Վիկտոր Հովսեփյան

Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հոր կողմից նախնիները, բնիկ կարսեցիներ, 19-րդ դարի 30-ական թվերին Հեշտիա են եկել Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Խնուսի Քյուլլի գյուղից, որտեղ իջևանատուն և տոհմական սրբավայր են ունեցել: Մայրը՝ Մարիամ Գրաբսկան, առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրկովկաս հասած ազգությամբ լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է: Մանուկ հասակից Վիկտոր Հովսեփյանի ուղենիշ աստղը Խազո տատն է եղել (Բեռնիկ Հովսեփյան)՝ ժողովրդական իմաստնությամբ, վարպետ բանասացությամբ, Աստվածաշնչյան բարոյախոսությամբ խորը հետք թողնելով նրա անհատական ձևավորման և ստեղծագործության վրա:

Միջնակարգ կրթությունը ստացել է հարազատ գյուղի դպրոցում, այնուհետև սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:
1981-ից եղել է ԽՍՀՄ, 1991-ից Վրաստանի Գրողների միությունների անդամ: Մրցանակներով ու պատվոգրերով պարգևատրվել է ՎԽՍՀ Լրագրողների միությունից, հայերեն, վրացերեն, ռուսերեն, գերմաներեն պարբերականներից: Հեղինակ է 13 չափածո և արձակ ժողովածուների: Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն: Ինքը՝ բանաստեղծը թարգմանել է վրացերենից Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների: Մեծ ու բազմաժանր է Վիկտոր Հովսեփյանի անտիպը, որը կազմում է շուրջ տասը հատոր: Բանաստեղծի ստեղծագործական ժառանգության գողտրիկ մասն է կազմում գեղանկարչությունը, որտեղ գույն ու պատկեր է ստացել Հովսեփյանական քնարերգությունը:
Վիկտոր Հովսեփյանը մահացել է 1996 թվին: Աճյունն ամփոփված է հարազատ գյուղի Հովսեփյանների տոհմական մատուռի բակում: Անտիպն համակարգելու և աստիճանական տպագրման պատրաստելու շնորհակալ աշխատանքը ներկայումս ստանձնել են բանաստեղծի ընտանիքի անդամները: