Տերենտի Գրանելի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրացերենից թարգմանությունը՝ Վիկտոր Հովսեփյանի

«Չգիտեմ՝ ինչու, ես լավ եմ հասկանում այս պոետին, ես շատ եմ սիրում այս պոետին: Շատ տեղերում ուղղակի պարզունակ տողերից ես վախենում եմ. հանկարծ նրանց տակից ճառագում է անակնկալ խորությունը, լույսն ու ընդհանրացումը: Տողերի տակ… իրական կյանք է, իրական մարմին»:
Վիկտոր Հովսեփյան

* * *

ՄՏՔԵՐԻ թելը իմ մանվում է առ այսօր,
Հիմա հիշում եմ ես էլի ծաղիկն այն հեզ:
Եվ օրեր անց կհասկանան՝ ինչ էր այն, որ
Կրակ դառած այրում էր ինձ, ինչ էի ես:
Երբ գա վերջին պահը՝ դիմակս դեն նետող,
Եվ իրական դեմքս դարձնի ողջին ի տես,
Կհասկանան բոլորն, ավա՜ղ, ինձնից հետո՝
Ինչ կրակ էր այրողը, և ի՜նչ էի ես:

ԳՆԱՑՔԻՑ

Դոփում է գնացքն, ու անքուն եմ ես,
Քամին կրնկկոխ հասվեհաս է մեզ:
Վերջին կեռմանն է բարձունքի ֆոնին,
Ահա մոտենում ենք Զեստափոնիին:
Սլացք է, ու սև գիշեր է արդեն,
Անզոր եմ ասես աչքերս թարթել:
Կաթիլների հորդ անկումն է իմ դեմ,
Լույսը կբացվի, բայց ե՞րբ, չգիտեմ:
Աղջամուղջի մեջ մրսած հովիտներ,
Հույս ունեմ, որ դու կլինես ինձ տեր:
Ու նվաղում է ձնտարափն ասես,
Գնում եմ անգին քույրերիս ի տես:
Ձյուն է ամենուր՝ սար ու դաշտերին,
Շուտով Մեգրելիան է իմ պաշտելի:
Գնում եմ՝ ինձ հետ լոկ հուշեր առած,
Տողերն են խաղում իմ մեջ՝ իբրև գանձ:
Ու ճամփի կողքից քսվում են աչքիս
Ձնացեխ, հերվա հնուք ու ճահիճ:
Դոփում է գնացքն, ու անքուն եմ ես,
Քամին կրնկկոխ հասվեհաս է մեզ:

* * *

ԵՍ ասես այնտեղ եմ,
Ես ասես այստեղ եմ,
Տերն ասի, թե ով եմ,
Տերն ասի՝ որտեղ եմ:
Տերն ասի, թե ով եմ,
Տերն ասի՝ որտեղ եմ,
Ես ասես այնտեղ եմ,
Ես ասես այստեղ եմ:

ԼՈՒՍԻՆԸ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԴԵՄ

Աչքս՝ զեղ արցունքով հոգոցի,
Էլ հնար չկա, առնակը թող գա:
Մորմոքիս ծուխը փոխվում է լացի,
Ու իր գաղտնիքից զորեղ բան չկա:
Լազուր եզերքի երազները մերկ
Առ Աստված ձգտող ճիգեր են ու բառ:
Պատուհանիս դեմ ակացին է մեկ,
Սնարին լուսին է, դեմքին՝ մլար:

ԱՅՍՕՐ

Խոհեր: Ցավելու
Անձրև է իմ դեմ:
Ես Ռուսթավելու
Մայթերը կընկնեմ:
Տնքոցը եկող
Մոգում է դալուկ:
Այսօր էլ ողող
Եմ ցավով թալուկ:
Ունեիր դու ինձ
Երբևէ… Խա՜ս օր:
Անցյալ է, ու ինձ
Էլ չունես այսօր:
Խոհեր: Ցավելու
Անձրև է իմ դեմ:
Ես Ռուսթավելու
Մայթերը կընկնեմ:

* * *

ՄԵԾ ու մեծ ու մեծ,
Մեծ իմ անունը,
Հանց իմ ցավի մեծ
Անափ անհունը:
Հանց իմ ցավի մեծ
Անափ անհունը՝
Մեծ ու մեծ ու մեծ,
Մեծ իմ անունը:

ԹՌՉՆԱԿԸ

Արևը ելավ
Օրվա մի կողից:
Թռչնակը իջա՞վ,
Թե՞ ծլեց հողից:
Փողոցների լավ
Օրերն հուշ են հին:
Թռչնակը թռա՞վ,
Թե՞ թոշնեց հողին:

* * *

ԱՅՍՕՐՎԱ հուշը երեկն էր հղում,
Տողերս՝ շողեր վերհուշից թռած:
Տանում են քայլերը իմ դողդողուն,
Մութը փողոցում հալվում է վրաս:
Գիշեր՝ զառանցման ալիքներ խութին,
Տերևաթափը՝ ցավագին մի խաղ:
Ելավ, լույսն ելավ խխունջից մութի,
Բացվում է, սակայն լուսաբացն էլ՝ պաղ:

* * *

ԱՆՁՐԵՎԻ տաք լույս,
Ցմքած, ցնդած ցավ,
Ու թևին ույծ
Պահն ինքն էլ անցավ:
Գամմայի նվագ,
Ցմքած, ցնդած ցավ,
Իր հետ սևահագ
Պահն ինքն էլ անցավ:
Ճախրանք ու երկինք,
Ցմքած, ցնդած ցավ,
Նրա հետ կրկին
Պահն ինքն էլ անցավ:
Շողշողացող հանգ,
Ցմքած, ցնդած ցավ,
Ու իր թևին թանկ
Պահն ինքն էլ անցավ:
Կյա՜նքն ինքն էլ անցավ:

* * *

ԿՐԿԻՆ հեռավոր պահերի հուշեր,
Իրենց մեջ՝ խոհերն իմ երկնամուգ:
Եվ գիշե՛ր, գիշե՛ր և գիշե՛ր, գիշե՛ր
Եվ սո՜ւգ է, սուգ է, և սո՜ւգ է, սո՜ւգ:
Անցած օրերից՝ հիշատակ-մրուր,
Տեսածիդ վերջում՝ անտեսի ուրդ:
Արև թեժ և հուր, արև թեժ և հուր,
Եվ երկինքը լուրթ է, լուրթ ու լո՜ւրթ:

1 comment

    • Nane on 29 Հունիսի, 2010 at 6:17 ե.
    • Reply

    hianali.

Թողնել պատասխան

Your email address will not be published.