«

»

Դեկ 25 2009

Տպել Գրառում

Վարդգես Օվյան | ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Տատիկը և շախմատը

Երբ ես սովորում էի երրորդ դասարանում, մայիսյան մի օր, իններորդ դասարանցի իմ եղբայր Անդրանիկի հետ շախմատ էի խաղում ու մտքում տոնում ինձ համար սովորական դարձած հաղթանակը, տատիկը՝ նստած բազմոցին, թելի երկու կծիկները մեր ոտքերի շուրջ ինչ-որ տեղ գլորելով, ձեռագործ էր անում ու երբեմն ուղղում քթից ցած սահող ակնոցը:
Եղբայրս, չկարողանալով կարգին խաղացնել ձին, ասաց.
– Այս ձին ուղղակի անպետքի մեկն է:
– Ոչ թե ձին, այլ ձիավորը,- բազմոցին նստած տեղից նրան ուղղեց տատիկը:
Այդ օրվա իմ երրորդ հաղթանակից հետո ավագ եղբայրս կատաղորեն կծոտեց շրթունքներն ու ասաց, որ չորրորդ պարտիան անպայման կշահի: Ես անկեղծորեն խղճացի նրան ու որոշեցի այդ պարտիան զիջել եղբորս: Բայց ես չգիտեի, թե ինչպես կարելի է դիտմամբ պարտվել և իմ գրոհներից կատաղում էի ու մտքում անիծում ինձ:
Մի որոշ ժամանակ հետո խաղատախտակի վրա, ինձ համար անսպասելի, դրությունը լրիվ փոխվել էր:
– Անդրանի՛կ, ճուտիկի խաղաքարերը վերադարձրու: Իսկ դու,- տատիկը ակնոցի վերևից նայեց ինձ,- նապաստակի պես դեսուդեն մի խլշիր, ուշադիր եղիր:
Եղբորս ականջները զարդարվեցին վառ կարմիրով: Նա վերադարձրեց թաքուն թռցրած իմ նավակն ու փիղը և այդ պարտիան էլ տանուլ տվեց: Ես իսկապես խղճացի նրան, որովհետև վերջին անգամ եղբայրս ինձ հաղթել էր վեց-յոթ տարի առաջ: Իսկ հազվադեպ ոչ-ոքիները յուրօրինակ տոն էին եղբորս համար:
Այդ օրը հինգերորդ անգամ անընդմեջ պարտվելով, Անդրանիկն ասաց, որ ինձ հետ այլևս շախմատ չի խաղալու: Իր այդ խոստմանը եղբայրս հավատարիմ մնաց մոտ մի շաբաթ, և ինձ համար այդ ծանր օրերին, շախմատը թևատակիս, ես հերթով մեր տնեցիների զահլան տանում էի: Հայրս մի երկու անգամ պարտվեց և ասաց, որ չի սիրում թույլերի հետ խաղալ: Մայրս ու ինձնից երեք և հինգ տարով մեծ քույրերս համահավասար թույլ էին խաղում, և երբ առանց թագուհու ու նավակի ես նրանց մատ հայտարարեցի, նրանք էլ հրաժարվեցին ինձ հետ խաղալ, և ես լիովին մնացի առանց խաղընկերոջ: Դասերս պատրաստելուց հետո, շախմատը ձեռքիս, ես դեսուդեն էի վազվզում՝ խաղընկերներ որոնելու: Ընկերներս համատարած թույլ էին, իսկ մեծերն էլ դիվանագիտորեն չէին ուզում ինձ մարդատեղ դնել:
Մի օր էլ, երբ ես շախմատը թևատակիս պաշարել էի բազկաթոռի մեջ ընկղմված ու հանգիստ թերթ ընթերցող հորս, տատիկն ասաց, որ ինքը համաձայն է ինձ հետ խաղալ, միայն մի պայմանով՝ նախ և առաջ ես պետք է իրեն շախմատ խաղալ սովորեցնեմ: Ես ծանր հոգոց հանեցի և ձեռնամուխ եղա տատիկին խաղի կանոնները սովորեցնելուն: Երբ ամեն ինչ բացատրել էի, տատիկն ասաց.
– Բայց այս թագավորները բանի պետք չեն: Ես ուզում եմ իմ թագավորը փոխարինել սովորական մի զինվորով:
