Սիրանույշ Օհանյան | ՄԻ ԱՌԱՎՈՏ

Արթնացա սովորականից ավելի առօրեական մի զգացումով։ Զարմանալիորեն հանգիստ էի քնել գիշերը, աներազ. մի բան, որ վերջերս ավելի հաճախ էր պատահում։ «Հավանաբար, կյանքս հունի մեջ է ընկնում արդեն»,- անտարբերությամբ մտածեցի։ Ժամացույցն անվրդով իր սլաքներն էր առաջ տանում։ Վեր կացա, հագնվեցի։ Ախորժակով մտածեցի սառնարանում իրենց վախճանին սպասող խաղողի ու երշիկի մասին։ Հաճույքով ձգվեցի ողջ մարմնով՝ տարածելով թևերս և մտածելով ցնցումներից ապահովագրված կյանքի մասին։ Քթիս տակ ինչ-որ անորոշ երգ երգելով մտա բաղնիք, ատամներս խոզանակելով վերադարձա ննջասենյակ։ Մոտեցա լուսամուտին, մի կողմ քաշեցի վարագույրը և բարևելու հանգույն ժպտալով՝ նայեցի երկնքին։ Պայծառ առավոտ էր՝ կյանքիս հազարավոր առավոտներից մեկը։ Հետո, սովորությանը հնազանդ, նայեցի դիմացս։ Մեխանիկորեն շարունակեցի խոզանակել՝ չզգալով քերծված լնդերս մրմռացնող ցավը։ Լեռը չկար։ Վախեցա։ Վախի, ապշանքի, քնից նոր արթնացածի ճնշող ապրումներից հիմարացած՝ շարունակում էի խոզանակել ատամներս և լնդերս։ Հետո, վերջապես հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, կարմրած խոզանակը դրեցի լուսամուտագոգին՝ շարունակելով նայել դիմացս։ Լեռն իսկապես չկար։

Մտքովս անցավ, որ ամպամած օր է. նայեցի երկնքին և հիշեցի, որ մի քանի վայրկյան առաջ պայծառ առավոտ էր։ Եվ իսկապես. պայծառ առավոտ էր։ Երազ չէր։ Խղճացի ինքս ինձ՝ կրկին նայելով դիմացս։ «Չէի սպասում, որ քեզ հետ էլ այսպիսի բան կպատահեր»,- ասացի։ Մտածում էի, որ խենթացել եմ։ Կեղծ հույսի փրփուրներից կառչած՝ մտածեցի, որ րոպեական խենթացում է։ Ապա հասկացա, որ դա ոչնչով մխիթարական չէ։ Նորից նայեցի դիմացս. լեռը դեռ չկար։ Ստիպված շարունակեցի նայել լեռան թողած դատարկությանը։ «Հիմա ի՞նչ եմ անելու»,- մտածեցի։ Մտքովս անցավ հագնվել ու իջնել բակ. գուցե պատահմամբ տեսնեի հարևաններից որևէ մեկին ու առաջարկեի միասին բարձրանալ բնակարանս՝ անհետացած լեռան կողմը մի հայացք գցելու համար։ Փոշմանեցի։ Վախս սաստկացավ. պատկերացրեցի, որ հարևաններս ինձ ուղիղ գժանոց կուղեկցեն՝ չմոռանալով կարեկցորեն օրորել մեծ, բազմազբաղ գլուխները։ Հուսահատությունից ցանկացա արտասվել. լացս չէր գալիս։ «Ի՞նչ անեմ»,- մտածեցի։ Շարունակում էի նայել այնտեղ, ուր վերջին անգամ տեսել էի լեռը։ «Վերադարձի՛ր»,- մտովի գոռացի։ Հետո հասկացա, որ իսկապես սկսում եմ խենթանալ՝ կանչելով անհետացած լեռանը։ Նստեցի հատակին։ Այլևս չէի կարողանում նայել կորած լեռան կողմը։

Տատս պատմում էր, թե անտանելիորեն անսովոր երևակայություն եմ ունեցել։ Չգիտեմ՝ ինչն էր դրդում նրան այդպես արտահայտվել. մանկությունիցս գրեթե ոչինչ չեմ հիշում։ Դրան հակառակ՝ կարող եմ ասել, որ հիմա էլ երևակայությունս անտանելիորեն ինքնագլուխ է. ինձանից անկախ՝ մշտապես հորինել եմ անհեթեթ կամ ողբերգական իրավիճակներ ու մտածել, թե ինչերի եմ ընդունակ նման պահերին։ Հիշեցի, որ կորուստի, ողբերգականություն ներշնչող երևակայական իրավիճակներում սովորաբար ապավինել խմիչքին և թմրանյութերին՝ իրական կյանքում անտարբեր լինելով դրանց հանդեպ։  Տհաճություն զգացի. թվաց, թե աշխարհում ոչինչ չի  կարող նպաստել, որ մոռանամ կամ չեղյալ հայտարարեմ կորուսյալ լեռանը։ Բավականին անսովոր իրավիճակ էր։ Փորձեցի վեր կենալ, նայել լուսամուտից, հետո, ծնկներս դեռ ինչպես հարկն է չծալած՝ արագորեն նստեցի հատակին։ Անընդունելի էր միտքն այն մասին, որ վերստին կտեսնեմ լեռանը՝ ասես երբեք չի հեռացել այդտեղից։ Անընդունելի էր միտքն այն մասին, որ վերստին չեմ տեսնի լեռանը՝ հանգրվանած իր ողջ շուքով ու անշարժությամբ։ Այն մասին, որ կարող էի տեսնել անճանաչելիորեն ձևափոխված  լեռանը կամ օտար մի լեռ, չմտածեցի. երևակայությունս չհերիքեց։ Էլ չէի վախենում, որ խելագարվել եմ. հանկարծ մտքովս անցավ, որ խելագարվել եմ թե ոչ՝ կարևոր չէ։ Կարևորն այն էր, որ լեռը չկար, կամ ինձ թվաց, թե չկար. ամեն դեպքում ես ի զորու էի հանգիստ, անշտապ տրամաբանել ու վերհիշել։ Այս մտքով խաբելով ինքս ինձ՝ սրտի թրթիռով կանգնեցի ծնկներիս, վիզս ձգելով՝ նայեցի լուսամուտից դուրս. լեռն առաջվա պես չկար։ Անուժ՝ պառկեցի հատակին։ «Լավ է՝ առաստաղն իր տեղում է»,- հայտնեցի ինձ։ Ապա հասկացա, որ ոչինչ, ոչինչ չի արդարացնում ու չի մեղմացնում կատարվածը։ Հետո ի՞նչ, որ առաստաղն իր տեղում է, որ պատերն իրենց տեղում են։ Լե՛ռը չկա։

Քաղց զգացի։ Ալարում էի վեր կենալ. բացի այդ, չնայած քաղցիս, զզվանքով մտածեցի  ուտելիքի մասին։ «Հիմա ի՞նչ եմ անելու»,- կրկին մտածեցի։ Ուղեղս էլ չէր աշխատում։  Ափսոս, չէի կարող նորից քնել։ «Միգուցե իջնեմ խանութ, ոգելից խմիչք առնեմ».- սակայն այս մտքին զուգընթաց՝ կրկին զզվանք զգացի որևէ ուտելիքի կամ խմելիքի հանդեպ։ Կանգնեցի և սրտի դողով նորից նայեցի բացակա լեռանը. ես զգում էի լեռան թողած դատարկության լեռնային ծանրությունը։ Հետո, կրկին անիմաստ հույսով տարված, երևակայեցի, որ լեռը ետ բերելու համար անհրաժեշտ է կանգնել ու ողջ կյանքի ընթացքում նայել նրա լքած վայրին։ Նման զոհողության ես ունակ չէի հաստատ. ողջ կյանքս  կանգնել ու նայել լուսամուտից դուրս։ Ո՛չ, այս տարբերակով չես վերադարձնի նրան։

«Գուցե քարերո՞վ փակեմ պարուհանը»,- առաջարկեցի։ Հնարավոր է, որ լեռը չի երևում միայն այս լուսամուտից, և դժբախտությունը վերացնելու համար հարկավոր է վերացնել լուսամուտը։ Այս միքտն ավելի խճճեց ամեն ինչ։ Ի՞նչու լեռը չի երևում միայն իմ լուսամուտից։ Իսկ գուցե ինձ համար է դադարել այն երևալ։ Առանց կողմնակի օգնության չէի կարող պարզել և ոչ ոքի օգնությանը չէի դիմի պարզելու համար։ Լավ, ասենք թե պարզեցի ինչ-որ բան. մի՞թե դա չեղյալ է դարձնում կատարվածը։ Ակնհայտորեն, խնդիրը վերաբերում էր միայն ու միայն ինձ ու լեռանը։ Նույնիսկ եթե այն անհետացել է տիեզերքի ու աշխարհի աչքից ևս. իմ խնդիրը միայն ես պետք է լուծեմ։ Ինչպես եթե քաղցած եմ՝ նշանակություն չունի, որ շատերն են քաղցած կամ շատերն են կուշտ, կամ կարող եմ սնվել շատերի հետ միաժամանակ. քաղցս հագեցնելը իմ առանձնահատուկ խնդիրն է։ Կարող են ասել, որ իմ քաղցած լինելը միայն ինձ է վերաբերում և չի կարող համեմատվել լեռան անհետանալու փաստի հետ, ինչն ամենքին է վերաբերում։ Չնայած՝ ինձ չի հետաքրքրում, թե ինչ կարող են ասել, որովհետև հանկարծ հասկացա. լեռը (կամ լեռանը անհետացնողը) փորձում է ինձ։ Այս մտքից որոշ թեթևություն զգացի. ուրեմն կարելի էր կատարվածը քննարկել որպես առօրեական խնդիր։ Թեթևության զգացումս տհաճություն պատճառեց, որովհետև դրանից խնդիրը չթեթևացավ։ Եվ առհասարակ, լեռան անհետացումը սովորական խնդիր չէ՛։

Մի՛ վիճեք, խնդրում եմ։ Դա չի՛ փրկի մեզ։

Զարմացած նկատեցի, որ վերսկսել եմ զրուցել ինքս ինձ հետ. վաղուց էի դադարել միայնակիս սովորությունները։ «Լավ, ի՞նչ անեմ»,- հարցրեցի ինձ։ «Ի՞նչ»,- կրկնեցի թե պատասխանեցի։ Նկատեցի, որ այս ամբողջ ընթացքում հայացքս չէի կտրել լեռան անհետացման վայրից. սկսեցի մտածել, որ լեռը չի անհետացել։ Լեռը պարզապես փոխել է իր տեսքը. անտեսանելի է դարձել։ Սակայն գիտությունը հաստատում է, որ անտեսանելի ոչինչ չկա. մարդկային աչքն է անընկալ պարզապես։ «Ի՞նչով կարելի է վերահայտնաբերել լեռը»,- հարցրեցի։ Հիշեցի, որ առաջներում մարդիկ երրորդ աչք են ունեցել. գուցե ա՞յդ աչքով։ Կամ X ճառագայթներով։  Կամ քիմիական միջոցներով։ Մի որևէ կերպ։ Անհետացած լեռան բացակա հայացքը ճնշում էր ինձ։ «Իսկ  լեռան հայացքը ի՞նչպես կարելի է հայտնաբերել»։ Սակայն, եթե ես զգում եմ այդ հայացքի ազդեցությունը, ուրեմն արդեն այն հայտնաբերված է։ Հայացքի ազդեցությունը զգում եմ. հետևաբար զգում եմ լեռան ազդեցությունը նաև. հետևաբար լեռը հայտնաբերված է։ Կարծես թե խնդիրը լուծվեց։

Իրականում խնդիրն ավելի խճճված դարձավ։ Ի՞նչ է նշանակում. լեռը կա, ես զգում եմ նրա հայացքը, ես զգում եմ նրան, ես տեսնում եմ նրա գտնվելու վայրը, ես չեմ տեսնում նրան։ Եվ սա էլ մի կողմ. ի՞նչ է նշանակում. լեռը միշտ կար, բայց հանկարծ չի երևում։ Ես լսել եմ իմ տատերից, որ այդ լեռն ու ժամանակը միասին են ստեղծվել, այսինքն՝ լեռը հին է աշխարհից,  հին է տիեզերքի չափ։ Ես ամեն գիշեր տեսել եմ, թե ինչպես է լեռանը դանդաղորեն թագադրում Կենդանակերպի իշխող համաստեղությունը. այս լեռը միակն է, ում գագաթից և ստորոտից կլոր տարին կարելի է տեսնել Տասներկուսի ամբողջական շքերթը։ Ես հիշում եմ, որ նույնիսկ հեքիաթ եմ կարդացել այն մասին, իբր Արեգակին ճամփա ցույց տվող տասներկու համաստեղությունները ստեղծել են լեռան ստորոտում ապրած առաջին մարդիկ։ Կարճ ասած՝ լեռն առանձնահատուկ է իր բնույթով ու գտնվելու (ավելի ճիշտ՝ անհետանալու) վայրով, բայց դա հո՞ չի նշանակում, որ մի սովորական օր այն պետք է անհետանա։ Ես լսել եմ նույնիսկ, որ այդ լեռը եղել է աշխարհի մայրը. համենայն դեպս, այդպես կոչել են նրան, և որ աստվածներն արգելել են խաթարել նրա գագաթի նախաստեղծ մաքրությունը։ Աստվածներին արգելքին, իհարկե, ոչ ոք չի  հնազանդվում մեր օրերում. ես ինքս էլ հնարավորության դեպքում կփորձեի մագլցել լեռը՝ առանց սրբապղծությունից վախենալու. ո՞վ կարողէ հավատալ հեքիաթներին մեր ժամանակներում։ Բայց այս բոլորը չեն արդարացնում անհետացած լեռանը կամ լեռան անհետանալը։ Այս ամենը դուրս է սովորականից և դատապարտելի է։ Ես չեմ հասկանում լեռանը։

Հասկացա, որ սկսել եմ լեռան մասին մտածել՝ ինչպես կենդանի էակի. այս միտքն անախորժություն պատճառեց ինձ։ «Գուցե ողջ խնդիրն ինձանում է»,- մտածեցի։ «Գուցե իսկապես խելագարվել եմ, և լեռանն էլ ոչինչ չի պատահել. ես եմ ինձանից հորինում»։ Հանկարծ մեկ ուրիշ, ավելի շշմեցուցիչ միտք հարվածեց ինձ. իսկ գուցե ոչ մի լեռ էլ չկա՞ իրականում։ Հնարավո՞ր է, որ ես վաղուց եմ խելագարվել, և ամեն ինչ իմ հիվանդ ուղեղի զառացանքն է. տատերիս հեքիաթները, լեռան առասպելական շնորհները, տասներկու համաստեղությունների  և Արեգակի կանոնակարգված ընթացքը, լեռան երևումն ու անհետացումը։ Ո՞վ կասի։ Ի՞նչպես ճշտել՝ լեռը գոյություն ունի՞, թե՞… Սակայն ի՞նչ է նշանակում, թե լեռը գոյություն ունի։ Եթե ինձանից բացի մեկ ուրիշն էլ է տեսել նրան, դա չի կարող նշանակել, որ լեռը գոյություն ունի։ Եթե նույնիսկ ողջ մարդկությունն է տեսել նրան, ոչինչ չի նշանակում։ Եվ եթե ես հիմա չեմ տեսնում լեռանը, մի՞թե դա նշանակում է, որ այն անհետացել է կամ եղել է։

Ոչ, այսպես չի լինի։ Զգում եմ, որ խախտվում է մտքերիս տրամաբանական ընթացքը։ Լե՛ռն է պատճառը.   համոզված եմ։ Լեռան գոյությունը կամ չգոյությունը. կարևոր չէ։ Իմ մեջ ապրող լեռան տեսիլն է պատճառը, իսկ լեռը կա թե ոչ՝ երկրորդական հարց է։

Ուրեմն, նոր մի խնդիր է առաջանում. ի՞նչու հատկապես ես ու լեռը։ Ինչու լեռը (կամ լեռը անհետացնողը) ինձ ընտրեց։ Ես չե՛մ ցանկանում ընտրյալ լինել, ես չե՛մ ցանկանում տարբերվել։ Ինձ պե՛տք չէ։  Բայց այս ո՞ւմ եմ դիմում։ Ի՞նչ անեմ։

Հանգիստ։ Հանգի՛ստ։ Առանց խուճապի։ Կարևորը սառնասրտությունը պահպանելն է։ Նորից նայեցի այն վայրին, որտեղ վերջին անգամ տեսել էի անհետացած լեռը։ Դատարկ էր։ Հանկարծ մտածեցի. ի՞նչ կլիներ, եթե աշխարհը գլխիվայր շուռ գար։ Պետք է որ լեռն էլ գլխիվայր շուռ գար՝ անցներ գետնի տակ։ Լեռը կա, սակայն գետնի տակ է և գլխիվայր է։

Բայց ո՛չ։ Եթե ողջ աշխարհը գլխիվայր շուռ գար, ես ոչինչ չպետք է զգայի, չնայած՝ ինքս  կդառնայի գլխիվայր շուռ տված։ Իսկ եթե միայն լեռն է գլխիվայր շուռ եկել, կրկին նույն հարցն է առաջանում. ի՞նչու հատկապես ես, ի՞նչու հատկապես այս լեռը։ Զգում եմ, որ դոփում եմ տեղում՝ ավելի ու ավելի կորցնելով մտածողությանս հստակությունը։ Ինքս ինձ առաջարկեցի մի բան ուտել  կամ խմել, չնայած չէի կարողանում երևակայել, որ այսուհետ կկարողանամ որևէ բան ուտել։ Մի անգամ էլ նայեցի լուսամուտից և քայլեցի դռան կողմը։ Հանկարծ աչքս ընկավ լուսամուտին հանդիպակաց պատի խոռոչին՝ փորված մահճակալիս գլխավերևում։ Մի ժամանակ, լսել եմ, տատս այդ խոռոչում է պահել իր տատերի սրբությունները։ Մեռնելիս պատվիրել է, որ հենց իմ մահճակալը դնեն այդ պատի տակ. այն ժամանակ, ասում են, ես դեռ օրորոցում էի քնում, չնայած վաղուց էի դուրս եկել այդ տարիքից։ Բավականին տարօրինակ երեխա եմ եղել։ Տատս, իբր, ասել է, որ այդտեղ պահված է իր վերջին մեկնությունը. նա գուշակի պես մի բանի համբավ է ունեցել։ Նա խստորեն պատվիրել է, որ ոչ ոք չհամարձակվի ժամանակից շուտ բացել այն, իսկ ժամանակը երբ գա՝ արդեն պետք չի լինի. իբր այսպիսի բաներ է ասել։ Խոռոչը երբեք էլ փակ չի եղել, սակայն շատ խոր էր. նոր միայն զարմացա՝ մտածելով պատի անսովոր հաստության մասին։ Երբեք չէի անդրադարձել մահճակալիս գտնվելու վայրին կամ մարգարեական տեսիլքներով ինքն իրեն ոգևորող տատիս տարօրինակություններին. պարզապես ինձ արտակարգ լավ էի զգացել լուսամուտին հանդիպակաց այդ պատի տակ քնելով։

Ցատկեցի թափթփված, արդեն պաղած անկողնուս վրա, ծնկեցի պատի դիմաց։ Առանց երկմտելու՝ ձեռքս մեկնեցի խոռոչի մթությանն ընդառաջ։ Այն ժամանակ չհասկացա, ինձ հաշիվ չտվեցի, թե ինչու այդպես վարվեցի։ Հիմա գիտեմ, որ տատս հուշեց։

Մարմինս սարսռացնելով՝ մի պստիկ սարդ վազեց բազուկիս վրայով։ Փչեցի, թռցրեցի՝ ձեռքս միաժամանակ ինչ-որ տաքության հանդիպեց։ Շոշափելով ճանկեցի և դուրս քաշեցի։ Ո՜ւուֆ։ Լա՛վ պրծանք։ Շրջվեցի՝ հայացքս չկտրելով գտածոյից։ Գիրք էր՝ անճանաչելիորեն փոշեծածկ։ Թեթևացած և տարակուսած՝ բարձրացրեցի հայացքս՝ մոռացած կատարվածը, և սովորության բերումով լուսամուտից դուրս նայեցի։ Այն, ինչ տեսա, միանգամից չհասավ գիտակցությանս, սակայն ակնթարթի անսահման փոքր ժամանակահատված անց շամփրեց ողջ էությունս։ Լեռը վերադարձել էր։

Չնկատելով, որ ձեռքումս ամուր բռնել եմ մարդկային մարմնի պես հաճելի ջերմություն ունեցող փոշեթաթախ գիրքը, նետվեցի լուսամուտի մոտ։ Լայն բացեցի փեղկերն ու քիչ մնաց դեպի լեռը նետվեի։ Լեռը վերադարձել էր։ Ասես չէր էլ հեռացել։

Բայց ի՞նչպես։ Ի՞նչպես եղավ, որ մի կարճ պահ շեղվեց միտքս, ու նա եկավ։ Հիշեցի, որ ուտելու ինքնահարկադրանքով շրջվել էի դռան կողմը, սակայն աչքի պոչով նկատել պատի հնամենի խոռոչն ու գիրք հայտնաբերել այնտեղից։ Զարմանքով նկատեցի, որ ամուր բռնել եմ գիրքը, և որ գիրքը սիրած մարդու ձեռքի ջերմությամբ է փոխադարձում ինձ։ Բարձրացա, նստեցի լուսամուտագոգին՝ ոտքերս ցած կախելով, առանց մտածելու, որ հարևաններս կտեսնեն։ Անհանգստանալով, թե չլինի հանկարծ կորցնեմ լեռան հայացքը, բացեցի գիրքը։ Մեռած հիշողությունս սառը ջրի պես ողողեց ողջ էությունս։ Հիշեցի։ Ամեն ինչ հիշեցի։ Սա տատերիս և վերջին տատիս սուրբ գիրքն է. վերջին տատս նրան բերել էր գետի այն ափից։ Մանկությանս մոռացված իրադարձությունները անձրևի պես տեղացին գլխիս։ Տատս ինձ համար կարդում էր այս գիրքը, կարդում էր գլխավերևիս նստած։ Հիշեցի, որ ես մի տեսակ քաշվում էի այս հի՜ն, տարօրինակ գրքից, նույնիսկ նրա խոսուն պատկերներից էի երկյուղում։ Աննպատակ ու կարծես պատահմամբ բացեցի գրքի վերջին էջերից մեկը։ Հուզմունքով ճանաչեցի տատիս տգեղ ու արտակարգ հրապուրիչ, ասես քարի վրա ասեղով ճանկռտած գրությունները։ Հեշտությամբ կարդացի իմ անունը. անվանս դիմաց գրված էր.

ձագուկս երբ կգտնես այն ինչ կկորցնես կհիշես որ կյանքը չեն կորցնում կորցնում են կյանքում և կհիշես որ կյանքում չեն գտնում կյանքում տրվում է Կհիշես այն ինչ աչքերիդ առաջ է հիմա տեսնում են լոկ մի անգամ սակայն աչքերում  մնում է ընդմիշտ։ Երբ կկորցնես և կգտնես կհիշես որ քեզ տրվել է տեսնել երկրորդ անգամ կհիշես որ քեզ տրվել է գնահատել առօրյայում չգնահատվածը։ Եվ կհիշես որ այն ինչ կկորցնես և կգտնես առավել է այս կյանքից հին է այս կյանքից կարևոր է այս կյանքից

Փակեցի տատերիս ձեռքերի ջերմությունը պահպանած գիրքը։ Նայեցի լեռանը։ Հասկացա ամեն ինչ։ Հասկացա, որ եթե չենք ընկալում այն, ինչ ունենք, կորցնում ենք։ Եթե արժանի ենք նրան, ինչը ունեցել ենք և կորցրել, տրվում է վերստին և մեկընդմիշտ։ Եթե արժանի չենք նրան, ինչը  կորցրել ենք, չենք նկատում կորուստը։ Ես ունեցել եմ լեռան հայացքը՝ առանց հասկանալու, որ ունեմ։ Ես կորցրել եմ լեռանը և գտել վերստին։ Այսուհետ ես անբաժան եմ լինելու նրանից։ Ես պետք է այսուհետ արժանի լինեմ նրան, ինչ տրվել է ինձ։ Հիմա հասկացա, թե ինչու պետք է միայնակ լուծեի իմ խնդիրը։ Հարևաններս էլ մարդ են ինձ պես, սակայն արդյո՞ք ունեն լեռանը։ Ես դա չգիտեմ, բայց գիտեմ, որ նրանց հետ էլ երբևէ պատահելու է ա՛յն, ինչ ինձ հետ պատահեց այս առավոտ։

1 comment

  1. Հեշտ կարդացվող և ասելիք ունեցող գործ է: Պատմվածքի առաջին հատվածը հիշեցրեց, երևի յուրաքանչյուր մարդու պատանեկության տարիները, երբ հայտնվում ես իրականը երևակայականից առանձնացնելու, և սեփական աշխարհայացքը կառուցելու բարդ գործընթացի առջև: Տեղին են այդ հատվածում խելագարության մասին մտորումները, քանզի իրականի փնտրտուքներում հայտնվածին ծանոթ կլինի այդ երևույթը: Իսկ վերջին հատվածի մարգարեական ոճը` հիանալի ավարտ է:

Թողնել պատասխան

Your email address will not be published.