Էդուարդ Հարենց | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոբելյան բանախոսություն

Երգի Հայը խելագարվեց,
որովհետև ուղեղ չուներ.
Աստված ի՛նքն էր ուղեղի տեղ։
Եվ մարդիկ,
Այս անգամ էլ
Ո՛չ թե Աստծուն խաչ հանեցին,
Այլ՝
Ե՚րգը խաչեցին Աստըծո վրա։
Աղոթքը գույնի նևրոզն է։
Ու երբ ավարտեց իր վերջին գույնը,
Աստված որոշեց համբարձվել…
Մարդիկ տեսա՛ն այդ ամենը, ընկալեցին,
Հիշեցին,
Աակայն
Չհավատացին…
Եվ այդ պատճառով էլ կարծեցին,
Թե՝
Օրհան Փամուքը … խելագարվե՜լ է…

1984 թ.,22 հունիսի

Նախօրեին
Ռադիոն հայտնում էր,որ
Հետևյալ օրը
Մարդկային ճակատագրերի երկայնքով մեկ
Սպասվում է +45° հիշողություն ու հիշատակ,
Որ 39-ին երդված օրիորդների նշանի մատանու
կորած ակերի տեղում կնկատվեն արցունքի կաթիլներ,
Որ գերմագնիսական դաշտը բոլորին քարշ կտա
դեպի գերեզմաններ,հուշարձաններ,եկեղեցիներ,
Որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը
խաղաղության սպիներից կբեկվի 45° անկյան տակ,
Որ օդի խոնավությունը գնահատող ինդեքսը կունենա
զոհվածների անմահության և ապրողների կյանքի արժեքը։
Առավոտյան
Ամենաշոշափելի հրեշտակների Օլիմպոսից
Ուղիղ եթերով հաղորդեցին,
Որ Հայոց աշխարհի մշակութային ծննդատանը
Գյումրեցի մի կնոջից լույս աշխարհ է եկել
2000-ականների պոետիս մուսան,
Որին,ի պատիվ իոնական մեղրի,
անվանել են Նեկտար…

* * *

Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի…
Հիմա երանգն ավելին է, քան ձայնը…
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում
Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն։
Շշուկներից քանի՜ ոտնահետք է ճաքել…
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի՛ ավարտվում,
Որովհետև չի՛ գունավորվում բառով…
Իսկ հիմա
Գլխավոր գույնը այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է…
Որ մուսաները կին չե՛ն դառնում…

Մոդիլիանի

Դուրս գալուց առաջ
Հրեայի թոռը
Ուղեղի ծայրով նշան արեց պանդոկապանուհի Հեբեին,
Եվ վերջինս
Գինու փոխարեն 5000 ֆրանկ էր լցնում
Նրա վիսկիի գավաթի մեջ…
Կուբիզմի էլիպսաձև շունչն ու ծխամորճի ծուխը
Համբուրվում էին երկար,
Ինչպես զուգահեռականն ու միջօրեականը։
Եվ նրանց յուրաքանչյուր հատման կետում
Սառում էին բոլոր ներկաների հայացքները,
Ինչպես չէին թափվում
բեկորները ջարդված հայելու՝
Պաբլոյի ընկերոջ դիմանկարում։
ժան Կոկտոն իր կողքի հղի կնոջով հիանում էր
Դիմացի պատից կախված կտավից ներս…
Դրսում
Ձյունը իր կուսությունն էր կորցնում
Նկարչի սառած բնազդների երկայնքով մեկ
Փղձկացող
թոքախտ արյունով…
Մահվան հրեշտակը
Լիվոռնոյի կենացն էր խմում
Ուտրիլոյի արցունքներով,
Որոնք կուլ էր տալիս՝ իբրև
Դեռևս չհայտնաբերված գույնի կաթիլներ…
Հիտլերը իտալերեն էր թարգմանում
Դավթի սաղմոսները…

