«

»

Օգս 31 2008

Տպել Գրառում

Սոնա Սերոբյան | ՔԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ

***

Երբ գիշերը տարածում է թևերն իր խավար
Եվ քամին գիշերային լուսնի թախծոտ երգի հետ
Սողոսկելով բաց փեղկից պատուհանից
Շոյում է ձեռքերս ու այտերս դալկացած,
Եվ ստիպում ինձ փակել հոգնած կոպերս,
Հանկարծ սենյակս լցվում է
Պատկերներով հեքիաթային՝
Ծաղիկների բույրն է խտղտում ռունգերս
Եվ ինչ-որ փերիներ
Պսակներ են հյուսում ծաղիկներից՝
Անթառամից, շուշանից, նունուֆարից,
Կնքելով ինձ
Գիշերների թագուհի…
Երանության մեջ աչքերս փակ
Ես նայում եմ նրանց զվարթ խաղին
Որին մասնակից եմ դարձել
Առանց իմ ցանկության,
Զգում եմ,
Թե ինչպես սիրո շղարղով են պատում նրանք
Իմ մերկ մարմինն ու հոգին…
Ավա՜ղ,
Պատկերներն այդ հեքիաթային
Չքանում են արևի շողերով առաջին՝
Բացելով կոպերս
Ու ներս հրելով դեմքը առօրյա տաղտուկի…
Աղոտանում է, խամրում
Տեսքը թագուհու գիշերների
Իմ սրտում
Տեղավորված անդարձ՝
Կիսամերկ, ծածկված միայն սիրո շղարշով
Անկոչ հյուրի պես…
Քեզանից հեռու
Մի նայիր այդպես՝
Իմ աչքերին օտար,
Ուր լողում է տառապանքը մի հին ազգի…
Սեղմիր ինձ կրծքիդ,
Ջերմագին այնպես,
Որ մոռանամ ջերմությունը հայրենիքիս…
Համբուրիր ինձ այնքան ուժգին,
Որ ամեն վայրկյան
Շրթերիս չթառի «Հայաստան» բառը…
Սիրիր ինձ, սիրիր մեղմ ու քնքույշ, անմնացորդ,
Որ չզգամ բուրմունքը հայրենի հող ու ջրի
Եվ չարտասվեմ ես կրկին…
Եվ ինձ հանիր հունից,
Վրդովիր այնպես,
Որ վերանա պատկերը
Սեգ սարերի մեր քարքարոտ
Բռնիր ձեռքս, սեղմիր այնքան ամուր,
Որ չտանեն ինձ
Վայրագ հողմերն անծանոթ…
Ա՜խ, իմ հեռավոր,
Իմ երազ, իմ սեր.
Քեզանով եմ դիմացել
Եվ դիմանում եմ
Թեկուզ օտարացած՝ երկար դարեր…

Share Button

1 կարծիք

  1. Հասմիկ

    Հրաշալի տաղեր են…….

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>