Մաս-0 (շարունակությունը իրեն նախորդող երկու հղումներում)
Անկողնումս պառկած խաղ էի անում արևի հետ: Մեկ՝ աչքս թաքցնում էի վերմակի տակ, մեկ` հանում: Ձանձրացա պահկվոցիկ խաղալուց: Խոր հոգոց հանելով պառկեցի մեջքիս և սավանը քաշեցի վրաս: Արևը այնտեղ էլ էր թափանցում, փոքր երեխայի պես կարծես չէր ձանձրանում նույն խաղից և ստիպում էր՝ շարունակեմ այդ խաղը. նույնիսկ մի փոքր ջղայնացա, որն առաջացրեց հոնքերի կուտակում: Գնա՞մ վազելու: Արդեն երեք ու կես տարի է՝ որոշել եմ առավոտյան գնալ վազելու: Բայց չի ստացվում: Ավելի կոնկրետ՝ ծուլանում եմ: Միշտ ասում են, որ դժվարը առաջին քայլն է, բայց կարծեմ վազելու պարագայում դա այդպես չէ, որովհետև քայլը անելուց հետո պարտավորված ես ամեն առավոտ կրկնել նույն քայլը, իսկ ես այդքան համբերություն չունեմ:
Մաս-1 (սա դեռ վերջ չէ)
Մի անգամ, դեռևս մի հինգ տարի առաջ, երբ ուսանող էի, դուրս եկա վազելու մի տղայի հետ, որին հավանում էի և որը հակառակ ինձ, կամ ավելի ստույգ արտահայտվելու համար, հակառակ իմ էության (ուզում եմ պարզ հասկանաք իրադրությունը), առողջ ապրելակերպի կողմնակից էր: Ես արդեն ստել էի ասելով, որ չեմ ծխում և որ շատ հետաքրքրած եմ լեռներ մագլցելով: Նա լեռների մասին խոսում էր մեկ ու կես ժամ մեր առաջին հանդիպման ժամանակ, որի ամբողջ ընթացքում լարված լսում էի իրեն, վիզս ձգած. իր պատկերացմամբ, դա իմ լավ մարզավիճակի մասին էր խոսում, իսկ ինձ համար՝ ընդամենը ներվային վիճակ, որն առաջանում է ծխողների մոտ չծխելու դեպքում: Հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք հաջորդ առավոտյան վեց անց կեսին գնանք վազելու, որպեսզի լավ մարզավիճակում լինենք մեզ սպասող լեռները հաղթահարելու դժվարին ճանապարհին: Վե՞ցն անց կես. բացառված է: Ես ամեն տարի ունենում էի ամենաքիչը երկու վերաքննություն, քանի որ չէի կարողանում ստիպել ինձ առավոտյան արթնանալ ու ժամանակին ներկայանալ քննության: Նախընտրեցի ամբողջ գիշերը արթուն մնալ: Սենյակումս ծխելով քայլում էի և նախավարժանքներ անում. ոտքս էի ձգում, հետո ձեռքերով էի վարժություններ անում, բայց քիչ, որովետև ծուխը մտնում էր աչքս, բավարարվում էի ոտքերով: Վեցին, արդեն, պայմանավորված տեղում կանգնած՝ ծամոն էի ծամում: Նա եկավ և զարմացավ ծամոնիս վրա, քանի որ նախավարժանքից առաջ ծամոն չեն ծամում, դա կամ նյութափոխանակության, կամ մկանների վրա լավ չի ազդում: Ինչևէ: Սկսեցինք վազել: Երեսուն մետրից հետո փորձեցի զսպել հազս: Ասեմ, որ բավականին դժվար է զսպել հազը վազելու պահին, մանավանդ, երբ կողքինիդ հետույքի թշիկներն անգամ չեն շարժվում: Հարյուր մետրից հետո որոշեցի ոտքս ոլորել ու ցավից կանգ առա: Համոզեցի նրան, որ նա շարունակի. իրեն սպասում են լեռները, իսկ ես մի կերպ կհասնեմ տուն: Նա համոզվեց և մտահոգված դեմքի արտահայտությամբ՝ շարունակեց վազքը, իսկ ես սկսեցի հազալ, հետո վառեցի ծխախոտս և նստեցի այգու նստարանին:
Այդ օրվանից որոշեցի այլևս չստել: «Ճանաչիր ինքդ քեզ և դու երջանիկ կլինես», ինչպես ասել էր Պլատոնը կամ մյուսը , էն մեկը` Արիստոտելը, կամ ով ուզում է լիներ: Դա ինձ դուր է գալիս, դրա հիմքում ընկած է՝ մի պայքարիր ինքդ քեզ հետ: Ընդհանրապես ինչո՞ւ ես պայքարում, ծխող ես` ծխիր, ընտրիր մեկ այլ ծխողի և մինչև կյանքիդ վերջ հանգիստ եղիր քո բերանի հոտից ու ատամներիդ դեղնավունությունից: և համակերպվիր, որ քո կյանքի ընկերը չի լինելու ամուր հետույքի թշիկներով: Եվ անպայման ստուգիր նրա կամքի ուժը, որպեսզի հանկարծ մի օր նա չհայտարարի որ գնում է վազելու և, որ լավ կլինի դու էլ միանաս իրեն ու առավոտ շուտ այդ թույնը չլցնես թոքերդ: Ընտրիր մեկին, ով կրծում է եղունգները, որպես՝ բացահայտ ապացույց թուլակամության:
Մաս-2
Եթե այս ամենը գիտեմ ինչո՞ւ եմ ուզում գնալ վազելու: Հարցը տեղին է: Ըմմմ… Որովհետև սիրում եմ վաղ առավոտյան օդը: Սուտ: Ես կնախընտրեմ ամբողջ գիշեր աշխատել միայն առավոտյան պարտավորված չլինեմ աշխատանքի գնալ: Այդ իսկ պատճառով ինձ կոչում են ժուռնալիստ: Շաբաթը մեկ հայտնվում եմ խմբագրատանը, հանձնում եմ վերջին վայրկյանին վերելակում ավարտված հոդվածս և գոհ վերադառնում տուն: Լավ է, չէ՞, ապրել առանց զրկանքների: Ինչո՞ւ պիտի զրկանք կրեմ: Դա ի՞նչ վիրուս է, որ ամբողջ մարդկությունը կրում է իր մեջ: Զրկանք կրեմ, որ մաքրագործվե՞մ: Ապուշություն. զրկանք կրելուց չարանում ես և սկսում ես չսիրել քո եղբայր-հարևանին և նախանձել, որ նա ավելի քիչ զրկանքներ կրելով՝ ավելի լավ մեքենա է վարում և ավելի մեծ էկրանով հեռուստացույցով ֆիլմեր նայում իր անկողնում: Իսկ դու չես կարող քեզ դա թույլ տալ, քանի որ դու ունես մեկ հեռուստացույց, փոքրիկ, որը մեծաքամակ կնոջդ իրավասության տակ է և բրազիլական ախմախ սերիալների համար է արտադրված: Ցինի՞կ է: Միգուցե: Բայց համաձայնեք, որ ճշմարտություն կա այս ամենի մեջ: Այդ իսկ պատճառով ես զրկանքներ չեմ կրում և բավարարվում եմ ցածրակարգ ժուռնալիստի պիտակով, երբեմն զզվում եմ պարապ տեղը անուն հանած ժուռնալիստից, բայց, դե, ես գիտեմ, որ կարող եմ ավելի լավ գրել. դրա համար շատ շուտ հանգստանում եմ կանչելով մեր շենքի դռնապան լակոտին իմ սենյակ: Տռախ-պռախ, և պառկած ես անկողնումդ, որի սավանները փոխվելու կարիք ունեն և ծխում ես քո ծխախոտը: Հեշտ ու հանգիստ:
Լավ, դուք կհարցնեք՝ եթե ես ճանաչել եմ ինձ, ապա ինչո՞ւ չկա իմ կողքին այն մեկը: Դե, ո՞նց ասեմ, գալիս են` գնում, ունենում եմ երբեմն եկարատև ռոմաններ, բայց դե վերջում պարզվում է, որ մեր ռոմանից բացի, ինքը ունի նաև ուրիշ ռոման ու միանագամից ռադ եմ անում: Եթե ես տրվում եմ ամբողջությամբ, եղբայր, բարի եղի՛ր դու էլ տրվել ամբողջությամբ: Ես կհամաձայնեի քեզ հետ, եթե մենք լինեինք 80-ի մոտ, բայց եթե մենք դեռևս մեր ծաղկուն շրջանում ենք ուրեմն կներե՛ս, ամիգո, ցտեսությոն: Հակառակ իմ ցինիկության ես նվիրվող մարդ եմ, սիրել գիտեմ և դա հաստատ եմ քեզ ասում: Բայց և ունեմ կամքի ուժ և ինչքան էլ քո կարիքը ունենամ, ես քեզ չեմ զանգի, թեկուզ բարձիս կեսը կուլ տամ: Այո, ունեմ կամքի ուժ և ես դա հիմա կապացուցեմ: Կհագնվեմ ու կգնամ վազելու, եթե էլ չվազեցի, ապա կգնեմ սուրճ, ծխախոտ և կգնամ քայլելու ու կվայելեմ առավոտյան արևը, որը մինչև հիմա ինձ հետ խաղ է անում համառ երեխայի պես, որին երես ես տվել խաղալով, հետո ձանձրացել ես, բայց նա քեզնից ձեռ չի քաշում:
2004 կամ 2005
1 մեկնաբանություն
good job Nanor! arevot humor er…