* * *

ճակատամարտն ավարտված է այլևս։
Եվ հսկա գիշերն,իբրև նվաճող,
Քաղաք է մտնում ու կանգնում նրա
Արնոտ կոպերին։ Բայց մինչդեռ մութի
Զորքերը դաժան բռնաբարում են
Կիսակործան քաղաքի
Վերջին-կիսամեռ ստվերներին,
Հսկա գիշերը հաղթած Պյուռոս է.
Քաղաքի արնոտ թարթիչներն
Իբրև խաչքարեր գրկած՝
Տառապալից հաղթանակից հետո
Տխրահանդեսն է իր տոնում…
Շուտով քաղաքի ավերակներում
Գիշերվա հոգնած մարմինն ու հոգին
Պիտի նվաճեն
Բոց-երազնե՚րը անմեռ պոետի…

* * *

Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ։
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ։
Քանզի
այս էլ քանի՜ տարի է,որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա…

* * *

Երազանքները… երազանքները հոգու թևերն են,
Որ թևածում են դեռ հոգուց էլ վեր։
Կենսագրությունը ճակատագըրի միայն մի ստվերն է.
Երևում է, երբ լույսեր կան վառած։
Խոստովանքները ներման լավագույն դերախաղերն են,
Որոնք խաղից էլ երկար են տևել։
Ու… կտրատները վերադարձների երեխաներն են,
Որոնք ծնվում են … ծնողից առաջ…

* * *

Վան Գոգն ազատվեց իր ականջից,
Որովհետև այն իրեն պետք չէր.
Նա արդեն լսե՛լ էր Հանճարը։
Ալ-Մա՚արին իրականում տեսնում էր այնքան,
Որ այլևս
Աչքերն այնքան էլ կարևոր չէին։
Չարենցը գերեզման չունեցավ,
Քանզի
Նա դեռ չի՛ էլ մեռել։
Ես մարդկանց ձախո՛վ եմ բարևում,
Որովհեւոև
Աջով արդեն բարևե՛լ էմ Աստծուն…

* * *

Բանաստեղծությունն այս,
Որ ինձ հայր է կոչում,
Որի աչքերն անծի՜ր ծիծաղներով լիքն են,
Իմ տխրության պահին
Ղողանջո՜ւմ է այնպես,
Կարծես իմ ժպիտը
Իր կորցրած խաղալի՛քն է…
Բոլոր խաղերում հաղթում է միշտ,
Պատմում է իր սիրած աղջիկների մասին,
Իսկ քնելուց առաջ
Հրամայում է,
Որ ես հեքիաթնե՚րը պատմեմ
իմ մանկության…
Ու ես ցնդա՜ծ աշնան նման
Փո՜ւլ եմ գալիս հրաշքիս դեմ…
Ու զավակիս ճիչերն առած ափերիս մեջ՝
Շշնջում եմ.
«Հեքիա՚թը հենց դո՛ւ ես,խենթո՚ւկ։»…
Եվ այն հրճվանքից,
Որ ես ոչ մի կերպ
հեքիաթ չե՚մ հիշում,
Նա խնդմևդո՜ւմ է վրաս
ողջ գիշեր՝
մինչև լուսաբաց…
Հետո
Կոպերի արանքում պահած զնգոցը խինդի՝
ներս է մտնում նինջի խորան։
Թե քնո՚ւմ է երգս,միայն աչքերը բա՚ց…

Պոեզիա

Դարերի
ճաքած ողնաշարն ի վար
Քարիտի
ուռած կրծքերից հոսող՝
Մա՚արու աչքից,
Վան Բեթհովենի
լսողությունից,
Դանթեի վախից,
Կալլասի ձայնից
Եվ
Չարենցի գի՜ժ ուղեղից
Եփած
զվարթո՜ւն կոկտեյլ…

Դիլիջանուհի

Խորանի մեջ՝
Աչքեր՝ լուսին արտասանող,
Եվ աստղեր են
Թևում ղողանջներով մոմե։
Խորանից դուրս՝
Ծաղկած կարոտի պես անհողմ՝
Ասուպներ են
Բուրում՝ որպես կենսակայմեր…
Աստղաժպիտներ են
Պարում կանաչն ի վար՝
Վերադարձի նման արցունքորեն
Խնդուն,
Եվ կանաչում նիրհող
Վարսանդներից օրվա-
Ինքն իրեն հերքում է
Մի
Կո՜ւյս
Ցտեսություն…

