռնեց Տարրայի աջ ձեռքը, քաշեց դեպի իրեն՝ավելի լավ տեսնելու համար, նայեց դրան՝ անշտապ։ Եվ իսկապես, թվում էր անհավատալի, շատ տխուր մի բան, որ այդ մազակալած ու ծանր ձեռքը՝ կնճիռներով ակոսված, դուրս ցցված ելունդներով, կոշտ ու դեղնավուն եղունգներով, մի ժամանակ փոքրիկ էր եղել, քնքուշ ու սպիտակ, ինչպիսին իրենն էր։

«Իսկ ի՞նչ է պատահել  աչքիդ հետ»,- նորից հարցրեց տղան՝ հայացքը  հառելով Տարրայի դեմքին։

Իսկապես, մի երկու տարի առաջ, մի ռևմատիկ թերանդամալուծության հետևանքով, աջ կոպը  բավականին կախ էր ընկնում, ինչը նրան տալիս էր երկիմաստ արտահայտություն։

«Ինչո՞ւ ես այդ աչքդ փակ պահում»,-  շարունակեց երեխան, քանզի Սիստոն չէր պատասխանում։

«Բան չկա՛, ես լավ եմ տեսնում»,- պատասխանեց Տարրան՝զգալով, որ իր ներսում մի այրող բարկություն է ծնվում։ Ի՜նչ մութ է ձեղնահարկում։ Ոչ մի ձայն դրսից չէր հասնում։ Ձեղնահարկի անկյուններում, ուր տանիքի թեքվածքը միանում էր հատակի հետ, խմբերով բույն էին դնում ստվերները։ «Է՛ս ինչ փորձանք էր՝ բարձրացա այստեղ»,- մտածեց Տարրան։

Բայց ինչո՞ւ այս անտանելի երեխան ինձ է նայում այդպես։ Եվ ի՞նչ ընդհանուր բան ունեմ ես նրա հետ, վերջին հաշվով”։

Տղեկն ատում էր նրան, դա պարզ էր։

«Ինձ այլ կերպ էիր պատկերացնո՞ւմ, հա՞»,- ասաց  Սիստոն ահագնացող խավարի մեջ, խռպոտ ու թշնամական ձայնով։

«Չգիտեմ․․․չգիտեմ․․․»,- մրմնջաց երեխան, վախեցած՝ ընկրկելով։

Ուրիշ բան չասաց, բայց միևնույն է, զգացվում էր նրա հուսախաբությունը։

«Ի՞նչ էիր գլուխդ մտցրել։Ի՞նչ էիր ուզում, որ ես դառնայի։ Գուցե ցանկանում էիր ինձ գեներալի համազգեստո՞վ տեսնել։ Կամ,  որ գլխիս  եպիսկոպոսի խույր լինե՞ր»,-  հանդիմանեց, փորձելով սակայն իրեն տիրապետել։

 «Չեմ հասկանում,  ինչո՞ւ ես այդպես այլայլվել։ Կարող էիր շնորհակալ լինել բախտից, կարծում եմ։ Գոհ չես, հա՞։ Քեզ դուր չեն գալիս իմ ձեռքերը, հա՞»։

Հիմա կանխազգում էր վախեցնելու հրճվանքը, տեսնելու, թե ինչպես է ահաբեկվել  անպատկառ երեխան։ Բայց վերջինս արագորեն  ընկրկել էր ու այլևս գրեթե չէր նշմարվում, այնքան որ մութ էր։

«Սի՛ստո»,- առաջին անգամ հաշվապահը արտասանեց սեփական անունը, որը տհաճ ու չարագույժ  արձագանքվեց։ «Սի՛ստո, որտե՞ղ ես․․․Ես պետք է քեզ ցույց տամ նամականիշերը, ես հոյակապ մի հավաքածու ունեմ»,- ավելացրեց շողոքորթ  նրբերանգով, որպեսզի երեխան չփորձեր փախչել։

Կտրեց-անցավ ձեղնահարկը՝զգուշանալով, որ չբախվի գերաններին, որոնք   խանգարում էին նրա ընթացքը․ հասնելով ամենախորքը, կռացավ՝ զննելու մութ անյունները, նայեց իր շուրջը՝ ահագնացող հուզմունքով։ Երեխան, կարծես չքացել էր։ «Սի՛ստո, Սի՛ստո»,- ասաց նորից՝ շշնջյունով, քանզի սեփական ձայներանգը սկսում էր նրան նեղություն պատճառել։ Բայց ոչ ոք չպատասխանեց։ Տեսիլքը տարրալուծվել էր մթության մեջ, և ձեղնահարկում  ոչ ոք չկար, բացի Սիստո Տարրայից, քառասունյոթ տարեկան տղամարդուց, անհանգիստ մտքերի բեռի տակ։ Մեն-մենակ՝ մութ ձեղնահարկում։

Գիշերը նրան հանկարծակիի էր բերել, ինչը ինքը երբեք չէր կարծել , որ հնարավոր էր։ Տագնապով  մտածեց իր կարիերայի մասին, իր առաջխաղացման, նոր պարտականությունների մասին, բայց այդ ամենն  իրեն այլևս ոչինչ չէր ասում։ Զուր որոնեց նախկին գոհունակությունը։

«Ով գիտե, ինչ գեղեցիկ ձիե՜ր, գեղեցիկ ձիե՜ր․․․ոչ մի ձի, ոչ մի․․․»,-  դեռևս լսում էր երեխայի ձայնը, որը շշնջում էր բոլոր մութ անկյուններից։

Միտքն ընկավ, որ դրսում գիշեր էր արդեն, դրսում շարունակվում էր մարդկանց կյանքը, բյուրավոր էակների,  որոնք կենտրոնացած էին իրենց գոյության վրա, որոնք չգիտեին ով էր Սիստո Տարրան, տղամարդիկ ու կանայք, ցանուցիր՝ երկրի երեսին , որ աշխատում էին ու տառապում միասին, խառնիխուռն նետված հողմապտույտի մեջ, կլանված՝ քաղաքների մեջ, միջակ ու քստնմնելի գուցե, բայց ոչ՝ միայնակ։

Ոչ միայնակ՝ իր նման, որ մշտապես արհամարհել էր նրանց կյանքն ու քիչ առ քիչ օտարացել՝ հավակնեով, թե ամեն ինչ անում էր իր հայեցողությամբ։ Եվ նրա մեջ սկսում էր ծնվել կասկածը, փոքր կայծի նման, թե չլինի՞ ինքն ամբողջովին սխալվել էր, թե աշխարհում ուրիշ բաներ էլ կային, բացի պաշտոնից, հասարակական դիրքից,  փողից, Troll բաժնետիրական ընկերությունից․ բաներ, որոնց մասին հեռու անցյալում աղոտ կանխազգացել էր, որ տխմարություններ էին  բնականաբար, սին ցնորքներ, որ հետո անհետացել էին առօրյայի անխնա հորձանուտում։

Սկզբում դա անորոշ կասկած էր, հետո նրան համակեց մի անհաղթա- հարելի  տենչանք,  ծարավի նման․ կարողանալ ետ գնալ, նորից դառնալ երեխա, ամեն ինչ սկսել սկզբից, անել այնպես, որ ամեն ինչ  տարբեր լիներ արդեն կատարվածից․ մասնագիտությունը, ընկերները, տունը, մինչև անգամ զգեստները, մինչև անգամ դեմքը։ Ու սոսկալի էր, որ այլևս չափազանց ուշ էր, որ ստվերն  հանկարծակի իջել էր նրա վրա, ու այլևս  ոչ մի հնար չկար։  

Մթնշաղի վերջալույսի մեջ, մինչ գիշերվա շղարշը թանձրանում էր հետզհետե, հաշվապահ Սիստո Տարրան, խարխափելով, որպեսզի չբախվեր գերաններին, փնտրեց դուռը դուրս գալու համար։

«Հիմարությո՛ւն է, հիմարությո՛ւն»,- մրմնջում էր անդադար, որպեսզի նորից վերադառնար կյանքի կայտառ  ու հաճելի իրականությանը։ 

Բայց չէր ստացվում։

Կղմինդրների վրա նա լսեց թեթև կտկտոցներ, որ գնալով սաստկացան․ երևի ամպերը պատել էին երկինքը, ու անձրև էր տեղում։

Corriere della Sera», 12 marzo 1939

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի