Սիրանույշ Օհանյան | ԱՆՀՆԱՐԻՆ ՍԵՐ

Կանխազգացումն իր հոտն ունի. դա ծաղկաբույր խոնավության հոտն է, որ լցնում է ռունգերս անձրևից առաջ։ Ամբողջ էությունս սկսում է շնչել կանխազգացման արբշիռ ու ցավոտ հոտը։ Ես արդեն գիտեմ գալիքի իմ ապրումները։

Ես խմում եմ հապճեպ, դատարկելով բաժակ բաժակի հետևից, շտապելով որքան հնարավոր է շուտ թաղվել փրկիչ անզգայացման գրկում։ Փախչում եմ անխուսափելիից։ Փախուստիս ճամփին վրա է հասնում թմբիրը, ու ես քնում եմ հենց հատակին՝ երազելով, որ չլինի հերթական արթնացումս։ Իսկ անձրևն անխնա է։ Մթնած գիտակցությանս խորքերից ինձ է հասնում նրա թովիչ, անկրկնելի երաժշտությունը. միապաղաղ, միապաղաղ, միապաղաղ, սիրո պես կպչուն ու անհասկացող երաժշտությունը։

Ամեն անգամվա պես գալիս է արթնացման ժամը։ Ակամա բացում եմ աչքերս, ապա կայծակի պես արագ լուսավորվում է մշուշված ուղեղս, ու ես հասկանում եմ, որ այս անգամ էլ չխուսափեցի մշտանորոգ ու կիսամեռ իմ սիրո հարությունից։ Ցավից սեղմում եմ աչքերս, փորձում նորից քնել, բայց հասկանում եմ ճիգերիս տկարությունն ու ծիծաղելիությունը։ Ծանրացած գլուխս ու գարշահամ բերանս իրենց հերթին հիշեցնում են իմ անզոր միամտությունը, խմիչքի թևերով փախչելու իմ տխուր ինքնախաբեությունը։  Հոգնաբեկ ու կոտրված՝ ոտքի եմ կանգնում, փորձում մտածել սառը ջրի կամ կամ դառնահամ ու սթափեցնող մի որևէ ըմպելիքի մասին։ Սակայն ուղեղիս տրորված ակոսներից հառնում են տեսիլները, ու կապվածության անդիմադրելի ուժն ինձ առաջնորդում է ներքև՝ փողոց։ Անձրևը հենց նոր է դադարել. ինչպե՞ս է, որ ես միշտ արթնանում եմ անձրևի վերջին կաթիլների կործանման հետ։ Փողոցում վճիտ աչքերով ինձ են զննում ջրափոսերը։

Ես սիրում եմ ջրափոսերի խորությունը։ Ոչ ոք չհասկացավ այդ սերը։ Հիշում եմ. վաղ մանկությանս մեծահասակ վերահսկիչները անգիտակից մոլություն  էին համարում այդ սերը, մանկանը ներելի ու անհրաժեշտ ինչ-որ անցողիկ, անվնաս տարօրինակություն։ Իսկապես երջանիկ միայն այդ ժամանակ եմ եղել, երբ ինձ չէր արգելվում ժամերով պտտվել փողոցում շողշողացող ջրափոսերի շուրջն ու զմայլվել նրանցում ամփոփված երկինքներով։ Երկինքը ինձ համար գոյություն ուներ միայն ոտքերիս տակ։

Մատով անգամ չէի համարձակվում խաթարել երկնքի անդորրը։ Մանկությանս ամենադառը պայքարը մղում էի հասակակիցներիս անգութ հետաքրքրասիրության դեմ. ինձ բարկացնելու թե հասկանալու համար նրանք մրցում էին՝ քարեր նետելով ջրափոսերի վրա, գրգռելով ու կռվի հրահրելով ինձ։ Փոքր էի, սակայն սովորեցի հասկանալ նրանց, ովքեր աչքերի առաջ տեսնում են իրենց նվիրական սրբությունների պղծումը։

Մերժումն  ու անհանդուրժողականությունն այստեղից սկսվեց։ Հասակակիցներս, որոնք երբեք  ինձ խաղընկեր չդարձան, լալով օգնության էին կանչում արդարադատությանը. ես երբեք չվարանեցի բռունցքներով նետվել  հոգուս սրբությունը անպատվողների վրա։ Արդարադատությունը հայտնվում էր մայրիկի ու հայրիկի, տատիկի ու պապիկի, մորաքրոջ ու հորեղբոր և էլ ով գիտի թե ինչ ազգականի դիմակով։ Դեռ դողալով ողջ մարմնով, դեռ չհասկանալով, թե այս անգամ ինչպես կորցրեցի ինքնատիրապետումս՝ արդեն կանգնած էի լինում դատավորներիս առաջ։

Մի անգամ նրանցից մեկը տանից դուրս եկավ հսկայական ցախավելով զինված և ի տես ինձ՝ ավլեց երկար փողոցը զարդարող բոլոր երկինքները։ Ինչ-որ անսովոր բան էր կատարվել ինձ հետ. հավանաբար կաշկանդված անզորությանս չդիմանալով՝ կորցրել էի գիտակցությունս։ Ինձ գտա մեր փողոցի կիսախենթի տանը. սրա զավակներն առաջինն էին քարանետության ասպարեզում։ Բարձրահասակ, խոր ընկած կապտասև աչքերով մարդը երկար-երկար նայեց աչքերիս մեջ, հետո ասաց.

