Վիկտոր Հովսեփյան | Անտիպ բանաստեղծություններ

Վիկտոր Հովսեփյան
Վիկտոր Հովսեփյան

* * *
Ո՞րն Է Սկիզբը, և ո՞րն է Վերջը,
Ո՞րն է Առաջ, և ո՞րն է Ետ, Տեր,
Պահերը ո՞ր կողմից են գալիս անվերջ,
Ո՞րն է Մարմինը, և ո՞րը՝ Ստվեր:

Արևածագը ու Մայրամուտը
Եղել են ասես, որ մեզ խաբեն,
Որ հորիզոնի գոց ելումուտը
Մեր աչքերին չորս կողմից կապեն:

Ո՞րն է Սկիզբը, և ո՞րն է Վերջը,
Ո՞րն Ակունքը, ո՞րը Գետաբերան,
Ո՞ր, ո՞ր կողմից է, անքնին Վեճ է,
Ծննդյան ընթացքն առ գիրկ Մահվան:

Մե՞նք… Կույր ենք, այո, և կույր ենք այնքան,
Որ թվում ենք մեզ ամենագետ,
Ի՞նչ գիտենք, երբ մենք չենք ջոկում Այն կամ
Այս ափը գետի, Առաջ ու Ետ:
1976 թ.

* * *
Այդ ինքս եմ մի փերթ տեսիլի պես
Անցնում բավիղներով ժամերի,
Ամեն պատահածից առնում եմ ես
Ու տրվում պատահած ամենին:

Ամեն պատահածից՝ փերթ-հիշատակ
Մի ծվեն-պատառ իմ մեջ առնում,
Ամեն պատահողի արյան մեջ տաք
Մի հուշի ծվեն-ծիլ եմ դառնում:

Տալով-առնելով ես որպես նավ
Հանկարծ վթարված սուզվում հողում,
Մի վարդենի է ժայռին խոնավ,
Աչքերում ես եմ վերհուշ դողուն:

Երեկ էր, կակղած ես լալու չափ
Նույն հարցումն էի անում գինուն.
«Թաղված ժամերի հուշերն անխաբ
Հողի խավարում ի՞նչ են լինում»:

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ
Այնքան տխուր ասինք՝ բարի գիշեր,
Որ կարծես վաղը էլ չենք զարթնելու,
Մենք՝ վերջին աղոթքը Տիրամոր դեմ,
Մենք ասես կենաց վերջն ենք, էլ ո՞ւր:

Մենք՝ ասես կենաց վերջին հնչյուն,
Վերջին շուրթ-աղոթք Տիրամոր դեմ,
Որ կարծես վաղը չենք զարթնելու,
Այնքան տխուր ասինք՝ բարի գիշեր:
1976 թ.

* * *
Ապրողաց խռնված ամբոխ՝
Մեռածի կտակի վրա,
Միտք ու ջանք, տառապանք ու ոխ՝
Մի թեթև կատակի վրա:

Լինելու մի պահ ենք՝ կանգնած
Չեղնելու օվկիանը ծածկող
Շատ բարակ, բարակ ու բարակ
Մի սառցե հատակի վրա:

* * *
Օգոստոսյան մշուշն էլի
Ցածրանալով լցվել է գյուղ,
Խառնելով իմ հուշերն էլի,
Խառնելով հիացք ու երկյուղ:

Մինչ կարոտիս ուժերն էլի
Դառնում են պիրկ լարերի դող,
Մեղանչանքը ու սերն էլի
Մարմնանում են հանց… մուժից ցող:

ՀԱՅՐԵՆՆԵՐ
* * *
Ու հալվեց անձրևն առաջին
Լանջերի ձյուներին վերջին,
Ու բացվեց աղվամազը գոլ
Կենդանի կենսանքով կայտող,
Արևը հնուքի վրա
Քսվեց հանց համբույրը վերքին,
Ձյանջրին դեղնագույն լուծեց
Խատուտկի սրտիկը պայթող:

* * *
Ես կրկին քո դուռը կգամ,
Որ վերջին մորմոքս մարեմ,
Ես կրկին քո դուռը կգամ,
Որ հարցում-հոգոցս բերեմ,
Թե արժի՞, հոգեկ իմ, այսօր
Լաց լինել երեկվա համար,
Թե արժե՞ր այսքան կորցնել
Գտնելիք մի երգի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի