Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՊԱԼԱՏ 317

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Հորս չէի տեսել մեկ շաբաթից ավելի ու սաստիկ կարոտել էի: Մորս ասելով՝ քնած եմ եղել, երբ հայրս գնացել է: Ամեն օր, առավոտյան, հայրս ինձ արթնացնում էր մազերս խառնելով: Ինձ դուր էր գալիս նրա կոշտ ձեռքի հպումը գլխիս: Պատահում էր՝ քնած էի ձևանում, որ նա գար, մազերս խառներ: Այդ առավոտյան էլ սպասեցի, սպասեցի, չեկավ: Ինքս վեր կացա, պտտվեցի սենյակներում, նա չկար… լացեցի, մայրս հանգստացրեց՝ ասելով, որ բան չկա, իրեն լավ չի զգացել, գնացել է հիվանդանոց, մի քանի օրից կվերադառնա: Չասաց՝ տարել են, ասաց՝ ինքն է գնացել. այդ մասին ուշ իմացա տատիցս… Հայրս ուժեղ ցավեր էր ունեցել, շտապ օգնությունը եկել էր, ու նրան տեղափոխել էին հիվանդանոց: Ինձ դուր չեկավ, որ մայրս խաբել է ինձ, երեխա հո չեմ, իսկ տատս արդարացավ՝ ասելով, որ բերանից է թռցրել:

Մի քանի օր էլ անցավ. հայրս չէր վերադառնում:

Մայրս ամեն օր գնում էր հիվանդանոց ու կարմրած աչքերով հետ գալիս տուն, ջղային մի կողմ էր նետում գլխաշորն ու մանտոն, որ, ամառվա շոգին փողոց դուրս գալիս, ստիպված պիտի հագներ: Նրա գլխաշորից ու մանտոյից ինչ-որ անծանոթ հոտ էի առնում:

Տատս եկել ու հանգրվանել էր մեր բնակարանում, քնում էր բազմոցին: Ամբողջ օրը տանը լինելով՝ ավելի էի զգում հորս բացակայությունը: Դպրոցական արձակուրդին նա հաճախ էր ինձ իր հետ մեր արհեստանոց-խանութ տանում, ուր բանվորներն ինձ սիրում էին ու կատակներ անում: Հայրս ասում էր, որ նրանք երես են տալիս ինձ:

Մի օր այլևս չդիմացա, նախաճաշին ճչացի ու ձվածեղը պնակով շպրտեցի գետնին: Տատս ասաց, որ արարքս վայել չէ իննամյա տղամարդուն: Հենց այդպես էլ ասաց՝ տղամարդուն: Եթե ինը տարեկան եմ, ինչո՞ւ ինձ չեն տանում հորս տեսնելու, բողոքեցի մորս, երբ նա էլ ինձ հանդիմանեց: Մայրս խոստացավ վաղը հարցնել բժշկից, թե ինձ թույլ կտա՞ն տեսնել հորս: Այդ գիշեր անհանգիստ քնեցի: Մինչև այդ պահը սպասել էի հորս տուն գալուն, հիմա սրտատրոփ սպասում էի նրա մոտ գնալու թույլտվությանը: Շատ ուրախացա, երբ մայրս ասաց, որ առավոտյան միասին կգնանք: Նաև ասաց, որ հորս վիրահատել են ու հեռացրել երիկամներից մեկը, մի քանի օր է՝ վերակենդանացման բաժնից բերել են պալատ: Շատ բաներ չհասկացա, բայց խղճացի մորս, հարցեր չտվեցի, կարևորը գնալս էր: Ասաց, որ հայրս նիհարել է, իր մոտ աչքերս չչռեմ ու նոթերս չկիտեմ, այլ ժպտամ: Չգիտեմ՝ կկարողանա՞մ:

Վերելակի մոտ պահակը, որ մուգ կապույտ ու փայլուն կոճակներով համազգեստով էր, ինձ թույլ չտվեց ներս մտնել: Մայրս ասաց, որ տասնմեկ տարեկան եմ, ու ինքը նախապես խոսել է բժշկի հետ, կարող է ստուգել: Էլի խաբեց, բայց այս անգամ նրա սուտն ինձ դուր եկավ. չէ, խաբելն էլ վատ բան չէ: Դոշս ցցեցի ու գլուխս բարձրացրի, ինչքան կարող էի, որ երկար երևամ… Պահակն ուշադիր նայեց, ժպտաց ու ներս թողեց:

 Առաջին անգամ էի լինում հիվանդանոցում, ամեն բան անսովոր ու խորթ էր, բայց ամենից տհաճը, որն անջնջելի մնաց հիշողությանս մեջ, սուր հոտն էր, նույն հոտը, որ առել էի տանը մորս հագուստներից: Աջ ու ձախ նայում էի կապույտ, կանաչ ու սպիտակ խալաթ կամ համազգեստ հագած, լաչակ կապած կանանց ու տղամարդկանց: Մայրս ասաց, որ վզից լսողիկներ կախած սպիտակ խալաթավորները բժիշկներն են:

Երկար միջանցքում, որի մի կողմում փակ ու բաց դռներ էին, բավականին քայլելուց հետո հասանք հորս պալատին: Բաց դռներից տեսնում էի բարձր մահճակալներ, պառկած հիվանդներ, նրանց տեսության եկած մարդկանց և ծաղկեփնջեր: Ոտքերս թուլացել էին, բայց աշխատում էի անհոգ երևալ: Ահա և կիսաբաց դուռը, որի վրա փակցված էր 317 համարը: Դա ևս ամուր դաջվեց հիշողությանս մեջ: Հակառակ մորս հորդորին, հորս տեսնելով ներքևի շրթունքս կուչ եկավ, աչքերս լցվեցին, ու հազիվ զսպեցի լացս, ժպտալու մասին լրիվ մոռացել էի: Իմ փոխարեն հայրս թույլ ժպտաց: Անճանաչելի էր դարձել, նիհարել էր, գունատվել, աչքերը փոս էին ընկել: Ձեռքին երկու բարակ խողովակ էին միացրել, մեկից սպիտակ, մյուսից կարմիր կաթիլներ էին հոսում հորս ձեռքի մեջ: Տեսնես մեկ էլ մազերս կխառնի՞: Մի քանի հարց տվեց ու, լսելով կցկտուր պատասխաններս, կրկին թույլ ժպտաց: «Հիմա տան տղամարդը դու ես,- ասաց քիչ դադարից հետո՝ ուղիղ նայելով աչքերիս,- օգնիր մորդ»: Չգիտեի, թե ինչով պիտի օգնեմ, բայց խոստացա, ընդ որում չկարողացա զսպել լացս: Մայրս բոթեց, ու լացս կտրեցի:

Սենյակում բացի հորիցս մի հիվանդ էլ կար: Հայրս բացատրեց, որ հիվանդը պաշտոնաթող գնդապետ է, նրան էլ պիտի վիրահատեն, բայց շաքարը բարձր լինելու պատճառով հետաձգում են, և որ բժիշկների ջանքերը շաքարն իջեցնելու ուղղությամբ ի դերև են լինում:

– Անունդ ի՞նչ է, տղա՛ս,- պարսկերեն հարցրեց գնդապետը:

 Ասացի:

– Աֆարի՛ն (ապրես),- ասաց նա և, ինձ իր մոտ կանչելով ու այս ու այն կողմ նայելով, կողքին դրված ծաղկամանի հողի տակից թղթի մեջ փաթաթած մի կոնֆետ հանեց, փչելով հեռացրեց թղթի վրայի հողն ու մեկնեց ինձ: Մայրս, որ ինձ թվաց՝ մտերմացել է գնդապետի հետ, հանդիմանական նայեց: Հետո իմացա, որ հակառակ ուժեղ հսկողության, գնդապետի «գոմաշթեն»՝ սպասյակը, ամեն օր զանազան միջոցներով թաքցրած քաղցրավենիք է բերում, գնդապետն էլ գաղտնի ուտում է: Հորս խրատներն անտեսում է, երեխայի պես է:

– Ջենաբ սարհա՛նգ (գնդապետին դիմելու հարգալից ձև), ախր վտանգավոր է,- ասում էր մայրս, Ձեր կյանքի հետ եք խաղում, երեխա հո չե՞ք:

– Էհ, աղջի՛կս, ինչի՞ս է պետք կեսմարդ դարձած կյանքս: Աչքիս առաջ կռվի դաշտում հարյուրավոր երիտասարդներ են զոհվել: Ես լիարժեք ապրել եմ իմ կյանքը, մի օր էլ, էսպես ամեն բան իր տեղին, թե էնպես, գլխով ցույց տվեց հորս, պիտի գնամ: Չեմ ուզում՝ ինձ վիրահատեն, թող գրողի ծոցը գնան…

Ասաց ու ժպտաց:

– Ինձ միշտ սիրտ է տալիս,- հայերեն ասաց հայրս,- կատակում է բուժքույրերի հետ, զվարճացնում բժիշկներին, սպասյակը պաշտում է նրան, լավ մարդ է:

– Հա, լավ մարդ է,- հաստատեց մայրս:

Շատ սիրեցի պաշտոնաթող գնդապետին:

Մի քանի օր էլ անցավ: Ոչ մի կերպ չէի կարողանում մոռանալ հորս փոփոխված դեմքը, նույնիսկ քնելիս ցցվում էր աչքիս առաջ, արտասվում էի, բայց հորս պատվերը՝ լինել տան տղամարդը, ստիպում էր թաքուն արտասվել: Այլևս չարություն չէի անում, տատս ասում էր, որ խելոքացել եմ:

– Երեխային իզուր տարար,- մի երեկո մորս ասաց տատս՝ կարծելով՝ քնած եմ,- չափից դուրս ազդված ու տխուր է:

– Դե, խոսեցի բժշկի հետ, թույլ տվեց:

– Ասել էիր՝ տասնմեկ տարեկան է:

– Ի՞նչ տարբերություն, ձեռք քաշիր, երեխան կարոտում էր հորը, կլինե՞ր առանց հորը տեսնելու…,- խոսքը կիսատկ հեկեկաց:

Մի օր էլ մայրս եկավ տուն՝ հոգնած, անտրամադիր, ավելի կարմրած աչքերով: Փլվեց աթոռին: Ինձ կանչեց իր մոտ ու, ձեռքը դնելով ուսիս, կերկերուն ձայնով ասաց.

– Տղա՛ս, հայրդ… կոմայի մեջ է…

Գոնե այս անգամ էլ մայրս սուտ ասեր կամ ոչինչ չասեր: Հետագայում շատ եմ մտածել, որ այդ պահին բան չհասկացա, միայն զգացի, որ հորս վատ բան է պատահել, նույնիսկ շոյվեցի, որ մայրս էլ է ինձ տան տղամարդը համարում ու իր մտահոգությունն է կիսում: Հիշեցի գնդապետի ասածը՝ «Ինչի՞ս է պետք կեսմարդ դարձած կյանքս»…

Էլի օրեր անցան…
Հայրս չվերադարձավ…

Մայիս, 2022,
Լոս Անջելես

1 comment

    • Զեմֆիրա on 19 Ապրիլի, 2023 at 11:43 ե.
    • Reply

    Ինձ դուր եկավ։ Տանեմ Ջերմուկի գրական ակումբի էջ։

Թողնել պատասխան

Your email address will not be published.