* * *

Ամառները՝ փլվող շիկնանք,
Ինչպես թաղանթները
Ռոդենյան «Դանայուհու» գլխուղեղի…
Աշունները՝ բախտից հոգնածորե՜ն փնթի,
Իրենք իրենց երանգից դուրս՝
Ոնց բարոկկո ոճով ճղված՝
նկարչուհու կրծկալ…
Ձմեռները՝ պտղաջրեր առաջ՝
Հրեշտակի կանաչ երազների միջից
Ինքնահերքվող վարսանդների
Սփրթնած տևողություն…
Բայց դեռ գարո՜ւնն եմ ես
Անփոխադարձ սիրո…

* * *

Ես եղա՛ հանուն կարոտի,դարձի։
Իմ արցունքերորդ տառատեսակով
Անվանդ կոպին ի՛նձ տպագրեցի՝
քո թարթիչների տպաքանակով…
Բայց հավատիդ պիթիա՛ն,որ մեղրամիսներ էր
խոստացել քո կեսօրներին,
Բախտիս բնավորության կույս գույներից
արգանդներ էր քաղում
Եվ չակերտներ բացելու պես արնոտում էր
էջերը իմ աղոթքների՝
քո թարթիչների տպաքանակով…

Շարական

Նա ժպտում է՝
Որպես ջրվեժ՝ թարթիչների կողերն ի վար,
Թարթիչների կողերից
Կո՜ւյս կարապներ են շատրվանում։
Օվկիաններ են փոթորկածուփ
Խայտանքները կարոտուհու,
Օվկիաններում աչքեր կան որբ,
Որոնք բախտի բախտն են ներկում։
Ջրվեժների ձայների մեջ
Պիթիանե՜ր են զարթնում կյանքից,
Նրանց կոպից
Երազի լո՜ւյս աղավնիներ են ճառագում։
Ֆլեյտահար ցավի ուսից
Վարսանդներ են ծափահարվում
Ու պոետի լանդշաֆտներին
Աճում՝ որպես նեկտարություն…

* * *

Բանաստեղծության պատուհանի տակ
Ես յուրաքանչյուր
Դարավերջից մինչև դարասկիզբ
Սերենադներ եմշռայլում հարբած…
Ու մինչդեռ շուրջս
Թաղանթներ ծամող
ժամանակները պոռնիկ
Սիրտս գրավելու համար
Մեռնելու չափ չբեր իրենց ներքնազգեստի՝
Բնազդները կորցրած
Երանգներն են փոխում,
Ամենասիրածս գույնը աշխարհում
Բանաստեղծությո՚ւնն է…

* * *

Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ՝
Հաջորդ վայրկյանին ծնկելով կրկին,
Միայն ծնվելի՚ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ։
Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքները փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց։
Կյանքը չի՛ սիրում պոեմևեր կարդալ,
Բախտը պաշտո՜ւմ է բանաստեղծներին,
Ես՝ սրանց միջև և՛ բեմահարթակ,
Ե՚վ միակ հերոս, և՛ դերերգ դերի։
Ես յուրաքանչյո՜ւր վայրկյան մեռնում եմ՝
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից…

1 comment

    • Սամվել Ավդալյան. Մոսկվա on 24 Ապրիլի, 2016 at 2:02 ե.
    • Reply

    Սա էլ սուտ բանաստեղծների կոհորտայից է, գերիմաստունի հավակնություններով: Ցանկություն է առաջանում գոռալ. Զզվեցրիք ձեր քրիտոնեությամբ, Աստծով, սուտ վարդապետություններով: Երկրային բաներ գրեք, որ ընթերցողը բա՛ն հասկանա, ի՞նչ եք ցնդաբանություններով թուղթ փչացնում: Ձեր գրածներում որոշակիությունը բացակայում է, այսինքն բացակայում է խոսքի ամենակարևոր հատկանիշը: Հեռվից զռում է, որ հեղինակը չգիտի, թե ինչ բան է գրականությունը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.