Նա նստում էր լոտոսի դիրքով, դեպի վեր պարզած ափերը դնում ծնկներին, բութն ու ցուցամատը իրար միացնում, փակում աչքերը և լիաթոք ներշնչումների ու արտաշնչումների հերթագայման միջոցով փորձում ձուլվել մայրաքաղաքի շնչառությանը։ Չորս վայրկյան նա խոր ներշնչում էր, տասնվեց վայրկյան օդը պահում թոքերում և ութ վայրկյանում սահուն արտաշնչում՝ քաղաքի գլխավերևում ծանրացած թունավոր ամպին միացնելով սեփական արտադրության ածխաթթուն։
Արդեն բավական ժամանակ էր, ինչ նա չէր կարողանում լսել իր հոգու ձայնը։ Քաղաքի աղմուկը թույլ չէր տալիս կենտրոնանալ որևէ բանի վրա։ Նա բարձրացնում էր հեռուստացույցի ձայնը, փորձում էր աղմուկը խլացնել երաժշտությամբ, բնության ձայներով ձայնասկավառակներ միացնում, բայց աղմուկը ծածկում էր երաժտությունը, ալիքների ձայնը, անտառում ապրող թռչունների դայլայլը, գետակի քչքչոցը։ Նա փորձում էր փոխել ուշադրության շրջանակը, սահմանափակել այն բնակարանի պատերով, բաղդատում աղմուկը առանձին ձայների, փորձում կռահել դրանց աղբյուրը, ապա ընտրում պարբերաբար կրկնվող ու թույլ մի ձայն՝ փորձելով չկորցնել այն լսադաշտից։
Վերջին մեկնաբանություններ