— Անձրևն ամենուր է։ Ուրիշ երկինքներ փնտրիր քեզ համար։

Ես հիմա հասկանում եմ նրան՝ հեռավոր ու չճանաչված իմ եղբորը, որ կիսախենթի դյութիչ համբավն էր վայելում։ Ես հասկանում եմ, որ նա անձնատուր էր եղել ու մարել իր մեջ իր սիրո կայծերը։

Ուրիշ երկինքներ չփնտրեցի սակայն. ես միակ իմ փողոցի ջրափոսերի երկինքներն էի սիրում։ Ես դիմանում էի, դիմադրում, անվարան փողոց իջնում ամեն անձրևից հետո։ Ժամանակն անցնում էր, անհասկացողությունը վերածվում էր խուլ անհանդուրժողականության, անհանդուրժողականությունը՝ թշնամության, թշնամությունը՝ ատելության։ Ես կայուն էի, անկոտրում.  ինձ հետ մեծացող հասակակիցներս չցանկացան տեղի տալ համառությանս առաջ։ Բայց նրանց ծնողներն ամեն անձրևից առաջ դառնում  էին անհանգիստ  ու նյարդային, ամեն անձրևից հետո լարվում էին պայթելու աստիճան՝ պատրաստ խոչընդոտելու արդեն անխուսափելի  դարձած ծեծկռտուքը։ Ամեն անձրևից առաջ իմ սիրտը լցվում էր սիրեցյալի հետ հանդիպման անկրկնելի բերկրանքով, ամեն անձրևից առաջ հոգիս թունավորում էր ավելով սրբված երկինքներից մնացած թաց հողի պատկերը։ Ինչո՞ւ մարդիկ այդքան անողոք են ուրիշի սիրո հանդեպ։

Փողոցի տներն  աստիճանաբար դատարկվեցին։ Առաջինը հեռացավ կիսախենթը, ով երկրորդ մերժյալն էր ինձանից հետո։ Նրան երբեք չէին կրկնում, սակայն նրանից հետո հեռացան մյուսները։ Կարծում էին, որ կիսախենթը հեռացավ անտանելի աղմուկներից, սակայն նա հեռացավ իմ չարչարանքները չտեսնելու համար. համոզված եմ։ Մյուսները հեռացան՝ շտապելով փրկել իրենց հասունացող զավակների առողջությունը։ Նրանց տները         փուլ եկան ամայության ծանրությունից. հիմա փողոցում կանգուն պատեր ու տանիք ունի լոկ իմ միայնակ տունը։ Աշխարհն իմ առաջ փռված է որպես կիսավեր տներով ու քարուփոսերով պատված մանկության փողոց։

Հիմա ես իմ փողոցի միակ բնակիչն եմ։ Տարիներն անցան աննկատ. ինձ համար ժամանակը չափվում է անձրևից անձրև ձգվող փոփոխական մի մեծությամբ, որ սպասում անունն է կրում։ Ամեն անձրևից հետո հանդիպում ենք ես ու իմ սիրո երկինքը. և աշխարհն այդ պահին  հնչում է երազված ու չերգված երաժշտության պես։ Ես փողոց եմ իջնում դանդաղ-դանդաղ, մի կերպ տանելով հուզմունքից դողդողացող ոտքերս ու ոչինչ չնկատող հայացքս։ Սիրտս քաշում է ինձ իր նախընտրած ջրափոսի մոտ. ես ծնկում եմ ու ընկղմում հոգիս նրա անհատակ, անապակ կապույտում։ Պայծառ արևը գուրգուրում է իմ թիկունքն ու ջրափոսերի հայելին, հմայում-տանում հայացքիս առաջ փռված  երկինքները։ Ջրափոսում կայծկլտող արևը մարում է տխուր ժպիտով, իսկ ես բաց աչքերով երազում եմ բոլոր ջրափոսերը մեկտեղ տեսնելու հեքիաթի մասին։

Ցավը գլուխ է բարձրացնում հանկարծակի։ Սիրտս սեղմվում է մետաղալարե օղապարանով, և աչքերս տեսնում են գոլորշիացող ջրափոսի երկինքների մահը։ Չե՛մ կարող, չե՛մ կարող, չե՛մ կարող. ես աստվածություն չեմ, որ գիտի իր ցավի մասին ու ուժ է գտնում կրել այն։ Ես իմ սիրո նվիրյալն եմ ու տառապյալը. ես սպասում եմ այն վերջին անձրևին, որից հետո սուզվելու եմ լճափոսի երկնքում։ Հրաշքն ուշանում է, վհատությունը՝ աճում։ Էությանս խորքերից գլուխ են բարձրացնում քնած դևերը, ու ես չեմ կարողանում փակել հոգուս ականջներն ու չլսել հարբած շների ոռնոցը։

Ես խմում եմ հապճեպ, բաժակ բաժակի, շիշ շշի հետևից՝ ձգտելով հարբել որքան հնարավոր է շուտ ու չշնչել, չշնչե՛լ իմ սիրո մոտալուտ գալուստն ազդարարող արբեցուցիչ բույրը՝ անձրևից առաջ օդում կախված խոնավության ցավոտ, գրավիչ բույրը։

 

1 մեկնաբանություն

  1. Sireli Siranoush ,
    Mets hajuykov kardatci dzer skancheli yev gnahatanki arjani patmvatskner@ .
    Husov em sharunakek dzer hamagortsaktcutyun@ ays kayqedjin .

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի