«

»

Հուն 15 2013

Տպել Գրառում

Շաքե Ամիրյան | ԲԱՌ ՈՒ ԲԱՆՔ

Շաքե Ամիրյան-Պետրոսյան

Շաքե Ամիրյան-Պետրոսյան

ԲԱՌ ՈՒ ԲԱՆՔ
Լուսաբերը լոյս էր բերում. սովորեց լացել:
Թուխ Արամազդը սիրտը դարձրեց արցունքի հովիտ, մանկութեան ոտնահետքերը թողեց անբիծ ձեան սառը սաւանին, երբ սրտում կայծեր ցոլացին…
Տրւեց ծովին, խեցի որսաց ու ճչաց. «Գտայ, մարգարիտ գտայ…»:
Խեցին ափ նետեց, հովէն ու ծովէն համբոյրներ քաղեց ու տրւեց հաշիշով օծուն գիշերների լուսէ քմայքին …
Ծովը ովկիան թւաց, փուչիկի հանգոյն, ջրի երեսին տարուբերւեց, շամիրամայ յուռութքներ ու մարգարիտ փնտրեց:
Չգտաւ ոչինչ, քանզի հզօր ու աստւածային կամք էր հարկաւոր՝ սուզւել խորքերը անպարփակ ծովի:
Եւ առասպելն ասում է՝ խեղդւեց ծովում բառերի:
Եղուկ…

 

 

ԿԱՐ ՈՒ ՉԿԱՐ

Կար ու չկար կիսաթլւատ մի մանուկ կար. վախ չափեցին, գիր արեցին, դօշին կապեցին կանաչ թուղթը, գէլին քշեցին գեղի փէշը. այբբենարան տւին ձեռը, որ տառը տառին կապի, ասի. «Ես ասուն եմ, անասուն չեմ», անյօդաբախշ ձայնի տեղակ՝ գտնի ոսկին հայոց բառի. քիմքը քաղցր, լեզուն շաքար, կերաւ մանուկը տհաս ու չկշտացաւ. անկշտում ագահ, դեռ մկան նման կրծոտում էր թղթերը հին, որտեղ տեսնի կամ հանդիպի՝ ուտի պիտի, կրծի պիտի ու էլի պիտի սոված մնայ: Գրքի տեղակ՝ ոսկի ասին, ակն ասին, խինա ու արծաթ ասին, փէշակդ ինչ է, թուղթ է ասին, ջուրը կը թրջի, կրակը կայրի, մկրատը, ըհը, կը պատռի ասին, բայց ում ես ասում, ասողին լսող` էս մեր մանուկը ունկն իր փակել էր կարգին, որ գայթակղիչ բառեր չլսի, ուշ ու միտքը տւել էր գրին.
Ու մի օր էլ աչքին կայծեր թւացին, մազ էր թէ փոշի, աչքերը լւաց, դեղ ցանեց աչքին, ոչ մի բան չօգնեց, և ծեր մանուկը ճչաց. «Աչքիս լոյսը, աչքիս լոյսը թռաւ…»: Չարախնդացին, նրան ասին ոչինչ, ոչինչ, էդ էլ քո վերջը, աչքիդ լոյսը գնաց, հօ մնաց հոգուդ էն լոյսի շողը, որի մասին հա պատմում էիր, իսկի մնա՞ց որ, թէ՞ դա էլ թռաւ աչքիդ լոյսի պէս…
Կար ու չկար մի մանուկ կար, բառ ու բանը էլ չէր ջոկում, սեւ գրերը թղթի վրայ էլ չէր կարդում, ասում են թէ՝ ականջը, չգիտես ուրկից` լսում էր երկնային ձայներ, տիեզերական մեղեդի մի մեծ, էլ պկու, շւի, սրինգ ու քնար, դափ ու ծնծղայ… Անափ ովկիան մի լոյսի` շողում է նրա հոգում, սրտում, ծաւալւում զւարթ, բեկբեկուն, լոյսն այդ յորդուն, իսկ թէ որտեղից ինքն էլ չգիտի…

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>