Տարբեր են երկնքի խորությունն ու հարթությունը, տարբեր են Լեռան բարձրությունն ու խորությունը։
Եղավ այնպես, որ Լեռան բարձրությունն անհանդուրժելի դարձավ։ Հսկայաբար ու անտարբեր փռված՝ նա ճնշում ու խանգարում էր բոլորին։
Երկիրը փոքր էր, սակավ մակերեսով։ Լեռը մեծ էր, ավելի մեծ, քան կարող էր իրեն թույլ տալ փոքր երկիրը։ Որոշեցին տեղափոխել Լեռը։
Կազմավորվեց Լեռան հարցերով զբաղվող բացառիկ հանձնաժողով, լիազորվեցին գիտական խմբեր ու կազմակերպություններ։ Պետական մրցույթ հայտարարվեց՝ համաշխարհային մակարդակով։ Որոշումն իրականացնելու համար լավագույն լուծումն էր անհրաժեշտ գտնել։
Կոչ արվեց՝ ամեն ոք պետք է իր լուման ներդներ Լեռան ընձեռած անհարմարություններից ազատվելու համար։ Անհրաժեշտ էր փրկել Լեռան գրաված տարածքն ու պահպանել Լեռը միաժամանակ։ Երկիրը չուներ ամայի կամ չօգտագործվող հողեր, Լեռը հնարավոր չէր արդյունավետ կերպով տեղավորել նրա նեղլիկ սահմաններում։
Տարբերակներ շատ առաջարկվեցին՝ հնարավոր ու անհնարին, ձեռնատու և դժվար իրագործելի։ Պետական մակարդակով հայտարարվեց համաշխարհային աճուրդ՝ թող գնի Լեռը ով ցանկանում է։ Գովազդն անթերի էր ու աներես։ Ասվում էր, որ Լեռը հնագույններից է, ամենահայտնիներից ու սրբագույններից, որ նրա գագաթի հավերժական ձյան շերտի տակ թաղված է աշխարհի առաջին ձյունը, որը զարմանալի գաղտնիքներ է թաքցնում։ Ո՞վ չի ցանկանա իր թանգարանում ունենալ եզակիությամբ ու անկրկնելիությամբ ցնցող մի նմուշ։
Խոստացան Լեռան հետ միասին վաճառել այն ամենը, ինչ կգտնվեր նրա վրա և նրանում։
Աճուրդը չկայացավ։ Հարևան և ոչ հարևան երկրները չցանկացան գնել Լեռը, որը որքան հոյակապ՝ նույնքան էլ գլխացավանքներ ու տհաճություններ էր պատճառում հնամենի տիրոջը։ Դեռ ավելին՝ անհայտ ուժերը ստեղծեցին գաղտնի մարմիններ, որոնք կոչված էին պայքարելու Լեռան նկատմամբ ոտնձգություններ անողների դեմ։
“Դժվար է կրել այս Լեռը, սակայն կրողն ընտրվել է մեկ անգամ և մեկընդմիշտ”,- ճչում էր հակագովազդը։ “Ձե՛ր Լեռն է, դո՛ւք եք պատասխանատու։ Վարվեք ինչպես ցանկանում եք, սակայն մի՛ մտահոգեք ձեր անախորժություններով”։
Հնար չկար։ Վերակազմավորված գիտական խմբերն ու հանձնաժողովները սկսեցին նոր լուծումներ փնտրել։
Առաջարկ եղավ մաս-մաս փշրել Լեռն ու նրա զանգվածը սփռել երկրով մեկ։ Հաշվարկը ցույց տվեց, որ այդ դեպքում Լեռը (նրա մնացորդները) կլցներ երկրի ողջ խորդուբորդություները՝ բարձրացնելով երկիրը ևս մի քանի հարյուր մետրով։ Հարևանները բողոքեցին միջազգային ատյաններում, երկրին էլ, ասենք, շահավետ չէր նման հետևանքը։
Առաջարկ եղավ Լեռը վաճառել մաս-մաս՝ որպես հողային արժեք. հողի համար գնորդ միշտ էլ կգտնվեր։ Եվ իսկապես. համապատասխան բանակցություններից հետո շահագրգիռ գնորդներ հայտնվեցին, որոնք պատրաստ էին վճարել միայն հողի գինը՝ անտեսելով Լեռան սրբության համար նախատեսված հավելյալ արժեքը։ Նախնական հաշվարկները ցույց տվեցին, որ Լեռան հողի ամբողջական վաճառքի դեպքում հնարավոր է նույնիսկ ծածկել աշխատանքների համար անհրաժեշտ հսկայական գումարը։
Անկանխատեսելի ապագան անհավատալի բեկում մտցրեց բանակցություններում։ Բոլոր նախնական պատվիրատուներն ու գնորդները հրաժարվեցին՝ զանազան պատճառաբանություններ բերելով։ Լարված իրադրությունից դուրս գալու ելք, թվում է, չկար։ Մի պահ երկիրը հայտնվեց խուճապի և անհուսության ճիրաններում։ Ապա անդուլ աշխատող ուղեղները նոր լուծումներ առաջարկեցին, այդ թվում՝ Լեռան հողը նվիրաբերել հավերժական օվկիանոսին։ Այս անգամ ընդդիմացան Մեծ ծովեզերքին ապրող բոլոր երկրները։ Դիվանագիտական քաշքշուկներն ու փոխադարձ խոստումնազանցությունները տևեցին ամիսներ, գուցե տարիներ։ Ծերերն արդեն դժվարությամբ էին մտաբերում հեռավոր մանկության օրերը, երբ առաջին անգամ բարձրաձայն հնչեց Լեռից ազատվելու խենթ միտքը։
Վերջապես, եկավ օրը, երբ Լեռը կրող երկիրը դառնությամբ ու հստակորեն հասկացավ, որ միայնակ պետք է լուծի Լեռան խնդիրը։ Ի՛ր տարածքում և ի՛ր ժամանակում։ Այսպես վերջնականորեն որոշվեց տեղափոխել Լեռը։
Որոշվեց խորը փոս փորել ու դատարկել Լեռը նրա մեջ։ Ինչ պետք է արվեր փոսից դուրս նետված հողը՝ գրեթե անլուծելի խնդիր էր։ Առաջարկվեց վաճառել այն. հողի համար գնորդ միշտ էլ կգտնվեր։ Եվ իսկապես. համապատասխան բանակցություններից հետո շահագրգիռ գնորդներ հայտնվեցին, որոնք պատրաստ էին վճարել միայն հողի գինը։ Երկիրը ևս մի անգամ հասկացավ, որ հարևաններին հետաքրքրում է ոչ թե Լեռը, այլ հենց իր նախնիների ոսկորներով շաղախված հողը։ Այս անգամ գնորդները չէին դավաճանելու։
Լեռանը մոտիկ մի հարթավայրում տարածք ընտրեցին, բազմաթիվ բնակիչներին խոստացան փոխհատուցում։ Չափեցին Լեռան կոնաձև գագաթի պարագիծը, որը պետք է համապատասխաներ փոսի սկզբնական չափերին։ Նախատեսվում է Լեռը տեղավորել այնպես, ինչպես կա՝ դեպի մոլորակի ընդերքը լայնացող փոս փորելով, որը կունենա Լեռան բարձրությունը, ավելի ճիշտ՝ խորությունը։ Այսպիսով կխնայվի հնարավորինս առավելագույն տարածք, և հնարավոր կլինի պահել Լեռը հենց երկրի սահմաններում՝ կախում չունենալով մյուսներից։ Ճիշտ է, որ այդ դեպքում Լեռն այլևս նախկինը չի լինի և կլինի հողի տակ՝ հողի մակերևույթին հավասար, սակայն որտե՞ղ է ամրագրված, որ լեռներ լինում են միայն մոլորակի վրա։
Նեղ իրավիճակը ծնում է նորագույն գաղափարներ և բերում անսպասելի նվաճումներ։ Ստացվեց այնպես, որ Լեռը կրող երկիրը հայտնագործեց ժամանակի ամենամեծ գյուտը՝ հնարավոր է դարձել փորել դեպի վարը լայնացող փոս, ի լրումն դրա՝ տրված չափերի և զանգվածի համար։ Փոսի հատակը լինելու է շատ ընդարձակ, ինչպես Լեռան մատույցներն են, և տարածվելու է գրեթե ողջ երկրի տակ՝ ընդգրկելով երկրի մեծ մասը։ Երկիրը բարի էր և առատաձեռն. գյուտը չհամարվեց պետական գաղտնիք ու տարածվեց աշխարհով մեկ՝ երջանկացնելով ապշած հարևաններին։
Փորման շինարարական աշխատանքները սկսված են. փոսից հանված հողն իսկապես վաճառվում է։ Մեծ թիվ են կազմում խանդավառ կամավորները, որոնք հավատում են իրենց գործի հաջողությանը։ Նախատեսվում է մի քանի տարում Լեռանը թաղել հողի տակ։ Գագաթին համապատասխանող տարածքը, հավանաբար, կպահպանվի որպես թանգարան բաց երկնքի տակ։ Միայն մի հարց է մտահոգում կազմակերպիչներին՝ ինչպե՞ս է հնարավոր տեղափոխել Լեռը, եթե նախ պետք է աստիճանաբար դատարկել ստորոտն ու լանջերը, ապա ամենավերջում փոսի բերանը ծածկել սառցապատ գագաթով։ Ոչ ոք չի կասկածում, որ դրա պատասխանն էլ կգտնվի։
2 մեկնաբանություն
Շատ եմ հավանում ձեր յուրահատուկ ոճն ու գրությունները, որոնց մեջ հետաքրքիր կերպով ի մի էք բերում գրական արվեստ, հյումոր,երևակայություն, մտապատկերում և գիտական տրամաբանություն:
Արդյոք նոր գրություններ չունեք?