Նանոր Պետրոսյան | ՈՏՔԴ ԿԱՄԱՑ ԴԻՐ

սարի ետեւում երկինքն է մենակ
ու էդտեղ ես էլ կամ ազատ
ու կա հողը փափուկ սփռված
սսս….
դուք էլ կգաք ու կդառնանք մի մեծ «ենք»
թեկուզ լինի ամբողջություն, բայց կլինենք դու եւ ես
սսս…
էնտեղ կլինի մի մեծ աղբյուր
ու ջուրը մեջը սառը,մաքուր
մենակ թփի ետեւում էլ չենք լինի ես ու դու
սսս…
ու կրակի առջեւ գիշերային
կպարենք ազատ մինչեւ առագաստ
ու կլինի լվացքը կախված տղամարդու ձեռքով տրորված
սսս…
էնտեղ կգան կարմիր,կապույտ
դահիճ, ոսոխ, պեդոֆիլ ու թուրք
շիլա կեփենք ու կորոճանք մինչեւ կուշտ
սսս…
հավատալիքներ կլինեն բազմապիսի
մեծամեծեր չեն լինի բռնազբոսիկ
փռված կլինենք կեսօրը նու՜շ
սսս…
թղթեր,մատիտներ,պրոֆեսորներ չեն լինի երբեք
ու ոչ էլ խմբեր կամ խմբավորումներ
քարկտիկ կխաղանք ամբողջ կեսօր
սսս…
բայց դու սուս, թե չէ կգան…
ու կցրվի այս ամենը փխրուն…
ու կմնա մենակ երկինքը սարի հետեւ
ու ես ու դու թաքուն թփի հետեւ
2007

ու կրկնվում է նոտան, աղմուկը,
ականջներս փակ՝ շնչի ձայնով լռած,
տիրապետում եմ ինքս ինձ։
ու կրկնվում է ճանճերի թռիչքը
ամեն գարուն վարագույրի ճանկից ծլկած
ու իրենց պարը օդում՝ ուղիղ սենյակի մեջտեղում։
ու կրկնվում եմ ես իմ մտքերով հանդերձ
շարժումներով կանխորոշված
ու զգացմունքներով ամենատափակ
ու կրկնվում է խոստումները վարդեվառ
անհիմն ու դատարկ, բայց լիազորված
շուրթից-շուրթ թռած ու սահմանափակված
ու կրկնվում է տրորված ոտքի ցավը
օրեր անդադար,մարշրուտկայի մեջ կռացած
ու կողակցի հոտով խեղդված
ու կրկնվում են ամպերը կուտակված
կարծես մտրակով հարվածված
ու գոռոցով ազատագրման
ու կրկնվում է թաքնվելս քեզնից
իմ մազերի գանգուրների արանքից
նայում եմ ծածուկ քո քունքին
ու կրկնվում է սննդի ծամելը
օրը երկու անգամ ամենայն մանրամասնությամբ
բերանում լավ թրջված
2008

Վաղը հենց այսօրն է
Ոտքդ կամաց դիր
Էնտեղ ես եմ պառկած փոշի դարձած
Օրիգինալ եղիր
Դա քո իրավունքն է
Վաղը կգա մի շտապիր
Էսօր դու հանգիստ պառկիր
Ու ժպիտդ լայն բացիր
Մենակ ինքդ մի եղիր
Ուրիշներին հասկացիր
Նրանք լավն են ու բարի
Ոտքդ կամաց դիր գետնին
էնտեղ վաղը դու կլինես պառկած, փոշի դարձած
12.04.09

Աչքերս փակեմ
Խորը արտաշնչեմ
Ու գոհ լինեմ ինքս ինձնից
Միօրինակությունը փաթաթվեց վզիս
Ու ես մեռա երիտասարդությանս մեջ անցողիկ
Ընտրություններս չեն երևում
Սվաղված են նրանց գույները հեռվում…
Արդյոք սխալական եմ ես
Թե եղավ են ինչ որ պիտի լիներ
Հարցեր,հարցեր
Հարցեր, հարցեր
Հարցեր, հարցեր
Անդառնալի
Պարապ օրեր
Մտքեր
Աչքեր
Ու արցունքներ
Էն որ կարող էի ես անել
Չի եղել երբեք
Չի լինի երբեք
Մտքիս հղացումները դատարկվում են վիժումներով
Պառկեմ անկողնումս
Ադյալով փակվեմ
Ու գոհ լինեմ ինքս ինձնից
Ինչու եղավ այս ամենը այսպես
Չէ որ ես այն չէի, ինչ որ եմ ես
Հարցեր, հարցեր
Հարցեր, հարցեր
Հարցեր, հարցեր
09.04.09

մանկության ուղղիներով
ծպտված շորտիկների մեջ
ապագայի չգիտակցված պահերը ճակատներիս փորագրած
գնում ենք առաջ
ծնողների կողմից մեզ համար գծագրված քաղաքով
ծպտված նրանց իսկ սիրով անհոգության կայֆը մեր
աչքերում պահ տված գնում ենք առաջ
կրոնականության ճանապարհներով
ծպտված սքեմի մեջ
փախուստի ազատության ճիչերը զսպած մեր մեջ
գնում ենք առաջ
հարդագողի արահետներով
ծպտված ցնցոտիների մեջ
երազանքների թելերը փաթաթած մեր բռունցքներում
գնում ենք առաջ
թատրոնի միջանցքներով ծպտված
բեմական հագուստների մեջ մտքերի խուրձը
ճխլած մեր գլուխներում գնում ենք առաջ
սիրային մայրուղիներով
ծպտված պոռնիկի ծակ զուգագուլպայի մեջ
իդեալականին հանդիպելու ցնորք-իդեան
մեր սրտերի անկյունում թաքցրած
գնում ենք առաջ
մնում է հասնենք տեղ…
27.02.09

Թողնել պատասխան

Your email address will not be published.