Ես համաձայնեցի, հետո մտածեցի, որ այդ դեպքում ես ո՞ւմ պիտի շախ և մատ հայտարարեմ, և հրաժարվեցի տատիկի առաջարկությունից:
Սկզբում տատիկը շփոթում էր արքան ու թագուհին, և նրա խորհրդով ես արքայի գլխի վրա անցք բացեցի, իբր ծխախոտ, լուցկու հատիկ խցկեցի նրա անցք-բերանի մեջ, և մենք շարունակեցինք մեր անդրանիկ պարտիան: Այդ խաղը ես շատ հեշտ շահեցի:
Երկրորդ պարտիայի ժամանակ, երբ իմ թագուհին պաշարել էր տատիկի արքային, նա զայրացած ասաց.
– Բայց քո այդ թագուհի կոչվածը թողել իր օրինավոր ամուսնուն, լրբի պես ուրիշների շուրջն է պտտվում:
Հետո նա տղամարդու պես հայհոյեց իմ թագուհուն և երկրորդ պարտությունից հետո ասաց, որ այլևս չի ուզում խաղալ շախմատ կոչված անիծյալ խաղը:
Ես մի կերպ համոզեցի նրան և երրորդ պարտիայում, ի զարմանս ինձ, տատիկը կարողացավ ոչ-ոքի անել: Չորրորդում արդեն ես մի կերպ ոչ-ոքի արեցի: Իսկ հետո, մնացած բոլոր պարտիաներում տատիկն ինձ հաղթում էր:
Երեկոյան, երբ հայրս վերադարձել էր աշխատանքից, ես նրան ասացի, որ տատիկը հիանալի շախմատ է խաղում: Հայրս ոչ մի ուշադրություն չդարձնելով հայտնածս նորությանը, օրվա թերթերի կապուկը վերցրեց, հանգիստ տեղավորվեց բազկաթոռի մեջ ու ասաց.
– Իսկ ֆուտբոլ չի՞ խաղում…
– Կարծեմ չի խաղում, հարցնե՞մ,- ասացի ես:
– Լավ, կարիք չկա…
– Բայց տատիկը լավ շախմատ է խաղում,- նորից հայտնեցի օրվա կարևորագույն նորությունը:
– Չէ մի, էշի պոզեր,- ասաց հայրս և, խորասուզվելով թերթերի էջերում, մոռացավ թե ինձ, թե տատիկին ու շախմատը:
Մյուս օրը ես մի կերպ համոզեցի հորս, որ տատիկի հետ շախմատ խաղա: Տատիկը քթի վրա շատ լուրջ տեղավորեց ակնոցը և նստեց հայրիկի ու շախմատի դիմաց: Կես ժամ հետո տատիկը հայրիկին մատ հայտարարեց: Մայրս, հեռուստացույց դիտող երկու քույրերս, մաթեմատիկական խնդիրների լաբիրինթոսում խարխափող եղբայրս զարմանքից քար կտրեցին: Հայրս ճակատն էր շփում ու այնպես էր նայում տատիկին, կարծես առաջին անգամ է տեսնում իր զոքանչին:
– Մի անգամ էլ խաղանք,- ասաց հայրս ու անջատեց հեռուստացույցը:
– Խնդրեմ, տղաս,- պատասխանեց տատիկը,- բայց էլի եմ ջարդելու:
Մենք խմբվեցինք տատիկի և հայրիկի շուրջ ու հետաքրքրությամբ սկսեցինք հետևել խաղատախտակի վրա ծավալվող զորաշարժերին: Տասնհինգերորդ րոպեին իր զույգ ձիերով տատիկը մատ հայտարարեց հայրիկի սպիտակ արքային:
– Տատիկն աշխարհի ութերորդ հրաշալիքն է,- ասաց հայրս ու հիացմունքով սեղմեց տատիկի ձեռքը:
– Ոչ թե ութերորդ, այլ իններորդ,- համեստորեն ուղղեց տատիկը:
Մի քանի օր հետո մենք համաընտանեկան մրցաշար կազմակերպեցինք: Հայրիկի հետ խաղալիս իմ դրությունն հիանալի էր:
– Տատիկ, նայիր, տարածքային առավելություն ունեմ:
Տատիկն ակնոցը տեղավորեց քթին, նայեց խաղատախտակի վրա շարված խաղաքարերին և ասաց.
– Ճուտիկս, տարածքային առավելություններդ բոստանում կօգտագործես՝ կարտոֆիլ ու լոբի վարելու համար, իսկ քեզ հաղթանակ է պետք: Արքայիդ լրիվ մենակ ես թողել:
Ոգևորված իմ բացահայտ առավելությամբ, ես ձեռքս թափ տվեցի տատիկի հայտարարության վրա:
– Բան չկա, տատիկ, մի քանի րոպեից հետո հայրիկի բմբուլները քամուն եմ տալու,- ասացի ես:
Մի քանի քայլ հետո հայրս ինձ մատ հայտարարեց: Խաղի նման վախճանն այնքան անսպասելի էր ինձ համար, որ ես հազիվ էի լացս զսպում:
Իմ վերջին պարտիան պիտի խաղայի տատիկի հետ, որ վաղօրոք իր համար ապահովել էր առաջին տեղը՝ հաղթելով իր բոլոր մրցակիցներին: Հայրս երկրորդ տեղում էր, բայց տատիկը մեծահոգաբար ինձ հետ ոչ-ոքի արեց, որպեսզի ես առաջ անցնեմ հայրիկից…
Ուղիղ մի շաբաթ հետո, կիրակի օրը, հայրս մեր տուն հրավիրեց մեր շենքի չեմպիոն և մարզի մասշտաբով երրորդ շախմատիստ մեր հարևան քեռի Ստեփանին: Տատիկն արդեն զգալիորեն բարձրացրել էր իր վարպետությունը, և մենք անհամբեր սպասում էինք, թե ինչպես պիտի ավարտվի մրցամարտը նրա և քեռի Ստեփանի միջև: Ինչպես և սպասում էինք, քեռի Ստեփանը սկզբում կարծում էր, թե իրեն ձեռ ենք առնում և ոչ մի կերպ չէր համաձայնում տատիկի հետ խաղալ: Վերջապես նրան համոզեցինք և, երեքժամյա լարված պայքարից հետո, երբ մի պարտության դիմաց տատիկը երեք անգամ կապիտուլացրել էր մեր հարևանին, նա՝ մեր հարևան Ստեփանը, հարգանքով խոնարհվեց տատիկի առաջ ու ասաց, որ ինքը երբեք չի հասկացել և այժմ էլ ի վիճակի չէ հասկանալ կին արարածին: Նա խմեց տատիկի կենացը, համբուրեց նրա ձեռքն ու հրաժեշտ տվեց մեզ: Քեռի Ստեփանն այնքան տխուր էր, որ մի պահ ես ցանկացա լաց լինել նրա համար:
Քեռի Ստեփանի գնալուց մոտ կես ժամ հետո տատիկը խաղատախտակի վրա դասավորեց շախմատի խաղաքարերը, շատ երկար նայեց լույսի տակ փայլփլող խաղաքարերին ու ասաց.
– Ես այլևս շախմատ չեմ խաղալու: Դա շատ հիանալի ու հետաքրքիր խաղ է: Ափսոս, որ շատ ուշ սովորեցի: Ես հիմա շատ ծեր եմ և անհարմար եմ զգում, երբ իմ պատճառով ջահելներն իրենց վատ են զգում: Շախմատը ձեր խաղն է: Ես չպիտի հաղթեի խեղճ Ստեփանին: Վերջ, ես այլևս շախմատ չեմ խաղալու:
Այդ րոպեին մեր փոքրիկ տատիկն այնքան մեծ էր երևում, որ մենք մի տեսակ երկյուղածությամբ էինք նայում նրան: Հայրս հիացմունքով համբուրեց տատիկին, իսկ ես հազիվ էի զսպում ինձ, որ լաց չլինեմ:
Անցան տարիներ: Տատիկն այլևս չկա: Մեր տանն այժմ գեղեցիկ խաղաքարերով ու տարբեր մեծության շախմատատուփեր կան, բայց մենք մի առանձին հարգանքով ենք պահում հինավուրց, փայտե պսպղուն քարերով ու լուցկու հատիկ-ծխախոտները բերաններին արքաներով այն շախմատը, որով մի ժամանակ տատիկն էր խաղում ու փառահեղ ջախջախում իր խաղընկերներին: Իսկ շախմատատուփի մոտ, կաղնեփայտյա նախշազարդ մի արկղիկի մեջ, տատիկի անավարտ ձեռագործն է՝ կապտակարմիր զույգ կծիկներով:

Share Button