Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Գ)

***
Մի ուրվական է շրջում անդադրում
մայրցամաքների խաղաղության, տենդի և խոկմունքի միջով-
աներեր ընթացքով չինգիզխանյան.-
և ուրվականը մարդաշխարհին արար,
ֆլորաներին ու ֆաունաներին սրսկում է փութով
թմրանյութեր ու վախ, միջուկային «լիցքեր», ազատության շիճուկ,
ապագայի լավա, գոհության օզոն…-
և գուժում են վեր մոլեռանդության բուրգ-խարույկները.-
իսկ դու, որ գլուխդ վեր ես հանել հազիվ
պատմության դոնդող ավերակներից,
չես մտաբերում աղոթքի ու ներման մի հատիկ բառ։

***
Դանդաղ ըմպում է նա
երեկոների շուրթերին հեղվող խռովքը սրբազան,
բաց աչքերի մեջ խնամքով փակում է
մեռած արեգակի «ավաղները» բոսոր,
և որքան մոտենում է ճշմարիտ խոսքի ժամը փայլածուն,
նա իր անունն է մոռանում անդարձ
երկնային թախծի մատյաններում անգիր։-
Ել, Վահագնիկ իմ,
ցորյան օրերի շեղշերից տամուկ-
դեպի նաիրյան քաղց ու անդաստան։

***
Քեզ չի կալանել ոգու անմեղությունը
և ընդվզումը հանապազօր վարդի-
չի քանդակում քեզ լիալուսնի խանդը
գիշերվա ճապուկ իրանի վրա,
չես ներհյուսվել խաղաղ կիսադեմով
հաշտության վիշապ գորգ ու պաստառներին,
ուստի կանչում են քեզ նորից ու դարձյալ
հետաքննությունների համացանց բյուրո,
ուր կախված են քո լուսանկարները՝
նախկին ու ներկա, գալիք ու անղենական կյանքերից քո։

***
Բացում է ամպրոպի ու աղապատանքի
թափանցիկ դարպասները
բնաջնջվող քաղաքի քավության դիմաց,
(իր ձեռնափով դեռ չի շոշափել
վշտի ու անկման հազար երանգները),
բացում է հոգոցի հինավուրց կարասները՝
մոտ ու հեռավոր ոլորտներում թաղված,
և մաքրում է հայացքը
հույսի բավիղներում գնդակահար ընկնող
աստանդականների վերջին քրտինքով-
ինչպես հայր անուստր,
որպես Մարգարե մահվան լեռների։

***
Ձգուշորեն մտնում եմ բառերի գաղտուկ կյանքի խորանը.-
սսկված իրերը շարժվում-ցնցվում են,
շուրջուրեք ուժգին օրորվում-ճոճվում է,-
և ես ուշաթափ ընկնում-համրանում եմ
միջբառային քար անդունդի մեջ։-
Աշխարհն անվերջ գայթում-գլորվում է
բառերի կարծր կեղևի վրա։

***
Առավոտը բոլորակ զարդանախշի մանրամասնությամբ
տպվում է ժամանակի մկանուտ թևերին՝
ինչպես Ռոսլինի բեղուն վրձնահարված.-
սրինգը հորինում է հովիտներ ու եդեմ
զգացմունքի կիզիչ անապատում,
երփներանգ թիթեռների տարմը կորուսյալ
վերադառնում է և քնքշորեն նստում
լռությամբ խեղված տների վրա,-
դու համբույրն ես լեռան ու անտառի,
նա երկնաքերում նիրհած ծիածան է,-
ու՞ր են սակայն շռայլ ներբողահարները,
Նրանց զինանշանները դինաստիական,
երբ տնքում է Վեներան մենության մահճում
և պրծում չկա թախծի Ամազոնից…
ահաբեկության Ամոնի հետ։

***
Սիրտն իր քեզ ընծայեց ձեռնբաց մի հրեշտակ
և կորավ անհուշի սարդոստայնում.-
Իսկ դու՞-
դամբարաններ նախագծող ու
մարմնափոխանակության վաճառորդ եղար
մեգապոլիսների լուսավոր որջերում,
երբ ցողունն էիր հաշտության քրքումի
և ավետաբերը տարագիր Կնքահոր։-
ԱՆզոր ու միամիտ հրեշտակներ։

***
Նորածին նայադներով զարդարված երեկո՝
ամառնաշղարշ բլուրներին լալ
(քո աչքի տխրությունը
բնանկարը կտրտում է պատառիկների)։
Բյուր ոտնահետքեր՝
աստղակուլ երկնքի հլության վրա
(քո հոգու սարսուռը
երկնքին զրկում է ծափ ու ազարտից)։
Մտածող մարմնի գալարուն պարը
ամա-անանուն հրապարակներում
(քո միտքը ճանաչման հնազանդ գերին է,
փոխանակ լինես բազմատարած)։-
Անդունդների խորալները հյութեղ,
ճանապարհներին մակարդվող խաղաղությունը
գալիս քարանում են
քո սառն հայացքի քառակուսիներում-
իբրև մեռյալների հուշարձաններ։

***
Երկրի լուսանցքներում թափառող «եսիդ»
արցունքները կտցում են
չուից տարհանված ծիծեռնակները.-
լսելի են միայն թևաբախումները նրանց
և գուշակելի՝
ծարավ ստվերները թռչնային։-
Ձմեռ է՝
պաղ շուրթերի վրա ճերմակող խոստման
ու հրաժարիմքի մմանաձայնությամբ,-
Երկրի լուսանցքներում,
ուր մեդուզան արձակում է իր մաքուր որսը-
դրախտի մեջ քաղցած պարելու
ցանկությամբ լի։-
Ձմեռ է՝ կրծքավանդակիդ մեջ թաքուն պահմտած
մի ուրիշ-խաղուն սրտխփոցի պես։

***
Յուրաքնչյուր քառ. մետրում Երկրի և Հոգու-
բանկոլների դարձ
և վազքը գեղեցկության խոնարհ բանբերների։-
Ձեր պատկերքը դանդաղ արարվում է
Նրանց գիրկընդխառն գալարքներում ազատ,
երբ պահն իջնում է
ջինջ հայեցումի խորարձակ ճյուղերին
որպես բանկոլ, իմա՝
բանաստեղծական կոլլաժ անչափագիր
և գեղեցկության բանբերի «ա՜խ…»

Թողնել պատասխան

Your email address will not be published.