Հասմիկ Սարիբեկյան | ՁՅՈՒՆ…

* * *

Ձյուն է՝
Շշուկով հոսող բանաստեղծություն,
Թախծություն ճերմակ,
Որն իր հետ բերում է
Խոստովանելու տաք մի ցանկություն:
Ես իմ հորինած հեռուներում մոլոր,
Նորից փնտրում եմ հույսի բեկորներ,
Որ մեղմեմ կարոտի հրդեհը բոսոր,
Ու քար լռությունը լույսով մկրտեմ:
Բայց մի ցավ կախված արտասվաթոր կոպից
Համոզում է, որ ձյունն անզոր է,
Որ ձյունը նաև նաիվ է խիստ:
Ու ես թափառում եմ իմ մեջ՝
Մինչ այգագալը նոր,
Իմ չվերծանվող բանաստեղծությանն այս
Փաթիլներ խառնելով՝
Իբրեվ հույսի ոսկեբուռ սերմնացան,
Ու ցիրուցան, արձակ կրծքով
Տրվում եմ ես քնքշությանը ձյան…

* * *
Ձյունե վարդեր,
Փաթիլ-փաթիլ երջանկություն,
Կուսական երկինք ու ճանապարհ՝
Իմ շեմքից կանչում են ինձ հեռու
Հմայքները ձյունափայլ:
Հիմա խոնարհ, հիմա փխրուն է շատ
Իմ թախծությունը,
Ձյունն ինձ համոզել է՝
Բախտորոշ ելք դեռ կա,-
Ժայռի ափի մեջ ծվարած այս փոքրիկ թռչունը
Մի օր չափելու է այս անվերջությունը,
Եվ համր այս քարը դեռ շշնջալու է աղոթքն առավոտվա…

* * *
Բռնիր ձյան ձեռքը,
Սանրիր ձյունե վարսերը թաց
Ու կզգաս դու արյան այգաբաց:
Ձյունը իջնում է, որ դու մոռանաս
Վաղանցիկ կյանքի հուշերի այրոցը,
Հույզերի բանտը…
Խաժ օրերի երթում արագ
Թող ձյունը փակի ետդարձի ճամփադ.
Ու արեվոտ աղոթքի հետ
Դու նույնացիր ճերմակ ձյան հետ .
Բռնիր ձյան ձեռքը ,
Հիմա դա է քեզ պետք…

* * *
Ուղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝
Հույզի անշուք այս ծրարում
Եվ նրանում
Դաջում եմ իմ տաք համբույրը,
Որն հազար ելք ու խոստում ունի դեպի գարուն:
Սերը սառցե բավիղներում
Չի մոլորվի, ես դա գիտեմ,
Այն կհասնի քեզ.
Ես հավատում եմ…

* * *
Սիրահարվել է արեվը՝
Զուլալվիր,
Սրդիդ շուլալիր շողարձակվող սերը,
Հույզի դեմ ճերմակ դրոշ ծածանիր՝
Փոթորիկն անցել է.
Նիզակները սիրո այսօր նշանառու են ՝
Գեթ մեկ անգամ կյանքում սիրտդ բաց արա,
Ախր քար չես դու,
Չէ՞ որ հավատում ես՝ սեր կա, սեր կա, սեր կա.
Մի մերժիր գինին արշալույսների,
Գարնան խոստումին մի քիչ հավատա,
Ժպտա ՝ ես քեզ սիրում եմ
Դու իմ ամենից-ամենա….

1 comment

    • Գարմար on 9 Մայիսի, 2009 at 9:46 ե.
    • Reply

    Կնվիրեմ ծաղկող գարուն
    Թող նվիրի ծաղիկ մեկին
    Թող որ աճի երգն աշխարհում
    Իմ այս երգն էլ լոկ Հասմիկին
    Ես սիրեցի երգդ ընտիր…

Թողնել պատասխան

Your email address will not be published.