Աննիկ Շահմուրադեան | ՄԵՐԿ ԽԻՂՃՍ

Անճար լռութիւն

Խորամանկ է կեանքը …
Իր մեղքերով է
Խիղճը մեր դատում,
Ու մոռանում է
Իր սխալների
Կրկնութիւնը:
Եւ ի՜նչ անճար է
Մեր լռութիւնը …


Գուցէ այնքա՜ն եմ
Հեռացել կեանքից,
Գուցէ բնաւ էլ
Չեմ հասել նրան .
Այդ ո՞ւմ ձեռքերն են
Թակում իմ դռան.
Գուցէ այդ մեկն է
Միտում իր վրայ
Վերցնել ու կրել
Մենութեանս բեռը…


Ես փշրւելուց
Ճզմւում եմ այնպէս ,
Որ դառնում եմ մի
Անտեսանելի
Ու փոքրիկ կտոր,
Որ զգացվում է
Երկու մատների
Շփման արդիւնքում:
Եթէ սև մաղձը
Չսեղմի մի պահ,
Կծնւի կրկին
Մի նոր ապագայ:


Հոգուս խորքի
Ջինջ անկիւնի
Մի երկաթէ մետաքսում՝
Նստած է մի առնադէմ կին ,
Ամուր սիրտը իր կրծքում :
Կեանքի դաժան հարւածները
Հաւաքում է բաց ափին ,
Յետոյ դանդաղ վար է նետում
Սառցակալած յատակին:

Մերկ խիղճս
Թող, որ իմ խիղճը
Չարութեան պահին
Ինձ չմոռանայ ,
Վախից, սարսափից
Չլքի հոգիս՝
Թողնի հեռանայ .
Թող, որ իմ խիղճը
Հաւատարմութեան
Անսուտ մղումով
Անվերջ յագենայ,
Ու չարիքների
Գայթակղութեան
Լեզուն չիմանայ…


Նիհարում է իմ
Թելի կծիկը՝
Թռուցիկիս
Բարձրանալու հետ.
Գիտեմ, բարձրունքում
Ապրելը նրա
Կապւած է մանած
Իմ թելերի հետ:


Այնքան նեղ է
Այս աշխարհը,
Որ հորիզոնը
Կնճիռ է դարձել
Ճակատիս վրայ…
Լեզուն, գրիչը ,
Երգն ու միջոցը
Չի գտնում մարդու
Ցաւերից աճող
Շարքի սկիզբը.
Որտեղի՞ց եկաւ
Այս նեղութիւնը,
Ու՞ր կորավ՝
Իմ ու հորիզոնի մէջ
Տարածութիւնը…

Մարդու կորուստը
Ի՞նչ ես կանգ առել
Դու շատանալուց,
Չէ՞ որ շուրջ բոլոր
Մոլախոտեր են
Աճում անդադար.
Կորցրած նպատակ
Կանգ առած՝ լուսնոտ,
Ես վախենում եմ
Քո վերջանալուց …

Թողնել պատասխան

Your email address will not be published.